Առանձին անհատներ չեն կարող որոշել արցախցու ճակատագիրը

Կիրակի օրը Պրիւքսէլում տեղի ունեցած եռակողմ բանակցութիւններից յետոյ Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլը ոգեւորութեամբ յայտարարեց, որ Փաշինյանն աներկբայ ճանաչել է Արցախը Ատրպէյճանի կազմում, իսկ Ատրպէյճանը դրա դիմաց Արցախի վերաբերեալ որեւէ պարտավորութիւն չի ստանձնել:

Այսքանից յետոյ ինչպէ՞ս են տեսնում Արցախի ապագան Արցախում, հարցի պատասխանը «Իրաւունք»-ը փորձել է ստանալ ԱՀ նախագահի խորհրդական Արմէն Սարգսեանից, ով նախ փաստեց հետեւեալը.

– Արցախի ապագան ես տեսնում եմ երկու ձեւով՝ առաջինը` Արցախի ինքնորոշում եւ միջազգայնօրէն ճանաչում, որը այս հանգրուանում շատ դժուար է իրականացնել, բայց որպէս ռազմավարութիւն միշտ մնալու է մեր օրակարգում: Երկրորդ, ստատուս-քուոյի պահպանում կամ մասնակի ճանաչում, որի իրականացումը աւելի հաւանական եմ համարում: Պէտք է հաշուի առնել, որ ամէն օր տեղի է ունենում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխութիւններ եւ ամէն պահի կարող է փոփոխուել իրավիճակը:

Գտնում եմ, որ ամենածանր պահերը արցախցիներն ապրում են հիմա, եւ պէտք է միահամուռ ուժերով դիմագրաւենք այդ դժուարութիւններին: Արցախի ապագան խարսխւում է Արցախ-Հայաստան-Սփիւռք եռամիասնութեան մէջ, սակայն, չնայած այսօր տեսնում ենք, որ 120,000 արցախցիներ շրջապատուած են ատրպէյճանցիների կողմից, սակայն այս իրավիճակում ՀՀ ներկայիս իշխանութիւնները գտնւում են Խորհրդային Ատրպէյճանի տերիտորիալ ամբողջականութեան ճանաչման եզրոյթում, որի կազմի մէջ՝ Արցախի Հանրապետութիւնը: Արեւմուտքի հետ ընթացող բանակցութիւններումն նոյնիսկ չի շոշափւում Արցախի կարգավիճակի հարցը: Նկատենք, որ արցախեան շարժման ցանկացած հանգրուանում կարելի էր ամէն ինչ պատկերացնել, բայց ոչ ՀՀ-ի իշխանութիւնների վերոյիշեալ դիրքորոշումը:

Գտնում ենք, որ Ռուսաստան-Արեւմուտք հակադրութիւնները շատ յստակ գործում են նաեւ Հայաստանում եւ Արցախում: Արեւմուտքի նպատակը ռուսների դուրս մղումն է տարածաշրջանից, իսկ Ռուսաստանի նպատակը՝ տարածաշրջանում ամրապնդուելը եւ Արեւմուտքի տարածաշրջան ներթափանցման կանխումն է:

Արմէն Սարգսեանը վստահ է.

– Մենք պէտք է մեր նպատակին հասնելու համար շատ ճկուն, բայց համարձակ քաղաքականութիւն վարենք՝ պարուրուած ժողովրդի միասնականութեամբ: Վստահ եմ, որ Արցախը չի լինելու Ատրպէյճանի կազմում եւ որ մօտ ապագայում տարածաշրջանում լինելու են քաղաքական նոր դասաւորումներ, որի սկիզբը «ազդարարելու» է Մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան Անկախութեան օրը՝ Թուրքիայում կայանալիք ընտրութիւնները: Առանձին անհատներ, անկախ նրանից, թէ ինչ պաշտօն են զբաղեցնում, անկախ նրանից, թէ նրանք Հայաստանում են թէ այլ երկրներում, չեն կարող որոշել արցախցու եւ ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Առաւել վստահ եմ, որ նրանք ժամանակից շուտ կը կնքեն իրենց քաղաքական մահը, քանզի չեն յենւում ժողովրդի ներուժի վրայ եւ տարուած են միայն արտաքին քաղաքական խաղերով:

Չմոռանանք, որ Մայիս ամիսը յաղթանակների ամիս է, ուրեմն գործենք այդ յաղթանակների համար:

Զրոյցը` Իլոնա Ազարեանի

 

Comments are closed.