Միայն Արցախի միջազգային ճանաչման դէպքում կարող ենք խօսել մեր տարածաշրջանում կայուն եւ խաղաղ ապագայի մասին
«Այն, ինչ տեղի ունեցաւ այս տարուայ Ապրիլին, սպասելի էր: Վերջին տարիներին բանակցային գործընթացում որոշակի առաջընթացի ապահովմանն ուղղուած քայլեր ձեռնարկելու փոխարէն Ատրպէյճանը դիմում էր այնպիսի գործողութիւնների ու հանդէս գալիս այնպիսի դիրքերից, որոնք ուղղակի յղի էին ռազմական գործողութիւնների վերսկսմամբ»,- անդրադառնալով ապրիլեան քառօրեայ պատերազմական գործողութիւններին՝ «Հորիզոն»-ի հետ զրոյցում յայտնեց ԼՂՀ Արտաքին գործերի նախարար Կարէն Միրզոյեանը:
Նախարարի խօսքերով՝ Ապրիլի սկզբին ԼՂՀ դէմ սանձազերծուած լայնածաւալ ռազմական ակրեսիային յաջորդած ժամանակահատուածը բաւականաչափ էր որոշակի եզրայանգումներ անելու համար: ԼՂՀ իշխանութիւններն իրենց մտահոգութիւնները բազմիցս ներկայացրել են միջնորդներին ու միջազգային հանրութեան ներկայացուցիչներին, ինչպէս նաեւ հնչեցրել հրապարակային տարբեր ելոյթներում՝ նշելով, որ մի երկիր, որի քաղաքականութեան հիմքում ընկած են մարդատեացութիւնն ու ազգային խտրականութեան սկբունքները, մի երկիր, որն իր համար թշնամի է հռչակել ողջ հայութեանը եւ շարունակում է մեծ քանակութեամբ զէնք-զինամթերք գնել, չի կարող խաղաղութեան ապահովման տեսանկիւնից վստահելի գործընկեր լինել:
«Ցաւօք, մեր հորդորները, մեր հնչեցրած ահազանգը չընկալուեցին միջազգային հանրութեան կողմից, եւ արդիւնքում տեղի ունեցան այդ իրադարձութիւնները»,- նշեց նա:
Անդրադառնալով պատերազմից քաղուելիք դասերին՝ նախարարը կարծիք յայտնեց, որ հիմնական դասը հետեւեալն է՝ պետք է արուի ամեն ինչ, որպէսզի հայութեան բոլոր հատուածների միասնականութիւնը պահպանուի: «Ակնյայտ է՝ քանի դեռ չի վերացուել հիմնական պատճառը, այն է՝ Ատրպէյճանի ոչ կառուցողական դիրքորոշումը, նման իրավիճակներ կարող են կրկնուել: Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեամբ մենք կարող ենք դիմակայել բոլոր խոչընդոտներին եւ դժուարութիւններին»,- շեշտեց Կ. Միրզոյեանը:
Լրագրողի հարցին, թէ որքանո՛վ է իրատեսական նախարարի այն պնդումը, որ ԼՂՀ անվտանգութեան երաշխիքներից մէկը միջազգային ճանաչումն է եւ հնարաւո՞ր է արդեօք այս հանգրուանում ԼՂՀ միջազգային ճանաչում, Կ. Միրզոյեանը պատասխանեց.
«ԼՂՀ միջազգային ճանաչումը կը հանդիսանայ հզօր լծակ ԼՂՀ անվտանգութեան ապահովման համար: Կարծում եմ, որ ոչ թէ ժամանակավրէպ է այդ պահանջը, այլ՝ անգամ ուշացած: ԼՂՀ-ն պէտք է ճանաչուի միջազգային հանրութեան կողմից: Միայն այդ դէպքում կարող ենք խօսել այս տարածաշրջանում կայուն եւ խաղաղ ապագայի մասին»:
Անդրադառնալով ապրիլեան քառօրեայ պատերազմական գործողութիւններից յետոյ աւելի բուռն կերպով քննարկուող փաստաթղթերին՝ Մատրիտեան, այնուհետեւ՝ Կազանի, որոնք մի շարք փոխզիջումներ են ենթադրում, արտգործնախարարը շեշտեց.
«Ակնյայտ է, որ հակամարտութեան համապարփակ եւ կայուն կարգաւորումը հնարաւոր է միայն արցախահայութեան ինքնորոշման իրաւունքի եւ նրա իրացման արդիւնքում ստեղծուած Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչման ճանապարհով։ Ատրպէյճանի՝ այս ճշմարտութեան անտեսման վրայ հիմնուած քաղաքականութիւնը եւ իւրաքանչիւր առիթով եւ անառիթ ցուցադրուող ռազմատենչ կեցուածքը, ուղղակի զրոյականի են հասցնում ցանկացած փոխզիջման հաւանականութիւնը, անիմաստ դարձնում այսօր դրա մասին խօսելը»:
Կարէն Միրզոյեանը համոզուած է, որ այն, ինչին մենք ականատես ենք եղել եւ շարունակում ենք ականատես լինել, հենց վկայութիւնն է այն բանի, որ առանց ԼՂՀ-ի՝ բանակցային գործընթացի բոլոր փուլերին լիարժէք մասնակցութեան իրատեսական չէ հասնել հակամարտութեան կարգաւորմանը:
«Այսօր մենք ունենք բանակցային գործընթաց, որն ընթանում է աղաւաղուած ձեւաչափով, եւ հենց դրանով են պայմանաւորուած մի շարք խնդիրներ, որոնք առաջանում են բանակցային գործընթացի ընթացքում»:
Պատասխանելով ռազմական գործողութիւնների հնարաւոր վերսկսման մասին լրագրողի հարցին՝ նախարարն ընդգծեց, որ եթէ չձեռնարկուեն որոշակի քայլեր, եւ Ատրպէյճանը շարունակի նման անպատիժ պահուածքը, ապա ռազմական գործողութիւնների վերսկսումը կրկին հնարաւոր կը դառնայ:
«Խօսքը, նախ եւ առաջ, դիւանագիտական քայլերի մասին է. վերջին շրջանում կայացած հանդիպումների արդիւնքում հարց էր բարձրացուել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենեակի ընդլայնման, շփման գծում տեղի ունեցող միջադէպերի հետաքննման մեխանիզմների ներդրման վերաբերեալ: Եթէ մենք հետեւողական չլինենք այս հարցերում, եթէ չձեռնարկուեն անհրաժեշտ քայլեր, որոնք կը նուազեցնեն Ատրպէյճանի ռազմական հռետորաբանութիւնը, ռազմատենչ տրամադրութիւնները, մենք կարող ենք կրկին ականատես լինել նման իրավիճակի: Ատրպէյճանը շանտաժի քաղաքականութիւն է վարում, որն ուղղուած է ոչ միայն մեր, այլեւ ողջ միջազգային հանրութեան դէմ»:
ԱՐՄԻՆԷ ՆԱՌԻՆՅԵԱՆ