«Անկախութեան իրական պահապանները սահմանին կանգնած զինուորներն են». Գանատայի մօտ ՀՀ դեսպան Անահիտ Յարութիւնեան

Ստորեւ կը ներկայացնենք 5 Հոկտեմբեր 2019-ին Քեպէգի Միացեալ Մարմնի կազմակերպած եւ Մոնթրէալի մէջ կայացած ՀՀ անկախութեան 28-ամեակի տօնակատարութեան ընթացքին, Գանատայի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Անահիտ Յարութիւնեանի ելոյթը.

Գերաշնորհ սրբազան հայրեր,

Արժանապատիւ հոգեւոր հայրեր,

Մոնթրէալի Միացեալ յանձնախմբի յարգելի ներկայացուցիչներ,

Սիրելի հայրենակիցներ,

Օրեր առաջ Հայաստանում մեծ շուքով նշուեց անկախութեան 28-րդ ամեակը։

Անկախ Հայաստան. տարիների երազանք, որն իրականութիւն է արդէն 28 տարի։ Երիտասարդ մեր երկիրն արդէն իսկ կերտել է պատմութիւն, որը հարուստ է անթիւ հերոսական էջերով։ Դրանցից ամենալուսաւորն ի հարկէ յաղթանակած Արցախն է, որը բոլորիս միասնական ջանքերով օրէցօր աւելի է բարգաւաճում եւ հզօրանում։

Յաղթահարելով նորանկախ պետութեան բազում մարտահրաւէրներ, մենք այսօր հպարտօրէն ներկայանում ենք աշխարհին, որպէս ժողովրդավարութեան օրինակ, խօսքի ազատութեան եւ մարդու իրաւունքների ջատագով, որպէս օր օրի զարգացող կայուն պետութիւն եւ ի հարկէ, որպէս ամուր հայրենիք՝ ողջ աշխարհասփիւռ հայութեան համար։

Անկախութեան կերտման առաջին իսկ օրուանից Հայաստանը մշտապէս զգացել է սփիւռքի հոգատար ներկայութիւնն իր կողքին։ Այն երբեւէ չի օտարացել Հայաստանին յուզող խնդիրներին եւ հոգսերին, անմասն չի մնացել նաեւ հայրենիքի ձեռքբերումներից ու յաջողութիւններից։ Սփիւռքը տասնամեակներ շարունակ պահպանել եւ տարածել է հայոց պատմութիւնն ու մշակոյթը՝ ծնունդ տալով այնպիսի մշակութային գործիչների, ովքեր հպարտութեան առիթ են ինչպէս Հայաստանում այնպէս էլ արտերկրում։ Չեմ կարող չյիշատակել այդ բացառիկ անհատականութիւններից մէկին, ում այսօր սրտի խոր կսկիծով վերջին հրաժեշտը տուեցինք։ Իմ յարգանքն ու խոնարհումը գանատահայ մեծանուն քանդակագործ Արտօ Չաքմաքճեանի լուսաւոր յիշատակին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ներկայիս Հայաստանը, աշխարհաքաղաքական եւ պատմական մի շարք գործօններով պայմանաւորուած, այսօր էլ ունի բազում մարտահրաւէրներ։ Դրանցից մեծագոյնը անշուշտ Արցախի անվտանգութիւնն է։ Հայաստանը, շարունակելով լինել Արցախի անվտանգութեան երաշխաւորը, չափազանց կարեւորում է հակամարտութեան 3 կողմերի հաւասար ներգրաւուածութիւնը խնդրի խաղաղ կարգաւորման գործընթացում։ Համոզուած եմ, որ Հայաստանը ձեր հետ միասին շարունակելու է իր ջանքերն ուղղել Արցախի ժողովրդի ինքնիշխան եւ կայուն ապագայի կառուցմանը։

Ժամանակի մէկ այլ հրամայականն է ամուր, կայուն եւ մարտունակ բանակը։ Անկախութեան իրական պահապանները այս պահին սահմանին կանգնած զինուորներն են, ում առջեւ ունեցած մեր պատասխանատուութեան մասին մենք պէտք է յիշենք ամէն վայրկեան։ 2016-ի Ապրիլը բոլորին ապացուցեց, որ Հայաստանի եւ Արցախի սահմաններն անառիկ են, այժմ արդէն անկախութեան սերնդի մարտիկներով։ Մենք ուժեղ ենք, քանի դեռ զգում ենք մեր զինուորների զօրեղ ներկայութիւնը մեր թիկունքում։

Հայաստանի ապագան, առաւել քան համոզուած եմ, յուսալի է մեր երիտասարդների ձեռքերում, ովքեր ծնուել եւ մեծացել են անկախ պետականութեան գիտակցութեամբ։ Անդրադառնալով երիտասարդ սերնդին, չեմ կարող չնշել կրթութեան դերի կարեւորութիւնը նրանց կայացման գործում։ Կրթական համակարգի բարեփոխումը համարելով կարեւորագոյն առաջնահերթութիւն, Հայաստանի կառավարութիւնը շարունակաբար հանդէս է գալիս կրթութեան որակի բարձրացման նորարարական ծրագրերով, որոնք չեն զիջում համաշխարհային տենդենցներին եւ չափանիշներին։

  • Հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ համախմբման ճանապարհով է միայն հնարաւոր նուաճել բաղձալի յաղթանակներ։ Չկայ որեւէ անմատչելի բարձունք, եթէ մենք ընթանում ենք բոլորս միասին, թեւ թեւի տուած՝ յանուն հզօր, կայուն ու մրցունակ պետութեան։

Հայաստանում յաջողութեամբ իր գործունէութիւնն է ծաւալում նաեւ Դիլիջանում գործող UWC միջազգային դպրոցը, որտեղ ի դէպ այս տարի արդէն ուսանում են Գանատայի 4 քաղաքացիներ, իսկ ԹՈւՄՕ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը արդէն իսկ դարձել է Հայաստանի այցեքարտը աշխարհում՝ մասնաճիւղեր ունենալով Փարիզում, Պէյրութում, շուտով նաեւ Ալպանիայի մայրաքաղաք Տիրանայում։

Յարգելի բարեկամներ,

Ներկայացնելով Հայաստանի Հանրապետութիւնը Գանատայում չեմ կարող չխօսել մեր դեսպանութեան օրակարգային առաջնայնութիւնների ու առաքելութիւնների մասին։ Մեր կարեւորագոյն նպատակներից է շարունակում մնալ հայ-գանատական բարեկամական յարաբերութիւնների խորացումն ու զարգացումը, միեւնոյն ժամանակ փոխշահաւէտ տնտեսական համագործակցութեան շրջանակի ընդլայնումը։

Հայ-գանատական տնտեսական օրակարգի առաւել արդիւնաւէտ իրականացման գործում ձեզանից իւրաքանչիւրի ներգրաւուածութիւնը մեծ խթան կարող է հանդիսանալ։

Տարիներ շարունակ սփիւռքը սնել ու ապրեցրել է Հայաստանը, այժմ Հայաստանը, պարարտ հող հանդիսանալով ներդրումների համար, կարող է փոխադարձել սփիւռքի մեր հայրենակիցների օգնութիւնը։ Հայաստանը առաւել քան պատրաստ է հարթակ դառնալ ձեր նորարարական գաղափարների եւ նախաձեռնութիւնների իրագործման համար։

Կարծում եմ բոլորդ կը փաստէք, որ Հայաստան այցելել, Հայաստանում բնակուել ու չտարուել Հայաստանով, պարզապէս անհնար է։ Այն մոգական զօրութիւնը, որով մեր հայրենիքն է կախարդում, զգացել է իւրաքանչիւր անձ, ով երբեւէ եղել է Հայաստանում։

  • Անկախութեան կերտման առաջին իսկ օրուանից Հայաստանը մշտապէս զգացել է սփիւռքի հոգատար ներկայութիւնն իր կողքին։ Այն երբեւէ չի օտարացել Հայաստանին յուզող խնդիրներին եւ հոգսերին, անմասն չի մնացել նաեւ հայրենիքի ձեռքբերումներից ու յաջողութիւններից։

Եւ ինչպէս Լոս Անճելեսի հայ համայնքին ուղղուած իր ելոյթում նշեց Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Հայաստանում ապրելուց առաւել, անհրաժեշտ է ապրել Հայաստանով եւ յանուն Հայաստանի։ Սա է այն բանաձեւը, որ ուղենիշ պիտի լինի աշխարհի ամէն անկիւնում ապրող հայի համար։

Սիրելի հայրենակիցներ,

Հայ ժողովուրդը բազմիցս է ապացուցել, որ համախմբման ճանապարհով է միայն հնարաւոր նուաճել բաղձալի յաղթանակներ։ Չկայ որեւէ անմատչելի բարձունք, եթէ մենք ընթանում ենք բոլորս միասին, թեւ թեւի տուած՝ յանուն հզօր, կայուն ու մրցունակ պետութեան։ Այս ճանապարհին իւրաքանչիւր հայ թէ՛ Հայաստանում եւ թէ՛ սփիւռքում պէտք է զգայ իր անփոխարինելիութիւնը պետութեան կայացման գործում։ Մեր երկրի լուսաւոր ապագան ձեւաւորւում է այսօր, մեզանից իւրաքանչիւրի անմիջական եւ գործուն մասնակցութեամբ։

Բոլորիս համար, մեր ամենօրեայ գործունէութիւնից զատ եւ ոչ երբեք պակաս կարեւոր, պիտի լինի մէկ ընդհանուր նպատակ, այն է հզօր եւ մրցունակ պետութեան կայացումն ու ամրապնդումը։ Սա հրամայական է, որին պէտք է հետեւի ամէն մի հայ։

Սիրելի հայրենակիցներ,

Շարունակենք աշխատել եւ արարել իւրաքանչիւրս մեր բնագաւառում, մշտապէս գիտակցելով մեր անձնուրաց աշխատանքի ու գործադրած ջանքերի կարեւորութիւնը Հայաստանի ներկայի եւ ապագայի կառուցման գործում։ Այս գաղափարն է, որ պէտք է դառնայ Հայաստանում տնտեսական բարեփոխումների շարժիչ ուժը։ Հիմա, առաւել քան երբեւէ, անչափ կարեւոր է սփիւռքի երիտասարդութեան, երիտասարդ գործարարների ներգրաւուածութիւնը։ Ես հիացմունքով եմ լսում այն պատմութիւնները, երբ տարբեր ծրագրերի կամ միջոցառումների շրջանակներում Հայաստան այցելած սփիւռքի մեր երիտասարդները որոշում են կայացնում հաստատուել, արարել եւ կայանալ հայրենիքում։

Եկէք միասին աշխարհին պատմենք Հայաստանի մասին, հաւատանք մեր հաւաքական զօրութեանը եւ բոլորս միասին ընթանանք յանուն մեր միասնական նպատակի՝ հզօր Հայաստանի ու Արցախի։

Սիրելի հայրենակիցներ,

Նորից շնորհաւորում եմ բոլորիս այս կարեւորագոյն տօնի առթիւ, որը ոչ միայն ուրախութիւն է պարգեւում, այլ նաեւ պատմական պատասխանատուութիւն դնում մեր ուսերին։ Լիայոյս եմ, որ մենք միահամուռ ուժերով շարունակելու ենք գործել՝ ի շահ Անկախ Հայաստանի հզօրացմանն ու բարգաւաճմանը եւ Ազատ Արցախի լուսաւոր ու անվտանգ ապագայի կերտմանը։

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.