Արամ Մանուկեան Վտարանդի` Մահից Յետոյ Ու Ի՛ր Կերտած Հայրենիքում


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍԵԱՆՑ

 Փողը մի ովկիանոս է, որի մէջ խեղդւում են վախը, սէրը եւ պատիւը:

ԱՒԵՏԻՔ ԻՍԱՀԱԿԵԱՆ

Կարո՞ղ էք պատկերացնել, որ Փարիզի քաղաքապետը բիզնես-կառոյցներին վաճառի ֆրանսական թագաւորների Լուվրի պալատը, կամ Լոնտոնի քաղաքապետը վաճառի Ուինսթոն Չըրչիլի տունը, իսկ Հաւանայի քաղաքապետը աճուրդի հանի Ֆիտել Քասթրոյի տունը: Պատկերացրեցի՞ք: Դժուա՛ր: Նման բան անհնար է պատկերացնելն անգամ: Բայց վերադառնանք հայկական իրականութիւն:

53b0df09

Երբ 1917 թուականի դեկտեմբերի կէսերին Արամ Մանուկեանը եկաւ Երեւան, նրան` Վանի նահանգապետին, Արեւելեան Հայաստանի այդ պահի ղեկավարին ցնծութեամբ դիմաւորեցին: Երեւանի պատուարժան քաղաքացիներից մէկը` Ֆադէյ Քալանթարեանը, նրան նուիրեց իր համար ճարտարապետ Բորիս Մեհրաբեանի նախագծով այն ժամանակի Ցարսկայա փողոցում 1910 թուականին կառուցուած երկյարկանի տունը: Այս փոքրիկ շինութիւնն այդ պահից դարձաւ հայոց պատմութեան մաս: Այդտեղ 1917 թուականի դեկտեմբերի կէսերից մինչեւ 1919 թուականի յունուարի 29-ը` մինչեւ իր մահը, ապրել է Արամ Մանուկեանը: Այդ տանն է նրա մահից չորս ամիս առաջ ծնուել նրա դուստրը` Սեդան: Արամ Մանուկեանի մահից յետոյ այդ տանն է ապրել նրա այրին` Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր Եկատերինա Զալեան-Մանուկեանը, 1920 թուականից սկսեալ` նաեւ Հայաստանի Հանրապետութեան երրորդ վարչապետ Համազասպ Օհանջանեանը` ընտանիքի հետ: (Փակագծում ասենք, որ Ցարսկոյէ փողոցը 1919 թուականին` Արամի մահուանից յետոյ, Հայաստանի կառավարութեան որոշմամբ անուանափոխուել է` դառնալով Արամի փողոց: 1921-1991 թթ. այն կրել է Սպանդարեան անունը, իսկ 1991-ին փողոցը վերստին վերստացել է Արամի անունը):

2005 թ. Երեւանի քաղաքապետարանը օտարել է Արամի, Բիւզանդի, Կողբացու փողոցներով եզրափակուած տարածքը: Արամի տան հատուածը եւս ներառուել է օտարուած հողի մէջ: Այդ տարածքը գնել է «Գլենդել Հիլզ»-ը:

Քաղաքապետարանի ներկայացուցիչները երբեմն յայտարարում են, թէ Արամի տունը չի վաճառուել, այն տեղում է: Փա՛ռք Աստծոյ, որ «Գլենդել Հիլզ»-ը այն չի փաթեթաւորել ու տարել: Բայց մեր ոխերիմ թշնամուց աւելի վատ է վարուել. հանել է շէնքի ծածկը, առաջին-երկրորդ յարկերի կտուրները եւ արդէն 10 տարի սպասում է, թէ երբ այդ չորս պատերը կ՛աւերուեն, ու կը դադարի չեղած տան մասին խօսակցութիւնը:

Այո՛, Արամի տունը իր տակ եղած հիմնահողով վաճառուել է: Բայց` ոչ միայն շէնքի տակ եղած հիմնահողը, այլ նաեւ` այդ հողի վրայ գտնուող չորս պատը: Իսկ այդ պատերը Հայոց հոգեւոր պատմութեան մասունք են, քանի որ այդ պատերի ներսում եղած բնակարանում է ապրել եւ մահացել Արամ Մանուկեանը: Իրականում վաճառուել է ոչ թէ Արամի 9 հասցէի սովորական հիմնահողը, այլ` Հայաստան պետութեան հիմնադիր Արամ Մանուկեանի տունը:

Քաղաքապետարանի թէ՛ այն ժամանակի, թէ՛ ներկայ պատասխանատուները կարող են հակադարձել, որ ի՜նչ վատ բան կայ. վաճառել են, որ վերականգնուող «Հին Երեւան» ծրագրի շրջանակում Արամի 9 հասցէի աւերակի դիմապատը պահպանուի` վրան էլ ցուցանակ, թէ այդ պատի յետեւում ապրել է Հայաստանի նորօրեայ պետականութեան հիմնադիր Արամ Մանուկեանը:

Այսպէս կարելի է արդարացնել ցանկացած սրբապղծութիւն:

Մարդիկ մոռանում են, որ գործել ու գործում է մի բարոյական չափանիշ` չի՛ կարելի վաճառել ազգի մեծերի յիշատակը: Սա անհերքելի իրողութիւն է: Այս դէպքում փաստօրէն վաճառել են Երկրի բարոյական յիշողութիւնը:

Մի քանի խօսք էլ` Արամ Մանուկեանի գերեզմանի եւ այժմեան գերեզմանին խաչքար կանգնեցնելու մասին: Հայ ժողովուրդը իր հերոսին յուղարկաւորել է ներկայիս Կոմիտասի անուան պանթէոնում, եւ այն ժամանակների Ամենայն Հայոց կաթողիկոսը աղօթքով հրամայել է, որ ազգի մեծ որդու գերեզմանն անշարժ մնայ: Սակայն եկել են ծինական այլ արարածներ եւ նրա աճիւնը նախ շարժել ու վերաթաղել են Կոզեռնի գերեզմանոցում, ապա` այստեղից տեղափոխել ու հողին յանձնել Թոխմախի գերեզմանոցում` մէկ այլ ընտանիքի գերեզմանատարածքում: Մտածել են, թէ այն այդպէս էլ կը կորչի ու կը մոռացուի:

Բայց այդպէս չեղաւ: Արամի գերեզմանատեղը չմոռացուեց:

Հայրենասէր հայերի մի խումբ` Վարագ Առաքելեան, Գարեգին Մխիթարեան, Արցախ Բունիաթեան, Ժորա Բարսեղեան, Մկրտիչ Սահրադեան, ուրիշներ 1979-ին նախ ճշդել են թաղման տեղը, ապա որոշել Արամ Մանուկեանի գերեզմանին խաչքար կանգնեցնել: Խաչքարը նախկին քաղբանտարկեալ ու նուիրեալ Գուրգէն Արմաղանեանի տան բակում պատրաստել է քանդակագործ Գառնիկ Ամիրջանեանը: Բացարձակ գաղտնիութեան պայմաններում այն 1982 թ. օգոստոսի 11-ին Սերգեյ Մարդանեանի մեքենայով հասցուել է Թոխմախի գերեզմանոց եւ ճանապարհահատուածից գերեզմանոցի չորս բանուոր, ձեռքերի վրայ, առանց որեւէ սարք օգտագործելու, այն հասցրել են Արամ Մանուկեանի գերեզմանին: Այս ամէնն ասացի, որ պատկան մարմիններն Արամ Մանուկեանի աճիւնը տեղափոխելու պարագային չանհանգստանան խաչքարի տեղափոխութեան դժուարութիւնների հարցով: Այն ինչպէս ձեռքով հասցուել է գերեզմանոց, այդպէս էլ ձեռքով կ՛իջեցուի մինչեւ ճանապարհահատուած: Իսկ եթէ մերօրեայ պատասխանատուները շարունակեն ազգային սրբութիւններին չնկատել, ուրեմն այդ շիրմաքարը թո՛ղ յաւերժ մնայ նոյն տեղում` ապրող իշխանաւորներին յիշեցնելու համար, թէ ինչպիսի դեգերումների են դատապարտել մեծ հային` իր յաւերժութեան ճանապարհին:


Leave a Comment

You must be logged in to post a comment.