Սասունն ու Սասունի հայերը Ցեղասպանութիւնից յետոյ մինչ այսօր (Ա.)


Մարաթուկի լանջին գտնուող «Օթնակ» (Եօթն ակ – եօթնաղբիւր) դաշտին մէջ արաբախօս հայեր , 2014թ. Լուսանկարը՝ Սթելլա Աւագեանի

 

Սոֆիա Յակոբեան
«Ակունք»

Որքա՞ն հայ փրկուեց Սասունում, նրանք ինչպէ՞ս շարունակեցին իրենց կեանքը, ի՞նչ դժուարութիւնների միջով անցան, եւ որտե՞ղ են հիմա նրանց ժառանգները…

Այս ուսումնասիրութիւնը, որի մէջ ներառուած են Սասունի` Ցեղասպանութիւնից մինչ օրս քրիստոնեայ եւ իսլամացուած հայերի թուաքանակի, բնակութեան վայրերի, նոր գաղթի ուղղութիւնների, լեզուի, կրօնի ու ազգային ինքնագիտակցութեան մասին տեղեկութիւններ, նպատակ ունի օգնելու ոչ միայն թեման ուսումնասիրող տարբեր մասնագէտների, այլեւ մէկ դար շարունակ իրենց նախնիների գիւղերը եւ կորած ազգականներին փնտռողներին:

Ինչպէ՞ս փրկուեցին հայերը Սասունում

Անշուշտ, Սասունի լեռնային անառիկ դիրքը մեծ նշանակութիւն է ունեցել այստեղ հայերի փրկութեան հարցում: Սակայն, ի պատիւ սասունցիների, պէտք է նշենք, որ նրանց կազմակերպած ինքնապաշտպանութիւնը ահռելի մեծ դեր խաղաց, ու թէեւ Սասունի 1915 թ. ինքնապաշտպանութիւնը ի վերջոյ ճնշուեց, սակայն այն ապարդիւն չանցաւ: Նոյնը կարելի է ասել մուսալեռցի, վանեցի, շապինգարահիսարցի հայերի մասին, որոնք փրկուել էին հիմնականում զինուած դիմադրութեան շնորհիւ (1):

Հայ որբերին փրկել են նաեւ որոշ քրտական եւ արաբական աշիրէթներ:

«Փրկել» հասկացութիւնն, անշուշտ, յարաբերական է, քանի որ փրկողներն հիմնականում հետապնդում էին իրենց շահերը. որբ աղջիկներին տանում էին որպէս աղախիններ կամ ապագայ հարսնացուներ, իսկ տղաներին՝ որպէս ձրի աշխատուժ, այլ կերպ ասած՝ ստրուկներ: Անշուշտ հայ որբերին իսկապէս պաշտպանող ընտանիքներ նոյնպէս եղել են, որոնք նրանց մեծացրին որպէս հայերի:

Այսպիսով՝ 1920-ականների երկրորդ կէսին, երբ այս որբերը մեծացան եւ իրենց սեփական տնտեսութիւնն ու ընտանիքները հիմնեցին, փորձեցին առանձնանալ աշիրէթներից, յայտնուեցին մահմետական հարեւանների հետ հողային վէճերի ու կռիւների մէջ, ուստի յաճախ ստիպուած էին տեղափոխուել գիւղից գիւղ՝ փորձելով իրենց համար գտնել համեմատաբար հանգիստ միջավայր: Կարեւոր է նշել, որ անգամ Թուրքիայի Հանրապետութեան հռչակումից յետոյ, երբ փաստացի վերացուեց «աղայական համակարգը», միեւնոյնն է, Սասունում փրկուած հայերը միշտ ընկալուել են որպէս ինչ-որ մի աղայի սեփականութիւն:

Իսլամացուած հայերի մասին իրենց ուսումնասիրութիւնում այս խնդրին յատուկ անդրադարձել են նաեւ Լ. Ռահթերն ու Մ. Սվազլեանը. նրանք նշում են, որ, բացի հայերի զինուած դիմադրութիւնից, մեծ դեր է խաղացել այն, որ Սասունում ֆէոտալական համակարգը չափից դուրս հզօր էր, ու թէեւ աղաների ձեռքում հայերը յաճախ ստրկացուած էին, փաստն այն է, որ դա ինչ-որ չափով ապահովում էր նրանց ֆիզիքական գոյութիւնը:

Նոյն աշխատութեան մէջ հեղինակները իրաւացիօրէն նշում են ներհամայնքային ամուսնութիւնները՝ որպէս եւս մէկ փրկութեան միջոց (2):

Եւ իսկապէս, Թուրքիայում որեւէ սասունցի հայ ընտանիքի տոհմածառն ուսումնասիրելիս անհնար է չշփոթուել: Պատճառն այն է, որ ինչպէս իրենք են ասում, «Միմեանց մէջ ենք աղջիկ առել-տուել», ինչի արդիւնքում ազգակցական կապերն արդէն նմանուել են խճճուած թելի կծիկի: Այսպիսով` Սասունի գիւղերում մնացած հայերը Ցեղասպանութիւնից յետոյ նոյնպէս շարունակել են ամուսնանալ միայն հայերի հետ: Ի հարկէ, բացառութեամբ այն դէպքերի, երբ հայ աղջիկներին փախցնում էին մահմետականները:

Իսկ իսլամացուած հայերի մէջ նոյնիսկ հանդիպում ենք ազգականների միջեւ ամուսնութեան դէպքերի: Թէեւ նրանք գիտակցում են, որ ըստ հայկական աւանդոյթի նման ամուսնութիւնները դատապարտելի են, սակայն յաճախ նախընտրել են նման ամուսնութիւնը, քան քրտերին կամ արաբներին աղջիկ տալը: Բացի այդ՝ սասունցիների մօտ չափազանց ամուր են ընտանեկան կապերը, եւ մինչ օրս նրանց մեծ մասը չի խախտում ներհամայնական ամուսնութիւնների աւանդոյթները: Միայն վերջին ժամանակաշրջանում՝ Ցեղասպանութիւնից հարիւր տարի անց, Թուրքիայում սասունցիների մէջ սկսուել են գրանցուել խառն ամուսնութիւնների հատուկենտ դէպքեր:

Սասունցիների ընտանիքները բաւականին բազմանդամ են. «մէկ տուն» կամ «մէկ գերդաստան» հասկացութեան տակ կարելի է նկատի ունենալ նուազագոյնը 200-300 հոգի: Իսկ որոշ տոհմերի անդամների թիւն հասնում է 800-1000 հոգու: Դա բնական է, քանի որ Սասունում հայերը Ցեղասպանութիւնից յետոյ իրենց ժառանգներին խրախուսում էին հնարաւորինս շատ երեխաներ ունենալ: Այդ առիթով ասում էին. «Այս աշխարհում բոլորովին մենակ մնացինք, պիտի բազմանանք»: Մինչեւ անցեալ դարի վերջերը սասունցի հայերի ընտանիքներում կարելի էր հաշուել միջինը 8-9 երեխայ, կան անգամ մինչեւ 20 երեխայ ունեցող մայրեր: Վերջին 15 տարում պատկերը փոքր-ինչ այլ է. պատճառը հիմնականում դէպի քաղաք մեծ արտագաղթն է:
Սասունը ժամանակակից Թուրքիայի քարտէզի վրայ
Առաջին դժուարութիւնը, որի հետ ուսումնասիրողները բախւում են, քարտէզի վրայ Սասունի ամբողջական տարածքը գտնելն է: Ինչպէս յայտնի է, պատմական Սասունի տարածքն այսօր տրոհուած է. Թուրքիայի Պաթման նահանգի մարզ հանդիսացող «Սասոն»-ը պատմական Սասունի միայն մի փոքրիկ մասն է կազմում, իսկ միւս շրջանները տարբեր տարիներին միացուել են Տիարպեքիրի, Մուշի, Պիթլիսի ու Սղերդի նահանգներին: Բացի Մօտկանից, որը Սասունից անջատուեց դեռեւս 1877-ին, մնացած բոլոր տրոհուած շրջանները վարչականօրէն բաժանուել ու անուանափոխուել են Ցեղասպանութիւնից յետոյ:

Այս բաժանումներն, անշուշտ ազդել են նաեւ փրկուած սասունցիների հետագայ կեանքի պայմանների վրայ: Ըստ այդմ՝ կարելի է Արեւմտեան Հայաստանում բնակուող սասունցիներին բաժանել մի քանի խմբերի, որոնք երբեմն տարբերւում են իրարից թէ՛ ազգային ինքնագիտակցութեան, թէ՛ մի շարք այլ առումներով:

Այս աշխատութեան մէջ փորձել ենք առանձնացնել պատմական Սասունի այն շրջանները, որտեղ Ցեղասպանութիւնից յետոյ պահպանուել են հայաբնակ գիւղեր, նշուած են այս շրջանների նոր թուրքական անուններն ու այն նահանգները, որոնց կազմի մէջ են մտցուել այդ շրջանները:
Խօսւում է նաեւ սասունցի հայերին յատուկ կրօնական, լեզուական եւ այլ առանձնայատկութիւնների մասին՝ ըստ շրջանների եւ գիւղերի:

Սասունի հայաբնակ գիւղերը Ցեղասպանութիւնից յետոյ
Ցեղասպանութիւնից յետոյ տասնամեակներ շարունակ Սասունի լեռներում մէկուսի կեանք վարող հայերի խմբերի մասին առաջին անգամ պաշտօնապէս խօսել է Կ. Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք Գալուստեանը՝ իր յայտնի երուսաղէմեան ելոյթում: Նա տեղեկացնում է, որ իր ձեռքում կայ Սասունի այն 35 գիւղերի ցուցակը, որտեղ դեռ ապրում էին հայեր:

Ինչպէս յայտնի է, Շնորհք պատրիարքն այն եզակի նուիրեալներից էր, ով արհամարհելով բազում վտանգներ ու պետութեան կողմից հետապնդումները, ձեռնամուխ եղաւ Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառներում մնացած եւ իսլամացուած հայ մանուկներին դարձի բերելու գործին՝ Կ. Պոլսում նրանց հայեցի կրթութիւն տալով եւ վերջնական ձուլումից փրկելով (Արեւմտեան Հայաստանի տարածքում Ցեղասպանութիւնից յետոյ երբեւէ չեն գործել հայկական դպրոցներ): Պատրիարքին իր մի քանի հաւատարիմ աշխատակիցների հետ յաջողուեց մօտ 8000 հայ մանուկների մկրտել եւ հայկական դպրոցներ ուղարկել (3):

Պատրիարքի գործակիցները, ովքեր ամիսներ շարունակ դեգերում էին Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառներում, հասան նաեւ լեռնային Սասուն: Այստեղ նրանք որոշ դժուարութիւնների հանդիպեցին ոչ միայն գաւառի անառիկ դիրքի կամ այն պատճառով, որ Ցեղասպանութիւնից յետոյ ծպտեալ հայերը հաստատուել էին Սասունի ամենաբարձրադիր ու անմատչելի գիւղերում: Ըստ մի շարք վկայութիւնների՝ հանդիպում էին հակազդեցութեան հենց հայ գիւղացիների կողմից, քանի որ ոմանք կտրականապէս դէմ էին իրենց զաւակներին Կ. Պոլիս ուղարկելու եւ գիւղը լքելու գաղափարին: Ու թէեւ պատրիարքի մարդկանց գործունէութիւնը Սասունի հայաբնակ գիւղերում այդքան մեծ արդիւնք չունեցաւ, որքան միւս գաւառներում, սակայն նրանց ուսումնասիրութիւնների շնորհիւ պատրիարքի ձեռքում յայտնուեց հենց այդ հայաբնակ գիւղերի առաջին ու միակ ցուցակը:

Այս ցուցակից բացակայում էր միայն պատմական Սասունի Մօտկանի շրջանը՝ դեռեւս հայաբնակ մնացած ընդամէնը 5 գիւղերով, քանի որ այն դեռ մինչ Ցեղասպանութիւնը պաշտօնապէս կցուել էր Պիթլիսի նահանգին: Բացի այդ՝ այս ցուցակի մէջ չէին մտել նաեւ Ռաբաթ, Զիլան, Տերէ եւ Հազզօ գիւղերը, որոնք հայաթափուել էին 1930–ականներին: Այդ մի քանի գիւղերի անուններն էլ աւելացնելով՝ կարող ենք հաշուել շուրջ 44 գիւղ, որտեղ Ցեղասպանութիւնից յետոյ շարունակել են ապրել սասունցի հայեր:

Ներկայում այդ գիւղերի թիւը նուազել է մինչեւ 15-20 (թուերը տատանւում են, քանի որ որոշ գիւղերում հայերը լինում են միայն ամրանը, իսկ ձմեռում են Սթամպուլում):
Եւս մէկ նկատառում. խօսքն այն գիւղերի մասին է, որտեղ դեռ կարելի է գտնել իրենց ծագման մասին չմոռացած հայերի, մինչդեռ ամբողջովին ձուլուած հայերի թոռներ ապրում են Սասունի գրեթէ ամէն գիւղում:

Իսլամացուած եւ քրիստոնեայ սասունցիների թուաքանակը եւ առանձնայատկութիւնները

Իսլամացուած կամ ծպտեալ հայերի մասին խօսելիս մարդկանց, թերեւս, ամենաշատը հետաքրքրում է նրանց թուաքանակը: Եթէ աւելի իրատես լինենք եւ յաճախ քննարկուող այդ մի քանի միլիոնից հանենք նրանց, ում կապը հայութեան հետ սահմանափակւում է զուտ կենսաբանական իմաստով եւ ոչ աւելին, եւ եթէ փորձենք փնտռել փրկուած հայերի այն ժառանգներին, ովքեր դեռ մէկ դար անց գիտակցում ու պահպանում են իրենց ազգային ինքնութիւնը, ապա շատ աւելի համեստ թուեր կը ստանանք:

Ինչ վերաբերում է հայ տատիկներ ունեցողներին, ապա պարզ է մէկ բան. այդքան շատ մարդկանց՝ «տատիկս հայ էր» խոստովանութիւնների տակ թաքնուած է հիմնականում երկու բան. Կա՛մ պապիկը շարքային ցեղասպաններից էր, որոնց հայ կանայք աւարի տեսքով էին հասնում, կա՛մ պապիկն էլ է հայ, բայց տուեալ անձն իր հայ լինելը ամբողջութեամբ հաստատելու խիզախութիւն, գիտակցութիւն կամ ցանկութիւն չունի:

Կրկին վերադառնալով Շնորհք Գալուստեանի երուսաղէմեան ելոյթին՝ դրանից մէջբերենք Արեւմտեան Հայաստանի գաւառահայութեան հիմնական չորս խմբերի մասին նրա բնորոշումը.

1. Հայեր, որոնք գիտակցաբար եւ կամաւոր կերպով իսլամացել են, խզուել են հայութիւնից եւ ապրում են թուրքերի մէջ:

2. Հայեր, որոնք երեք սերունդ առաջ իսլամացել են եւ քրտական աշիրէթական ձեւերով ապրում են մեկուսի եւ չեն խառնւում: Գիտեն, թէ հայ են եւ երազում են վերադառնալ իրենց կրօնին, եթէ պայմանները ներեն:

3. Կամայ թէ ակամայ իսլամացած հայեր, որոնք իրենց հայկական զգացումը պահել են եւ Կ. Պոլիս հասնելուն պէս դատարանի միջոցով իրենց անձնագրի մէջ նշուած «իսլամ» բառը փոխարինում են «Էրմենի»ով:

4. Բուն գաւառահայեր, որոնք ի պատիւ իրենց, բոլոր զգալի եւ անզգալի դժուարութիւնների՝ հայ են մնացել եւ այսօր Սթամպուլի հայութեան մեծագոյն մասը նրանցից է բաղկանում :
Սասունում մնացած հայերին կարելի է դասել պատրիարքի առանձնացրած այս չորս խմբերից վերջին երեքին միանգամից (4):

Բացի այս խմբերից՝ կարելի է առանձնացնել սասունցի հայերի եւս մէկ խումբ, որն իսլամաց(ու)ել է աւելի ուշ՝ 1970-80 թթ. ճնշումների ժամանակ: Այս մարդիկ դեռեւս տիրապետում են հայերէնին եւ չեն թաքցնում իրենց հայկական ծագումը, սակայն քրիստոնէութեանը վերադառնալու միտք չունեն:
Ինչ վերաբերւում է Թուրքիայի սասունցիների թուաքանակին, նշենք, որ Կ. Պոլսի հայ համայնքի միայն 1/3-ը, այսինքն՝ 20 000-ը հենց սասունցիներ են: Նրանց շատերը Կ. Պոլիս են գաղթել 1970-80-ական թթ.: Համայնքում նրանց ասում են «նոր եկածներ», քանի որ գաւառահայերի շրջանում ամենավերջինը հենց սասունցիներն են դուրս եկել Արեւմտեան Հայաստանից եւ հաստատուել Կ. Պոլսում:

Կ. Պոլսում հաստատուած եւ հայ համայնքի մաս կազմող քրիստոնեայ սասունցիների թիւը յստակ է, քանի որ նրանք երկրի օրէնքի համաձայն իրենց փասթաթղթերում էլ են գրանցում իրենց քրիստոնեայ լինելը: Իսլամացուած սասունցիների թիւը պարզելը շատ աւելի բարդ է. մեր ձեռքի տակ եղած տեղեկութիւններով կարող ենք յանգել մօտաւոր տուեալների:

Պաթմանի եւ Պիթլիսի նահանգներում իսլամացուած սասունցիների թիւն անցնում է 15 000-ը (չհաշուած Սթամպուլ արտագաղթած ազգականները):

Մօտ 6000-7000 իսլամացուած հայեր կան պատմական Սասունի արեւմտեան հատուածում՝ Խուլբի շրջանում, որը ներկայում Տիարպեքիրի կազմում է:

Ըստ տարբեր տուեալների՝ միայն Մուշում բնակւում է Սասունի լեռնային գիւղերից այստեղ տեղափոխուած 15-20 000 իսլամացուած հայ :

Իսլամացուած սասունցիներ կան նաեւ Սղերդի նահանգի Քուրթուլան շրջանում (պատմական Սասունի Խարզանի շրջան), որոնց թիւը, սակայն անյայտ է: Սրանք համեմատաբար փոքրաթիւ լինելու եւ տարբեր աշիրէթների միջեւ ցրուածութեան պատճառով համայնք դառնալու հնարաւորութիւն չեն ունեցել եւ ձուլուել են:

(Մաս Ա.)

1. Հայկազուն Ալվրցեան, Կրօնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի ՀանրապետութիւնումՓրկուածները» բաժինը):

2. Max Sivaslian, Laurence Ritter, Kılıç Artıkları, Hrant Dink Vakfı Yayınları, 2013 – «Hayatta kalma strajedisi olarak» endogamy» evlilik:

3. Max Sivaslian, Laurence Ritter, Kılıç Artıkları, Hrant Dink Vakfı Yayınları, 2013 – 1/ Bir Misyoner gibi Patrik Kalustyan:

4. Մէջբերումն ըստ Կարէն Հ. Խանլարիի՝ Հայ բնակչութեան էթնօկրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005 թթ.) գրքի:


Leave a Comment

You must be logged in to post a comment.