Արցախը կորցնելով՝ առաջիկայ տարիներին մենք կը կորցնենք նաեւ Հայաստանը. Ռուբէն Վարդանեանի ուղերձը

Այսօր Մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածէք, ամէն ինչ լաւ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, եւ շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցութեան եւ ապրումների համար:

Ցանկանում եմ դիմել բոլորին եւ խնդրել (անկախ նրանից, թէ ինչպէս էք ինձ վերաբերւում) լսել իմ այս ուղերձը: Յոյսով եմ՝ այն կը լինի պարզ ու յստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրութիւնը շեղել անձանց վրայ:

Հացադուլ յայտարարելու համար ես մի քանի նպատակ ունէի.

_ Ցոյց տալ, որ չկայ իրական դատավարութիւն, այլ իրականացւում է ձեւական դատ,

_ Ցոյց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին եւ հենց պետութեանը,

_ Ցոյց տալ, թէ ինչ գին պէտք է վճարէին նրանք, ովքեր կը ցանկանային մնալ ու ապրել այստեղ {Արցախում}, այլ չհեռանալ:

Ուզում եմ եւս մէկ անգամ յիշեցնել ռուսական հեքիաթից յայտնի ընտրութեան մասին. ընտրութիւն, որը պէտք է կատարուի նժոյգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատուի կորստի եւ կեանքի կորստի միջեւ: Եւ հերոսը պէտք է այդ ընտրութիւնը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրութիւնը հեշտ չէ, բայց այն պէտք է արուի իւրաքանչիւրի կողմից, այդ թուում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցաւ այն, ինչ տեղի ունեցաւ այս ընթացքում եւ մինչեւ այդ՝ վերջին երեսուն տարիներին, եւ մինչ այդ՝ հազարամեակների ընթացքում:

Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թէ ինչ տեղի կ’ունենար, եթէ արցախցիները մնային իրենց տանը եւ ինչ գին կը վճարէին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դէմ ցուցմունք տուեցին՝ այդ թուում պնդելով տարբեր անհաւանական բաներ: Ընդ որում, նրանք կեանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնւում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդէս եկան դատարանում, եւ ես նրանց շատ խղճացի:

Մարդն ամէն ինչի համար ինչ-որ գին է վճարում. եւ այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի աւտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարուայ ազատազրկման, եւ այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թոյլ չէին տայ ապրել: Եւ իւրաքանչիւրը ցանկացած պահի կարող էր յայտնուել երէկուայ երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի յանցագործութիւնների մէջ մեղադրուողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղաւոր էք դուք, թէ ոչ, կատարել էք այդ յանցագործութիւնները, թէ ոչ:

Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնւում է Հայաստանում, եւ դա, հաւատացէք, մեծապէս փոխում է իրավիճակն ու այն խօսքերի կշիռը, որոնք այստեղ ասւում են նախկին նախագահի կողմից:

Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարութեան՝ արցախցիների նկատմամբ ատելութեան խորութիւնից, եւ ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամէն կերպ առաջ էին մղում եւ նպաստում էին, որպէսզի Արցախի որոշ լիդերներ՝ թէ գործող, թէ նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրուած այդ սցենարը, որպէսզի յետոյ իրաւունք ունենային ասել. «Տեսէք, իսկ նրանց պատճառով զոհուեցին ձեր որդիները: Եւ դուք դեռ մեզ է՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախուեցին ու հիմա ուրախ-զուարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կեանքում սգալու էք ձեր հարազատների կորուստը»:

Ուզում եմ բարոյական բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տուել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, եւ թէ՛ Հայաստանում, թէ՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, եւ բոլոր նրանք, ովքեր հիմա յայտարարում են, թէ ինչու մինչեւ վերջ չկռուեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի յաջողուել ոչնչացնել սովորական հայերի պատիւն ու արժանապատուութիւնը: Ոչ միայն արացախահայութեան, այլեւ բոլոր հայերի:

Տեղեկատուութեան կարգով ասեմ հետեւեալը: Վերջին ռազմական գործողութեան ընթացքում միւս կողմի կրած կորուստների պաշտօնապէս ընդունուած թիւը չորս անգամ գերազանցում է 44-օրեայի ժամանակ նրանց կորուստների թուին: Թող Հայրենիքի համար ընկածների յիշատակը միշտ վառ լինի:

Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով եւ խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նոյնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու յստակ ձեզ բոլորիդ ցոյց տուեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթէ դուք մնայիք այստեղ {Արցախում}, եւ ինչ գին էիք ստիպուած լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցոյց տալ, որ սա ոչ թէ դատավարութիւն է, այլ ձեւական դատ, եւ իմ պահանջները, իմ միջնորդութիւնները քննարկելու իմ օրինական իրաւունքի հերթական մերժումը ցոյց է տալիս, որ այստեղ դատավարութիւն չի լինելու, այս շոուն շարունակուելու է՝ անկախ ամէն ինչից:

Մի քանի օր առաջ իշխանութեան պաշտօնական ներկայացուցչի ելոյթը ցոյց տուեց այն ակնյայտ նպատակը, որ դատն իրականացւում է ոչ թէ 15 գումարած մէկի, այլ Հայաստանի ղեկավարութեան ու Հայաստանի դէմ՝ որպէս պետութեան ընդհանրապէս, ցանկացած հայի դէմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթէ անգամ նա Հայաստանից չէ:

Եւ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրուայ աշխարհում սեփական պետութիւնն ունենալու իրաւունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդէն պարտադիր չէ նուաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակւում, պարզապէս հնարաւոր է առանց անգամ մէկ կրակոցի նուաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախուածութեան, ենթակառուցուածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթէ դուք այդպէս էլ ապրէք պատրանքներում, թէ ամէն ինչ վերջանալու է, եւ դուք հանգիստ կարող էք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբէութիւն է:

Արցախը կորցնելով՝ առաջիկայ տարիներին մենք կը կորցնենք նաեւ Հայաստանը, եթէ արմատապէս չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացութիւնների նկատմամբ, թէ ինչ է էլիտան, իշխանութիւնը, պետութիւնը եւ թէ ով պէտք է մեզ ղեկավարի: Լսէք ինձ եւ մտածէք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եւ յիշէք, միշտ, ինչպէս հայկական յայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագաւոր է ընտրում ժողովուրդը, եւ դա մեր բոլորիս որոշման արդիւնքն է, ոչ թէ նրա:

Վստահ եմ, որ մեր ժողովրդի մէջ մենք ունենք առողջ ուժեր եւ որ այս ծանր ճգնաժամը մենք յաղթահարելու ենք, ինչպէս որ արել ենք բազմաթիւ անգամներ մեր պատմութեան ընթացքում եւ կարողանալու ենք ոչ միայն պարզապէս ապրել, այլ՝ արժանապատիւ ապրել մեր հայրենիքում: Յիշէք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ:

Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մէկը՝ Ռուբէն: