ՀՅԴ Հայ դատի Յանձնախմբերի և գրասենեակների աշխատանքների ամփոփագիր (նոյեմբերի 20-դեկտեմբերի 14, 2022թ․)
Դեկտեմբերի 12-ից ՀՅԴ Հայ Դատի աշխարհասփիւռ համակարգի աշխատանքները ամբողջութեամբ կենտրոնացած են Արցախում ստեղծուած՝ հումանիտար ճգնաժամի եւ Ադրբեջանի ցեղասպան էութեան միջազգային հանրահռչակմանն ու Արցախի համար միջազգային զօրակցութեան ապահովմանը։ Այդ նպատակով դեկտեմբերի 13-ին Երեւանում, Արցախի մշտական ներկայացուցչութիւնում տեղի ունեցաւ Արցախի Հանրապետութեան կառավարութեան եւ ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Վերջին երեք օրերի աշխատանքներն արդէն որոշակի արդիւնք են տւել, ինչը ներկայացնում ենք ստորեւ։
Հայ Դատի Արցախի գրասենեակ
ՀՅԴ Հայ Դատի Արցախի գրասենեակը անցնող օրերի ընթացքում Հայ Դատի համաշխարհային ցանցին պարբերաբար փոխանցել է Արցախում ստեղծւած իրավիճակի վերաբերեալ թարմ տեղեկատուութիւն, ինչն էական նշանակութիւն է ունեցել ՀՅԴ Հայ Դատի յանձնախմբերի ու գրասենեակների յարաբերական աշխատանքում՝ միջազգային գործընկերներին թարմ, հաւաստի եւ փաստագրւած տեղեկատւութեան ներկայացման առումով։
Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզբին Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբն աշխատանքներ է իրականացրել Հայաստանին տրամադրուող ամերիկեան օժանդակութեան ծաւալի մեծացման եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կուէինից Կոնգրեսում մի շարք կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու ուղղութեամբ, որոնք էական նշանակութիւն ունեն Ամերիկայում հայկական շահերի պաշտպանութեան տեսանկիւնից։ Մասնաւորապէս, դեսպանի թեկնածութեան շուրջ կոնգրեսական լսումների ժամանակ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդէսը եւ Մերիլենդը ներկայացնող սենատոր Քրիս Վան Հոլէնը բարձրացրել են Ադրբեջանին պատերազմական յանցագործութիւնների եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիայի համար պատասխանատուութեան ենթարկելու հարցը։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակումից յետոյ յանձնախումբը մեծ ծաւալի աշխատանքներ է իրականացրել ԱՄՆ Կոնգրեսում՝ Ադրբեջանի վրայ միջազգային ճնշում ապահովելու, Պաքուին ամերիկեան ռազմական օժանդակութիւնից զրկելու եւ ճանապարհի վերագործարկումն ապահովելու, առհասարակ խնդիրը ամերիկեան հասարակական-քաղաքական ուշադրութեան կենտրոնում պահելու ուղղութիւններով։ Արդէն դեկտեմբերի 13-ին կատարուածը խստօրէն դատապարտեց Կոնգրեսի հայկական հարցերով խումբը, իսկ դեկտեմբերի 14-ին Հարաւային Կովկասում ԱՄՆ քաղաքականութեանը վերաբերող կոնգրեսական լսումների ժամանակ քննարկուեց ադրբեջանական ագրեսիան, եւ բազմաթիւ կոնգրեսականների կողմից դատապարտւեց։ Քննարկմանը ներկայ էր նաեւ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Կոնգրեսականները խստօրէն յորդորել են ԱՄՆ գործադիր իշխանութեանն Ադրբեջանին սանձելու համար ձեռնարկել որոշակի եւ հետեւանքներ ունեցող գործողութիւններ։
Հայ Դատի Ամերիկայի յանձնախումբը, վերջին օրերին ստեղծւած իրավիճակով պայմանաւորւած, շարունակում է աշխատանքները՝ այդ թւում նաեւ ապահովելով ամերիկահայ համայնքի հնարաւորութիւնների մոբիլիզացիա։
Եւրոպա
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը նոյեմբերի 28-29-ը Եւրոպական Խորհրդարանում ապահովել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի պատգամաւոր Դաւիթ Իշխանեանի հանդիպումները Հայաստանի եւ Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբերի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Կոստաս Մաւրիտէսի, Կլարա Բոնսադիի Եուզաս Օլեկասի հետ։ Դ․ Իշխանեանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բելգիայի Թագաւորութեան Սենատում Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամներ Մարկ Դեմեսմէյքերի եւ Ալեսիա Գլասի հետ։
ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի կազմակերպմամբ 2022թ․ դեկտեմբերի 3-4-ը Բրիւսէլում անցկացւել է ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի յանձնախմբերի խորհրդաժողովը, որին մասնակցել են Եւրոպական Միութեան շուրջ տասը երկրներում եւ Մեծ Բրիտանիայում գործող Հայ Դատի յանձնախմբերի եւ Հայ Դատի Կենտրոնական գրասենեակի ներկայացուցիչները։
Խորհրդաժողովի ընթացքում քննարկման առարկայ են դարձել ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի, ինչպէս նաեւ տարբեր երկրներում գործող յանձնախմբերի քաղաքական առաջնահերթութիւններն ու գործունէութեան հիմնական ուղղութիւնները։
Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից յետոյ ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը աշխատանքները ծաւալում է հիմնականում երկու՝ համաեւրոպական եւ ԵՄ անդամ պետութիւնների հարթակներում։ Համապատասխան աշխատանքներ են տարւում Եւրոպական խորհրդարանի պատգամաւորների, առաջին հերթին Հայաստանի եւ Արցախի հետ բարեկամութեան խմբերի ղեկավարների ու անդամների հետ:
Դեկտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիան դատապարտող յայտարարութեամբ հանդէս եկան Արցախի հետ ԵԽ բարեկամութեան խմբի համանախագահներ Պետէր Վան Դալէնը, Ֆրանսուա Ալֆոնսին եւ Սիլւիէ Գիեոմը՝ ամբողջապէս ներկայացնելով Արցախում ստեղծուած իրավիճակն ու հումանիտար աղէտի վտանգը։ Նշենք նաեւ, որ ճանապարհի փակման առիթով մտահոգութիւն էր յայտնել նաեւ արտաքին գործողութիւնների եւրոպական ծառայութեան մամուլի խօսնակ Պետէր Ստանոն՝ Ադրբեջանին կոչ անելով ապահովել Լաչինի միջանցքի երկկողմանի անցանելութիւնը։
Գանատա
ՀՅԴ Հայ Դատի Գանատայի յանձնախումբն իր հերթին եւս բաւական աշխատանքներ է իրականացրել հակազդելու համար Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային եւ ապահովելու համար կանադական կողմի համարժէք արձագանգը կատարւածին։ ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբն աշխատանքներ է իրականցրել իշխանութեան ինչպէս օրէնսդիր, այնպէս էլ գործադիր ճիւղերի հետ։ Արդէն դեկտեմբերի 14-ին ճանապարհի փակումը դատապարտեց եւ դրա անցողունակութեան վերականգնում պահանջեց Գանատայի արտաքին գործերի նախարարութիւնը։
Յունաստան
ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի յանձնախմբի աշխատանքների արդիւնքում նոյեմբերի երկրորդ կէսին ձախողւել է Կորնթոսի եւ Շուշիի միջեւ համագործակցութեան յուշագիր ստորագրելու ադրբեջանական ցանկութիւնը, ինչի մասին աւելի վաղ Հարաւային Կորէայում ընթացող հնամեայ քաղաքների ներկայացուցիչների խորհրդաժողովի ընթացքում պայմանաւորւածութիւն էր ձեռք բերւել Կորնթոսի քաղաքապետարանի ներկայացուցչի եւ ադրբեջանական պատւիրակութեան անդամների միջեւ։
Մեծ Բրիտանիա
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման թեման Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը քննարման նիւթ է դարձրել անգլիական քաղաքական շրջանակներում։ Խնդրին անդրադարձել են եւ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնից իրավիճակի յաղթահարմանն ուղղւած գործողութիւններ են պահանջել բարոնուհի Քերոլայն Քոքսը եւ Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամութեան խմբի ղեկավար Թիմ Լոթնը։
Աւելի վաղ, դեկտեմբերի սկզբին Հայ Դատի Մեծ Բրիտանիայի յանձնախումբը հանդիպումներ է ունեցել պատգամաւորներ Ջեսիկա Մորդէնի, Ալեքս Սոբէլի, Ֆերեալ Քլարկի, Ռուպա Հուքի եւ Սթեֆան Դոթի հետ։ Քննարկուել են Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, պատգամաւորների գրասենեակներում վարժողական ծրագրեր իրականացնելու, Արցախին ու Հայաստանին օժանդակութեան եւ Արցախի էթնիկ զտումը կանխելու եւ ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացումն ապահեւելուն ուղղւած հարցեր։
Աւստրալիա
Հայ Դատի Աւստրալիայի յանձնախումբը նոյեմբերի վերջին եւ դեկտեմբերի սկզզբին կենտրոնացած է եղել Հայ Դատի աշխատանքների ապահովման համար հանգանակութիւնների կազմակերպման աշխատանքների վրայ, ինչի արդիւնքում Մելբորնում հաւաքուել է շուրջ 400․000 աւստ․դոլար, իսկ յանձնախմբի հիմնական գալա ընթրիքի ժամանակ՝ 190․000 աւստ․դոլար։
Հայ Դատի յանձնախումբը, Լաչինի ճանապարհի փակումից յետոյ դիմել է երկրի արտաքին գործերի նախարարին՝ համապատասխան պետական կեցւածք յայտնելու պահանջով։ Հայ Դատի յանձնախումբը Աւստրալիայի կողմից Ադրբեջանի վրայ ճնշումներ գործադրելու նպատակով սերտօրէն համագործակցում է Աւստրալիայում Արցախի հետ բարեկամութեան խմբի անդամների հետ։
Ուրուկուէյ
ՀՅԴ Հայ Դատի Ուրուկուէյի յանձնախմբի անդամները դեկտեմբերի 1-ին հանդիպում են ունեցել Ուրուկուէի նախագահ Լուիս Լագաժէ Փոուի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ երկրի առողջապահութեան նախարար Խոսէ Լուիս Սաթջեանը։
Հանդիպման ընթացքում Ուրուկուէի նախագահին է ներկայացւել վերջերս Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման հետեւանքները, ինչպէս նաեւ 2020թ․ Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրականացւած ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծւած հումանիտար իրավիճակը։
Հայ Դատի յանձնախմբերն ու գրասենեակները շարունակում են ամբողջ աշխարհում իրականացնել հայութեան շահերի պաշտպանութեան աշխատանքներ՝ օգտագործելով լոբբիստական գործունէութեան համալիր գործիքակազմեր։ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու, Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնմանը նպաստելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութեան ձեւաչափը վերականգնելու, գերիների վերադարձի, արտասահմանեան լրատուամիջոցներին անկողմնակալ տեղեկատուութեամբ ապահովելու ուղղութեամբ կատարւում են մեծ ծաւալի աշխատանքներ։ Յատուկ ուշադրութիւն է դարձւում Ղարաբաղեան հմնախնդրի շուրջ տարբեր երկրներում ներքաղաքական քննարկումներ, խորհրդարանական լսումներ իրականացնելու վրայ, որոնք յաճախ վերաճում են կոնկրետ բանաձեւերի ընդունման։
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենեակ
15.12.2022 թ