«Աստուած ճանապարհը ցոյց է տալու, թէ ոնց ենք յետ վերադառնալու եւ դա կոչուելու է յաղթական վերադարձ»․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդ Տէր Վրթանէս Եպիսկոպոս Աբրահամեանի հետ «Ապառաժ»-ը զրուցել է Արցախի թեմի գրասենեակի գործունէութեան, Արցախի պատմամշակութային ժառանգութեան պաշտպանութեան, Արցախ վերադարձի հնարաւորութեան եւ այլ հարցերի մասին։

– Սրբազան Հայր, Երեւանում իր աշխատանքներն է սկսել Արցախի թեմի գրասենեակը, ինչպէ՞ս ստեղծուեց այն եւ ի՞նչ առաքելութիւն ունի։
– Գրասենեակը կարեւոր է այնքանով, որքանով թեմի գործունէութիւնը։ Եւ թէպէտ թեմի գործառոյթները փոքր ինչ փոփոխուած են եւ թեմի կարեւոր բաղադրիչները՝ վարչական տարածք, եկեղեցի ու հոգեւոր դաս չկան, բայց, այդուհանդերձ, թեմը չի լուծարւում եւ այլ ձեւաչափով է սկսում աշխատել։ Առաջին հերթին ստեղծեցինք թեմական խորհուրդը, որի անդամներն են Հայաստանում ապրող արցախցիները եւ այն արցախցիները, ովքեր երկար տարիներ եղել են Արցախի ներկայացուցիչներ տարբեր երկրներում՝ ԱՄՆ, ՌԴ, Պելճիքա, Ֆրանսա։ Սակայն վերջիններս երկար չմնացին թեմական խորհրդի կազմում, քանի որ ՀՀ իշխանութիւնները լուծարեցին ներկայացուցչական առաքելութիւն իրականացնող անձանց մանդատները, եւ նրանք այլեւս չեն կարողանում Արցախի հետ կապուած որեւէ աշխատանք կատարել կամ որեւէ խնդիր հնչեցնել։

Դրանից յետոյ մենք արդէն փնտռում էինք մեր գործունէութեան համար վայր եւ մեր խնդրանքին ընդառաջեց «Դիալոգ» կազմակերպութեան ղեկավար Եուրի Նաւոյեանը, որի շնորհիւ սկսեց գործել Արցախի թեմի գրասենեակը։ Գրասենեակում աշխատում է 7-8 անձ, ովքեր տարբեր ոլորտներ են ղեկավարում։ Գրասենեակի ղեկավարը Մելանիա Բալայեանն է, մեզ հետ աշխատում է ԱՀ ԿԳՄՍ նախկին նախարար Լեռնիկ Յովհաննիսեանը։ Նա մշակութային ժառանգութեան հետ կապուած հարցերով է զբաղւում։ ԱՀ ԱԳՆ նախկին նախարար Կարէն Միրզոյեանն արտաքին կապերով է զբաղւում, միջազգային կառոյցների հետ է աշխատելու։ Մենք խորացուած կարգով համագործակցելու ենք «Մունք» կազմակերպութեան, որը տեղակայուած է Տաշիրում եւ Երեւանում։ Կազմակերպութիւնն Արցախի Հաղորտի համայնքում կարեւոր առաքելութիւն է իրականացրել եւ համագործակցում ենք, որպէսզի այսօրուայ երիտասարդական միտքը կարողանանք նպաստաւոր դարձնել արցախահայութեան միաւորման գործում։

Ունենք նաեւ թարգմանչական ուղղուածութիւն, գրքերի թարգմանութիւն, նամակների, յօդուածների թարգմանչական աշխատանքներ է իրականացուելու։ Այսքանով հանդերձ մենք պէտք է մեծ ուշադրութիւն դարձնենք լրատուական դաշտի վրայ, ունենք Արցախի թեմի կայք, որը պէտք է համապատասխան լրատուութիւնը հասցնի ամէն հայի, միջազգային հարթակում գործող սրտացաւ մարդկանց։

Քանի որ Արցախի թեմն իրաւական կառոյց չէ, պէտք է կեանքի կոչենք Արցախի թեմի հիմնադրամը, որը կը կարողանայ լիարժէք իրաւական հարցերով զբաղուել։ Նոր ենք սկսել աշխատանքները, դեռեւս մի քանի ամսուայ ծրագիր ունենք։ Եթէ կարողանանք որոշ չափով պատասխանել ամէն արցախցու հարցադրումներին, յուսադրող քայլեր առաջարկել, կը նշանակի, որ մենք մեր առաքելութեան մէջ ենք։

Մենք պէտք է բոլորս համախմբուենք՝ մեր աջակցութունը բերելու Արցախի պետական համակարգին

– Իրաւական ոլորտում արցախցիների աջակցութեան առումով ինչ-որ աշխատանքներ տանո՞ւմ էք։
– Այդ ուղղութիւնն իրականացնել չենք կարող, քանի որ Հայաստանում Արցախի հարցով գործող բոլոր կազմակերպութիւնների, հիմնադրամների գործունէութիւնը պիտի նպաստի Արցախի հիմնախնդրին արդարացի լուծում ապահովելուն։ Այսօր Արցախի իշխանութիւնն է զբաղւում արցախահայութեան սոցիալական, իրաւական հարցերով, եւ մենք պէտք է բոլորս համախմբուենք միայն ու միայն  մեր աջակցութունը, նպաստը բերելու Արցախի պետական համակարգին, որ այն ոչ միայն չլուծարուի, այլեւ իր դրական քայլերը, շարժը ցոյց տայ, որ կայ, գոյութիւն ունի եւ ինքը լեգիմիտիմ իշխանութիւն է։ Այս առումով իրաւական հարթութեան վրայ նման ծրագրեր մենք չենք իրականացնում։ Արցախահայութեան հետ կապուած սոցիալական բաղադրիչն իրականացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որին կից սոցիալական բաժին է գործում։

Անտեսուած լինելու պարագան մարդկանց մօտ առաջացնում է խուճապային տրամադրութիւն

– Դուք անցած ամսիների ընթացքում հանդիպումներ էք ունեցել տարբեր մարզերում ապրող արցախցիների հետ։ Արդեօ՞ք այն շարունակական է լինելու եւ ինչքանո՞վ է թեմը ի զօրու լուծել, հասցէագրել բարձրացուած խնդիրները։
– Ի սկզբանէ, բռնի տեղահանութեան օրերին, մեր մտքում կար ստեղծել մի վայր, որտեղ Արցախի թեմը եւ հոգեւորականները կը կարողանան անմիջապէս արձանագրել խնդիրները եւ իրենց նպաստը բերել։ Տեղահանութեան ժամանակ Սիւնեաց թեմն իրականացրեց այդ աշխատանքը եւ բոլոր տուեալները փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Մեր հանդիպումներն արցախցիների հետ Յունիս ամսից ենք սկսել, այցելել ենք 5 մարզեր։ Նախկինում, երբ որպէս թեմակալ առաջնորդ հանդիպում էի տարբեր միջազգային կառոյցների, գրասենեակների ներկայացուցիչների, դեսպանների, լրատուամիջոցների հետ, ես միանշանակ, արցախահայութեան մտքի թարգմանը լինելով, բարձրաձայնում էի, որ բոլոր արցախցիները ցանկանում են վերադառնալ, բայց այդ բարոյական իրաւունքը կարծես թէ չունէի։ Որպէսզի դա լինի աւելի տեսանելի եւ շօշափելի, սկսեցի այցելութիւնները, հարցաթերթիկներ ենք կազմել, որոնց մէջ նաեւ հարց կար որոշակի երաշխիքների պարագայում Արցախ վերադառնալու մասին։ Մենք հաւաքագրել, ամփոփել ենք արդիւնքները եւ հարցուածների 87 տոկոսը միանշանակ կողմ է արտայայտուել վերադարձին, 6 տոկոսը փոքր-ինչ կասկածում է։ Դա էլ կը նշանակի՝ կասկածում է անվտանգային իրավիճակի հետ կապուած, եւ 7 տոկոսը չէր պատկերացնում վերադարձը՝ երեւի հոգեբանական եւ այլ հարցերի հետ կապուած։

Հոկտեմբեր ամսին միւս մարզերն այցելելուց յետոյ արդէն լիարժէք պատկերը պարզ կը լինի։ Մօտ 1000 եւ աւելի ընտանիքների հետ հանդիպումից յետոյ պարզ կը լինի, թէ ինչ է պատկերը։ Բացի դրանից, մեր հանդիպումների նախապատրաստական աշխատանքները լիարժէք չենք կատարել, եթէ լիարժէք կատարէինք, մասնակիցների թիւն աւելի շատ կը լինէր։ Հանդիպումներին նաեւ մեր հոգեւոր խօսքը, գօտեպնդիչ մտածումներն ենք փոխանցել ներկաների։

– Իսկ ի՞նչ հարցեր են հիմնականում բարձրացրել։
– Արցախցիների բարձրացրած հարցերի գերակշռող մասն այն է, որ իրենք անտեսուած են, այն առումով, որ երբեւիցէ չեն պատկերացրել, որ իրենց նկատմամբ նման վերաբերմունք կը լինի։ Անտեսուած լինելու պարագան մարդկանց մօտ առաջացնում է խուճապային տրամադրուածութիւն, մարդը դառնում է ինքնամփոփ եւ չի ցանկանում խօսել։ Սրանք շոկային բաներ են, որ տեղի են ունենում, մանաւանդ այս ցաւից յետոյ։

Իսկ եթէ ամէն համայնքի համար առանձին, միասնական ապրելու միջավայր ստեղծուէր, հոգեբանական աջակցութեան խթան լինէր եւ սոցիալական փաթեթների, ոչ թէ ցաքուցրիւ, փնթի, այլ նորմալ կառավարուող ձեւաչափով, այս ամէնը կարելի էր իրականացնել համայնքների ղեկավարների, վարչակազմի ղեկավարների, նրանց տրուելիք յանձարարականների միջոցով։ Քանի որ բոլորն անտեսուած էին, չկային վարչակազմին տրուող համապատասխան յանձնարարականներ եւ քաոսային վիճակ էր ստեղծուել, այդ վիճակում պէտք է լինէր այն, ինչ մենք տեսանք։ Իսկ եթէ լինէր այն, ինչ մտածում էինք, նաեւ արցախցիների արտագաղթ չէր լինի դէպի տարբեր երկրներ։

Միւս խնդիրն անձնագրի հետ է կապուած։ Անձնագրի հետ կապուած խոչընդոտները մեզ համար աբսուրդի են հասնում, որովհետեւ չի կարող ՀՀ անձնագիր ունեցող մարդը նման խնդիրների բախուել եւ երրորդը փախստականի կարգավիճակն էր։ Մարդիկ այնտեղից ինքնակամ չեն դուրս եկել, Ցեղասպանութիւն է տեղի ունեցել եւ դրա համապատասխան իրաւական կարգավիճակը չկայ։ Այս ամէնը մարդկանց մօտ հիասթափութիւնների ալիք է առաջացնում։ Մեր ժողովուրդը համեստ, հանգիստ, կոլետիւ մտածողութիւն ունեցող ժողովուրդ է, եւ համապատասխան կարգադրութիւնը, առաջադրանքը մարդիկ հանգիստ կատարում են, ուղղակի յուսադրող խօսք է պէտք, իրաւական եւ բարոյահոգեբանական լուծում։ Եթէ այս ամէնը միաւորենք, ժողովորդը հանգիստ իր աշխատանքը կը շարունակի մայր Հայաստանում ապրելով եւ մտածելով այն լուսաւոր տեսիլքի մասին, որ պիտի վերադառնանք Արցախ։

Ոչնչացումը տեղի է ունենում Ատրպէյճանի իշխանութեան կողմից, իսկ ՀՀ-ի իշխանութիւնները լռում են

– Արցախի մշակութային ժառանգութեան հետ կապուած, ամէն անգամ ականատես ենք լինում, որ ոչնչացնում են մեր դարաւոր կոթողները, մշակութային, հոգեւոր, հասարակական կառոյցները, շատ դէպքերում ցուցադրական ու լկտիաբար, հնարաւոր չէ՞ դատական ակտերի, կամ այլ միջոցներով այնպէս անել, որ Ատրպէյճանը չոչնչացնի դրանք։
– Ցաւօք սրտի, եթէ սա մի ժողովրդի հոգեւոր-մշակութային ժառանգութեան ոչնչացում է եւ այդ ժողովրդի իշխանութեան կողմից իրաւական, քաղաքական գնահատական չի տրւում, հասարակ ժողովուրդը ոչինչ չի կարող անել, եկեղեցին իր ամբողջ ուժականութեամբ չի կարող ազդել, սա պետական քաղաքականութիւն է, ոչնչացումը տեղի է ունենում Ատրպէյճանի իշխանութեան կողմից, իսկ ՀՀ-ի իշխանութիւնները լռում են։ Սա ցաւ է։ Իսկ մեր հասարակական կազմակերպութիւնները ինչքան էլ ծեծեն միջազգային կառոյցների դռները, այդ դռները փակ են, մարդկանց ականջներն էլ խուլ։

Եկեղեցին, ինչքանով կարողանում է, իր խողովակներով հասու է դարձնում այս ցաւալի երեւոյթները, սրանք էլ մնում են անպատասխան։ Բազմիցս նամակներ ենք յղել, բազմիցս բարձր մակարդակով Վեհափառ Հայրապետը հրաւիրել է անգամ ԵՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին, Համաշխարհային եկեղեցիների խորհուրդին, տասնեակ անգամներ Էջմիածինը եւ Էջմիածնում գործող գրասենեակը տարբեր մակարդակով դեսպանների է դիմել, բայց ցաւ ենք ապրում, որ նոյն փութաջանութեամբ ՀՀ-ի իշխանութիւններն անգամ մատը մատին չեն տալիս, իսկ եթէ նուիրական ձեւով իշխանութիւններն ուզեն, անշուշտ այդ դռները կը բացուեն, դատական հայց կը ներկայացուի։ Այսօր ՀՀ-ի իշխանութիւններն անգամ չեն ճանաչել բռնի տեղահանուած Արցախի հարցի իրաւական ձեւաչափը։ Տարին լրանում է անգամ սգի օր չեն յայտարարել։

Այդ վանդալիզմի ձեռքը բռնող չկայ, դա կը շարունակուի այնքան ժամանակ, մինչեւ մենք կը հասկանանք, որ դա ոչ միայն մեր ոգին է սպանում, այլ նաեւ մեր մարմինը, այս առումով ցաւալի է, որ բոլորը ոչ միայն չեն խօսում, այլ համակերպւում են այն իրականութեան հետ, որն Ատրպէյճանն իրականացնում է։ Գրասենեակային ցաւ ապրելու, խօսքից անդին ոչ մի աշխատանք չի իրականացւում իշխանութիւնների կողմից։

Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիքապէս, բարոյապէս, հոգեպէս

– Արցախի հայաթափումից յետոյ համարեա մէկ տարի է անցել, բայց տպաւորութիւն է, թէ երկար տարիներ են անցել, ու ամէն ինչ արւում է հարցը մոռացութեան տալու համար։ Ինպէ՞ս կարող ենք վերադարձի նկատմամբ հաւատը վառ պահել, իրատեսական հաւատը։

– Բոլորս ենք ուզում այդ աւետիսը, բարի լուրը լսել եւ Արցախում ապրել։ Արցախը մենք չենք կորցրել, Արցախը կայ ու շարունակում է մնալ, Արցախը չի ընկել, ընկնողը մենք ենք եղել, մենք ընկանք, ծնկի եկանք ֆիզիքապէս, բարոյապէս, հոգեպէս․․․

Ինչո՞ւ այդպէս եղաւ։ Մենք պէտք է յետ գնանք դէպի մեր ակունքները, տեսնենք, թէ մեր նախնիներն ի՞նչ են արել, ի՞նչ գործընթաց են սկսել, որը մենք չենք շարունակել։ Սուրբ գրքում գրուած է՝ «Ես եմ Հայկի, Նոյի եւ Գրիգոր Լուսաւորչի Աստուածը։ Հայկ նահապետը չարի դէմ պայքարել է, Հայաստան երկիր է ստեղծել, յոյսի երկիր է դարձրել, Նոյ նահապետն իր ընտանիքն է փրկել, Լուսաւորիչն այնքան խորը հաւատ է ունեցել, որ Աստուած իջել է Արարատեան դաշտավայրում։ Այս երեք անձերը ընտանիքի, հայրենիքի ու հաւատի գաղափարն են մարմնաւորում։

Մենք հեռացե՞լ ենք մեր հայրերի տուած ուխտից, ի հարկէ հեռացել ենք։ Այդ դէպքում ի՞նչ ենք ուզում։ Երբ հրեայ ժողովուրդը հեռացել էր իր Աստծուց, Աստուած ասաց՝ ես Ձեզ կը մատնեմ Ձեր թշնամիների ձեռքը, հիմա մեր թշնամիներն ի՞նչ տեսքով են, ի՞նչ գաղափարի կրող են, որտեղի՞ց են եկել, քո ներսի թշնամիների ձեռքն է տալո՞ւ։ Դու կը կործանուես, եթէ չկատարես քո նախնիների ուխտը։ Շղթան կտրուել է, հիմա ի՞նչ ենք ուզում։ Ոչ մի դաշնակից չունենք, որովհետեւ ամենակարեւոր դաշնակցից՝ անդաւաճան Աստծուց, մենք հեռացել ենք եւ մեղքի մէջ ընկել։

Աստուածապարգեւ յաղթանակները վերագրել  ենք մեզ, անձնաւորել ենք եւ ընկել մահացու մեղքի՝ հպարտութեան մէջ։

Որպէսզի նորից վերադառնանք մեր ակունքներին, պէտք է օգտուենք մեր քրիստոնէական զինանոցից, ներենք իրար, զգանք մեր մեղքը, խոստովանենք, ապաշխարենք ու այդ դէպքում ծնկած վիճակից դուրս ենք գալու, բայց եթէ դա չենք գիտակցում, ով ուզում է գայ, ինչ ուզում  է տեղի ունենայ, չի լինելու։ Մենք հեռացել ենք ոչ միայն Աստծուց, այլ նաեւ մեր հայրերից։ Ուզում ես քամի ցանե՞ս ու ի՞նչ հնձես, փոթորիկ ես հնձելու, իսկ եթէ ցորեն ցանես, ցորեն ես ճաշակելու։ Մենք հպարտութիւն ցանեցինք, ի՞նչ ենք քաղելու։

Պէտք է մեր ինքնութիւնը տանենք դէպի մեր ակունքները, մեր գենետիկ յիշողութիւնը կապուած է դրա հետ։ Մենք դրանով պիտի կարողանանք մեր ինքնութիւնը համեմել Աստծոյ խօսքով եւ մեր նահապետների տուած լոյսը տեսնել։ Արցախի վերադարձը պայմանաւորուած է այս հանգամանքներով․ կը զղջանք, կը գիտակցենք, Աստուած ճանապարհը ցոյց է տալու, թէ ոնց ենք յետ վերադառնալու եւ դա կոչուելու է յաղթական վերադարձ, եթէ մենք հաւատում ենք դրան։

 

Comments are closed.