Ատրպէյճանի Յարձակումը Չի Կրնար Իբրեւ Պատմութեան Փակուած Էջ Դիտուիլ. Լիլիթ Գալստեան՝ ԵԱՀԿի Ժողովին
- (0)

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամաւոր Լիլիթ Գալաստեան խօսք առաւ Ֆրանսայի Պորտօ քաղաքին մէջ տեղի ունեցող ԵԱՀԿի 32րդ խորհրդարանական վեհաժողովին՝ լուսարձակի տակ առնելով Արցախի մէջ տեղի ունեցածը եւ հաստատելով, որ այդ էջը չէ փակուած։
Ստորեւ՝ Գալստեանի ամբողջ խօսքը.
«1951 թուականին վաւերացուած Ցեղասպանութեան կոնվենցիան (ուխտը) սահմանել է մարդու դէմ ամենածանր յանցագործութիւնների կանխարգելման եւ պատժելու իրաւական շրջանակը: Սակայն այսօր մենք կանգնած ենք ցաւալի իրականութեան առջեւ, երբ այս պարտաւորութիւնները անտեսւում են, իսկ միջազգային ինստիտուտները (հիմնարկները) եւ կազմակերպութիւնները ձախողուել են իրենց յանձնառութիւնը` կանխելու ողբերգական ծանր հետեւանքներով ոճրագործութիւնները:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը դրա ցայտուն օրինակն է:
«2023 թուականին աւելի քան 120,000 բնիկ հայեր ենթարկուեցին բռնի տեղահանութեան, որին նախորդել էր Լեռնային Ղարաբաղի ամբողջական եւ դաժան շրջափակումը: Հազարաւոր մարդիկ զրկուած էին սննդից, դեղամիջոցներից եւ վառելիքից: Ամբողջ մի ժողովուրդ հարկադրուեց բռնի տեղահանութեան` զրկուելով իր հազարամեակների բնօրրանից:
«Պատմութեան ընթացքում առաջին անգամ Լեռնային Ղարաբաղը դատարկուեց իր բնիկ հայկական բնակչութիւնից: Տները, դպրոցները, մշակութային եւ կրօնական ժառանգութիւնը ոչնչացւում է կամ յայտնուել են լիակատար վերացման վտանգի տակ: Սա պարզապէս հումանիտար (մարդասիրական) ճգնաժամ չէ, այլ էթնիկ զտման դասական օրինակ, որն, աւաղ, իրականացուեց ԵԱՀԿ պատասխանատուութեան գօտում:
«Եւ, այնուամենայնիւ, հակառակ Ադրբեջանի պնդումներին, յատկապէս ընդգծում եմ` Ադրբեջանի ագրեսիան (յարձակումը) չի կարող դիտուել որպէս պատմութեան փակուած էջ. հակամարտութիւնը շարունակում է մնալ ցաւոտ իրականութիւն, քանի դեռ`
«– 150,000 բնիկ հայերին` չի վերապահուել միջազգային անվտանգային երաշխիքների ներքոյ իրենց վերադարձի անվիճարկելի իրաւունքը,
«– ադրբեջանական զօրքերը շարունակում են օկուպացնել (գրաւուած պահել) Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք, իսկ բռնապետական ռեժիմի (վարչակարգի) առաջնորդը Հայաստանի որոշ տարածքներ հռչակում է «արեւմտեան Ադրբեջան»,
«– Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ` չափազանց մտահոգիչ իրողութիւններում, զրկուած արդար դատավարական գործընթացներից: Վստահելի զեկոյցների համաձայն նրանք ենթարկւում են խոշտանգումների եւ կեղծ դատավարութիւնների, որոնք խախտում են միջազգային իրաւունքի բոլոր նորմերը:
«Սա մէկ առանձին ողբերգութիւն չէ, այլ գլոբալ (աշխարհային, ընդհանուր) մակարդակում ինստիտուցիոնալ (կառուցային) մեծ ձախողման դրսեւորում, ինչպիսին այսօր տեսնում ենք Գազայում, ուր շարունակուող ցեղասպանական ողբերգութեան նկատմամբ համաշխարհային արձագանքը թերի է եւ հատուածական` աշխարհաքաղաքական շահերով պայմանաւորուած:
«Երբ որոշների տառապանքը գիտակցւում է, իսկ միւսներինը մնում լուսանցքում, սա, անշուշտ, խարխլում է արդարութեան ու մարդկային արժանապատուութեան համամարդկային սկզբունքները:
«Ուստի ես կոչ եմ անում Վեհաժողովին եւ իմ յարգելի գործընկերներին`
«1. Պահանջել բոլոր հայ ռազմագերիների եւ կալանաւորների անյապաղ եւ առանց նախապայմանների ազատ արձակումը, իսկ մինչ այդ ապահովել ԵԱՀԿ միջազգային դիտորդների մասնակցութիւնը դատավարութիւններին` դիտարկելու նպատակով:
«2. Աջակցել ԵՈՒՆԵՍԿՕի հրատապ փաստահաւաք առաքելութեան ուղարկմանը` Լեռնային Ղարաբաղի վտանգուած մշակութային ժառանգութեան փաստագրելու եւ պահպանելու նպատակով:
«Մի լռեցնենք ճնշուածների ձայնը:
«Ի պատասխան ադրբեջանցի կոլեգայի (գործընկերոջ).
«Ես եւ իմ ներկայացրած քաղաքական ուժը բարձրացնում ենք միլիոնաւոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են երկարատեւ խաղաղութիւն` հիմնուած արդարացի լուծումների վրայ, ոչ թէ ագրեսիայի եւ ցեղասպանական գործողութիւնների:
«Անհիմն մեղադրանքների փոխարէն` ես առաջարկում եմ ադրբեջանցի գործընկերներին ցուցաբերել քաղաքական կամք եւ թոյլ տալ միջազգային դիտորդներին վերահսկել Բաքւում իրականացուող կեղծ դատավարութիւնները, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղում հայկական հետքի եւ ժառանգութեան ոչնչացումը:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԻՇԽԱՆԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԸ ԳԱԼՍՏԵԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՉԱՋԱԿՑԵՑԱՆ
Լիլիթ Գալստեան տեղեկացուց, որ ԵԱՀԿի խորհրդարանական վեհաժողովին Հայաստանը ներկայացնող իշխանական պատգամաւորները չաջակցեցան իր ներկայացուցած առաջարկին՝ վերջնական բանաձեւին մէջ պահանջ ձեւակերպելու Պաքուի մէջ պահուող հայ ռազմագերիներու եւ քաղաքական ղեկավարութեան դատավարութիւնները մշտադիտարկող միջազգային առաքելութիւն մը ուղարկելուն վերաբերեալ` մինչեւ անոնց անվերապահ ազատ արձակումը, ինչպէս նաեւ պահանջ՝ Արցախի մշակութային ժառանգութեան պաշտպանութեան ուղղութեամբ: Աւելին` անոնք ոչ միայն չմիացան Գալստեանի առաջարկներուն, այլ նոյնիսկ բացայայտուեցաւ, որ Ատրպէյճանի պատուիրակութեան հետ փոխադարձ համաձայնութիւն գոյացուցած են:
Ստորեւ՝ Լիլիթ Գալստեանի ելոյթը.
«Յարգելի՛ գործընկերներ,
«Իմ փոփոխութեան առաջարկը 52րդ պարբերութիւնում վերաբերում է հայ ռազմագերիների դատավարութիւններին, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրօնական ժառանգութեան պահպանութեանը:
«Տարբեր հաւաստի զեկոյցներ փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարները եւ հայ ռազմագերիները շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ` խիստ մտահոգիչ պայմաններում: Նրանք ենթարկւում են խոշտանգումների, զրկուած են տարրական իրաւական պաշտպանութիւնից, այդ թւում` միջազգային փաստաբանների աջակցութիւնից: Կարմիր խաչի այցերն անգամ արգելուած են: Ապացուցուած փաստ է, որ Ադրբեջանը անտեսում է մարդու իրաւունքների հիմնարար ստանդարտները (չափանիշները):
«Կոչ եմ անում իմ գործընկերներին հանդէս գալ հայ ռազմագերիների եւ կալանաւորուած անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի երաշխաւորման օգտին: Սա ենթադրում է միջազգային դիտորդների, այդ թւում` ԵԱՀԿ անդամ պետութիւնների ներկայացուցիչների մուտքն ու մշտական վերահսկողութիւնը` մինչեւ նրանց անվերապահ ազատ արձակումը:
«Բացի այդ, կոչ եմ անում նախաձեռնել փաստահաւաք առաքելութիւն` տարածաշրջանի մշակութային ժառանգութիւնը պաշտպանելու համար, որն այսօր շարունակական կերպով ենթարկւում է ոչնչացման` Ադրբեջանի պետական մակարդակով իրականացուող հայկական հետքերի ջնջման քաղաքականութեան արդիւնքում:
«Յարգելի՛ գործընկերներ,
«Ես բարձրացնում եմ այն հազարաւոր մարդկանց ձայնը, ովքեր սպասում են արդար որոշման այս վեհաժողովից:
«Իմ առաջարկները որեւէ կերպ չեն խաթարում խաղաղութեան գործընթացը եւ միայն հնարաւորութիւն կը տան Ադրբեջանին ցուցադրել իր քաղաքական կամքը` դրականօրէն ազդելու խաղաղ կարգաւորման վրայ: Ձեր ձայնը կարեւոր նշանակութիւն ունի հաշտութեան հաստատման գործում»: