«Այն մտայնութիւնը, որ կարելի է հողեր զիջելով որոշակի հանգուցալուծման եզրայանգել՝ ուղղակի անընդունելի է» Դաւիթ Իշխանեան

 

«Հորիզոն»ի հարցազրոյցը ԼՂՀ ԱԺ «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանի հետ:

– Քառօրեայ պատերազմը ցոյց տուեց, որ խաղաղ ճանապարհով Ղարաղեան հարցի կարգաւորումը գրեթէ անհնար է դարձել, պատերազմի արդիւնքում հակամարտութիւնը տեղափոխուեց մէկ այլ հանգրուան: Այս հանգրուանում ինչպիսի՞ն պէտք է լինեն հայկական կողմի անելիքները:

– Ապրիլեան պատերազմական գործողութիւններն ամբողջութեամբ փոխեցին ղարաբաղ-ատրպէյճանական հակամարտութեան ընդհանուր կառուցուածքը եւ հարցականի տակ դրեցին Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգաւորումը: Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ճանապարհը պէտք է նորից վերագտնել, փորձելով ոչ միայն վերականգնել բանակցային գործընթացը, այլեւ հարցը բանակցային գործընթացի միջոցով ամբողջապէս հանգուցալուծել: Ի հարկէ, պէտք է հաշուի առնել, որ Ատրպէյճանի նախայարձակ գործողութիւնները ոչ միայն փոխեցին ստեղծուած ստատուս քուօն, այլ լուրջ հարցականի տակ դրեցին յետագայ փոխյարաբերութիւնները: Վիէննայում, Սենթ Բեթերսպուրկում միջնորդների նախաձեռնութեամբ տեղի ունեցած հանդիպումները, այնուհետեւ տարբեր ձեւաչափերով ՀՀ եւ Ատրպէյճանի նախագահների հետ հանդիպումները մեզ յոյսեր են տալիս, որ նորից կարող է վերականգնուել բանակցային գործընթացը եւ նորից կարող են համապատասխան լուծումների տարբերակներ թէ՛ առաջադրուել, թէ՛ ելքեր գտնուել: Պէտք է անդրադառնալ այն հանգամանքին, որ ապրիլեան գործողութիւններից յետոյ թէ՛ Վիէննայում, թէ Սենթ Բեթերսպուրկում տեղի ունեցած հանդիպումներից յետոյ մի քանի կարեւոր կէտեր ամրագրուեցին: Դրանցից ամենակարեւորները՝ հետաքննութիւնների մեխանիզմների մտցնելն է, եւ այդ մեխանիզմների միջոցով վերահսկողութեան իրականացումը, միջնորդական առաքելութիւն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի գրասենեակի ընդլայնումը: Հետաքննութիւնների մեխանիզմների կիրառման մասին վերջին մէկ տարուայ ընթացում շատ է խօսուել: Չնայած առ այսօր գործնական քայլեր չեն կատարուել, սակայն 2014 թուականի Օգոստոսից Ատրպէյճանի կողմից դիւերսիոն ներթափանցման փորձերը եւ Ատրպէյճանի կողմից ապատեղեկատուութեան տարածումը, թէ իբր հայկական կողմն է անընդհատ նախաձեռնում դիւերսիոն գործողութիւններ, մեզ արդէն իսկ յուշում էին, որ անհրաժեշտ է ճշմարտութիւնը վեր հանել: Ոեւէ մէկը չի կասկածում, որ միջնորդ երկրները քաջատեղեակ են, թէ ո՛վ է նախայարձակ լինողը, ո՛վ է դիւերսիոն ներթափանցումների փորձ անում, այդուհանդերձ, շատ կարեւոր է այս ամէնը իրաւական ձեւակերպման միջոցով արձանագրելն ու հրապարակաւ ներկայացնելը: Ցաւօք սրտի, միջնորդ երկրների համանախագահողները միշտ փորձել են երկու կողմերի միջեւ հաւասարութեան նշան դնել եւ իրենց թէ՛ յայտարարութիւններում, թէ՛ հրապարակային ելոյթներում կոչերը ուղղում էին հակամարտութեան երկու կողմերին: Նման մօտեցումները մեզ համար անընդունելի են:

– Ի՞նչ է պէտք անել ռազմական յաջողութիւն արձանագրելու եւ հիմնախնդրի կարգաւորման գործընթացում նոյնպէս առաջընթաց ունենալու համար:

– Ապրիլեան պատերազմական գործողութիւնները ցոյց տուեցին մեր թերի եւ բաց կողմերը: Չնայած հայկական զինուած ուժերը նորից սկսել են քննադատութեան թիրախ դառնալ, սակայն պէտք է կարողանանք իրավիճակը ճիշդ գնահատել եւ ճիշդ վերլուծութիւններ անել, ոեւէ մէկը չպէտք է կասկածի տակ դնի այն փաստը, որ հայկական կողմին յաջողուել է կանխարգելել Ատրպէյճանի՝ նման լայնամասշտապ գործողութիւնը, թէ ի՛նչ միջոցներով եւ ինչպիսի՛ արդիւնքներով, սա արդէն այլ հարց է: Ցաւօք, այդ գործողութիւնների ժամանակ մենք ունեցանք հարիւրից աւելի նահատակներ, որոնք մեզ համար անդառնալի են: Բայց եւ այնպէս պէտք է գիտակցել, որ մի գործողութիւն, որն իրականացուել է ամբողջ ղարաբաղ-ատրպէյճանական ճակատի երկայնքով՝ հիւսիսից մինչեւ հարաւ, կարող էր ունենալ աւելի մեծ եւ սոսկալի հետեւանքներ: Նոյնը վերաբերում է նաեւ մարդկային կորուստներին: Կարծում եմ, մենք ապագայում պէտք է ջանքեր գործադրենք մեր իսկ կորուստները վերականգնելու, ի հարկէ, մարդկային կորուստները անհնար է վերականգնել, սակայն տարածքային կորուստների առումով պետք է յստակ քայլեր գործադրել: Վերջին ամիսներին մեր ռազմական գերատեսչութիւնների, գործադիր իշխանութեան եւ համաժողովրդական ջանքները կենտրոնացուած է հենց առաջնագծին, այն՝ հակառակորդի ներթափանցումներից պաշտպանվելու լուրջ պատնէշ դարձնելու համար:

– Վերջերս շատ է շրջանառւում «տարածքներ` կարգավիճակի դիմաց» տարբերակը: Որքանո՞վ կարող է ԼՂՀ ճանաչուած կարգավիճակը ապահովել թէ՛ երկրի, եւ թէ՛ նրա բնակչութեան անվտանգութիւնը:

– Պէտք է ամէն ինչ անել, որպէսզի արմատախիլ արուի «տարածքներ զիջել» արտայայտութիւնը ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ մեր իշխանաւորների գիտակցութիւնից: Իսկ ինչ վերաբերում է կարգավիճակի հարցին, ապա 25 տարի է մենք այդ ճանապարհին ենք, 1991 թուականի Սեպտեմբերի 2-ին անկախ Արցախի հռչակումով մենք լուրջ յայտ ենք ներկայացրել միջազգային հանրութեանը մեր ինքնուրոյն տեղը ունենալու համար: Կարգավիճակի խնդիրը այն կարեւոր հարցն է, որ բանակցային գործընթացում պէտք է լինի առաջին հորիզոնականում եւ Արցախի հանրապետութեան անկախ սուպյէկտի փաստի հետ պէտք է այնպէս անել, որ հաշուի նստի միջազգային հանրութիւնը:

– Այս պահին թէ՛ հայկական, թէ՛ ատրպէյճանական կողմը փոխզիջումների գնալ չեն պատրաստւում: Ի՞նչ էք կարծում, առաջիկայում ի՞նչ է սպասւում: Ռազմական գործողութիւնների վերսկսում հնարաւո՞ր է:

-Ոչ ոք չի կարող կանխատեսել ռազմական գործողութիւններ վերսկսուելու հնարաւորութիւնը: Սակայն, մենք տարիներ շարունակ նշել ենք, որ Ատրպէյճանի ռազմատենչ յայտարարութիւնները ռազմական գործողութիւններ վերսկսելու նախապատրաստական փուլ են: Ատրպէյճանի ռազմական պոտենցիալը մեզ համար յուսախաբութեան եւ յուսահատութեան առիթ չպէտք է հանդիսանայ: Նա այդ հնարաւորութիւնը միշտ ունեցել է, դեռ 90-ականներին հակառակորդն աւելի շատ պատենցիալ ունէր, քան հայկական կողմը, խօսքը ոչ միայն ռազմական պոտենցիալի, այլեւ մարդկային ռեսուրսի մասին է: Ատրպէյճանը փորձում է իր տեղեկատուական դաշտի միջոցով հոգեբանօրէն ազդել մեզ վրայ, սակայն մենք չպէտք է թոյլ տանք, որպէսզի որեւէ կերպ մեր բարոյահոգեբանական իրավիճակի վրայ ազգեցութիւն ունենայ: Մենք պէտք է ընդունենք, որ յաղթողի տիտղոսը միշտ ուղեկից է մեզ եւ պատրաստակամ լինենք նոր միջոցներով յաղթարշաւների: Չպէտք է տուրք տանք տեղեկատուական դաշտում ստեղծուած այն մթնոլորտին, որով փորձում են ոչ միայն մեր զինուորականութեան, այլեւ ժողովրդի մէջ ստեղծել մի իրավիճակ, երբ, կարծես թէ պարտուողական հոգեբանութիւնն է դառնում ուղեկից:

– Արցախեան կողմը յստակ արտայայտել եւ արտայայտում է բանակցային գործընթացում իր ներգրաւման անհրաժեշտութեան մասին, մանաւանդ, նկատի առնելով, որ ԼՂ հիմնահարցի վերաբերեալ որեւէ որոշում կամ եզրայանգում առանց արցախեան կողմի համաձայնութեան՝ անհնար է: Ստեղծուած նոր իրավիճակում, հնարաւոր էք համարում արդեօ՞ք Արցախեան կողմին բանակցային գործընթացում ներգրաւելը:

– Ոչ միայն հնարաւոր, այլեւ անհրաժեշտ եմ համարում եւ այն յայտարարութիւնները, որոնք անում են ԼՂՀ իշխանութիւնները եւ քաղաքական դաշտի ներկայացուցիչները բխում են հարցի կարգաւորման անհրաժեշտութիւնից եւ առանց Ղարաբաղի ուղղակի մասնակցութեան՝ բանակցային գործընթացում յաջողութիւններ արձանագրելը հնարաւոր չէ: Որեւէ մէկը չպէտք է իր վրայ այդ պատասխանատուութիւնը վերցնի՝ Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծումը իրականացնի առանց Ղարաբաղի մասնակցութեան: Ի վերջոյ, մենք ունենք ժողովրդի կողմից ընտրուած օրինական իշխանութիւն: 25 տարուայ մեր գոյութեան ընթացքում որդեգրել ենք ժողովրդական ուղիով զարգանալու ճանապարհը եւ մեր պետականութեան ամբողջական հիմքը հանդիսանում է այդ ժողովրդավարութիւնը: Եւ աշխարհի հետ պէտք է խօսենք այդպիսի լեզուով: Մենք, կրելով պատասխանատուութիւն մեր ժողովրդի առջեւ, չենք կարող որեւէ մէկին արտօնել մեր ժողովրդի անունից հանդէս գալ: Մենք ունենք անվտանգութեան երաշխաւորներ, բայց այդ հասկացողութիւնը չի ենթադրում ուրիշի փոխարէն հարցի հանգուցալուծում: Այդ իսկ առումով անհրաժեշտ է, որ Հայաստանի արտաքին գերատեսչութիւնը ամէն ջանք գործադրի Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար:

– Մինչ այսօր Հայաստանի կառավարութեան կողմից յստակ հանրութեանը չի ներկայացուել, թէ ի՛նչ ձեւաչափի փոխզիջումների է պատրաստ Հայաստանը Արցախի հարցում, ո՛րն էլ առիթ է տուել հայաստանեան ԶԼՄ-ներին «ահազանգել» տարածքներ յանձնելու գործընթացի սկսման մասին: Որքանո՞վ է դա համապատասխանում իրականութեանը եւ, ի վերջոյ, ինչո՞ւ հանրութեանը չի ներկայացւում, թէ ինչի՛ շուրջ են բանակցում կողմերը:

– Վեջին ամիսներին մեր ժողովրդի մէջ թափանցած այն մտայնութիւնը, որ կարելի է հողեր զիջելով որոշակի հանգուցալուծման եզրայանգել՝ ուղղակի անընդունելի է: Հայաստանի իշխանութիւնները պէտք է զիջումների եւ փոխզիջումների հասկացողութիւնը որոշակի հիմնաւորումներով ներկայացնեն հանրութեանը, քանի որ, երբ խօսւում է փոխզիջումների մասին, մենք ակնյայտօրէն զգայուն կերպով անդրադառնում ենք հողային զիջումներին, իսկ հողային զիջումների մասին խօսք լինել չի կարող:

Այսօր Ատրպէյճանը փորձում է ճնշումների միջոցով պարտադրել հայկական կողմին գնալ ինչ-ինչ զիջումների: Սակայն մենք զիջման գնացել ենք դեռեւս 24 տարի առաջ զինադադար կնքելով Ատրպէյճանի հետ: Պէտք չէ մոռանալ այդ ժամանակ ինչ կարգավիճակում էր գտնւում Ատրպէյճանը, եւ ինչպիսի պայմաններում կնքուեց այդ զինադադարը: Բանակցային գործընթացում պէտք է փորձել անդրադառնալ ելակէտներին: Պէտք է անդրադառնալ նաեւ հայկական հարցի ակունքներին` նկատի ունեմ ոչ միայն պատմական ակունքներին, այլեւ իրաւաքաղաքական ակունքներին: Ատրպէյճանը իր ակրեսորի կարգավիճակով փորձում է հայկական կողմին միջազգային ատեաններում ներկայացնել որպէս ակրեսոր եւ ինչ-որ չափով դա նրան յաջողւում է, մենք պէտք է կարողանանք գործնական քայլերով արմատախիլ անել նման մօտեցումները, միաժամանակ մեր իսկ հասարակութեան մէջ արմատախիլ անելով զիջողական, պարտուողական տրամադրութիւնները:

ԱՐՄԻՆԷ ՆԱՌԻՆԵԱՆ

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.