«Արցախի Ժողովրդի Իրաւունքների Հարցը Շատ Կարեւոր Է Հօրս Համար». Ռուբէն Վարդանեանի Որդին

Ռուբէն Վարդանեանին որդին` Դաւիթ Վարդանեան զրոյց մը ունեցաւ Ֆրանսայի մէջ գործող AYP FM հայկական ձայնասփիւռի կայանին հետ:
Պատասխանելով այն հարցումին, որ ի՞նչ կ՛ակնկալեն կեղծ դատավարութենէն, որուն սկիզբը Ռուբէն Վարդանեան համարձակ քայլ մը առնելով՝ յայտարարեց, որ դատավարութիւնը ամբողջութեամբ կեղծուած է`կեղծ փաստաթուղթերով, իրականութեան հետ որեւէ աղերս չունեցող արձանագրութիւններ ստորագրելու պարտադրանքով՝ Դաւիթը ըսաւ. «Շատ կազմակերպութիւններ, ինչպիսիք են, օրինակ, Freedom House-ը, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպութիւնը Ադրբեջանը հռչակել են որպէս աշխարհի ամենաանազատ երկրներից մէկը, այնպէս որ մենք մեծ յոյսեր չունենք այս «դատավարութիւնից»: Օրինակ, նախորդ ամիս հայրս փաստաթղթերը ստացել է ադրբեջաներէնով, ունեցել է ընդամէնը երեք շաբաթ` աւելի քան քսան հազար էջ կազմող գործին ծանօթանալու` Ադրբեջանի կառավարութեան կողմից տրամադրուած թարգմանչի միջոցով: Տեղեակ չեմ, թէ ինչ է տեղի ունենում միւսների դէպքում, մեզ յայտնի է, որ հօրս գործը միւսներից առանձին է քննւում, բայց ես կարծում եմ, որ միւսների դէպքում էլ նոյն իրավիճակն է: Ադրբեջանն անգամ իր քաղաքացիների համար ազատ երկիր չէ, առաւել եւս հայերի համար այդպիսին լինել չի կարող»:
Լրագրողը դիտել տուաւ, որ զգալի է, թէ Ռուբէն Վարդանեան պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումը, լուսարձակի տակ բերել Արցախի մէջ տեղի ունեցածը, պաշտպանել Արցախի ժողովուրդը: «Արդեօք ունի՞ք այն զգացումը, որ ան այս դատավարութիւնը պիտի օգտագործէ իբրեւ հարթակ», հարցուց ան:
Դաւիթը պատասխանեց՝ ըսելով, որ հակառակ բոլոր խոշտանգումներուն եւ Պաքուի մէջ իր հօր դէմ ուղղուած անձնական բոլոր սպառնալիքներուն` ան իր ընտանիքին ըսաւ, թէ Արցախի ժողովուրդին իրաւունքներու հարցը շատ կարեւոր է իրեն համար, առ այդ, ան մարտական տրամադրութեան մէջ է, անդրդուելի է եւ յայտնած է, որ, հակառակ բոլոր վտանգներուն, կ՛ուզէ ճշմարտութիւնը ըսել: «Յունուարի 17ին` դատավարութեան առաջին օրը, նա առաջարկել է Ադրբեջանի դատարանին մէկ րոպէ լռութեամբ յարգել հակամարտութեան բոլոր զոհերի յիշատակը` անկախ ազգութիւնից: Չնայած իրավիճակին, չնայած ինչպէս իր, այնպէս էլ միւս հայերի հանդէպ բոլոր անարդարութիւններին` հայրս ցանկանում է ասել, որ միակ ընտրութիւնը, որ մենք ունենք` ապրելն է առանց պատերազմի աշխարհում, միմեանց հետ բանակցելն է եւ փոխադարձաբար միմեանց հասկանալը»:
Դատավարութեան կողմնակալ ըլլալուն եւ Արցախէն վրէժ լուծելու ձեւ մը հանդիսանալուն ակնարկելով՝ լրագրողը հարցուց, որ ի՞նչ կարելի է ակնկալել մասնաւորաբար Ֆրանսայէն կամ Եւրոպայէն` այս ռազմագերիները ազատ արձակելուն հասնելու համար՝ Դաւիթը պատասխանեց. «Ճիշդ նկատեցիք, որ այս դատավարութիւնը սովորական, բաց դատավարութիւն չէ, Ադրբեջանում արդարադատութեան համակարգ գոյութիւն չունի, ահա թէ ինչո՛ւ հայ ռազմագերիների միակ պաշտպանութիւնը կարող է լինել միջազգային հանրութեան եւ դեմոկրատական երկների կառավարութիւնների գործողութիւնները: Օրինակ` հայրս ինձ ասել է, որ իր փաստաբանը չի կարողանում յաւուր պատշաճի պատրաստել իր պաշտպանութիւնը, ահա թէ ինչո՛ւ Ադրբեջանից պէտք է պահանջել, որ եթէ դատավարութիւնը բաց է, ապա ֆրանսիացի, անգլիացի, ամերիկացի լրագրողներ պէտք է կարողանան գնալ Ադրբեջան, ներկայ գտնուել այդ նիստերին եւ լսեն, թէ ինչ է իրականում տեղի ունենում այնտեղ, որովհետեւ չնայած յայտարարուած «բաց դատավարութեանը», միայն ադրբեջանական պետական լրատուամիջոցներն են դրան մասնակցում: Երկրորդ բանը կարող է լինել կոչը Ֆրանսիայի կառավարութեանը` աւելի շատ խօսելու Ադրբեջանի այս անարդարութիւններից եւ ճնշում գործադրելու Եւրոպական Միութեան վրայ, որպէսզի դադարեցնեն բոլոր գործարքները Ադրբեջանի հետ: Դա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի հարցը չէ, դա նաեւ սեփական քաղաքացիների հանդէպ Ադրբեջանի վերաբերմունքի հարց է, Ադրբեջանում կայ 300ից աւելի քաղբանտարկեալ, եւ եթէ թոյլ է տրւում, որ Ադրբեջանը նման կերպ վարուի հայ ռազմագերիների հետ, վստահ եմ, որ այդ երկիրն աւելին կ՛անի ընդդէմ Հայաստանի, ընդդէմ իր սեփական քաղաքացիների, ֆրանսիացի, եւրոպացի զբօսաշրջիկների դէմ»:
Ատրպէյճան կ՛ըսէ, թէ Ֆրանսա արդէն Հայաստանի կողքին է, բայց բացի անկէ ո՞վ կրնայ ճնշում բանեցնել Ատրպէյճանի եւ Իլհամ Ալիեւի վրայ. օրինակ`ակնկալութիւն կա՞յ Միացեալ Նահանգներու նոր նախագահ Տանըլտ Թրամփէն, արդեօք անոր միջամտութեամբ բան մը կարելի՞ է փոխել, եղաւ լրագրողին յաջորդ հարցումը : «Մենք շատ սպասելիքներ ունէինք ԱՄՆ նախկին նախագահից Ցեղասպանութեան հետ կապուած, նա շատ բան էր խոստացել հայերին, բայց շատ բան չարեց: Դրանք միայն խօսքեր էին, որոնց գործողութիւններ չյաջորդեցին: Այժմ մենք յոյսեր ունենք ԱՄՆ նոր նախագահի վարչակազմի հետ կապուած: Դոնալդ Թրամփը գրել էր, որ պաշտպանելու է Լեռնային Ղարաբաղի քրիստոնեաների իրաւունքները, եւ մենք տեսանք, որ նոր վարչակազմի մաս կազմեցին Հայաստանի եւ հայ ժողովրդի բարեկամներից ոմանք: Ես գիտեմ, որ մարդու իրաւունքների, յատկապէս` քրիստոնեաների իրաւունքների հարցը շատ կարեւոր է նրանց համար, ահա թէ ինչո՛ւ մենք լիայոյս ենք, որ այս վարչակազմը եւ նախագահ Թրամփը կարող են օգնել հայ ռազմագերիներին այս հարցերում», պատասխանեց Դաւիթ Վարդանեան:
Լրագրողը ըսաւ, որ դժուար թէ դատավճիռը բարենպաստ ըլլայ, այդ պարագային արդեօք կը նախատեսե՞ն դիմել միջազգային դատական ատեաններուն` զանոնք ազատ արձակելու հարցը միջազգային դատարաններու մակարդակով բարձրացնելու համար: «Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ շարունակելու ենք աշխատել հասնելու համար նրան, որ Ադրբեջանի կառավարութիւնը յարգի հայերի իրաւունքները: Դա շատ կարեւոր է, սակայն առանց միջազգային քաղաքական աջակցութեան այդ քայլերը արդիւնաւէտ լինել չեն կարող», եզրափակեց Դաւիթ Վարդանեան:
Comments are closed.