«Անաւարտ Խաղաղութիւն». Հրայր Պալեանի գրքի գրախօսական
- (0)

ԿԱՐԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Բրիտանական Palgrave Macmillan հրատարակչատունը տպագրել է Հրայր Պալեանի «Anatomy of Peacemaking: Nagorno-Karabakh Conflict and Missed Opportunities» ծաւալուն աշխատութիւնը: «Նիւմէկ» հրատարակչատունը շուտով լոյս կ՛ընծայի այս գրքի հայերէն հրատարակութիւնը, որը վերնագրուած է` «Անաւարտ խաղաղութիւն. ղարաբաղեան հակամարտութիւնն ու բաց թողնուած հնարաւորութիւնները» (700 էջ):
Պալեանը հակամարտութիւնների կարգաւորման ոլորտում աշխարհի տարբեր տարածաշրջաններում տասնամեակների աշխատանքի փորձ ունի եւ այս գրքում լաւագոյնս համադրում է իր գործնական գիտելիքը եւ ակադեմական մեթոտաբանութիւնը` աղբիւրների մանրակրկիտ համադրմամբ, բանակցային տարբեր փուլերի համեմատական վերակազմութեամբ եւ միջազգային իրաւական ու քաղաքական փաստարկների զուգահեռ ընթերցմամբ:
Գիրքը ղարաբաղեան հակամարտութիւնը ներկայացնում է ոչ միայն իր ներքին պատմաքաղաքական շրջանակում, այլեւ միջազգային այլ հակամարտութիւնների համատեքստում` ի ցոյց դնելով ինչպէս կառուցուածքային ընդհանրութիւնները, այնպէս էլ առանձնայատկութիւնները:
Աշխատութիւնը փաստաթղթային մեծ ծաւալ ունի եւ յաճախ յիշեցնում է դիւանագիտական ժամանակագրութիւն: Այն թերեւս առաջին աշխատանքն է, որն ամփոփում է ղարաբաղեան հակամարտութեան ամբողջ կամ գրեթէ ամբողջ հասանելի փաստաթղթաբանութիւնը: Պալեանը, սակայն, չի սահմանափակւում արխիւային նիւթերի ներկայացմամբ եւ քաղաքական յայտնի դրուագների վերաշարադրմամբ: Նա դրանք տեղադրում է այլ հակամարտութիւնների համեմատական վերլուծութեան, միջազգային իրաւունքի եւ մեծ տէրութիւնների քաղաքական հաշուարկների փոխազդեցութեան աւելի լայն շրջանակում:
Գրքում առանձնայատուկ տեղ ունի բանակցային տեսութեան գործիքների կիրառումը, մասնաւորապէս` BATNA-ի (Best Alternative to a Negotiated Agreement) կամ «Բանակցուած համաձայնութեանը լաւագոյն այլընտրանքի» գաղափարը: Դա հնարաւորութիւն է տալիս հասկանալու, թէ ինչպէ՛ս էին հակամարտող կողմերը գնահատում իրենց հնարաւորութիւնները բանակցութիւններից անդին:
Հեղինակը ցոյց է տալիս, որ ե՛ւ հայկական, ե՛ւ ատրպէյճանական կողմում երկար ժամանակ գերակշռում էր այն հաշուարկը, թէ բանակցութիւններից դուրս իրենք աւելի շահաւէտ այլընտրանքներ ունեն` լինի դա ժամանակի գործօնը, ռազմական ուժի վերականգնումը, թէ միջազգային միջավայրի փոփոխութեան ակնկալիքը: Այդ ընկալումն է, որ տարբեր փուլերում նուազեցրել է փոխզիջման քաղաքական պատրաստակամութիւնը եւ նպաստել բանակցային գործընթացի ձգձգմանը: Պալեանն այս տեսանկիւնից բացատրում է, թէ ինչո՛ւ նոյնիսկ յարաբերականօրէն մօտ պայմանաւորուածութիւնները չվերաճեցին վերջնական համաձայնութեան:
Ատրպէյճանը սխալներ թոյլ տալու աւելի մեծ շռայլութիւն ունէր, մինչդեռ Հայաստանի համար իւրաքանչիւր սխալ անհամեմատ աւելի ծանր ռազմաքաղաքական հետեւանքներ էր ենթադրում: «Ուժերի կառուցուածքային անհաւասարակշռութիւնը յաճախ բանակցութիւններն ի սկզբանէ դատապարտում է ձախողման: Երբ կողմերից մէկը միւսին զգալիօրէն գերազանցում է ռազմական, տնտեսական կամ քաղաքական հզօրութեամբ, սովորաբար նուազ հակուած է դժուար զիջումների, քանի որ բանակցութիւններից դուրս ունի աւելի շահաւէտ այլընտրանք` ուժի կ՛իրառումը», գրում է հեղինակը:
Պալեանի կարեւորագոյն ներդրումներից մէկն այն է, որ նա մանրամասն ներկայացնում է ոչ միայն ղարաբաղեան կարգաւորման առաջարկները, այլեւ դրանց ներքին տրամաբանութիւնը` ինչո՛ւ մի առաջարկը փոխարինուեց միւսով, ինչո՛ւ որոշ ձեւակերպումներ փոխուեցին, ի՛նչ դեր ունեցան միջնորդների ներքին տարաձայնութիւնները: Այս առումով, գիրքը պարզապէս փաստաթղթերի հաւաքածու չէ, այլ` բանակցային ճարտարապետութեան մարմնաւորում:
Պալեանը աշխատում է ոչ միայն հրապարակուած փաստաթղթերի, պաշտօնական առաջարկների, միջնորդական փաթեթների եւ միջազգային իրաւական նիւթերի հետ, այլեւ յենւում է անձնական հարցազրոյցների վրայ` նախկին նախագահների, արտգործնախարարների, բանակցային գործընթացում ներգրաւուած պաշտօնեաների, միջազգային միջնորդների եւ այլ դերակատարների հետ: Այդ հանգամանքը աշխատութեանը տալիս է ոչ միայն փաստաթղթային ամբողջականութիւն, այլեւ ներքին քաղաքական տրամաբանութիւնների վերականգնման հնարաւորութիւն` ցոյց տալով, թէ ինչպէ՛ս էին տարբեր փուլերում որոշումները ձեւաւորւում փակ քննարկումների, փոխադարձ անվստահութեան եւ երբեմն նաեւ անհատական քաղաքական հաշուարկների պայմաններում:
Աշխատութեան ամենաուժեղ բաժիններից մէկը ինքնորոշման եւ տարածքային ամբողջականութեան սկզբունքների յարաբերակցութեան քննարկումն է` յատկապէս Արդարադատութեան միջազգային դատարանի` Քոսովոյի վերաբերեալ խորհրդատուական եզրակացութեան համաթեքստում:
Հեղինակը խաղաղութեան ձախողումը չի վերագրում մէկ դերակատարի կամ մէկ որոշման, այլ դիտարկում է որպէս կուտակային գործընթաց, որտեղ փոխկապակցուած են` տարածաշրջանային ուժային հաշուարկները, ներքին քաղաքական սահմանափակումները եւ հանրութիւնների անպատրաստութիւնը փոխզիջման: Պալեանը խուսափում է միայն հայկական կամ միայն ատրպէյճանական պատմոյթների վերարտադրութիւնից:
Լիպարիտեան-Կուլուզատէ բանակցութիւնների մասին
Գրքում առանձին ուշադրութեան են արժանանում 1995-96 թուականներին ընթացած գաղտնի բանակցութիւնները, որոնք վարում էին Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտեանը եւ Վաֆա Կուլուզատէն:
Պաշտօնական միջնորդական ձեւաչափերից դուրս այդ շփումները, ըստ հեղինակի, կարեւոր էին, քանի որ բանակցային օրակարգում առաջին անգամ քննարկւում էին փոխընդունելի ընդհանուր սկզբունքներ` մինչեւ լայն միջազգային ձեւաչափերի ամբողջական հաստատումը:
Պալեանը, այնուամենայնիւ, ցոյց է տալիս, որ այդ գործընթացը սկզբից եւեթ կառուցուածքային թերութիւններ ունէր. բանակցութիւնները մեծապէս կախուած էին երկու անհատների քաղաքական վստահութիւնից եւ չունէին` բաւարար հաստատութենական ամրութիւն, ներքաղաքական լայն յենարան կամ հանրային նախապատրաստութիւն: Այդ պատճառով նոյնիսկ այն փուլերում, երբ ձեւաւորւում էին որոշակի մօտեցումներ, դրանք չէին վերածւում կայուն քաղաքական գործընթացի:
Հեղինակի դիտարկմամբ, այդ վաղ շփումների հիմնական սահմանափակումը նաեւ այն էր, որ դրանք ընթանում էին ուժերի արագ փոփոխուող յարաբերակցութեան եւ փոխադարձ անվստահութեան պայմաններում: Այդ առումով, Կուլուզատէ-Լիպարիտեան երկխօսութիւնը նա ներկայացնում է ոչ թէ որպէս բաց թողնուած պատրաստի լուծում, այլ` որպէս վաղ փորձ, որի կառուցուածքային խոցելիութիւնը վերարտադրուեց հետագայ բանակցային փուլերում:
1999-ի տարածքների փոխանակման առաջարկի մասին
1999-ի «տարածքների փոխանակման» թեման ղարաբաղեան կարգաւորման պատմութեան ամենաշատ քննարկուած, բայց միաժամանակ ամենաքիչ ամբողջապէս փաստաթղթաւորուած դրուագներից է: Տարիների ընթացքում հանրային եւ քաղաքական խօսոյթում այն յաճախ ներկայացուել է որպէս արդէն իսկ կամ գրեթէ համաձայնեցուած ծրագիր, ըստ որի, Հայաստանը պէտք է Մեղրիի շրջանը կամ դրա մասը զիջէր` Լեռնային Ղարաբաղը ստանալու դիմաց` ուղիղ ցամաքային կապ տրամադրելով Ատրպէյճանի եւ նրա էքսքլաւ Նախիջեւանի միջեւ: Պալեանը զգուշացնում է, որ նման պարզեցուած ընկալումները չեն համապատասխանում հրապարակուած փաստաթղթերի ամբողջութեանը:
Նա հրաժարւում է արդէն կարծրացած մեկնաբանութիւնները վերարտադրելուց` ցոյց տալով, որ (ԱՄՆ) արտաքին գործերի նախարարութեան գաղտնազերծուած նիւթերը միայն հատուածական պատկեր են տալիս բանակցութիւնների բովանդակութեան մասին: Պալեանը եզրայանգում է, որ ընկալումները, թէ Քոչարեանն ու Ալիեւը փաստացի հասել էին «Մեղրին Ղարաբաղի դիմաց» համաձայնութեան, ուղիղ կերպով չեն բխում արտաքին գործերի նախարարութեան փաստաթղթերից: Նրա դիտարկմամբ, այդ նիւթերը առաւելագոյնը թողնում են անպատասխան հարցեր, բայց թոյլ չեն տալիս խօսել վերջնական պայմանաւորուածութեան մասին:
1999-ի անաւարտ այս բանակցային տրամաբանութիւնն է հետագայում վերաձեւակերպւում եւ աւելի յստակ տեսք ստանում Քի Ուեսթի բանակցութիւններում: Պալեանի շարադրանքում Քի Ուեսթը ներկայանում է որպէս եզակի հանգրուան, երբ բանակցութիւնները դուրս էին եկել սկզբունքների ընդհանուր քննարկման փուլից եւ մօտեցել քաղաքական որոշման շեմին:
1997-ի փուլային առաջարկը եւ 2007-ի Մատրիտեան սկզբունքները
Պալեանը մանրամասն վերլուծում է Մինսքի խմբի կողմից ներկայացուած տարբեր առաջարկները եւ յատուկ ուշադրութիւն է դարձնում մինչ օրս յաճախ քննարկուող մի թեմայի` 1997-ի փուլային տարբերակի եւ 2007-ի Մատրիտեան սկզբունքների ընդհանրութիւններին ու տարբերութիւններին:
Նա ընդգծում է, որ Մատրիտեան սկզբունքները, թէեւ փաթեթային առաջարկ էին, կառուցուածքային առումով մօտ էին 1997-ի փուլային տարբերակին: Հիմնական տարբերութիւնը վերաբերում էր վերջնական կարգավիճակի ձեւակերպման լեզուին, մինչդեռ կարգաւորման փուլային տրամաբանութիւնը պահպանուած էր:
1997-ի փուլային առաջարկը վերջնական կարգավիճակի հարցը թողնում էր հետագայ բանակցութիւններին եւ որեւէ վերջնական մեքանիզմ չէր ամրագրում, բայց նաեւ նախատեսում էր Լեռնային Ղարաբաղի արդէն գոյութիւն ունեցող փաստացի առանձնացուած կարգավիճակի միջազգային իրաւաքաղաքական կայունացում: Փաստաթղթի համաձայն, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծուող անվտանգութեան համակարգը պէտք էր ամրագրուէր միջազգային համաձայնութեամբ, եւ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդը դառնում էր համաձայնագրի երաշխաւոր:
Այդ իմաստով, ընդգծում է հեղինակը, 1997-ի առաջարկը թէեւ չէր երաշխաւորում տէ ժիւրէ անկախութիւն, այդուհանդերձ, ստեղծում էր փաստացի միջազգայնօրէն երաշխաւորուած կարգավիճակ, որը քաղաքական իմաստով մօտ էր աւելի ուշ տարբերակներում քննարկուող միջանկեալ կարգավիճակի տրամաբանութեանը:
Այնուամենայնիւ, Պալեանն ընդգծում է, որ 2007-ի Մատրիտեան սկզբունքներում է, որ առաջին անգամ յստակ ամրագրւում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրաւական կարգավիճակի հարցը իրաւաբանօրէն պարտադիր կամարտայայտութեան միջոցով որոշելու դրոյթը: Այստեղ արդէն ոչ միայն արձանագրւում էր ապագայ քաղաքական գործընթացի անհրաժեշտութիւնը, այլեւ առաջարկւում էր դրա որոշակի մեքանիզմը` հանրաքուէի տրամաբանութեամբ, որի արդիւնքը պէտք էր արտայայտէր Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ազատ կամքը:
Մատրիտեան սկզբունքներում ձեւակերպւում էր նաեւ միջանկեալ կարգավիճակի գաղափարը. մինչեւ վերջնական կարգավիճակի որոշումը` Լեռնային Ղարաբաղը պէտք էր գործէր սեփական ընտրուած իշխանութիւններով, հաստատութենական կառավարման տարրերով եւ որոշակի ինքնուրոյն գործառոյթներով:
Այսպիսով, թէեւ երկու փաստաթղթերն իսկապէս բխում էին փուլային տրամաբանութիւնից, սակայն դրանց միջեւ հիմնական տարբերութիւնն այն էր, որ 2007-ին ինքնորոշման սկզբունքը արդէն նիւթականացւում էր յստակ քաղաքական կառուցուածքի մէջ` միջանկեալ կարգավիճակի, կամարտայայտութեան մեքանիզմի եւ անցումային հաստատութենական կարգաւորման միջոցով:
Համոզիչ է հեղինակի պնդումը, որ անկախ այս երկու առաջարկների թեքնիք տարբերութիւններից եւ ընդհանրութիւններից, 1997-ի փուլային կարգաւորումը հայկական կողմի համար առաւել հասանելի էր այն իմաստով, որ այդ փուլում Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կառուցուածքային առումով առաւել ուժեղ դիրքերում էին, արտաքին միջավայրը` նուազ բեւեռացուած, իսկ Ատրպէյճանի նախագահ Հայտար Ալիեւը հակուած էր խնդրի կարգաւորմանը` ի տարբերութիւն որդու:
2018-ից յետոյ` «անշնորհք հռետորաբանութիւն եւ սադրանք»
Չնայած կարգաւորման գործընթացի կառուցուածքային սահմանափակումներին` հեղինակը իրաւացիօրէն կարեւորում է նաեւ անհատական որոշումներն ու քաղաքական կամքի դրսեւորումը կամ դրա բացակայութիւնը:
Գրքի բաժիններից մէկը վերաբերում է 2018-ի «Թաւշեայ յեղափոխութիւնից» յետոյ նոր կառավարութեան բանակցային վարքագծին: Պալեանը ցոյց է տալիս, որ իշխանափոխութիւնից յետոյ ձեւաւորուած քաղաքական միջավայրում արտաքին քաղաքականութեան եւ բանակցային ժառանգութեան նկատմամբ բաւարար հաստատութենական յիշողութիւն չձեւաւորուեց, իսկ արդէն գոյութիւն ունեցող բանակցային կառուցուածքի ընկալումը յաճախ փոխարինուեց զերոյական կէտից գործընթաց սկսելու քաղաքական յայտարարութիւններով:
Հեղինակը քննադատաբար է դիտարկում այն մօտեցումը, որ անհրաժեշտ է բանակցութիւնները սկսել նոր հիմքերից` անտեսելով նախորդ երկու տասնամեակների ընթացքում կուտակուած փաստաթղթային եւ քաղաքական շերտերը: Նրա դիտարկմամբ, նման մօտեցումը ոչ միայն չէր արտացոլում բանակցային գործընթացի իրական կառուցուածքը, այլեւ նուազեցնում էր միջնորդների համար կողմերի կանխատեսելիութեան աստիճանը:
Հեղինակը առանձնապէս կոշտ գնահատական է տալիս այն ձեւակերպումներին, որոնք հետագայում դարձան քաղաքական շրջափուլի խորհրդանիշներ` «նոր պատերազմ, նոր տարածքներ», «բանակցութիւնները սկսում եմ իմ սեփական կէտից» եւ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:
Պալեանի գնահատմամբ, այս յայտարարութիւնները ոչ միայն դուրս էին բանակցային զգուշաւոր լեզուի տրամաբանութիւնից, այլեւ ընկալւում էին որպէս քաղաքական ազդակ, որ Երեւանը հրաժարւում է նոյնիսկ ձեւականօրէն պահպանել նախկին բանակցային հաւասարակշռութիւնը:
Հեղինակն ընդգծում է, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» յայտարարութիւնն Ատրպէյճանում ընկալուեց որպէս բանակցային ամբողջ կառուցուածքի մերժում: Նրա ձեւակերպմամբ, «Ատրպէյճանի համար Փաշինեանի յայտարարութիւնը իրապէս վերացրեց նոյնիսկ բանակցութիւնների տեսական հնարաւորութիւնը եւ փշրեց այն յոյսերը, որ նա կը լինի աւելի խելամիտ եւ ճկուն, քան` իր նախորդները»: Այս գնահատականը գրքում ներկայացւում է ոչ միայն որպէս քաղաքական արձագանգի նկարագրութիւն, այլեւ` որպէս արձանագրում մի հանգրուանի, երբ հրապարակային հռետորաբանութիւնը սկսեց անմիջականօրէն ազդել բանակցային միջավայրի փլուզման վրայ:
Նոյն տրամաբանութեամբ, Պալեանը դիտարկում է նաեւ «Արցախը պէտք է վերադառնայ բանակցային սեղան» թեզը, որը Հայաստանի նոր իշխանութիւնը ներկայացնում էր որպէս բանակցային գործընթացի սկզբունքային վերանայում: Նա ցոյց է տալիս, որ այդ պահանջը, թէեւ քաղաքականօրէն հասկանալի էր ներքին լսարանի համար, գործնականում չէր բխում արդէն ձեւաւորուած միջնորդական կառուցուածքից: Հեղինակի վերլուծութեամբ` ԵԱՀԿ-ի Մինսքի խմբի համանախագահների կողմից տարիների ընթացքում ձեւաւորուած ձեւաչափը կառուցուած էր Հայաստանի եւ Ատրպէյճանի միջեւ ուղղակի բանակցութիւնների վրայ, իսկ Լեռնային Ղարաբաղի առանձին ներգրաւման հարցը չունէր միջազգային այնպիսի համաձայնեցուած հիմք, որը թոյլ կը տար գործընթացը վերակազմակերպել առանց ամբողջ բանակցային մեքանիզմը վտանգելու: Այդ պատճառով այս պահանջը ոչ թէ բանակցային օրակարգի ընդլայնման, այլ գործընթացի լրացուցիչ ծանրաբեռնման գործօն դարձաւ:
Լեռնային Ղարաբաղի դագաղի վերջին մեխը
Գրքի վերջաբանում Պալեանն ընդգծում է, որ` «Մինսքի խմբի միջնորդական գործընթացն ունէր հիմնարար բացեր, որոնք նպաստեցին խաղաղարարութեան ձախողմանը, սակայն ձախողման ամենամեծ պատասխանատուութիւնը պէտք է վերագրել հէնց հակամարտող կողմերին»:
Հայաստանը եւ Ատրպէյճանը գործընթացի մեծ մասն անցկացրին առաւելապաշտական դիրքերում` հազուադէպօրէն փորձելով դուրս գալ երկբեւեռ մտածողութեան սահմաններից եւ որոնել ստեղծարար այլընտրանքներ: Պալեանը նշում է, որ հայկական կողմը բաց թողեց արժէքաւոր հնարաւորութիւններ, իսկ Փաշինեանը, փոխանակ ամրապնդելու բանակցային թոյլ դիրքերը` դաշինքների խորացման, ռազմական անհամաչափութիւնը մեղմելու եւ ծայրայեղ զգուշաւորութիւն ցուցաբերելու միջոցով, դրսեւորեց ամբարտաւանութիւն, անկանոն եւ սադրիչ վարքագիծ ու խփեց Լեռնային Ղարաբաղի դագաղի վերջին մեխը:
Թարգմանչի նօթեր
Գրքի հայերէն եւ անգլերէն հրատարակութիւնները լոյս են տեսնում գրեթէ միաժամանակ: Հայերէն թարգմանութիւնն անելիս ամիսներ շարունակ ամէնօրեայ, եթէ չասեմ շուրջօրեայ շփման մէջ եմ եղել հեղինակի հետ, ներկայացրել իմ նկատառումները եւ խմբագրական առաջարկները, որոնցից շատերը հաշուի են առնուել նաեւ անգլերէն տարբերակում:
Հեղինակն առանձնայատուկ բծախնդրութիւն ունէր հայերէնի հարցում եւ պնդում էր, որ բնագիրը հնարաւորինս զերծ մնայ օտարաբանութիւններից (պահանջում էր անգամ «տեքստ» բառը փոխարինել): Ընդառաջ եմ գնացել նրա բազմաթիւ առաջարկների եւ փորձել հնարաւորինս խուսափել օտար եզրոյթներից ու բառերից` երբեմն նաեւ իմ նախընտրութեանը հակառակ:
Հեղինակն ու թարգմանիչը, ի տարբերութիւն գրքում ներկայացուած հակամարտող կողմերի, գտան փոխընդունելի եզրոյթները:
Գրքի հայերէն հրատարակութիւնը ապրիլից հասանելի կը լինի հայաստանեան գրախանութներում:
(Անգլերէնէ թարգմանուած – «Սիվիլնեթ»)