107-ամեայ մուսալեռցու՝ Խոսրով Ֆրանքեանի կեանքի ոդիսականը

Հայոց պատմութեան ողբերգական էջերին դրոշմուած են նաեւ մեր հերոսամարտերը, որոնց մասին, հարկ է, թերեւս, աւելի շատ խօսել, պատմել եւ նոր սերնդին ոգեշնչել յաղթանակների ոգով: Այդ յաղթական պատմութիւնների մէջ առանձնայատուկ տեղ ունի Պատմական Կիլիկիան Հայաստանի Մուսալերան՝ Մտքի լերան (արաբ.) դիմադրութիւնը, որին անդրադարձել է Ֆրանս Ուերֆելն՝ իր «Մուսալերան 40 օրը» գրքում: Այդ հերոսամարտի, կեանքի ու մահուան դիմադրութեան մասին բազմաթիւ նիւթեր են հրապարակուել, ներկայացումներ բեմադրուել, յուշարձաններ են կառուցուել Մուսալերան նուիրուած, երգեր են գրուել… Աշխարհի ո՛ր ծայրում էլ ապրի մուսալեռցին, նա հաւատարիմ է իր պապերի անկոտրում կամքին ու հաւատքին, իր յիշողութիւններին, իր բարբառին, իր մշակոյթին, իր անզուգական երգերին ու պարերին, իւրայատուկ կերակուրներին… Գանատայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր, արմատներով մուսալեռցի Վահագն Գարագաշեանի նախաձեռնութեամբ Ցեղասպանութիւնը վերապրած 100 եւ աւելի տարիք ունեցող մուսալեռցիների որոնումները Հայաստանում ապարդիւն չեն անցնում. մենք գտնում ենք նրանց՝ 107 եւ 105 տարեկան մուսալեռցիներ Խոսրով Ֆրանքեանին ու Յովհաննէս Պալապանեանին եւ զրուցում, որի ընթացքում Հայոց պատմութեան այս նշխարները պատմում են իրենց մանկական յիշողութիւնները, իրենց ծնողների պատմածները Մուսալերան մասին, իրենց դրախտ–ծննդավայրերի մասին՝ Վագըֆի, Պիթիասի, Քապուսիէի, Մուսալերան միւս քաղաքների ու գիւղերի մասին, եւ նրանցից ամէն մէկն ան ում է իր ծննդավայրի գովքը: Երբեւէ որեւէ տեղ կրթութիւն չստացած այս մարդիկ զարմացնում են իրենց ունեցած հանրագիտարանային գիտելիքներով.

ցաւօք, Խոսրով պապիկը երկու տարի առաջ ունեցած մեր հանդիպման ժամանակ շատ աւելի առողջ էր, աւելի յստակ էր խօսում, իսկ այս անգամ նա արդէն կիսաանկողնային վիճակում էր եւ մանկան՝ այնքան էլ չհասկացուող թոթովանքով էր խօսում ու պատասխանում իմ հարցերին, սակայն անթաքոյց էր աչքերի փայլը, նրանցում՝ ուրախութեան հետ ծովացած արցունքների լճակները: Եւ, այնուամենայնիւ, մեր զրոյցը ստացուեց, քանի որ հազիւ լսելի նրա շշուկներից ու դէմքին սփռուած երանութեան ժպիտից արդէն հասկացւում էր ծննդավայրը նկարագրող թոթովախօս պատմութիւնը. Ի հարկէ, դրան նպաստում էին նաեւ Ալմելոյից ժամանած որդու՝ Տէր Խաչատուրի, աղջկայ՝ Վարդուհու, թոռան՝ Արմէնի, թոռնուհու՝ Գայիանէի եւ նրա ամուսնու՝ Դանիէլի լրացնող պատմութիւնները:

ընթերցողներին եմ ներկայացնում այդ զրոյցի անգնահատելի պատառիկները.

– պապիկ, ի՞նչ էք յիշում ձեր ծննդավայր Քապուսիէից:

– Շա՜տ սիրուն էր, օդը՝ մաքուր, ջրերը՝ համեղ, մրգերն՝ անմահական. նոր աշխարհ կոչուող պտուղ կար (ենի տունիա), որի հոտից ու համից չէիր յագենում… Միջերկրական ծովի ափին էր գտնւում իմ ծննդավայրը, երեխաներով մտնում էինք ծովը, լողանում: Շատ այգիներ ու ծառեր կային մեր գիւղում: Մենք շերամապահութեամբ էինք զբաղւում: Երազի պէս եմ յիշում իմ ծննդավայրը եւ Մուսալերան հերոսամարտը. այդ ժամանակ ես 5 տարեկան էի: Շատ բան հայրիկս է պատմել ինձ: Իմ եղբօրը՝ Յակոբին, թուրքերը մորթել են: Մուսալեռցիները շատ քաջ են, նրանք բարձրացել են անառիկ լերան վրայ եւ 40 օր մնացել այնտեղ՝ չյանձնուելով թշնամուն. տղամարդիկ հսկում էին, կանայք ուտելիք էին պատրաստում: Մուսալեռցիները որոշել էին՝ մահ կամ ազատութիւն: Ժայռերի վրայից քարերը գլորում էին, որպէսզի մօտեցող թուրքերը փախչեն: Այնքան մնացինք՝ մինչեւ ֆրանսիացիների նաւը եկաւ ու մեզ փրկեց: 1939-ին մենք գնացել ենք Այնճար, որն այն ժամանակ անապատի նման էր, ապրում էինք վրանների տակ, հետագայում այն ծաղկաստան է դարձել: 1947 թուականին տեղափոխուել ենք Հայաստան: 1949-ին աքսորել են Սիպիր…

Թոթովախօս ամէն մի արտայայտութիւնից, դժուարութեամբ կազմուող նախադասութիւնից յետոյ Խոսրով պապիկը ձեռքը բարձրացնում եւ վանկարկում է ափսոսանքի, կարօտի, կորստեան ցաւով՝ է՜… Կեանքի ոլորաններով անցած 107-ամեայ մուսալեռցու կենսագրութեան խաւար էջերից առանձնանում են սիպիրեան աքսորավայրի յիշողութիւնները, որոնց մասին աւելի շատ աղջիկը՝ Վարդուհին է պատմում, որդին՝ Տէր Խաչատուրը, օգնում է հայրիկին՝ վերյիշելու կենսագրական որոշ մանրամասներ. յիշեցնում են, որ Դամասկոսում աշխատելու ժամանակ մատուցող է եղել եւ սուրճ է մատուցել Շառլ Տը Կոլին, որ Սիպիրում վարսավիրութիւն է արել, որ Սիպիրի ճանապարհին, գնացքում հաց է տուել զինուորներին… Մեր զրոյցի ամենահետաքրքիր մասը, թերեւս, Խոսրով հայրիկի՝ Մուսալերան բարբառով զրոյցն էր Վահագն Գարագաշեանի հետ եւ «Հալա-հալա նինօ է» երգի՝ խօսքից աւելի մաքուր հնչող կատարումը՝ բոլորիս ձայնակցութեամբ: Ահա դարից աւելի կեանք ապրած, իր ժողովրդի ողբերգական ու հերոսական էջերով լեցուն մի հայորդու պատմութիւնը, ով Արեւմտեան Հայաստանի կորստեան ցաւի, ողբերգական ու հերոսական էջերի ապրող վկաներից ու մասունքներից է:

Կարինէ Աւագեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.