Արցախեան կեանքի կարօտով
Ճանկաթաղ – Չինգաթաղ – Ջանիաթաղ – Ջանեաթաղ – Ճանկաթաղ։ Մեծ Հայքի Արցախ նահանգից յայտնի այս գիւղն իր պատմութեան ընթացքում յաճախ է անուանափոխ եղել, սակայն ի վերջոյ այսօր այն նորից կրում է իր հին անունը՝ Ճանկաթաղ։ Լեռնային այս գիւղը յայտնի է իր տասնեակ աղբիւրներով, հնագոյն պատմամշակութային կոթողներով, պղնձի մեծ պաշարներով։
գիւղում անցկացուած պեղումների արդիւնքում յայտնաբերուել է Ք.ա. 2-1-ին հազարամեակների Սբ. Սարգիս դամբարանաբլուրը, ինչպէս նաեւ գիւղից 1,5 քմ դէպի հարաւ-արեւմուտք պահպանուել է Ք.ա. 1-ին հազարամեակի դամբարանադաշտը, միջնադարի «Ցանցաղ», 1 քմ դէպի հարաւ-արեւմուտք՝ Ք.ա. 2-1-ին հազարամեակի «Ծովատեղ», Ք.հ. 1-ին դարի «Ցանցաղ» դամբարանաբլուրը, Ք.ա. 2-1-ին հազարամեակների «Աննա նահատակ» խոյակը, Ք.ա. 2-1-ին հազարամեակների «Աննա նահատակ» խարիսխը։
Ըստ Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի պատմութեան ուսուցիչ Վրէժ Խաչատրեանի՝ գիւղի ներկայիս բնակիչները Ճանկաթաղում հաստատուել են 1800-ական թուականներից։
«Գիւղի բնակիչները Պարսկահայաստանի Ղարադաղ նահանգից են գաղթել այստեղ։ Նախկինում այստեղ եւս եղել է հայկական գիւղ, սակայն ռուս-պարսկական պատերազմից յետոյ գիւղի բնիկները դարձել են Ղարադաղից գաղթած հայերը», պատմել է նա։
Հնագէտ Մակար Պարղուտարեանը Ճանկաթաղի մասին հետեւեալ գրութիւնն է թողել.
«Ճանկաթաղ, կամ, ըստ օտարահնչիւն ձայնին, Ջանեաթաղ գիւղն, հիմնուած է մի ձորի աջ ու ձախ լանջերի վերայ նոյն լեռնաշղթայի արեւելեան կողմում Ղազանչու հիւսիսային կողմում, բնակիչները գաղթած են Պարսկաստանի Ղարադաղ նահանգի Ամրաղիւլ եւ Քիւվնի գիւղերից Պասգեւիչի ժամանակ. եկեղեցին Սուրբ Գէորգ, Ծուխ 85. ար. 390. իգ. 338»։
Գիւղը կառուցուել է այդ տարածքում յայտնաբերուած Սբ. Սարգիս եկեղեցու շուրջ։
«Եկեղեցին, որը վերանորոգուել է ճանկաթաղցի Էդիկ եւ Տամելա Սարգսեանների կողմից, շատ հին պատմութիւն ունի։ Մարդիկ իրենց բնակավայրը կառուցել են եկեղեցու շուրջ, որի վրայ փորագրուած էր Ճանկաթաղ, եւ հենց դրա անունով էլ գիւղը կոչուել է Ճանկաթաղ, հետագայում գրուել է Ջանիաթաղ, իսկ վերջերս նորից անուանափոխուել է Ճանկաթաղի», ասել է Վ. Խաչատրեանը։
Ճանկաթաղն իր մասնակցութիւնն է ունեցել Արցախեան բոլոր պատերազմներին։ 1988-1989 թթ. Ճանկաթաղում կազմաւորուած կամաւորական ջոկատն իր մասնակցութիւնն է ունենում Շահումեանի եւ Մարտակերտի շրջանների ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերին։ Թշնամու գործողութիւնների հետեւանքով գիւղը տարհանուել է 1992 թ. ամրանը, սակայն կրկին ազատագրուել 1994 թ.։ Առաջին պատերազմում գիւղից նահատակուել է 18 ազատամարտիկ։ Գիւղը կորուստներ է ունեցել նաեւ 2020 թ. 44-օրեայ պատերազմում։
«2020 թ. դաժան պատերազմի ընթացքում գիւղն ունեցել է 6 զոհ։ Նրանցից 2-ն ամուսնացած էին եւ ունէին երեխաներ, իսկ 3-ը նշանուած էին եւ պէտք է ամուսնանային», ցաւով նշում է Վ. Խաչատրեանը։
Այդ պատերազմի հետեւանքով գիւղը դարձել է սահմանամերձ։ Գիւղի սահմաններում թշնամին կառուցել է 3 դիրք, որտեղից էլ դիտարկւում է ամբողջ գիւղը։ Այդ դիրքերից թշնամին յաճախակի է անկանոն կրակոցներ արձակում՝ փորձելով խուճապի մատնել գիւղացիներին։ Վերջերս թշնամու կողմից արձակուած կրակոցները վնասել են նաեւ գիւղի տները։
«Վերջին ժամանակներում աւելի յաճախակի են դարձել կրակոցները։ Հիմնականում դիրքերի ուղղութեամբ են կրակոցները լինում, երբ մեր դիրքապահները փորձում են ինժեներական աշխատանքներ կատարել», ասել է Վ. Խաչատրեանը։
Գիւղացիների հիմնական զբաղմունքը մինչ պատերազմը եղել է հողագործութիւնն ու անասնապահութիւնը, իսկ մի մասն աշխատում էր նաեւ գիւղի յարակից հանքավայրում, սակայն պատերազմից յետոյ գիւղին շատ մօտ տեղակայուած ատրպէյճանցիները խոչընդոտում են գիւղատնտեսական աշխատանքներին, իսկ Արցախի շրջափակման պատճառով դադարեցուել են աշխատանքները հանքավայրում։
«Պատերազմի պատճառով գիւղին պատկանող շատ տարածքներ գտնւում են թշնամու վերահսկողութեան տակ, իսկ միւս մասն էլ դիտարկւում է նրանց կողմից, ուստի գիւղատնտեսական աշխատանքներ կատարել չենք կարողանում։ Դիրքերը, որ այսօր կառուցել են նրանք, մեր գիւղին պատկանող տարածքներում են կառուցել։ Մինչեւ առաջին պատերազմը իրենք այդ տարածքներում դիրքեր չեն ունեցել, այլ դրանից աւելի ներքեւ։ Մեր մեծերն ասում են, որ Խորհրդային Միութեան ժամանակներից գիտէին, որ գետնի տակ ածուխ կայ, եւ սահմանը եղել է հենց այդ վայրը, իսկ հիմա քարտէզներով եկել հասել են այստեղ։ Այսօր գիւղին պատկանող հողերը չեն մշակւում, թողնուել են խոտհարքի համար, բայց հիմա նոյնիսկ դա էլ չեն թողնում։ Գնում ենք, որպէսզի խոտը հնձենք, թողնում են՝ մինչեւ ամբողջը հնձում ենք, իսկ երբ գնում ենք հաւաքելու՝ արդէն չեն թողնում։ Անցած տարի ռուս խաղաղապահների միջնորդութեամբ կարողացանք հաւաքել դաշտի խոտը», նշել է ուսուցիչը։
Նրա խօսքով՝ գիւղացիները չեն կարողանում նաեւ խոշոր անասուններ պահել, որովհետեւ յաճախ են անցնում թշնամու վերահսկողութեան տակ գտնուող տարածքներ։ Գիւղացիները հիմնականում զբաղւում են մանր եղջերաւոր անասուններ բուծելով եւ տնամերձ հողերը մշակելով։
«Շրջափակումից յետոյ մարդիկ, համեմատած նախորդ տարիներին, աւելի շատ են սկսել ուշադրութիւն դարձնել եւ զբաղուել հողագործութեամբ, սակայն ջրի խնդիրը մի քիչ խնդիրներ է ստեղծում», ասել է Վ. Խաչատրեանը։
Գիւղի տարածքը վերջերս ենթարկուել է նաեւ ուժեղ կարկտահարութեան։ Ըստ Վ. Խաչատրեանի՝ բարեբախտաբար ամբողջ գիւղի տարածքը չի կարկտահարուել, այլ միայն գիւղի վերեւի հատուածը, որտեղ էլ մասամբ ոչնչացուել են որոշ ջերմոցներ, վնասուել ծառեր։
Այս պայմաններում, երբ թշնամին վերահսկողութեան տակ է վերցրել գիւղին պատկանող հողերի մեծ մասը, կարեւորւում է ջերմոցային տնտեսութիւնների օգտագործումը։ Գիւղում գործում են 20-ից աւելի ջերմոցներ, որտեղ գիւղացիներն աճեցնում են լոլիկ, վարունգ եւ կանաչի։
Արցախի շրջափակման հետեւանքով ստեղծուած հոսանքի անբաւարարութեան խնդիրը հնարաւոր է լինում լուծել այլընտրանքային էներգիայի աղբիւրների հաշուին։ Ճանկաթաղում տեղադրուել են արեւային ջրատաքացուցիչներ, որոնց աշխատանքի մասին գոհունակութեամբ են արտայայտւում գիւղացիները, եւ այդ համակարգերն աստիճանաբար մեծ պահանջարկ են ստանում։ Վ. Խաչատրեանի խօսքով՝ այն յատկապէս մեծ նշանակութիւն կը ստանայ առաջիկայ ձմեռուայ ընթացքում։
«Գիւղում նոր ջրագիծ են կառուցել, մնում էր միացման աշխատանքները կատարէին, որից յետոյ այդ խնդիրն էլ կը լուծուէր, սակայն աշխատանքները դադարեցուել են շրջափակման հետեւանքով շինանիւթերի սղութեան պատճառով», պարզաբանել է Վ. Խաչատրեանը։
Ճանկաթաղում գործում է համայնքապետարան, բուժկէտ, միջնակարգ դպրոց, մշակոյթի տուն։
Վ. Խաչատրեանը գիւղի հիմնական խնդիրը համարել է ջրի սակաւութեան հարցը։
Շրջափակման պայմաններում ի յայտ է եկել նաեւ հանրային տրանսպորտից օգտուելու՝ գիւղացիների անհնարինութեան հարցը, իսկ տեղացած սելաւներն էլ քանդել են գիւղամիջեան ճանապարհները։
Անդրադառնալով բերքահաւաքի աշխատանքներին՝ Վ. Խաչատրեանը նշել է, որ գիւղում առկայ է անհրաժեշտ գիւղտեխնիկան, իսկ բերքահաւաքի աշխատանքները կազմակերպելու համար շրջանի վարչական ղեկավարութիւնը պէտք է տրամադրի անհրաժեշտ վառելիքը։
Ըստ Վ. Խաչատրեանի՝ գիւղում արտագաղթելու տրամադրութիւններ չկան, պատերազմից յետոյ բոլորն իրենց տեղում են։
«Բնակիչների հետ շփումներից հասկանում ենք, որ նման մտադրութիւններ չկան։ Պարզապէս պէտք է անվտանգութեան հարցերը կարողանանք կարգաvորել, լուծել ապաստարանների հարցը, որպէսզի կրակոցների ժամանակ ժողովուրդը պաշտպանուելու տեղ ունենայ», նշել է Վ. Խաչատրեանը։
Թէեւ գիւղի տարածքում տեղակայուած է ռուս խաղաղապահ զօրախմբի ռազմաբազան, սակայն դա չի խանգարում թշնամուն՝ ուզած ժամանակ կրակ բացել գիւղի ուղղութեամբ։
Կրակոցներ եղել են նաեւ գիւղի դպրոցի ուղղութեամբ, որտեղ ուսում են առնում գիւղի երեխաները, եւ դա չի խանգարում նրանց՝ բարձր առաջադիմութիւն ցուցաբերել եւ յաղթել մրցոյթներում։
«Դպրոցի աշակերտները կարողանում են իրենց յատկացուած մեքենայով այցելել Թումօ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, մասնակցել դասընթացներին։ Գիւղում բացուել է կարատէի խմբակ։ 14 տարեկանների խմբում վերջերս շախմատի անհատական մրցաշարում դպրոցի աշակերտներից մէկը զբաղեցրել է առաջին տեղը», ասել է ուսուցիչը։
Ըստ նրա՝ դպրոցում առկայ է աշխարհագրութեան եւ ֆիզկուլտուրայի մասնագէտների խնդիր: Խօսելով գիւղի մշակութային կեանքի մասին՝ նա նշել է, որ դպրոցի ներսում կազմակերպւում են մշակութային միջոցառումներ, սակայն հանրային միջոցառումներ իրականացնել չեն կարողանում թշնամու նշանառութեան տակ գտնուելու պատճառով։
Ճանկաթաղ գիւղի բնակչուհի Գրետա տատիկը, ով վերջին պատերազմում կորցրել է իր թոռանը, չի հասկանում, թէ ինչ տրամաբանութեամբ են մեզ առաջարկում ապրել թուրքերի հետ, երբ մենք նրանց էինք սպանում, իրենք մեզ։
«Թուրքի հետ ապրել չի լինի։ Ղարաբաղն ինտեգրուի՞, բայց յետոյ ո՞վ կը մնայ։ Հնում թուրքերի հետ ապրել ենք, առեւտուր ենք արել, բայց հիմա նրանք արդէն մեր թշնամիներն են։ Հիմա վախենում ենք անգամ տնից դուրս գալ։ Դիրքերից հայհոյում են մեզ, լսում, թէ տանը ինչ ենք խօսում։ Հիմա ասում են Ղարաբաղը թուրքերինն է, նրանց հե՞տ պիտի ապրէք», ասում է Գրետա տատիկը:
Նա չի ուզում լքել հայրենի տունը, բայց չի էլ ուզում թուրքերի հետ ապրել։
«Ես կ’ուզէի թէկուզ մի փոքր կացարան ունենայի, բայց իմ հողում լինէի։ Մենք շատ բան չենք ուզում, ուզում ենք մեր գիւղում մնանք, մեր տանը ապրենք, չոր հաց ուտենք, բայց թուրքի հետ չենք ուզում ապրել», նշել է նա։
Պատերազմից յետոյ Ճանկաթաղում վերաբնակեցուել է 3 ընտանիք, 2-ը՝ Նոր Մարաղայից, 1-ը՝ Կարմիրավանից։
Վարդանեան Լուսինէի ընտանիքը Ճանկաթաղում հաստատուել է պատերազմից յետոյ։ Նրանք ՀՀ-ից Արցախ են տեղափոխուել 2014-ին։ Ատրպէյճանական վերջին կրակոցների հետեւանքով բեկորները հասել են նաեւ նրանց տուն ու վնասել այն։
«ՀՀ-ից տեղափոխուել ենք Նոր Մարաղա 2014-ին՝ ձկնաբուծարանում աշխատելու համար։ Պատերազմից յետոյ տեղափոխուեցինք Հայաստան, 2 ամիս մնացինք այնտեղ, յետոյ յետ եկանք Արցախ՝ Ճանկաթաղ», պատմել է Լ. Վարդանեանը։
Նրա խօսքով՝ Արցախ տեղափոխուել են, որովհետեւ Նոր Մարաղայում կապուած էին բնակիչների հետ, շփւում էին նրանց հետ, եւ երբ նրանք վերադարձան, Լուսինէն ու իր ընտանիքն էլ որոշեցին վերադառնալ։
«Այնտեղ բնակուող ընտանիքներից մէկի հայրական գիւղն է Ճանկաթաղը, նրանց հետ էլ վերադարձանք ու հաստատուեցինք Ճանկաթաղում։ Ամուսինս փորձում էր հանքում աշխատանք գտնել. չստացուեց, յետոյ բանակում սկսեց աշխատել։ Աղջիկս դպրոց, տղաս համալսարան է յաճախում, ես էլ տան աշխատանքներով, բանջարեղէնի մշակութեամբ եմ զբաղւում», նշել է նա։
Խօսելով շրջափակման ստեղծած խնդիրների մասին՝ Լուսինէն նշեց, որ կարողանում են խնդիրներին լուծումներ գտնել, բացի այդ, նրանց աւելի շատ մտահոգում են ոչ թէ կենցաղային խնդիրները, այլ՝ անվտանգայինը։
«Շրջափակման ամենադժուար խնդիրը հոգեբանական խնդիրի յաղթահարումն է։ Առանց սննդի էլ մի բան կ’անենք, միայն թէ խաղաղութիւն լինի։ Խնդիրներ կան, որոնց մօտ սննդի հարցը չի էլ երեւում», ասել է Լ. Վարդանեանը։
Անդրադառնալով իր՝ ապագայի մասին ունեցած տեսլականին՝ Լուսինէն նշեց, որ յատկապէս վերջին դէպքերից յետոյ սկսել են վաղուայ մասին չմտածել։
«Մինչ վերջին դէպքերը, երբ բեկորներն ընկան մեր տան վրայ, ես նոյնիսկ կրակոցների տակ շարունակում էի աշխատել, բայց այդ դէպքից յետոյ արդէն չեմ թողնում երեխաները բակում խաղան կամ այգի գնան», եզրափակել է նա։
Վահագն Խաչատրեան
«Ապառաժ»
Comments are closed.