Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների դատավարութեան միջազգային արձագանգներ

ՀՅԴ Հայ դատի յանձնախմբերի ու գրասենեակների աշխատանքների արդիւնքում հնարաւոր է եղել միջազգային տարբեր կառոյցներից ստանալ արձագանգներ՝ ուղղուած Ատրպէյճանի իշխանութիւններին եւ միջազգային հանրութեանը՝ Պաքուում պահուող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեան եւ առհասարակ հայ պատանդների ու ռազմագերիների արդար դատաքննութեան, իրաւունքների լիարժէք յարգման եւ ազատ արձակման վերաբերեալ։

Մասնաւորապէս, խնդրին անդրադարձել են մոլորակի խոշորագոյն քաղաքական կազմակերպութիւն՝ Սոցիալիստական ինտերնացիոնալը, տարբեր երկրների ու միջազգային կազմակերպութիւնների խորհրդարանների անդամներ։

Սոցիալիստական ինտերնացիոնալի տարածած հաղորդագրութեան մէջ մասնաւորապէս նշուած է․ «Այս օրերին Պաքուում տեղի են ունենում 16 հայ գերիների դատավարութիւնները, որոնցից 8-ը Լեռնային Ղարաբաղի նախկին հայ ղեկավարներն են՝ տեւական կալանքի տակ մնալուց յետոյ։ Մենք կոչ ենք անում Ատրպէյճանի իշխանութիւններին երաշխաւորել թափանցիկ ընթացակարգ՝ արդար դատավարութեան չափանիշներին համապատասխան, նկատի ունենալով, որ բանտարկեալներին չի տրուել բաւարար ժամանակ՝ ուսումնասիրելու իրենց առաջադրուած մեղադրանքները եւ, հետեւաբար, օգտուելու իրաւական պատշաճ ներկայացուածութիւնից։ Միջազգային իրաւական դիտորդների ներկայութիւնը հիմնարար կարեւորութիւն ունի»։

Տարբեր շեշտադրումներով Պաքուում ընթացող ձեւական դատավարութիւններին անդրադարձել են նաեւ կոնգրեսականներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով յանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը, նոյն յանձնախմբի անդամ Դինա Թիթուսը, Եւրոպական խորհրդարանի սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի փոխնախագահ Եանիս Մանիատիսը, նոյն քաղաքական խմբի անդամ Նաչօ Ամոր Սանչեսը։

Դրական ենք գնահատում, որ միջազգային իրաւապաշտպան մի շարք հեղինակաւոր կազմակերպութիւններ նոյնպէս հանդէս են գալիս յստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ատրպէյճանում արդար դատաքննութեան իրաւունքի իրացման անհնարինութիւնը։

ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի կեդրոնական գրասենեակ
20 Յունուար 2025 թ․

 

Comments are closed.