Kommersant-ը հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթգծերի քարտէզը, որոնց շուրջ պայմանաւորուել են Պուտինը, Փաշինեանը և Ալիևը

Ռուսական Kommersant-ն անդրադարձել է յունուարի 11-ին Մոսկուայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկաւարների միջև տեղի ունեցած բանակցութիւնների արդիւնքներին, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական ապաշրջափակմանն ու ճանապարհային միջանցքների տրամադրմանը։

«Յունուարի 11-ին Մոսկուայում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ատրպէյճանի ղեկաւարների եռակողմ բանակցութիւնների արդիւնքները Պաքւում և Երևանում տրամագծօրէն հակառակ գնահատականը ստացան: Ատրպէյճանում հանդիպումը համարուել է արդիւնաւէտ, քանի որ պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերեալ: Հայաստանում ընդդիմութիւնը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինեանին՝ թոյլ կամքի և դիրքերի թուլացման մէջ. հայ հասարակութեան համար գերիների վերադարձը համարւում է գերխնդիր, բայց փոխարէնը բանակցութիւններում քննարկւում էր տնտեսական օրակարգ՝ Ատրպէյճանի պնդմամբ»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի՝ այս տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժել է նաև Ռուսաստանը. «Երբ վրաց-աբխազական հակամարտութեան արդիւնքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը վրաստան անհնար դարձաւ, Հայաստանը կորցրեց իր գլխաւոր դաշնակցի հետ ամենայուսալի ուղին, իսկ Ռուսաստանը`կապը Թուրքիայի երկաթուղիների հետ»:

Այսպիսով, ըստ Kommersant-ի, Մոսկուայում ստորագրուած փաստաթուղթը տեսականօրէն պէտք է ձեռնտու լինի երեք կողմին էլ. Ատրպէյճանին հարկաւոր է ճանապարհ դէպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան: Բայց բանակցութիւններից յետոյ միայն Իլհամ Ալիևն է տէ ֆակտօ յաղթանակած իրեն զգում: Իսկ Նիկոլ Փաշինեանն իր խօսքում շեշտը դրել էր ոչ թէ ձեռքբերումների, այլ չլուծուած հարցերի, առաջին հերթին` Պաքուի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկել չցանկանալու, ինչպէս նաև ռազմագերիների ճակատագրի վրայ:

Kommersant-ի բերած քարտէզում երևում է, որ ՌԴ–ից (ոչ վստահելի Տաղստանի շրջանից)  եկող երկաթուղային գիծը (կանաչ) անցնում է Պաքուով, այնուհետև Արաքսի ափով, օկուպացուած Հորադիզով և Կովսականով, մտնում է ՀՀ հարաւային սահման՝ Մեղրի, այնտեղից էլ Նախիջևանից կապւում Երևանի հետ։

Իսկ ահա նարնջագոյնով նշուած գիծը Պաքուից, նոյն ճանապարհն անցնելով, Նախիջևանից մտնում է Թուրքիա՝ Իգդիր քաղաք՝ կապուելով Կարսի և Թուրքիայի այլ մասերի հետ։

Leave a Comment

You must be logged in to post a comment.