Ալիշանեան մի նոր գիտական-գրական կոթող

ԳԷՈՐԳ ՏԷՐ-ՎԱՐԴԱՆԵԱՆ

Մաշտոցեան Մատենադարան

Հայր Ղեւոնդ Ալիշան, Նամականի. երեք հատորով. հատոր առաջին (1840-1870), հատոր երկրորդ (1871-1889), հատոր երրորդ (1890-1901), աշխատասի­րու­թեամբ՝ Հ. Վահան Ծ. Վարդապետ Օհանեանի, խմբագիր՝ Վարդան Դեւրիկեան, Մխիթարեան հրատարակչատուն, հտ. Ա., Երեւան, 2020, ԺԶ.[1], 782 էջ, հտ. Բ., Երեւան, 2021, 800 էջ, հտ. Գ., Երեւան, 2021, 532 էջ

Մեծադիր երեք հատոր, 2130 էջ ընդհանուր ծաւալով, որ պարունակում է 1840-1901 թթ. ընթացքում Ղեւոնդ վարդապետ Ալիշանի գրած 2275 նամակ՝ բնագրագիտական եւ աղբիւ­րա­գիտական խնամքոտ մշակումով եւ ծանօթագրութիւններով։ Սա արդիւնաշատ վարդապետի գիտական եւ գրական մեծարժէք մի նոր կոթող է, որ նաեւ ունի նրա մեծ վաստակի հետ կապուած շատ հարցերի պատասխանները, այսինքն՝ բացայայտում է նրա բազմանուն եւ բազմատեսակ գործերի յղացքի եւ իրագործման քայլերն ու ընթացքը։ Այսուհետեւ Ալիշանի գործերի լայնածաւալ ասպարէզներին վերաբերող գիտական շատ հարցերի պատասխանները որոնելու եւ գտնելու ենք այս հատորների մէջ։ Այս եռահատորն արդիւնքն է Վահան ծայրագոյն վարդապետ Օհանեանի տարիներ տեւած հսկայական, տքնաջան աշխատանքի, ուստի եւ, բնականաբար, սա դասական հայագիտութեան գանձարան մուծած նրա մնայուն վաստակ-աւանդն է։

Ամենայն բարեխղճութեամբ[2] եւ մանրամասն թուարկելով իրենից առաջ արուած աշխա­տան­քը՝ Ալիշանի նամակների այլոց (Սուրէն Շտիկեան, Պիոն Յակոբեն, Կիւրեղ Վրդ. Քիպա­րեան, Սահակ Վրդ. Ճեմճեմեան, Մարտիրոս Մինասեան) հրատարակութիւնները (հտ. Ա., էջ Ե.), աշխատասիրողն ամփոփել է. «Ալիշանի մինչև այժմ տպագրուած նամակներու ընդ­հա­նուր թիւը չի գերազանցեր 250-ը: Ալիշանի Նամականիի ներկայ եռահատոր հրատարակու­թիւ­նը ընդհանուր հաշուարկով կ՚ընդգրկէ 2278 նամակ, գրուած (1840-1901) տարիներուն» (հտ. Ա., էջ Զ.)։

Եռահատորի մէջ նամակների բաշխման համարային պատկերը հետեւեալն է. հտ. Ա. նամակք Հմր 1-708 (էջ 1-666), հտ. Բ. Հմր 710-1675 (էջ 5-681), հտ. Գ. Հմր 1566-2166 (էջ 5-345). եւ 14 միաւոր կաղապարային-յանձնարարելի «Տապանագիրներ» (էջ 345-350). երեք հատորում՝ 708 + 966 + 601 = 2275 միաւոր նամակ (աշխատասիրողի նշած 2278ից երեքով պակաս[3])։ Այսպիսով, նախկինում հրատարակուած 250 նամակ համեմատուել են իրենց հիմք-բնագրերի հետ եւ ի նորոյ տպուել անհրաժեշտ սրբագրութիւններով. իսկ 2025 միաւոր հրատարակուել են առաջին անգամ. յիրաւի՝ հսկայական աշխատանք, որ արժանի է մի՛միայն շնորհակալութեան։

Ալիշանի նամակների մեծ մասը գտնւում է Ս. Ղազարի դիւանում (այսպիսիների սկզբում աստղանիշներ են դրուած). պատճառն այն է, որ տարբեր տեղերում գտնուած իր միաբան եղբայրներին ուղղուած նամակներն ի վերջոյ վերադարձուել են Վենետիկի մայրավանք։ Ապա՝ «Բացի Ս. Ղազարի հաւաքածոյէն, Ալիշանէն նամակներ կը պահուին Վիեննայի Մխի­թարեան դիւանի, Մաշտոցեան Մատենադարանի, Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի, Սանկտ Պետերբուրկի՝ Ռուսաստանի Ազգային գրադարանի, [Արեւե­լեան ձեռագրերի ինստիտուտի], Վենետիկի Biblioteca Marciana-ի գրատան, Պոստոնի Դաշ­նակ­ցութեան արխիւի, R. Biblioteca Nazionale Centrale di Firenze-ի, Archivio Istituto Veneto di Scienze, Lettere ed Arti-ի (Venezia), Bibliothèque Nationale de France-ի, Bibliothèque de l’Institut de France-ի, Paris, Biblioteca dell’Accademia Naz. dei Lincei e Corsiniana-ի, [Միլանի] Veneranda Biblioteca Ambrosiana-ի եւ նախկին Խորհրդային Միութեան գիտութիւններու ակա­դեմիայի Սանկտ Պետերբուրկի (Լենինկրատ) եւ ԽՍՀՄ Գիտութիւններու ակադեմիային առընթեր Ասիոյ ժողովուրդներու ինստիտուտի Սանկտ Պետերբուրկի (Լենինկրատ) հաւաքա­ծոներուն մէջ» (հտ. Ա., էջ Զ-Է.), նաեւ՝ առանձին անհատների մօտ[4]։

Համարեա բոլոր այս տեղերից Հ. Վահան ծ. վ. Օհանեանը մեծ ջանքերի եւ անհուն համ­բե­րու­թեան գնով ստացել է նամակների պատճէնները եւ գիտական լաւագոյն մշակու­մով իրա­գոր­ծել շատ արժէքաւոր այս հրատարակութիւնը։ Ցաւալի է, որ իր հասցէատէրերից՝ «դիմա­ցին­ներէն ստացած նա­մակ­ները Ալիշան դժբախտաբար չէ պահած» (էջ Է.), այլապէս կարելի էր յուսալ շատ ցանկալի՝ նամակ-պատասխան կարգով կամ ստացած նամակների առանձին հրա­տա­րակութիւն։

Ալիշանի հասցէատէրերը թէ՛ հայեր են եւ թէ՛ այլազգիներ՝ իր ժամանակի մտաւորական-հայագէտներ, որոնց մի մասի անունները թուարկուած են Նամականիի Ա. հատորի սկզբում (հտ. Ա., էջ Ե., Է.), իսկ բոլորինը՝ վերջին հատորի «Անձնանուններու ցանկ»ում (հտ. Գ., էջ 445-508). միայն թէ նախընտրելի էր հասցէատէրերի անուններն այստեղ որեւէ ձեւով, ասենք՝ աստղանիշերով, զատորոշել նամակներում յիշատակուած անուններից։ Միաժամանակ, գուցէ համակարգչային եղանակով դասաւորած լինելու պատճառով, այս ցանկում թուարկուած են նախ լատինատառ անունները (էջ 445-455), ապա՝ հայատառները (էջ 455-508), մինչդեռ նկատի ունենալով գրքի հայերէն լինելը, ճիշտը հակառակ կարգն էր՝ նախ հայատառ անունները, ապա՝ լատինատառները[5]։ Իսկ «Տեղանուններու ցանկ»ում (հտ. Գ., էջ 508-527) անունները միայն հայատառ են։

Ընթերցողի համար կարեւոր-նկատառելի տեղեկութիւն է հետեւեալը. իր միաբանա­կից­ներին «ուղղուած շատ մը նամակներու հասցէատէրերը անյայտ են: Կարելի է մօտաւորապէս կռահել կամ ենթադրութիւններ ընել նամակի բովանդակութենէն կամ պարունակէն, առանց ստոյգ ըլլալու» (հտ. Ա., էջ Է.)։ Աշխատասիրողը ենթադրութիւններ անելուց խուսափել է, ուստի այստեսակ շատ դէպքերում ճշգրտումներ պէտք է անեն նամակներում շօշափուած խնդիրների հետազօտող ընթերցողները։

Ալիշանի նամակները, որոշ բացառութեամբ[6], գիտական բովանդակութիւն եւ նոյնպիսի արժէք ունեն, այսինքն՝ արծարծում են «բանասիրական, պատմագիտական, դրամագիտական բազմաթիւ հարցեր, որոնք մեծ արժէք կը ներկայացնեն հեղինակին գրական-լեզուա-ստեղծա­գոր­ծական դիմանկարը յստակօրէն պատկերացնելու առումով» (հտ. Ա., էջ Է.)։ Այլ կերպ՝ նամակներն Ալիշանի գրական եւ գիտական երկերի անմիջական շարունակութիւն-մասերն են. ըստ այսմ աւելացնենք՝ նոյն նամակները նրա քննարկած խնդիրների հետազօտողների համար կարեւոր աղբիւրագիտական արժէք ունեն։ Այսուհետեւ շատ դէպքերում ճշգրտուած են լինելու այն հիմքերը, որոնց վրայ կառուցուած են Ալիշանի շատ եզրայանգումներ, որոնց աղբիւրների յղումներ իր գործերի մէջ յաճախ չկան։ Անձնապէս մեզ համար առաւել կարեւորն այն է, որ նամակների մէջ բացայայտուած են իր լայնակտաւ կամ փոքրածաւալ գործերում «յիշա­տա­կուած գիրքե­րը կամ օգտագործուած տեղեկութիւնները, ձեռագիրներու յիշատակարանները, որոնք գլխաւոր հիմքը կազմած են իր պրպտումներուն» (հտ. Ա., էջ Ը.)։ Առաւել թանկարժէք են բազմաթիւ նամակների մէջ առկայ՝ եւրոպական երկրներում եւ տարբեր այլ վայրերում եղած հայերէն ձեռագրերի մասին Ալիշանի հարցրած եւ յայտնած տեղեկութիւնները, որոնց համադիր քննութիւնն այս Նամականիի շնորհիւ դառնում է ներկայիս մեր ձեռագրագիտութեան կարեւոր անելիքներից մէկը։

Շատ կարեւոր է նաեւ հետեւեալը. նամակների մէջ առկայ են մտքեր ու գաղափարներ, որոնք այնու­հե­տեւ արտայայտուել-իրագործուել են իր երկերի մէջ, բայց առաւել կարեւորն այն է, որ կան նաեւ շատ ուշագրաւ ու հեռանկարային այն­պիսի դիտարկումներ, որոնք մնացել են նամակների մէջ. այդպիսիք ապագայ հետազօտութիւնների մեկնակէտ-ուղենիշներ են, որոնց առաջնորդութեամբ մեր երիտասարդ մասնագէտները վստահաբար կարող են եւ անպայման պէտք է կարեւոր արդիւնքների յանգեն։

Յիշենք, որ սովորաբար հեղինակներն առաւել անկեղծ են լինում իրենց նամակներում, ապա հաստատենք, որ նոյնն առաւել ընդգծուած ձեւով վերաբերում է Ալիշանին. այսինքն՝ այս նամականին բացայայտում է նրա հոգին, կեանքի ընթացքը, ապրած բերկրանքներն ու տառապանքները, որոնք մեր ժողովրդի 1840-1901 թուականների պատմութեան արտացոլքն են։ Միով բանիւ՝ այս եռահատորը Ղեւոնդ Ալիշան վարդապետի էութիւնն է՝ բաց եւ յստակ, առանց քօղի կամ շղարշի։

Նամականին շատ կարեւոր է նաեւ «Մխիթարեան միաբանութեան ժամանակագրութեան պատմութիւնը լաւագոյնս ուսումնասիրելու տեսանկիւնէն, մասնաւորապէս ծանօթանալու առաքելավայրերու մէջ կատարուած գործունէութեան մանրամասներուն եւ հոն պաշօնավա­րող միաբաններու անուններուն եւ թուականներուն կամ իրենց հետ շփում ունեցող ան­հատ­նե­րու» (հտ. Ա., էջ Է.)։

Նամակների չափ կամ նրանց հաւասար արժէք ունեցող ենք համարում աշխատասիրողի առատ, տեղին եւ հմտալի ծանօթագրութիւնները, որոնք, ցաւօք, տեղադրուած են ոչ թէ տողատակերին, այլ հատորների վերջերում, որը գրքի սահուն ընթերցումը դժուարացնող հանգամանք է։ Ամէն տարուայ նամակներին վերաբերողները համարակալուած են 1ից սկսուող առանձին թուահամարներով, երբեմն շատ ընդարձակ են եւ լուսաբանում են տարաբնոյթ, բազմաթիւ հարցեր, որոնք վերաբերում են թէ՛ Ալիշանի գործերին եւ թէ՛ միաբանութեան ընդհանրական խնդիրների։ Այսպէս՝ հտ. Ա., էջ 666-782, հտ. Բ., էջ 681-799, հտ. Գ., էջ 350-406. ընդհանուր հաշուով զբաղեցնում են հատորաշարի 293 էջ (117+119+57)։ Այս մեծարժէք ծանօթագրութիւններից շատերը եւս ապագայ կարեւոր ուսումնասիրութիւն­ների մեկնակէտ են լինելու։

Միաբանութեան պատմութեան տեսակէտից շատ արժէքաւոր է «Ալիշանի Նամականիին մէջ յիշուող բոլոր Մխիթարեան հայրերու անունները» (հտ. Ա., էջ Ը.) ընդգրկող եւ «Մխիթա­րեան միաբանութեան անդամներ» անուանուած ցանկը (հտ. Գ., էջ 407-431). առաջին անունն է՝ «Ագոնց Ստեփանոս Գիւվէր (1739-1824)», վերջինը՝ «Քուշներեան Հ. Քերովբէ Վրդ. (1841-1891)»։ Շատ արդար եւ իրաւացի է, որ խտիր չկայ՝ մարդիկ անդամ են եղել Վենետիկի թէ Վիեննայի ճիւղի. Վիեննայի է, օրինակ՝ էջ 411. «Գալեմքեարեան Հ. Գրիգորիս Վրդ. (1862-1917)», կամ ուրիշներ ինչ որ հանգամանքների թելադրանքով հեռացել են միաբա­նու­թիւ­նից, օրինակ՝ էջ 407-8. «Այվազովսքի (Այվազեան) Հ. Գաբրիէլ Վրդ. (1812-1880)», էջ 415. «Զոհրապեան Հ. Յովհաննէս Վրդ., Կ. Պոլսեցի (1756-1829)», էջ 421. «Ճիզմէճեան-Գազէզեան Հ. Յարութիւն Վրդ. (աւազանի անունով՝ Ստեփան Թէրզեան) (1845-1916)… Գրական անունով ծանօթ է որպէս Նորայր Բիւզանդացի». եւ այլն։

Այս ցանկի համառօտ կամ երբեմն որոշ չափով ընդարձակ կենսագրական ամփոփոյքները գուցէ ինչ որ չափով կան «Բազմավէպ»ի կամ «Հանդէս ասօրեայ»ի տարբեր տարիների տար­բեր էջերում, բայց այստեղ ի մի բերուած 193 (եթէ ճիշտ ենք հաշուել) կենսա­գրա­կան­ների փաստը մտածել է տալիս, որ արժէ կազմել Մխիթարեան միաբանների կենսամատե­նա­գի­տական մի բառարան, ուր ընդգրկուած կլինեն գրական-գիտական հետք թողած բոլոր ան­հատ­ները։ Պէտք է վստահ լինենք, որ, բացի օգտակար տեղեկատու լինելուց, այդ բառարանը եւս գիտա­կան նոր հետազօտութիւնների լաւ հիմք է լինելու։

Բանաստեղծ-բանասէր-պատմաբան Ալիշանի գրաբար, գրաբարախառն աշխարհաբար կամ զուտ աշխարհաբար նամակները, իրենց երբեմն ուշագրաւ՝ հեղինակի ստեղծած բառագանձով եւ արձակ խօսքի բանաստեղծականութեամբ հանդերձ, կարեւոր նիւթ ունեն նաեւ լեզուա­բա­նա­կան ու գրականագիտական հետազօտութիւնների համար (հմմտ. հտ. Ա., էջ Ը.)։

Օգտակար է նաեւ նամակների մէջ հեղինակի գործածած «Օտար բառեր եւ արտայայ­տու­թիւններ» ցանկը (հտ. Գ., էջ 432-7), ուր գրուած են նախ լատինատառ՝ ֆրանսերէն եւ իտա­լերէն բառերը, ապա հայատառները՝ «թրքերէն» եւ «Հայերէն հազուադէպ օգտագոր­ծուող բառեր»ը։

Հետեւում է «Պատկերներ» խորագրուած 19 նկար՝ Ալիշանի տարբեր տարիների դիմա­նկար­ներ, գիտական զանազան ընկերութիւնների անդամութեան վկայականների պատճէններ (հտ. Գ., էջ 438-444)։

Մնացած մանրամասները, որոնց չանդրադարձանք, ընթերցողը կարող է կարդալ «Հ. Վահան Ծ. Վարդապետ Օհանեան, Վարդան Դեւրիկեան» ստորագրուած «Յառաջաբան»ում (հտ. Ա., էջ Թ.-ԺԶ.), որ ունի այսպիսի ենթավերնագրեր. «Կեանք ամփոփուած նամակներու մէջ», «Ալիշան եւ հայագիտութեան շարք մը հարցեր», «Տեղեկութիւններ պատմա-աշխարհա­գրական հատորներու մասին», «Կեանքի վերջին շրջանը»։

* * *

Այս հրատարակութիւնը մենք համարում ենք շարունակութիւն Մխիթարեանց Վենետի­կի դիւանի նիւթերի հիման վրայ 1974-2000 թթ. ընթացքում «Հայագիտական մատենադարան «Բազմավէպ» շարքում Սահակ վ. Ճեմճեմեանի հրա­պա­րակած շատ արժէքաւոր հետեւեալ գրքերի[7].

  1. Հ. Ներսէս Սարգիսեանի ուղեւորութիւնը դէպի Փոքր եւ Մեծ Հայք (1843-1853), 1974, 94 էջ.
  2. Հ. Ղեւոնդ Ալիշան տեսուչ Փարիզի Մուրատեան վարժարանի (1858-1861), 1980, 101 էջ.
  3. Մխիթար Աբբահօր հրատարակչական առաքելութիւնը, 1980, 349 էջ.
  4. Քարտիսագրութեան դպրոց մը Ս. Ղազարու մէջ ԺԸ. դարուն, 1981, 59 էջ.
  5. Հ. Միքայէլ Չամչեան եւ իր Հայոց պատմութիւնը, 1983, 69 էջ.
  6. Գէորգ դպիր Տէր Յովհաննիսեան (Պալատեցի) եւ Մխիթարեանները, 1984, 139 էջ.
  7. Նոր նիւթեր Սարգիս արքեպս. Սարաֆեանի մասին, 1985, 90 էջ.
  8. Յովհաննէս Պատկերահան (1695-1758), 1987, 61 էջ.
  9. Յովհաննէս Պատկերահան, Նամականի (1695-1758), 1988, 283 էջ.
  10. Հայ տպագրութիւնը եւ Հռոմ (ԺԷ. դար), 1989, 207 էջ[8].
  11. Նախիջեւանի հայոց վարժարանը եւ Հռոմը, 2000, 270 էջ։

Առաւելը. գիտենք որ Մխիթարեան վանքերի դիւաններում կան գիտական կարեւորու­թիւն ունեցող բազմաթիւ փաստաթղթեր (շատերի արժէքը միջնադարեան գրական երկերից պակաս չէ), եւ քանի որ աշխատասիրողը նաեւ յուսադրող խոստում[9] ունի, ուստի մենք էլ ունենք հետեւեալ շատ ջերմ ցանկութիւն-խնդրանքը՝ արժէ որ նա նաեւ շարունակի ու բազմահատոր մատենաշար դարձնի հետեւեալ արժէքաւոր գիրքը՝

«Հ. Ղեւոնդ Տայեան. Մխիթարեան (հրատ.), Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ ի Ս. Ղազար, 1707-1773. Ի ծագմանէ ուխտիս մինչեւ ցբաժանումն Թրեստեան հարց, Վենետիկ, Մխիթ. տպ., 1930, 6 չհ., 352 էջ»։

* * *

Նամականիի բոլոր հատորների տիտղոսաթերթերին կարդում ենք նոյնական հետեւեալ տողերը՝

«Կը հրատարակուի ՀՀ կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ սպորտի նախարարութեան աջակցութեամբ։ Գիրքը հրատարակութեան է երաշխաւորել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի գիտական խորհուրդը… Գիրքը վաճառքի ենթակայ չէ», իսկ վերջին երեսներին՝ «Տպագրուել է «Ոսկան Երեւանցի տպագրատուն-հրատարակչու­թիւ­ն»ում… տպաքանակը՝ 300 օրինակ»։

Արուած հսկայական աշխատանքի, առաւել եւս՝ ապագայում գրքի անպայման ենթադրելի լայն գործածութիւն ունենալու հեռանկարի համեմատ տպաքանակի 300 օրինակը վստա­հա­բար խիստ անբաւարար է, ուստի եւ ցանկալի է, որ բոլոր հատորների համակարգչային տար­բե­րակները համացանցում դրուեն ազատ, անվճար գործածութեան՝

«Ի ՎԱՅԵԼՈՒՄՆ ԱԶԳԻՍ ՀԱՅՈՑ»։

[1] Առաջաբանի էջահամարները, հակառակ Մխիթարեան աւանդոյթի, լատինատառ են՝ I-XVI. սրանք յիշատակում ենք հայերէն համարժէքներով՝ Ա-ԺԶ.։ Եւ ընդհանրապէս՝ նախընտրաբար շարադրանքիս մէջ, այս հրատարակութիւնը յղում ենք հատորահամար եւ էջահամար ձեւով։

[2] Մերօրեայ գրքերի բազմավրիպակութեան ընդհանուր անմխիթար հէնքի վրայ, այս հսկայածաւալ հրա­տա­րա­կու­թիւնը համարեա անվրիպակ է, որ աշխատասիրողի խնամքոտ աշխատանքի վկայութիւնն է։

[3] Առաջին եւ երկրորդ հատորների միջեւ վրիպմամբ մոռացուած է 709րդ համարը, երրորդ հատորում կրկնուած են նախորդում արդէն առկայ 109 համարներ (1675-1566). հսկայածաւալ գործի առաջին հատորը գրելիս երեք թուի սխալն անմեղադրելի է։

[4] Համեմատաբար փոքր առաջաբանում աշխատասիրողը բաւական մանրամասն ներկայացրել է հրատարակուած նամակների արժանիքները, ուստի նկատի ունենալով գրքի բաւական փոքր՝ ընդամէնը 300 օրինակ տպաքանակ ունենալը, Նամականիի գիտական-գրական արժէքները ներկայ շարադրանքի ընթերցողին ներկայացնում ենք նոյն առաջաբանից մի փոքր աւելի յաճախ քաղումներ անելով։

[5] Ուրախալի է, որ անունները թուարկուած են ընդունուած դասական-ճիշտ ձեւով. միջնադարինը անուն-մականուն («Մովսէս Խորենացի»), նորերը՝ ազգանուն-անուն («Սեդրակեան (Սեդրաքեան) Արիստակէս Արքեպիսկոպոս»)։

[6] Գիտական կարեւորութեան առումով սակաւարժէք նամակեր էլ կան, սակայն այդպիսիք էլ արժէքաւոր են հեղինակի աշխատանքների ընթացքը եւ կազմակերպման մանրամասները ներկայացնելու առումով (ասենք՝ իր «Սիսուան»ի մէջ դրուելիք նկարների կամ քարտէզների պատրաստութեան պատուէր-հրահանգներ եւ նմանիք). «Ուրիշներ աւելի պարզ նկարագիր ունենալով կը քննարկեն ամէնօրեայ հարցեր, դպրոցական, վարչական, տնտեսական, միաբանական, կրօնական, ընտանեկան եւ այլն» (հտ. Ա., էջ Է.)։

[7] Գրքերը թուարկել ենք տպագրութեան տարիների կարգով. չենք գրել տպագրավայրի նոյնական՝ «Վենետիկ – Ս. Ղազար» անունը։

[8] Շատ արժէքաւոր այս եւ յաջորդ գրքերը գրուած են առաւելապէս ըստ Վատիկանի Հաւատասփիւռի (Propaganda fidei) դիւանի փաստաթղթերի։ Առաջինի Զ. գլուխը (էջ 124-172) ունի նաեւ առանձին հրատարակութիւն՝ «Մարսիլիոյ հայկական տպարանը (300 ամեակի առիթով) 1685-1985, Վենետիկ – Ս. Ղազար, 1986, 66 էջ»։

[9] «Սերովբէ Ալիշանի Ղեւոնդ Ալիշանին ուղղուած նամակները պիտի տպագրենք առանձին հատորով» (հտ. Ա., էջ ԺԱ.)։

Leave a Comment

You must be logged in to post a comment.