«Ապագան հասաւ նաեւ Տեղի բնակչութեանը»․ Վահէ Սարգսեան

Yerkir.am-ի խմբագիր Վահէ Սարգսեանը գրում է․ «Արցախի ՏՇ-ի հաղորդագրութեան համաձայն՝ Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղաւնօ եւ Տեղ գիւղերի արանքում:

Չնայած ՏՇ-ի հաւաստիացումներին առ այն, որ արդէն պատրաստ է փակուած ճանապարհը շրջանցող՝ Սիւնիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման յանձնուած նոր՝ Կոռնիձոր-Հին Շէն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»), այնուհադերձ, նոյն հաղորդագրութեան մէջ խոստովանւում է, որ այն դեռ գրունտային է եւ ասֆալտապատման աշխատանքները դեռ չեն աւարտուել:

Այսինքն՝ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթեւեկելի է կամ, ժողովրդական լեզուով ասած, առայժմ եոլա կը տանի:

ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն էլ յայտարարեց քիչ առաջ, որ ինքը Ադրբեջանի հետ պայմանաւորուել էր, որպէսզի ճանապարհը տեղափոխուի 2023 թ. ապրիլի 1-ից:

Երկու դիտարկում.

  1. Ադրբեջանը իր բնաւորութեան համաձայն առնուազն 2 օր շուտ է խուժել ՀՀ-Արցախ սահմանային տարածք եւ փակել ՀՀ-ն Արցախին կապող ճանապարհը, որպէսզի ուժի սպառնալիքով զբաղեցնի առաւել յարմար ու ռազմավարական նշանակութիւն ունեցող դիրքեր: Առայժմ տեղեկութիւններ չունենք, սակայն կարելի է կռահել, որ Ադրբեջանի զօրքերն այժմ գրաւել եւ վերահսկում են Տեղ գիւղին պատկանող դաշտերն ու ցանքատարածութիւնները: Կարճ ասած՝ ապագան հասաւ նաեւ Տեղի բնակչութեանը:

 

  1. Վարչապետի աթոռից կառչած անձի սահմանած ժամկէտներում հայկական կամ, աւելի ճիշտ, նիկոլական կողմը, անորակ ասֆալտով խաբելով ողջ ՀՀ բնակչութեանը, այդուհանդերձ, չի կատարել իր ստանձնած պարտաւորութիւնը, մինչ 2023թ. ապրիլի 1-ը չի աւարտել եւ շահագործման չի յանձնել Տեղ-Կոռնիձոր-Հակարի գետի կամուրջ ռազմավարական յոյժ կարեւոր նշանակութեան ճանապարհը:

ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձն այսօր կառավարութեան նիստում իր պաշտօնական յայտարարութեան մէջ մատնանշելով մինչ այժմ գործող ճանապարհի երթուղին, նշեց, որ, իբր, ճանապարհը մինչ այժմ անցնում էր ՀՀ, այուհետեւ Ադրբեջանի, այուհետեւ նորից ՀՀ տարածքով:

Պատմութեան համար փաստենք, որ ՀՀ ղեկավար հանդէս եկող անձը.

  1. հերթական անգամ ոտնձգութիւն կատարեց Արցախի Հանրապետութեան Սահմանադրութեան ու տարածքային ամբողջականութեան դէմ՝ Արցախի Հանրապետութեան Քաշաթաղի շրջանն անուանելով Ադրբեջան,

 

  1. կրկին առաջնորդւելով տխրահռչակ GPS ամերիկեան համակարգի մատնանշած սահմաններով, միանձնեայ որոշմամբ կատարեց «սահմանազատում», «սահմանագծում»՝ հայրենիքի մի շարք հատուածներ յայտարարելով ադրբեջանական: Վերջինս դրանով իսկ փորձեց օրինականացնել թշնամու զաւթողական նկրտումներն ու սեփական թրքամէտ խմբակի քիմքին հաճոյ յայտարարութիւններով օտարել հայրենիքի տարածքները թշնամուն:

Եւ վերջում. թուրքերը բանակով, զօրքով գրաւելով գալիս են առաջ, իսկ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնողն այսօր յայտարարում է, որ Տեղ գիւղի այդ հատուածներում հանում է բանակն ու տեղակայում ԱԱԾ սահմանապահ զօրքեր՝ յոյս յայտնելով, որ իր ռազմական պոտենցիալը մոբիլիզացրած եւ ՀՀ-ն կործանել պատրաստուող Ադրբեջանը չի դիմի սադրանքների:

Մեկնաբանութիւնները թողնում եմ մտածող եւ սոյն անձի յոյսերին մնացած ընթերոցողին…»։

Comments are closed.