Ատրպէյճանի Բռնագրաւած Արցախի Մէջ Աննախադէպ Մշակութային Ցեղասպանութիւն Կը Կատարուի

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգութեան պաշտպան Յովիկ Աւանեսով յայտարարութեան մը միջոցով լուսարձակի տակ առաւ Արցախի մէջ գործադրուած մշակութային ցեղասպանութիւնը:

Ստորեւ՝ այդ յայտարարութիւնը.

«Աշխարհի գերտէրութիւնները եւ միջազգային կազմակերպութիւններն իրենց յայտարարութիւններում յաճախ մատնանշում են մարդու հիմնարար իրաւունքները եւ համամարդկային արժէքները: Սակայն, 21րդ դարում հէնց այդ նոյն կազմակերպութիւնների եւ տէրութիւնների աչքի առաջ, նրանց լռութեամբ եւ մեղսակցութեամբ, Ադրբեջանի ֆաշիստական վարչակարգը ժամանակաւորապէս բռնազաւթուած Արցախում իրականացնում է աննախադէպ մշակութային ցեղասպանութիւն: Որպէսզի պարզ լինի, թէ ինչ մասշտաբների մասին է խօսքը, մէկ անգամ եւս յիշեցնենք, որ ամէն շաբաթ մեզ հետ համագործակցող միջազգային գիտական կենտրոնները իրենց մշտադիտարկումներով արձանագրում են երկու յուշարձանի հանդէպ վանդալիզմ կամ ոչնչացում:

«Ադրբեջանը նպատակային եւ համակարգուած ոչնչացնում է հայկական մշակութային ժառանգութիւնը` կոպտօրէն խախտելով միջազգային կոնվենցիաները (պայմանադրութիւնները) եւ մարդասիրական իրաւունքի բոլոր նորմերը (չափանիշները): Այլեւս խօսքը չի վերաբերում միայն պատմա-ճարտարապետական յուշարձանների կամ եկեղեցիների աւերմանը. գործ ունենք ամբողջական բնակավայրերի լիակատար ոչնչացման հետ: Արցախի հայկական հետքը վերացւում է ամէնօրեայ ռեժիմով (դրութեամբ), եւ այս յանցագործութիւնը իրականացւում է պետութեան ամենաբարձր մակարդակով` ուղղակիօրէն Իլհամ Ալիեւի հրահանգով:

«Այս քաղաքականութեան զոհ են դարձել Շուշիի շրջանի հերոսական Քարինտակը, Հադրութի շրջանի Մոխրենեսն ու Մարիամաձորը, ինչպէս նաեւ Ստեփանակերտում եւ Արցախի այլ բնակավայրերում գտնուող պատմական արժէք ներկայացնող կառոյցները, որոնց թիւը անընդհատ աճում է: Վառ ապացոյցն է տելեգրամեան ալիքի կողմից հրապարակուած հերթական տեսանիւթը, որտեղ երեւում է, թէ ինչպէս է Ադրբեջանը հիմնովին աւերել Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Ծամձոր գիւղը` ոչնչացնելով նաեւ Սուրբ Աստուածածին եկեղեցին:

«Միջազգային հանրութեան անգործութիւնը, համարժէք արձագանգի բացակայութիւնը եւ նոյնիսկ որոշ երկրների ղեկավարների ապօրինի այցերը բռնազաւթուած տարածքներ, նրանց ադրբեջանական քարոզչութեան գործիքներ դարձնելը, վկայում են այն մասին, որ նրանք ոչ միայն աչք են փակում կատարուող յանցագործութիւնների վրայ, այլեւ դառնում են դրանց ուղղակի կամ անուղղակի յանցակիցները:

«Ադրբեջանի այս բարբարոս քաղաքականութիւնը հայ ժողովրդի դէմ ուղղուած ցեղասպանական ծրագրի շարունակութիւնն է, եւ այն չի կարող մնալ անպատիժ: Իւրաքանչիւր երկիր կամ կազմակերպութիւն, որը լռում է կամ նպաստում ադրբեջանական սանձարձակութեանը, մեղսակից է այս մշակութային ոճրագործութեանը եւ կիսում է պատասխանատուութիւնը ապագայ սերունդների առջեւ:

«Ի վերջոյ, որեւէ ժողովրդի մշակոյթի ոչնչացումը եւս ցեղասպանութեան բաղադրիչ է: Իսկ պատերազմների ժամանակ մշակութային ցեղասպանութիւն իրականացնելու համար եւս սահմանւում է պատիժ` միջազգային իրաւունքի բոլոր նորմերով ու կոնվենցիաներով: Մինչդեռ այսօրուայ միջազգային հանրութեան համար կարեւորը համամարդկային արժէքները չեն: Արցախի մշակութային ցեղասպանութեան հանդէպ բառացիօրէն զրօ արձագանգը այս փաստի վկայութիւնն է», գրած է Աւանեսով։

Անոր տարածած տեսերիզը կարելի է դիտել այցելելով՝ կայքէջը: