Ատրպէյճանը ՄԱԿ-ում փորձում է սահմանափակել արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութեան աշխատանքները
- (0)

Ատրպէյճանը պաշտօնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ում հաւատարմագրուած հասարակական կազմակերպութիւնների յանձնաժողովին՝ ընդդէմ «Քրիստոնէական միջազգային համերաշխութիւն» (CSI) կազմակերպութեան, որը ՄԱԿ-ում խորհրդատուական կարգավիճակով ունեցող, մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող կազմակերպութիւն է եւ աշխատանքներ է իրականացնում արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան ուղղութեամբ։
Քանի որ կազմակերպութիւնը պարբերաբար բարձրաձայնում է Ատրպէյճանի կողմից իրականացուած էթնիկ զտումների եւ այլ յանցանքների մասին, ՄԱԿ-ում Ատրպէյճանի մշտական ներկայացուցչութիւնը կազմակերպութեանը մեղադրել է «քաղաքական դրդապատճառներով թշնամական գործողութիւններ» իրականացնելու մէջ եւ յանձնաժողովին խնդրել դիտարկել CSI-ի` «պարզ երեւացող անհամապատասխանութիւնը» ՄԱԿ-ի պահանջներին։ ՄԱԿ-ում հաւատարմագրուած հասարակական կազմակերպութիւնների յանձնաժողովն Ատրպէյճանի բողոքը եւ CSI-ի գրաւոր արձագանգը կը քննարկի Մայիսի 23-ին։
«Քրիստոնէական միջազգային համերաշխութիւնը» պարբերաբար ՄԱԿ-ի Մարդու իրաւունքների խորհրդում ուշադրութիւն է հրաւիրում ատրպէյճանական էթնիկ զտման քաղաքականութեան վրայ՝ հանդէս գալով յայտարարութիւններով եւ կազմակերպելով տարբեր միջոցառումներ։
ՄԱԿ-ում Ատրպէյճանի ներկայացուցչութեան կողմից սկսուած այս գործընթացի նպատակը CSI-ին ՄԱԿ-ում խորհրդատուական կարգավիճակից զրկելն է։ Սրա միջոցով վտանգւում է անկախ հասարակական կազմակերպութիւնների՝ ՄԱԿ-ի համակարգում ազատ արտայայտուելու իրաւունքը։
Անցեալ տարուայ Յուլիսի 9-ին CSI-ն Մարդու իրաւունքների խորհրդում կազմակերպել էր յարակից ձեռնարկ՝ նուիրուած արցախահայութեան վերադարձի իրաւունքի իրացման անհրաժեշտութեանը։ 2024 թ․ Հոկտեմբերի 1-ին եւ 2025 թ․ Մարտի 18-ին անցկացուել են միջոցառումներ, որոնց առանցքում են եղել Պաքուում պահուող հայ գերիների ազատ արձակման խնդիրը։
Ատրպէյճանի բողոքում CSI-ին մեղադրւում է «անվաւեր կամ յօրինուած անուանումներ» օգտագործելու մէջ՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղ անուանումը, ինչպէս նաեւ «Ատրպէյճանի աղաւաղուած քարտէս» ցուցադրելու մէջ, այսինքն՝ քարտէս, որտեղ ընդգծուած է պատմական Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը։
Ատրպէյճանը նաեւ CSI-ին մեղադրում է «իրավիճակային փաստերը խեղաթիւրելու մէջ»՝ անդրադառնալով այն 16 հայ գերիներին, ովքեր ներկայումս գտնւում են դատավարութեան փուլում։
Եթէ Ատրպէյճանին յաջողուի հասնել CSI-ին խորհրդատուական կարգավիճակից զրկելուն, ապա դա կը նշանակի՝ ոչ միայն մարդու իրաւունքների ոլորտում քննադատութեան սահմանափակում, այլեւ նոյնիսկ Լեռնային Ղարաբաղի գոյութեան մասին յիշատակման արգելք։ Տարածքը էթնիկ զտման ենթարկելով եւ մշակութային ժառանգութեան բազմաթիւ կոթողներ ոչնչացնելով՝ Ատրպէյճանը այժմ փորձում է Լեռնային Ղարաբաղը ջնջել միջազգային հանրութեան յիշողութիւնից։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակ
23 Մայիս 2025