Արցախը մտնում է դիմադրութեան վերջին փուլ. Հրանդ Մելիք-Շանազարեան
Հրանդ Մելիք-Շանազարեանը գրում է. «Արցախը մտնում է դիմադրութեան վերջին փուլ։ Տեսնելով որ Արցախի մեր հայրենակիցները յաղթահարում են բլոկադայի փորձութիւնը, աւելին՝ որ այդ բլոկադան հիմա հենց իրեն է աւելի շատ վնասում՝ Ալիեւն ու իր «եան» ազգանունով գործակալները հերթական կեղտոտ խաղն են սկսել Արցախի դէմ։ Հաւաքել են մի խումբ թափթփուկների, դրանց վրայ չինական որակի «Պրիգոժին» կարգել, անունն աշխարհազօր դրել ու փորձում են դրանցով ահաբեկել Արցախի ժողովրդին։ Դէ ձեռքի հետ էլ յարձակումներ պետական կառոյցների վրայ, որ վերականգնման յոյսի վերջին նշոյլներն էլ մարեն մարդկանց մէջ։ Ի՞նչ է ստանում Ալիեւը այսպէս կոչուած «աշխարհազօր» օպերացիայով՝
ա) Արցախի մեր հայրենակիցներին պառակտելու, այդկերպ նրանց աւելի թուլացնելու հնարաւորութիւն,
բ) Արցախահայութեան մէջ կրիմինալ էլեմենտ սերմանելու միջոցով աշխարհին որոշ բաներ «ապացուցելու» հնարաւորութիւն,
գ) Արցախի Պաշտպանութեան բանակի վարկաբեկում, կանոնաւոր (նաեւ միջազգային ճանաչում ունեցող) զօրքը ապօրինի զինուած խմբաւորումներին հաւասարեցնելու հնարաւորութիւն,
դ) տեռորի միջոցով Արցախում սեփական գործակալների դիրքի ուժեղաւորում՝ հետագայում նրանց իշխանութեան բերելու հնարաւորութիւն,
ե) Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդման հնարաւորութիւն,
զ) Արցախահայութեան շրջանում հիասթափութեան, վախի ու պարտուողական տրամադրութիւններ սերմանելու հնարաւորութիւն,
եւ այլն, եւ այլն…
Ի՞նչ է ստանում Արցախի նախագահը սեփական երկրի ու ժողովրդի դէմ իրականացուող այս էժան սադրանքից։ Պատասխանը կարճ է՝ իշխանութեան պատրանք եւ սին յոյսեր, որ Ալիեւը ապագայում ներում կը շնորհի իրեն։
Հակառակորդի շահերն ու սպասելիքներն այսքանով պարզ են։ Կարծում եմ՝ ով հասկանում է՝ ինչ է կատարւում, նա նաեւ գիտի, թէ ինչ է պէտք անել։ Սադրիչները շատ յստակ են նշել իրենց հիմնական թիրախները։ Ընդ որում, նրանց ընտրութիւնը ճիշդ է։ Ու եթէ այդ «թիրախները» համապատասխան հետեւութիւններ չանեն (ի դէպ, ոչ միայն այս զարգացումներից), ապա հեռու չէ այն օրը, երբ «պրիգոժիններն» ու կոլաբորացիոնիստները նրանց՝ «որպէս ռազմական յանցագործ» կը յանձնեն Ալիեւին։ Ժողովրդին էլ կ’ասեն՝ թալանչիներ էին, նախկիններ եւ այլն… Այդ օրը կը լինի Արցախի վերջը։
Արցախի մեր հայրենակիցները պէտք է լաւ հասկանան, թէ ինչ է իրականում տեղի ունենում այս օրերին Արցախում։ Ձեզանից, սիրելի արցախցիներ, փորձում են գողանալ ձեր՝ թէկուզ եւ փոքր, բայց շատ կարեւոր յաղթանակը։ Դուք արդէն յաղթահարել էք բլոկադան։ Պարզապէս այդ իրողութիւնն ամրագրելու որոշ ժամանակ է պէտք։ Նորից եմ կրկնում՝ Ալիեւի վնասներն այս բլոկադային այսօր շատ աւելի մեծ են, քան այն ահաւոր դժուարութիւնները, որ դուք կրում էք ամէն օր։ Թոյլ չտաք, որ կոլաբորացիոնիստներն ու «պրիգոժինները» ջուրը գցեն ձեր զրկանքներն ու կորուստները։
Դիմադրութիւնը պէտք է շարունակել։ Տէր կանգնենք երկրին ու պետական ինստիտուտներին։ Թոյլ չտաք, որպէսզի Արցախում ապօրինի ու յանցաւոր էլեմենտներ ձեւաւորուեն։ Դրանք դէպի կործանում տանող չարորակ ուռուցքներ են։ Հաւատացէք միայն այն գաղափարին, որն առաջնորդել է ձեզ վերջին տասնամեակների ընթացքում։ Հաւատացէք Արցախի բարեկեցիկ ապագային ու պայքարէք միայն այդ ապագային համար։ Աստծով»:
Comments are closed.