Ազգ-Բանակի Ձեւաւորման ՀՅԴ Փորձառութիւնը
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՎԷՄ»Ի
Եւ մի ազգ, եթէ ուզում է մնալ յարգուած, եթէ չի՜ ուզում կորչել, պէտք է լինի զէնքի ընդունակ, միշտ պէտք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանութեան համար, մանաւանդ քաղաքական ցնցումների վայրկեաններում…
Նիկոլ Դուման
Հայաստանում այսօր աշխուժօրէն քննարկուող առանցքային գաղափարներից մէկը ազգ-բանակի տեսլականն է, որի վերաբերեալ հրապարակում առկայ կարծիքների ու առաջարկների բազմազանութիւնը շուտով կարող է հաւասարուել քննարկումների մասնակիցների թուին:
Ուստի սկիզբ առած դիսկուրսի (ճառախօսութեան-Խմբ.) մէջ ներքաշուած անձանց կամքից անկախ՝ մեզանում տեղի է ունենում այդ գաղափարի պարզունակացումն ու գռեհկացումը, ինչն անթոյլատրելի է բարդ գործընթացների մէջ ներքաշուած տարածաշրջանում գտնուող երկրի ու ժողովրդի համար: Պատճառն այն է, որ վկայաբերելով ազգ-բանակի ձեւաւորման համաշխարհային փորձը, ներկայ քննարկման մասնակիցները մոռանում են, որ պատմութեան ընթացքում երբեւէ գոյութիւն չի ունեցել եւ այսօր էլ գոյութիւն չունի ազգ-բանակի որեւէ ընդհանրական բնորդ, որը կարելի է ընդօրինակել ու դարձնել յետագայ աշխատանքների հիմք: Պատմութեան դժուարին հանգրուաններում ազգ-բանակի վերածուելու կարիքը զգացուել է միայն այն ժողովուրդների մօտ, որոնք վտանգուած են եղել որպէս մէկ ամբողջութիւն: Ուստի ազգ-բանակի ձեւաւորումը ոչ թէ համընդհանուր անհրաժեշտութիւն է, այլ գոյատեւման նուազագոյն պայմանների ապահովման միջոց: Այդ պատճառով իրենց գոյութան համար պայքարող ժողովուրդների համար ազգ-բանակի ստեղծման սեփական փորձն աւելի կարեւոր է, քան համաշխարհային պրակտիկան:
Գաղտնիք չէ, որ ազգ-բանակները Նոր եւ Նորագոյն ժամանակների ծնունդ են, քանզի մինչ այդ թերեւս միայն տոհմացեղային հասարակութիւնում է գործել համաժողովրդական բանակի նախնական, պարզունակ տարբերակը՝ տոհմացեղային աշխարհազօրը: Նոր ժամանակներում առկայ համաժողովրդական բանակի շատ թէ քիչ տիպական օրինակը Շուէյցարիան էր, որի կուտակած հարուստ փորձի որոշ բաղադրատարրերը ընդօրինակման առարկայ դարձան նաեւ հայ գործիչների համար: Պատահական չէ, որ 19րդ դարավերջին այդ երկրում հաստատուած ՀՅ Դաշնակցութեան ներկայացուցիչները կարեւորեցին համաժողովրդական բանակի գաղափարը՝ 1894-1896թթ. համիդեան ջարդերից յետոյ ուժեղացած պահպանողական մտայնութեան յաղթահարման փորձերի համատեքստում:
Պատճառն այն է, որ համիդեան ջարդերի արդիւնքում առաջ եկած ազգովին վտանգուելու իրողութիւնը մեզանում վերականգնել էր «ճշմարտութիւններից առաջինը գոյութիւնն է» դեկարտեան տրամաբանութիւնը: Մինչդեռ՝ ի տարբերութիւն անհատների պարզ-ֆիզիկական գոյատեւան խնդրի, ազգ-պետութիւնների ձեւաւորման դարաշրջանում առանց ազատութեան ձգտման՝ հնարաւոր չէր ապահովել ազգ-հաւաքականութեան գոյութիւնը: Ուստի՝ ՀՅԴ հիմնադիրներն իրենց ճանապարհին առկայ արգելքների ու սպառնալիքների մեծութիւնն ընկալեցին որպէս կուսակցութեան քաղաքական պահանջների չափաւորման, բայց ո՛չ դրանցից հրաժարուելու անհրաժեշտութիւն: Եւ 1890ական թուականների ընթացքում ՀՅԴն իրականացրեց սեփական նպատակների ու առաջադրանքների շարունակական ու հետեւողական «օպտիմալացումը» (բարեփոխումը-Խմբ.)՝ «ընդհանուր ապստամբութեան» տեսլականը փոխարինելով «ապստամբութիւն» հասկացութեամբ, իսկ 1898ից էլ սահմանափակելով նրա տարածքները՝ «ուժերի կենտրոնացման» վայրերով:
Դրան զուգահեռ որդեգրուեց ժողովրդին զինելու եւ ապագայ գոյամարտերին նախապատրաստելու ինքնապաշտպանական մարտավարութիւնը, որն ազգ-բանակի վերածուելու հիմնական նախադրեալն էր պետականութեան բացակայութեան պայմաններում: Միայն որոշակի տարածքներում հակառակորդի հանդէպ ռազմատեխնիկական գերակշռութիւն ձեռք բերելու միջոցով էր հնարաւոր պահպանել սեփական գոյութիւնը՝ քաղաքակրթական առումով օտար միջավայրում: Այդ պատճառով Արեւմտեան Հայաստանում ՀՅԴ գործիչներ Հրայր-Դժոխքն ու Վազգէն Տէրոյեանը գործնական լուծումներ էին փնտռում նրա իրականացման ճանապարհին: Իսկ նոյն օրերին ճանաչուած հոգեւորական ու ՀՅԴ նուիրեալ Բագրատ վարդապետ Թաւաքալեանը Ալեքսանդրապոլում քարոզում էր իր հոտին, որ մենք «…միայն Աստծուց պէտք է աջակցութիւն խնդրենք եւ դրանից յետոյ՝ ինքներս աջակցենք մէկս միւսին»:
Ուժերի կենտրոնացման գաղափարի վրայ հիմնուած այս մարտավարութեան խափանման համար է, որ Օսմանեան կայսրութիւնը սադրանքների միջոցով արագացրեց ՀՅԴի կողմից հետեւողականօրէն զինուող Սասունի հայութեան անհաւասար գոյամարտի բռնկումը: 1904ի սկզբներին սկսուած դիմադրութեան արդիւնքում ՀՅԴ մարտական խմբերը, ծանր հարուածներ հասցնելով օսմանեան կանոնաւոր բանակին, կարողացան ռազմական գործողութիւնների շրջանից դուրս բերել Սասունի ժողովրդին ու տեղաւորելով Մշոյ դաշտի գիւղերում՝ կանխել նրա բնաջնջումը:
Արեւմտեան Հայաստանում իբրեւ ազգ-բանակ գործելու առաջին փորձի ձախողումը փոխհատուցուեց ձեռք բերուած մարտական հմտութիւնները Անդրկովկասի թաթարների խանաբեկական ջոկատների դէմ կիրառելու միջոցով: Եւ այստեղ է, որ 1905-1906թթ. ընթացքում ակնյայտ դարձաւ ժողովրդի ծոցից ելած ՀՅԴ մարտական կազմակերպութեան առաւելութիւնը թաթարական ջոկատների հանդէպ: Պետական կառոյցների բացակայութեան պայմաններում ՀՅԴն կարճ ժամանակամիջոցում շուրջ 15 հազար մարդու դրեց զէնքի տակ, ստեղծեց ոչ միայն առանձին նահանգներում գործող ուժեր, այլեւ իւրաքանչիւր գիւղն ու գիւղախումբը վերահսկող քաղաքացիական ու զինուորական մարմիններ: Դրանց կառուցուածքը՝ Ղարաբաղի ու Զանգեզուրի օրինակով, իր «Գաւառի Կազմակերպութիւնը» գրութեան մէջ ներկայացրել է այդ շրջանում Արցախում գտնուող ՀՅԴ հիմնադիրներից՝ Ռոստոմը:
Իւրաքանչիւր գիւղ ընտրում էր «Դատական մարմին», որը վարում էր ոչ միայն դատական գործերը, այլեւ տուեալ գիւղին վերաբերող վարչական հարցերը, իսկ 4-6 գիւղերից բաղկացած շրջանակը ստեղծում էր Մայր դատական մարմին, որը խաղում էր նաեւ վերաքննիչ ատեանի դեր: Որոշակի տարածքում առկայ բոլոր գիւղերի ներկայացուցիչները ընտրում էին Շրջանի մարմին, որը ենթակոմիտէի կարգավիճակ ունէր եւ կապ ունէր գաւառական կոմիտէի հետ, որոնցից կենտրոնականը Ապառաժի (Շուշիի) կոմիտէն էր, ուստի այն իրականացնում էր Կենտրոնական կոմիտէի գործառոյթներ:
Դրան զուգահեռ՝ իւրաքանչիւր գիւղ ունէր իր «Զինուորական խորհուրդը», որին միանում էին նրան հաւասար թուով անդամներ՝ Դատական մարմնից: Այս կիսառազմական-կիսաքաղաքացիական կառոյցը իրականում ղեկավար շտաբի դեր էր խաղում, քանի որ բուն կռիւը վարելու համար գոյութիւն ունէր «Խմբապետների ժողովը»: Իսկ խմբապետների կողմից ղեկավարուող զինուորական խմբերը մնացած ժողովրդից տարբերւում էին միայն զէնք ունենալու հանգամանքով, ինչը, սակայն, նրանց մենաշնորհը չէր, քանի որ ամէն մի կռուող տասնեակի թիկունքին կանգնած էր պահեստի հնգեակը՝ «խանչալաւորները», որոնք ամէն պահի պատրաստ էին զոհուածի կամ վիրաւորի փոխարէն վերցնել զէնքն ու շարունակել կռիւը:
Հայ-թաթարական կռիւների շրջանում Անդրկովկասի գաւառներում կազմալուծուած ցարական վարչակարգին փոխարինած ՀՅ Դաշնակցութիւնը նման ինքնապաշտպանական կառոյցի միջոցով փաստօրէն հանդէս էր գալիս ոչ թէ որպէս առանձին կուսակցութիւն, այլ մարտնչող ժողովրդի ինքնակազմակերպման քաղաքական հարթակ: Այսինքն՝ տուեալ դարաշրջանում դէ-ֆակտօ պետական գործառոյթներ իրականացնող ՀՅ Դաշնակցութիւնը դա կազմակերպուած, զինուած ու մարտնչող հայ ժողովուրդն էր՝ իր «Դատական մարմիններով» ու «Զինուորական խորհուրդներով»: Եւ որպէս զինուորների ու նրանց թիկունքն ապահովող գիւղացիների կազմակերպուած ամբողջութիւն, հայութիւնը վերածուել էր ազգ-բանակի, ինչից էլ ծնունդ էր առել յետագայում ոմանց զարմացրած՝ «Ով դաշնակցական չէ, նա հայ չէ» կարգախօսը:
Պետականազուրկ ազգին մարտնչող ազգ-բանակի վերածելու այս առաջին համակարգուած փորձը ապահովեց հայութեան յաղթանակը՝ 1905-1906թթ. հայ-թաթարական կռիւներում, սակայն դա դեռեւս բաւարար չէր օսմանեան բանակի մի քանի հարիւր հազարանոց մարդուժն ու տեխնիկական միջոցները (թնդանօթներ եւ այլ ծանր զինատեսակներ) չէզոքացնելու համար: Մեծ Եղեռնը ցոյց տուեց, որ առանց պետական կառոյցների՝ ամենակատարեալ ինքնապաշտպանական համակարգն անգամ ի զօրու չէ երկար ժամանակ դիմակայել տեխնիկական միջոցներով յագեցած կանոնաւոր բանակին: Ուստի 1915 թուականի Վանի ապրիլ-մայիսեան հերոսամարտը՝ որպէս հայ ժողովրդի անկոտրում կամքի մարմնացում, մնաց իբրեւ բացառութիւն: Եւ պատահական չէ, որ այն կերտած Արամ Մանուկեանն ու նրա կուսակցութիւնը դարձան 1918ին արդէն Արեւելեան Հայաստանին սպառնացող թուրքական կանոնաւոր բանակի գրոհը կասեցնելու գործի կազմակերպիչները: Բայց Սարդարապատում, Բաշ-Ապարանում ու Ղարաքիլիսայում այդ առաջադրանքի ռազմական մասի իրականացումն ընկաւ ցարական բանակի, իսկ յետագայում Հայկական կորպուսի կազմում մարտական փորձ ձեռք բերած հայ սպայութեան միջին օղակի (գնդապետներ, մայորներ, կապիտաններ) եւ ՀՅԴ կազմակերպութեան ուսերին, որոնց շարքերից դուրս եկան Բէկ-Փիրումեանները, Զեմլեակներն ու Գուրգէն Տէր Մովսիսեանները:
Իբրեւ ազգ-բանակ կռուելու առաջադրանքը ծառացաւ նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան ռազմաքաղաքական ղեկավարութեան առջեւ, բայց խորթացումը, որը պահպանւում էր նախկին ցարական բանակի սպայութեան մի մասի եւ հայ ազատամարտի բովով անցած ՀՅԴ մարտական խմբերի միջեւ, միշտ չէ որ թոյլ տուեց իրականութիւն դարձնել այդ խնդիրը: Եւ այնտեղ, ուր յաջողուեց պրոֆեսիոնալ զինուորականների ուժերը միաձուլել զինուած ժողովրդի ջանքերին, մենք յաջողութեան հասանք (հայ-վրացական պատերազմ, Զանգեզուրի գոյամարտ եւ վերջապէս՝ Սուրմալուի ճակատամարտ), իսկ այնտեղ, ուր արձանագրուեց հակառակ միտումը, չկարողացանք տիրապետել իրավիճակին (1920թ. գարնան կռիւները Ղարաբաղում, Կարսի անկումը 1920ի Հոկտեմբերի 30ին եւ այլն): Դրանով իսկ հաստատուեց ազգ-բանակ ստեղծելու շուէյցարական փորձի հիման վրայ Մ. Վարանդեանի կատարած այն խորիմաստ դիտարկումը, համաձայն որի՝ «Զօրքը չպէտք է բաժանուած լինի ազգային մարմնից, որպէս մի կաստ. զօրք եւ ազգ, զօրք եւ պետութիւն, զօրք ու հայրենիք՝ պէտք է կազմեն մի ներդաշնակ ամբողջութիւն…»:
Այդ ներդաշնակ ամբողջութեան վերականգնման ճանապարհին հայ զինուորին ու սպային վիճակուած էր «ճաշակել» խորհրդային բռնապետութեան 70 տարիների դառնութիւնները: Եւ միայն Հայաստանի անկախութեան արշալոյսին սկիզբ առած Ղարաբաղեան շարժումը նոր առիթ ու հնարաւորութիւն էր ազգ-բանակի տեսլականը կեանքի կոչելու համար: Ուստի պատահական չէ, որ հայրենիք վերադարձած ՀՅ Դաշնակցութեան առաջին գործը եղաւ մարտական խմբերի ստեղծումն ու դրանց պարապմունքների կազմակերպումը Հայաստանի հեռաւոր գիւղերում ու Արցախում: Այս ճանապարհով հակառակորդի հանդէպ ձեռք բերուած որակական առաւելութիւնն էր այն վճռորոշ գործօնը, որը խորհրդային բանակի տարածաշրջանից հեռանալուց յետոյ յաղթանակներ պարգեւեց մեզ: Կարճ ժամանակամիջոցում ողջ Լեռնային Ղարաբաղը վերածուեց ազգ-բանակի, որը թէեւ քանակական բոլոր ցուցանիշներով զիջում էր հակառակորդին, բայց իբրեւ միասնական բռունցքի վերածուած ժողովուրդ՝ անխորտակելի էր իր կամքով ու վճռականութեամբ: Արցախեան գոյամարտը ցոյց տուեց նաեւ, որ կանոնաւոր բանակ ունենալու հրամայական անհրաժեշտութեան պայմաններում եւս ազգ-բանակի գաղափարը պահպանում է իր կարեւորութիւնը: Փոխւում է միայն ազգի քաղաքական կամքի կենտրոնը՝ կուսակցութեանը փոխարինում է պետութիւնը: Բայց ամենեւին էլ չի փոխւում հիմնական հրամայականը՝ ազգովին վտանգուելու հեռանկարը ազգովին կանխելու անհրաժեշտութիւնը:
Այդ պատճառով ներկայ հանգրուանում ազգ-բանակի ձեւաւորման խնդիրը չպէտք է շփոթել կանոնաւոր բանակի որակական յատկանիշների կատարելագործման առաջադրանքի հետ, որը եղել ու մնում է ազգի գոյութեան ապահովման առաջին պայմանը: Անշուշտ, ողջ ազգը չի կարող կռուել նման չափանիշներով, բայց հարկ եղած դէպքում նրա իւրաքանչիւր անդամը պարտաւոր է պաշտպանել ինքն իրեն, իր ընտանիքը, թաղամասը կամ գիւղը: Առաջին խնդիրը ներկայումս առաջ է բերել նաեւ է՛լ աւելի որակեալ ստորաբաժանումների՝ յատուկ պատրաստութեան գրոհային բրիգադների եւ գումարտակների կարիքը, բայց մեզ նման վտանգուած ազգերի պարագայում դրանով նոյնպէս չի վերացել իւրաքանչիւր քաղաքացու՝ ինքնապաշտպանութեանը պատրաստ լինելու առաջադրանքի կարեւոր նշանակութիւնը:
Որովհետեւ ինչպէս Արցախեան գոյամարտը, այնպէս էլ 2016թ. Ապրիլին տեղի ունեցած մարտական գործողութիւնները մեզ արդէն ապացուցել են, որ գործ ունենք ցեղասպանական մտասեւեռումով առաջնորդուող հակառակորդի հետ, որը ոչ միայն տարածքներ գրաւելու, այլեւ մարդկանց ոչնչացնելու նպատակ է հետապնդում: Ուստի հակառակորդի նկրտումներին դիմագրաւելու գործին պէտք է պատրաստ լինի ոչ միայն կանոնաւոր բանակը, այլեւ նուազագոյնը՝ ռազմական գործողութիւնների հաւանական թատերաբեմի ողջ բնակչութիւնը:
Այդ պատճառով, երբ ազգ-բանակի ձեւաւորման մասին ներկայ դիսկուրսի մասնակիցները լայնօրէն շրջանառութեան մէջ են դնում արեւմտեան բանակների առաջաւոր փորձի իւրացման, այդ թւում՝ գիտութեան ու բանակի միջեւ կապի ամրապնդման կարեւոր խնդիրները, դրա հետ միասին չպէտք է անտեսեն որպէս զինուած եւ կազմակերպուած ժողովուրդ՝ ցեղասպանին դիմակայելու այն լաւագոյն մարտական աւանդոյթները, որոնք իբրեւ ՀՅԴ կողմից ձեռք բերուած հմտութիւններ ու փորձ՝ իրենց կենսունակութիւնն ապացուցել են նաեւ Արցախեան գոյամարտում:
Դրանց շնորհիւ է, որ 1992ի Յունուարին փրկուեց հերոսական Քարինտակի բնակչութիւնը, երբ տեղի դաշնակցական կառոյցի ջանքերով զինուած ժողովուրդը դիմադրեց ու դիմացաւ՝ մինչեւ հիմնական ուժերի ժամանումը: Իսկ կանոնաւոր բանակի ձեւաւորումից յետոյ թերեւս նման ինքնապաշտպանական համակարգի բացակայնութիւնն էր անցած ապրիլին Թալիշում արձանագրուած վայրագութիւնները չկանխելու պատճառը…
Հայաստանի քաղաքացիները ու մանաւանդ սահմանամերձ գիւղերի բնակչութիւնը պէտք է ներքնապէս կազմակերպուած եւ գաղափարապէս պատրաստ լինեն՝ հարկ եղած դէպքում առաջին հարուածն ընդունելու, իրենց գիւղը կամ թաղամասը պաշտպանելու, կանանց, ծերերին ու երեխաներին մարտական գործողութիւնների գօտուց դուրս բերելու, այսինքն՝ իբրեւ ազգ-բանակ կռուելու համար: Եւ այս առումով լեռներում ծուարած ոչ մեծ բնակավայրերի պաշտպանութեան ընթացքում ՀՅԴ ձեռք բերած մարտական հմտութիւնների եւ գաղափարաբարոյական որակների անսպառ զինանոցը մեր երիտասարդ սերնդի համար կարող է դառնալ փորձի ու գիտելիքների փոխանցման, կամքի ու վճռականութեան դաստիարակման լաւագոյն դարբնոցը: