Անմիջապէս ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիներին. ՀՀ ԱԺ յայտարարութեան նախագիծը

ԱԺ «Հայաստան» եւ «Պատիւ ունեմ» խմբակցութիւնները ներկայացրել են «Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ» ԱԺ յայտարարութեան նախագիծ։ Նշենք, որ երէկ քուէարկութեան արդիւնքում նախագիծը չընդունուեց։

Նախագծում ասուած է.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ ԱՏՐՊԷՅՃԱՆՈՒՄ ՊԱՀՈՒՈՂ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ Սահմանադրական օրէնքի 98-րդ եւ 123-րդ յօդուածները, ինչպէս նաեւ 12.11.2024 թ. Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստում «Ատրպէյճանում պահուող հայ ռազմագերիների վերաբերեալ» հրատապ թեմայով քննարկման արդիւնքները, Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը (COP29) ս.թ. Նոյեմբերի 11-22-ը Ատրպէյճանում անկացնելու հանգամանքը, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը.

ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Ատրպէյճանի կողմից Արցախի Հանրապետութեան ժողովրդի դէմ 2020 թուականի Սեպտեմբերի 27-ից մինչեւ 2023 թուականի Հոկտեմբերի 4-ը իրականացուած լայնածաւալ ռազմական ագրեսիայի հետեւանքով ամբողջ արցախահայութիւնը ֆիզիքական ոչնչացման սպառնալիքի տակ ստիպուած եղաւ լքել իր պատմական հայրենիքը, որտեղ հայկական քաղաքակրթական ժառանգութիւնը ունի հազարամեակների պատմութիւն:

Պաքուի ռեժիմի կողմից ցեղասպան քաղաքականութեամբ իրականացուած արցախահայութեան զանգուածային բռնի տեղահանումը միջազգային իրաւունքի կոպտագոյն խախտում է: Ատրպէյճանական ագրեսիայի եւ արցախահայութեան բռնի տեղահանման հետեւանքով աւելի քան մէկ տարի ապօրինաբար գերութեան մէջ են պահւում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը եւ բազմաթիւ հայազգի գերիներ։ Պաքուի բանտում մեր հայրենակիցներին պահելը ոչ միայն Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութեան հետեւանք է, որի դրսեւորումները չեն դադարում մինչեւ այժմ, այլեւառկայ բանակցային գործընթացում մարդկային կեանքերը, ազատութիւնն ու արժանապատուութիւնը որպէս ճնշման միջոց օգտագործելու փորձ:
Պաքուում անցկացուելիք ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխութեան մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի (COP29) անցկացման զուգընթաց Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովը՝

1. Կոչ է անում միջազգային հանրութեանը՝ օգտագործել իր ազդեցութիւնը եւ պահանջել Ատրպէյճանի կողմից անմիջապէս ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահւում են Պաքուում:

2. Հայաստանի Հանրապետութեան կառավարութեանը յորդորում է ակտիւօրէն համագործակցել միջազգային կազմակերպութիւնների հետ՝ հասնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը եւ միւս բոլոր հայ գերիների ազատ արձակմանը:

3. Յիշեցնում է Ատրպէյճանի ղեկավարութեանը, որ ելնելով միջազգային իրաւունքի եւ մարդու իրաւունքների հիմնարար դրոյթներից՝ Ատրպէյճանը պարտաւոր է անյապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին»։

Comments are closed.