Արցախը` անկա՞խ, թէ՞ Ատրպէյճանի կազմում. ո՞րն է Արցախեան կարգաւորման «Սիվիլնեթ»-Փաշինեան տեսլականը

Վահան Իշխանեան

«Սիվիլնեթ»-ում կայքի լրագրող Թաթուլ Յակոբեանը «Քոչարեան-Սերժ-ՀՅԴ-Արցախի իշխանական շրջանակներ. Փաշինեանին մեղադրում են հող յանձնելու մէջ» վերնագրով նիւթ է հրապարակել, որում փորձում է ցոյց տալ, թէ Փաշինեանը շահեկանօրէն տարբերւում է Հայաստանի նախորդ ղեկավարներից այն բանով, որ երբեք չի խօսել տարածքներ զիջելու մասին, եւ որ անարդարացիօրէն նրան այժմ մեղադրում են այդ բանում։ Այսպէս նա գրում է, թէ Փաշինեանը, «ի տարբերութիւն Լեւոն Տէր Պետրոսեանի, Ռոպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի, հրապարակաւ չի խօսել հող զիջելու մասին եւ կամ հաւանութիւն չի տուել կարգաւորման մի տարբերակի, որը ենթադրում է նախկին ԼՂԻՄ-ից դուրս շրջանների վերադարձ Ատրպէյճանին»։

Ողջունելի է, որ «Սիվիլնեթ»ն այնքան ազատ է, որ Փաշինեանի հետ համեմատութեան մէջ քննադատում է իր հիմնադրին՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանեանի քաղաքականութիւնը, սակայն լրագրութեան մէջ խօսքի ազատութիւնից աւելի կարեւոր բան կայ՝ լրագրային բարեխղճութիւնը, եւ երբ փաստարկուած քննադատութեանը փոխարինում է Փաշինեանի փաստաբանութիւնը, ապա տուժում է լրագրութիւնը։ Ինչո՞ւ է տուժում։

Նախ` վերնագրում մեծ-մեծ գրուած պնդումը, թէ Քոչարեան-Սերժ-ՀՅԴ-Արցախի իշխանական շրջանակները Փաշինեանին մեղադրում են հող յանձնելու մէջ, նիւթի մէջ ոչ մի ձեւով չի հաստատւում, ոչ մի յղում, ոչ մի ուղիղ խօսք չկայ, թէ նրանցից ով, երբ, ինչպէս է Փաշինեանին մեղադրել հող յանձնելու մէջ։

Ապա` Ղարաբաղեան հակամարտութիւնը միայն հող յանձնել կամ չյանձնելը չէ, առաջին հերթին դիրքորոշումն է Արցախի կարգավիճակի նկատմամբ, ի վերջոյ, հայ֊-ատրպէյճանական հակամարտութեան գլխաւոր հարցն է՝ Արցախը պիտի լինի Ատրպէյճանի կազմո՞ւմ, թէ՞ այդ կազմից դուրս՝ լինի անկախ պետութիւն։ Արցախի հանրապետութեան անկախութեան միջազգային ճանաչումից յետոյ էլ կը բացուի Արցախի եւ Հայաստանի վերամիաւորման հնարաւորութիւնը։ Եթէ Ատրպէյճանը համաձայնում է, որ Արցախը լինի անկախ, հակամարտութիւնն աւարտւում է։

Թաթուլ Յակոբեանի նշած ղեկավարներից մէկը՝ Տէր Պետրոսյեանը Ղարաբաղ կոմիտէի անդամ է եւ քաղաքականութիւն է եկել Ղարաբաղի ու Հայաստանի վերամիաւորման գաղափարով, սակայն Հայաստանի անկախութիւնից յետոյ երկրի նախագահի պաշտօնում խօսել է Արցախը Ատրպէյճանի կազմում լինելու հնարաւորութեան մասին, 1992-ի «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հարցազրոյցում մասնաւորապէս ասել է. «Ատրպէյճանի կազմում ինքնավար հանրապետութեան կարգավիճակը լիովին կը բաւարարէր բոլոր կողմերին, քանի որ այդ դէպքում Ղարաբաղը մնում է Ատրպէյճանի կազմում, երկրի տարածքային ամբողջականութիւնը պահպանւում է, իսկ ղարաբաղցիները, իրենց հերթին, ունենում են երաշխաւորուած կենսագործունէութիւն: Ահա սա է մեր դիրքորոշումը»։ Նրա այդ դիրքորոշումն էլ յանգեցրեց նրան, որ նա 1997-ին ընդունեց ղարաբաղեան կարգաւորման փուլային այն տարբերակը, որով Հայաստանը տարածքային զիջումներ էր անում` փոխարէնը ոչինչ չստանալով, ուր խօսք չկար Արցախի ինքնորոշման մասին։ Հենց սրա համար էլ ուժայինների եւ վարչապետի ճնշմամբ 1998-ին հրաժարական տուեց։ Միջանկեալ նշենք, որ Լեւոն Տէր Պետրոսեանը նոյն դիրքորոշմամբ 2008-ին նախագահական ընտրութիւններին մասնակցեց, եւ նրա թիմի ամենաակտիւ անձը Նիկոլ Փաշինեանն էր։

Իսկ միւս երկու նախագահները՝ Ռոպերթ Քոչարեանն ու Սերժ Սարգսեանը, մշտապէս ասել են՝ Արցախը երբեք չի լինելու Ատրպէյճանի կազմում: Քոչարեանի խօսքն է ԵԽԽՎ֊-ում, որ Արցախը երբեք չի եղել անկախ Ատրպէյճանի կազմում, որ ԽՍՀՄ-ի փլուզումից յետոյ այդ տարածքում երկու պետական միաւորում է ստեղծուել, եւ որ Արցախը տէ ֆակտօ անկախ պետութիւն է՝ համապատասխան Եւրախորհրդի չափանիշներին։

Թաթուլ Յակոբեանը ապացուցում է, որ Քոչարեանն ու Սարգսեանը Տէր Պետրոսեանի պէս պատրաստ են եղել կարգաւորման այնպիսի տարբերակների, որոնք տարածքային զիջումներ են նախատեսում։ Բայց առաջին նախագահի եւ միւս երկուսի միջեւ ոչ թէ ընդհանրութիւն կայ, որ նրանք բոլորը պատրաստ են տարածքներ զիջել, այլ` տարբերութիւն, որ առաջինը պատրաստ էր զիջումների գնալ` առանց Արցախի կարգավիճակի, միւս երկուսն առաջ էին բերում Արցախի կարգավիճակի հարցը։

Թէ ով ինչ տարբերակի հետ է համաձայն եղել ժամանակին, մի բան է, իսկ փաստն այն է, որ 2006-ին սեղանին դրուել են Մատրիտեան սկզբունքները, որտեղ յստակ է Արցախի ինքնորոշման իրաւունքը՝ հանրաքուէի միջոցով, այսինքն` հակամարտութեան կոնտեքստում Արցախը Ատրպէյճանից դուրս լինելու տարբերակը։ Այս փաստաթուղթը մի ձեռքբերում էր, որով միջազգային հանրութիւնը, ի դէմս Մինսկի խմբի համանախագահների, ընդունեց Արցախի ինքնորոշման իրաւունքը։ Հենց ինքնորոշման կէտն է պատճառը, որ Ատրպէյճանը չի համաձայնում Մատրիտեան սկզբունքներին եւ, մշտապէս սահմանին լարուածութիւնը պահելով, ստիպում է նահանջել ինքնորոշման կէտից: Կարծեմ` նախապէս խօսւում էր կարգաւորման ընթացքում Արցախում հանրաքուէն անցկացնել 5 տարուայ մէջ, ապա ճնշումներով հասան նրան, որ ժամկէտները վերացուեցին։

Փաշինեանն ասել է, թէ քանի որ Արցախն իրեն չի ընտրել, չի կարող բանակցել Արցախի անունից, ապա թէ` նախորդ բանակցութիւնները մի կողմ է դնում ու ամէն ինչ իր կէտից է սկսում, բայց թէ ո՞րն է իր կէտը, չի ասել։ Նա նաեւ միակ ղեկավարն է, որ դեռեւս դիրքորոշում չի յայտնել Արցախի կարգավիճակի վերաբերեալ, փոխարէնը փորձագէտի կեցուածք է ընդունել` թուարկելով, թէ կարգաւորման վերաբերեալ տարբեր մօտեցումներ կան, որոնց թւում նշում է նաեւ Ատրպէյճանի մօտեցումը` շեշտելով, որ հայկական կողմի համար այն անընդունելի է։ Իսկ ո՞րն է հայկական կողմի մօտեցումը, չի ասում։ Ապա` ասել է նաեւ, թէ` ժողովուրդը թող ասի` ինչպէս լուծենք խնդիրը, յետոյ նաեւ, թէ` Հանրային խորհուրդն առաջարկի լուծումներ։ Արտառոց է, որ մի երկիր, որի ձեւաւորման հիմքում դրուած է Արցախի ինքնորոշումը, Ղարաբաղեան շարժումից 30 տարի անց ունենում է մի վարչապետ, որն ասում է, թէ` ժողովուրդը թող ասի, թէ ոնց լուծենք հարցը. «Ամենակարեւոր խնդիրը Ղարաբաղի հարցի հետ կապուած հետեւեալն է` իսկ մենք յստակ ձեւակերպե՞լ ենք` ինչ ենք մենք ուզում: Եկէք յստակ ձեւակերպենք, ու կառավարութեանն ասէք` սա է քո խնդիրը, վարչապե՛տ, գնա ու բանակցի: Գնում ենք բանակցութիւնների, ասում են` ծախեցին հողերը…. Ծախողը դուք էք»։

Այս մօտեցումները, նաեւ Ալիեւի նկատմամբ ջերմ զգացումները, թէ` նա կիրթ մարդ է, եւ հակառակը՝ Արցախեան պատերազմում յաղթած ղեկավարների նկատմամբ թշնամանքը, թէ` արցախեան շրջանակները ծրագրում են, դաւադիր պատերազմ հրահրելով, տարածքներ յանձնել ու մեղքը գցել Հայաստանի կառավարութեան վրայ, լուրջ կասկածներ են առաջացնում, թէ ուր է տանում նա Արցախեան հիմնախնդիրը։ Վարչապետի եւ Արցախի ռազմական ու քաղաքական ղեկավարութեան յարաբերութիւնները գնալով սրւում են, վարչապետը չի կարողանում հանդուրժել, որ երկու Հայաստաններում պաշտօնեաներ կան, որոնք իրեն չեն հնազանդւում։ Վերջին օղակները մնացել էին դատարաններն ու Արցախի ղեկավարութիւնը, որոնց հնազանդեցնելու համար կոչ արեց դատարանները շրջափակել, ապա մեղադրանքներ յղեց Արցախի ղեկավարութեանը։ Հասարակական գործիչ Արգիշտի Կիւիրեանն ասում է, որ զարմանալի չի լինի, եթէ մի օր էլ կոչ անի Լաչինի միջանցքը շրջափակել, չէ՞ որ մի քանի տարի առաջ եթէ մէկը կանխատեսէր, որ երկիրը մի վարչապետ է ունենալու, որը շրջափակելու է դատարանները, ոչ ոք չէր հաւատայ։ Այսուհանդերձ, այն, որ նա տարածք յանձնելու դաւադրութեան մէջ է մեղադրում մարդկանց, որոնց հպարտութիւնը յաղթանակն ու թշնամուն զսպելն է, կրկին կասկածներ առաջացրեցին Արցախի կարգաւորման` նրա պատկերացումների վերաբերեալ։ Նոյնիսկ ենթադրութիւն եղաւ, թէ նա պատերազմով տարածքներ կորցնելու մտավախութիւն ունի եւ նախապէս իրեն ապահովագրելու համար մեղքը գցում է Արցախի ղեկավար շրջանակների վրայ։ Աւելի անհաւանական ենթադրութիւն էլ եղաւ, թէ Փաշինեանը յատուկ քանդում է Արցախի անվտանգութեան համակարգը` հեշտացնելու համար Ատրպէյճանի ներխուժումը, քանի որ անցեալ տարի մեծ ֆինանսական օգնութեան դիմաց ԱՄՆ-ին խօսք է տուել հայկական զօրքերը դուրս բերել որոշ տարածքներից եւ հիմա դա անելու ձեւ է փնտռում։

Իսկ վերջերս էլ Փաշինեանն ասաց, թէ ինքը միակ ղեկավարն է, որ բանակցութիւններից առաջ Արցախի ղեկավարութեանը ներկայացնում է փաստաթղթեր, իսկ նախկին վարչապետը հարկ չէր համարում տեղեակ պահել, նաեւ` որ Արցախի ղեկավարութեանը ներկայացրել է Արցախի խնդրի կարգաւորման իր տեսլականը, եւ որ նրանց աշխատակիցները գնում, «Ֆէյսպուք»ում գրում են, թէ Փաշինեանը հող է յանձնում։ Արցախի նախագահ Բակօ Սահակեանը ստիպուած էր հերքել Փաշինեանի խօսքերը` ասելով. «Ե՛ւ հիմա, ե՛ւ նախկինում ՀՀ իշխանութիւնները տեղեակ էին պահում Արցախի ղեկավարութեանը քննարկուող հարցերի եւ վերջին զարգացումների մասին»: Բայց խօսքի միւս մասին չի անդրադարձել, թէ ո՞րն է Փաշինեանի տեսլականը, եւ արդեօ՞ք վարչակազմի աշխատակիցները տեսլականն իմանալուց յետոյ «Ֆէյսպուք»ում գրել են, թէ Փաշինեանը հող է յանձնում։ Ի վերջոյ, խօսքն անձնական նամակի մասին չէ, այլ հրապարակային գրառման, որին ոչ ոք ծանօթ չէ, ոչ մի թերթ նման յղում չի տուել։ Բայց աւելի հետաքրքրող հարցի անդրադառնանք այդ ո՞րն է Արցախի կարգաւորման` Փաշինեանի տեսլականը, մասնաւորապէս` երկու տարբերակներից ո՞րը՝ Արցախը` Ատրպէյճանի կազմո՞ւմ, թէ՞ Արցախն` անկախ հանրապետութիւն։

Այս կոնտեքստում կ’ուզէի Թաթուլ Յակոբեանի եւս մի նիւթի անդրադառնալ. Յունիսի 1-ին Արցախի սահմանին հակառակորդի կողմից զինծառայող Սիփան Մելքոնեանի սպանութեան կապակցութեամբ նա «Սիվիլնեթ»ում գրեց. «Վե՞րջ խաղաղութեան դիսկուրսին, էլի զոհե՞ր» նիւթը, որի ենթատեքստն է, թէ Փաշինեանի արտաքին քաղաքականութեան շնորհիւ տեւական խաղաղութիւն էր սահմանին, իսկ այ երբ սկսեցին մեղադրել նրան հողեր յանձնելու մէջ, սահմանին իրավիճակը լարուեց։ Աւելի շատ յուզականութիւն, քան տրամաբանութիւն պարունակող խօսքում գուցէ այլ բա՞ն է ասում: Խնդրեմ` ինչպէ՞ս հասկանալ այս խօսքը. «Մենք չգնահատեցինք եւ չկարողացանք գնահատել այն խաղաղութիւնը, որ եկել էր վերջին մէկ տարում», «Ինձ համար շատ հեշտ է մեղաւորին փնտռել Պաքւում միայն։ Ես պատկերացնում եմ՝ փողոցում քանի մարդ ինձ կը գովաբանի, թէ ինչ հայրենասէր մարդ եմ, երբ դատապարտում եմ Ալիեւին։ Բայց իմ հասցէն Պաքուն չէ։ Իմ հասցէն եւ բոլորիս հասցէները մարած լոյսերն են», «Մարտի 1-ի արեան մէջ թաթախուած նախկին ղեկավարները, որոնք Արցախից զօրք էին բերել Երեւանի կենտրոն ու ծեծուջարդի ենթարկել սեփական ժողովրդին, մտահոգուած են եւ յայտարարում են, թէ թոյլ չեն տայ, որ հողերը ծախեն»։

Թէ 2008-ի Մարտի 1-ի արեան մէջ ովքեր են թաթախուած, տարբեր կարծիքներ կան, կարծիքներից մէկը, որ նաեւ շատ հիմնաւոր է, այն է, որ այդ արեան մէջ թաթախուած է Նիկոլ Փաշինեանը, նրա կոչերը, որոնք մարդկանց մղում էին Մարտի 1-ին ոստիկանութեան դէմ մարտի, արիւն էին հեղում։ Խնդրեմ, սրանք Փաշինեանի խօսքերն են. «Մեր տղերքը գրաւել են պրոսպեկտի կամուրջը, մի 50 կամաւոր թող առաջ գնան, ապահովեն մեր դիրքերը», կամ` «Միասնիկեանի արձանի ետեւի դիրքերից օգնութիւն են խնդրում, զօրքերը առաջ են գալիս, անցէք Միասնիկեանի արձանի ետեւը», կամ` «Ձկան խանութի մօտ օժանդակութիւն է պէտք…»։ Պատկերացնենք` 50 հոգի հաւաքւում ու յարձակւում է ոստիկանների կորդոնի վրայ, արիւն կը հեղուի՞, թէ՞ ոչ, նրանց ուղարկողը արեան մէջ կը թաթախուի՞, թէ՞ ոչ։

Այս հարցերը կ’ուզէի տալ նաեւ «Սիվիլնեթ»ի հիմնադիր Վարդան Օսկանեանին, որը ոչ միայն Քոչարեանի նախագահութեան ժամանակ արտաքին գործերի նախարարն էր, եւ Յակոբեանի մատնանշած այն փաստաթղթերի հեղինակներից, որտեղ տարածքային զիջումների մասին է խօսւում, այլեւ երկրի այն ղեկավարներից էր, որոնք ակտիւ մասնակցում էին Մարտի 1-ի ճգնաժամի կարգաւորմանը, իսկ յետագայում էլ Փաշինեանը նրան բազմիցս դատափետել է Մարտի 1-ին այն կողմում ակտիւ լինելու համար։ Այսինքն` ի՞նչ է դուրս գալիս, որ Թաթուլ Յակոբեանը այժմ գրում է մի մարդու կայքում, որն արեան մէջ թաթախուա՞ծ է։ Խօսքի այնպիսի ազատութիւն է տրուած «Սիվիլնեթ»ի աշխատակիցներին, որ, օրուայ քմահաճոյքին տուրք տալով, 2008 թուի երկրի ղեկավարներին արեան մէջ թաթախուած են անուանում հերիք չէ, նաեւ նրա՞նց են մեղադրում սահմանի թեժացման ու զինուորի զոհուելու համար։ Թէ՞ երկրում լարուած մթնոլորտն ու Մարտի 1-ի բացուած գործը Օսկանեանին այնպիսի վիճակի մէջ են գցել, որ նա ստիպուած «Սիվիլնեթ»ով Մարտի 1-ի եւ «պատերազմ հրահրելու դաւադրութեան» փաշինեանական մօտեցումներն է բրոբականդում։ Անցեալ Նոյեմբերին Վարդան Օսկանեանի ելքը Հայաստանից արգելել էին, օդանաւակայանում նրան թոյլ չէին տուել ինքնաթիռ նստել, ապա, ինչ-որ ժամանակ անց, արգելքը հանել էին, եւ նա կարողացել էր երկրից դուրս գալ։

Սակայն անցնենք բուն նիւթին: Թաթուլ Յակոբեանի այդ գրութիւնները եւ, ընդհանրապէս, բանակցային գործընթացն այնպիսի հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը կարեւոր է իրավիճակը հասկանալու համար. սահմանին մի քանի ամսով խաղաղ վիճակը ինչքան էլ թանկ լինի, պէ՞տք է, արդեօք, հասկանալ, թէ ինչի շնորհիւ էր այն, քանի որ պատմութիւնը շատ ունի դէպքեր, երբ հակամարտող կողմերի միջեւ ժամանակաւոր խաղաղութիւն է եղել, բայց մէկ էլ պատերազմը շատ աւելի դաժան է բռնկուել, նաեւ` այն պատճառով, որ մի կողմն անվտանգութեան զգացումը կորցրել է։

Ուրեմն հարցեր՝ եթէ Փաշինեանը հայ հասարակութեանը չի ասել տարածքներ զիջելու մասին, դա նշանակո՞ւմ է, արդեօք, որ Ալիեւին էլ նման բան չի ասել, ոչ ոք չգիտի նրանց խօսակցութեան բովանդակութիւնը, միայն կան ենթադրութիւններ Պաքուի գոհ արձագանգներից: Փաշինեանն այդ ի՞նչ էր պայմանաւորուել Ալիեւի հետ, որ Պաքուն մի քանի ամիս սահմանին չէր կրակում, հնարաւո՞ր է, որ խոստացել է տարածք յանձնել, բայց այդ դէպքում Յակոբեանն ինչո՞ւ է նախորդների հող յանձնելու պատրաստակամութիւնից խօսում, եւ ինչո՞ւ նրանց հող յանձնելու խոստումը սահմանին խաղաղութիւն չէր բերում, մշտապէս զոհեր էին լինում, մի՞թէ նրանք հա՛մ ուզում էին հող յանձնել, հա՛մ էլ ուզում էին` պատերազմը շարունակուի։ Իսկ եթէ, ինչպէս նախորդ փորձից գիտենք, Ալիեւին հող յանձնելու խոստումը չի բաւարարում, նա աւելին է ուզում՝ Արցախն է ուզում ամբողջութեամբ, (դեռ մնացած ախորժակի մասին չխօսենք), ապա ի՞նչ պիտի խոստանար Փաշինեանը, որ նա դադարէր կրակել սահմանին, արդեօ՞ք Արցախի կարգավիճակից հրաժարուելը։ Եթէ սա էլ չէ, ապա ի՞նչը ստիպեց Ալիեւին` մի քանի ամիս սահմանին շատ չկրակել, հնարաւո՞ր է Փաշինեանը համոզել է Ալիեւին` ճանաչել Արցախի ինքնորոշման իրաւունքը եւ անկախութիւնը։ Ծիծաղելի՞ է։ Մնում է Փաշինեանի անձնական հմայքը, Ալիեւը սիրե՞ց Փաշինեանին, իսկ Սարգսեանին ու Քոչարեանին ատո՞ւմ էր, մանաւանդ` Սերժ Սարգսեանին, քանի որ նրա կառավարման ժամանակ մի քանի անգամ թեժացաւ վիճակը սահմանին եւ, ի վերջոյ, յանգեց 2016-ի ապրիլեան պատերազմին։ Իսկ ինչո՞ւ որոշ դադարից յետոյ Ալիեւը սկսեց կրկին կրակել, այն պատճառո՞վ, որ նրանք, ում ատում էր, սկսեցին Փաշինեանին մեղադրել հողեր յանձնելու մէջ։ Ի՞նչ է ստացւում, Ալիեւը կրակում է` լռեցնելու համար Փաշինեանի հակառակորդների՞ն։

Այսպէս հարցերը խճճւում եւ գորդեան հանգոյց են առաջացնում։

 

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.