Արցախի ժողովրդի կոչ-ուղերձը համայն հայութեանը և աշխարհին

Արցախի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հաւաքուած ժողովուրդն իր կոչն է ուղղում աշխարհասփիւռ հայութեանը, համաշխարհային հանրութեանը և ազատութեան ու համամարդկային արժէքների համար պայքարող իւրաքանչիւր անհատի.

Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը յայտնուել է լիակատար շրջափակման մէջ. աւելի քան 120 000 մարդ, այդ թւում` շուրջ 30 000 երեխաներ յայտնուել են ծանր կացութեան մէջ` իսպառ զրկուած լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապուած բազմաթիւ կենսական հնարաւորութիւններից: Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը կոպտօրէն խախտում է միջազգային իրաւունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ յայտարարութեամբ ստանձնած պարտաւորութիւնները:

Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցութիւնների և սակարկման առարկայ: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցութիւնը պէտք է առանց նախապայմանների ու անյապաղ վերականգնուի, և պայմաններ ստեղծուեն դրա հետագայ անխափան գործունէութիւնն ապահովելու համար։

Հայ ժողովրդի հանդէպ Ադրբեջանի կողմից իրականացուող էթնիկ զտումների և խտրական քաղաքականութիւնը, որը նոր թափ է ստացել 2020թ. աշնանը մեզ պարտադրուած պատերազմից ու դրա թողած աղետաբեր հետևանքներից յետոյ, նպատակ ունի հայաթափել հայկական Արցախը` շարունակելով 1915թ. Թուրքիային կողմից Արևմտեան Հայաստանում իրականացուած ցեղասպանութեան բեմագիրը:

Իր պատմական հայրենիքում ազատ և անկախ ապրելու համաժողովրդական կամքն է 1988 թուականին հենց այս հրապարակից ուղղորդել մեր ժողովրդին ազատագրական պայքարի, որի արդիւնքում մենք ունենք միջազգային իրաւունքի նորմերին համապատասխան հռչակուած ինքնիշխան պետութիւն և նրա կենսունակութիւնն ապացուցող քաղաքական, տնտեսական ու սոցիալական տեսանելի ձեռքբերումներ:

Այսօր, երբ վտանգուած է համայն հայութեան երազանք Արցախի Հանրապետութեան լինելիութիւնը, մենք, խոնարհուելով մեր ազատագրական պայքարի ճանապարհին իրենց կեանքը նուիրաբերած հայորդիների յիշատակի առջև, վերանորոգում ենք մեր ուխտը` մեր սուրբ նահատակների գործը շարունակելու և մեր արժանապատուութիւնը պահպանելու համար:

Շարունակուող պայքարի ընթացքում մենք, ինչպէս նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի և համայն հայութեան համակողմանի աջակցութեան կարիքը: Անցած տարիներին Արցախը եղել է հայկական ինքնութեան և արժանապատուութեան խորհրդանիշ: Այսօր, երբ հայկական երկրորդ հանրապետութիւնը կանգնած է նոր մարտահրաւէրների առջև, Արցախը պէտք է դառնայ այն առանցքը, որի շուրջ պէտք է միաւորել համազգային ներուժը: Արցախի Հանրապետութեան ապագան համազգային նշանակութեան հարց է և պահանջում է համահայկական համախմբում ու համերաշխութիւն:

Արցախի Հանրապետութիւնը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգութիւնն ու պաշտպանունակութիւնը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողութիւններն ու Ռուսաստանի Դաշնութեան Խաղաղապահ առաքելութեան հնարաւորութիւնները:

Արցախի Հանրապետութիւնը` որպէս միջազգային հիմնարար իրաւունքների գերակայութեամբ առաջնորդուող պետութիւն, շարունակելու է հաւատարիմ մնալ համամարդկային արժէքներին և լինել կառուցողական: Ծաւալապաշտական նկրտումներն ու տնտեսական շահերը չպիտի թելադրող լինեն ժամանակակից միջազգային յարաբերութիւններում: Արցախն աշխարհի քարտէսի վրայ այն կէտն է, որից, ինչպէս 1988 թուականին, կարող է սկիզբ առնել 21-րդ դարի` բարոյական աշխարհակարգի ձևաւորումը:

ք. Ստեփանակերտ
25 դեկտեմբերի, 2022թ.

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.