Հարցազրոյց Սիսի կաթողիկոսարանի դատի թուրք փաստաբան Ճեմ Սոֆուօղլուի հետ


 

Փաստաբան Ճեմ Սոֆուօղլու. «Ոչ թէ փոխ հատուցում, այլ տարածքի վերադարձ ենք պահանջում»

Թրքական «Ռատիքալ» թերթը Յունիս 26-ի իր թիւով հրատարակած է հարցազրոյց մը Սիսի կաթողիկոսարանի դատի Փաստաբան Ճեմ Սոֆուօղլուի հետ։ 58-ամեայ Ճեմ Մուրատ Սոֆուօղլու  իրաւագիտութեան հետեւած է Իսթանպուլի համալսարանին մէջ։ Ներկայիս Եւրոմիութեան իրաւական յանձնաժողովի Իսթանպուլի գրասենեակի նախագահն է: Երեւանի մեր պաշտօնակից «Ակունք»ի աշխատակից Անահիտ Քարտաշեան թատգմանած է հարցազրոյցը։

 

– Թուրքիան վերջերս Ձեզ ճանաչեց Թուրքիայից Սիսի կաթողիկոսարանը ետ ստանալու Կիլիկիայի հայոց կաթողիկոսոպւթեան դատավարութեամբ: Ո՞րն է այս դատավարութեան էութիւնը: Կիլիկիայի կաթողիկոսութիւնը ի՞նչ պահանջներ է ներկայացնում:

– Կիլիկիայի հայոց կաթողիկոսութիւնը ցանկանում է ետ ստանալ Ատանայի Քոզան գաւառում գտնուող այն հողակտորի սեփականութեան իրաւունքը, որը 1293-1915 եղել է կաթողիկոսութեան կրօնական կեդրոնն ու սրբավայրը, որտեղ գտնւում են Սուրբ Սոֆիա վանքն ու ևս մէկ եկեղեցու աւերակներ: Սահամանդրական դատարանում սկսած մեր դատավարութեան բուն էութիւնը սա է:

Որքան էլ որ դատավարութեան ժամանակ սեփականութեան իրաւունքի վերադարձի հետ մէկտեղ 100 միլիոն թրքական լիրա փոխհատուցում պահանջուի, սա լոկ իրաւական պարտադրուածութիւն է, որին ստիպուած էինք գնալ միայն Սահմանադրական դատարանի խնդրագրի ձևը լրացնելու համար: Մեր դատավարութիւնը երբեք փոխհատուցման պահանջ չի ներկայացրել: Մեր գլխավոր նպատակը սեփականութեան իրաւունքը վերադարձնելն է:

 

– Այս պահանջներն իրաւական հիմք ունե՞ն: Եթէ դրական հանգուցալուծուի, ի՞նչ կը լինի: Ի՞նչ վիճակում է դատավարութեան թղթապանակը:

– Հաստատութիւնը կամ անձը, որ Թուրքիայում չի բնակւում, կարող է թրքական դատարանում դատական հայց ներկայացնել: Այս դատավարութեան առանձնայատկութիւնն այն է, որ սեփականութեան իրաւունքը վերականգնել ցանկացող կաթողիկոսութիւնը 600 տարուց ի վեր եղել է այստեղի տէրն ու ղեկավարը: Հայցի վերաբերեալ ապացոյցները շատ-շատ են: Ամենակարևոր փաստարկը Քոզանում դեռևս կանգուն աւերակներն են:

Եթե այս դատավարութիւնը մեր օգտին ընթանայ, ապա նախադէպ կը դառնայ միւս եկեղեցիների և վանքերի սեփականութեան իրաւունքի վերադարձի համար:

Սահմանադրական դատարանը վերջերս մեզանից պահանջեց կաթողիկոսութեան լիազօրագիրը:

 

– Աշխարհի տարբեր միջազգային իրաւաբաններից հարցրել ենք նրանց կարծիքը ցեղասպանութեան սահմանման և ժխտման վերաբերեալ: Դուք ի՞նչ տեսակէտ ունէք «ցեղասպանութեան ժխտումը» յանցանք համարող օրէնքների վերաբերեալ:

– Բնականաբար մարդկութեան դէմ յանցանքը՝ ցեղասպանութիւնը, չի կարելի պաշտպանել, սակայն որոշ երկրներ այս հարցում ազատական դիրքորոշում ունեն: Օրինակ՝ ԱՄՆ-ում և Անգլիայում հրեաների ցեղասպանութիւնը կարելի է ժխտել: Այս երկրներում ցեղասպանութիւնը ժխտելը յանցանք չի համարւում: Երկրներում, որոնք մասնակցութիւն են ունեցել ցեղասպանութեանը, ձեռքերը մաքուր չեն կամ էլ ցեղասպանութիւնները մեծ ազդեցութիւն են ունեցել, օրինակ՝ Գերմանիա, Աւստրալիա, Ֆրանսա, յանցանք է համարւում: Յատկապէս ուշադրութիւն հրաւիրելով մեր երկրում գոյութիւն ունեցող հակասեմականութեան վրայ՝ պնդում եմ, որ ցեղասպանութեան ժխտումը յանցանք լինի:

 

– Ըստ Ձեզ՝ ցեղասպանութիւնը ժխտելը իրաւո՞ւնք է, թէ՞ իրաւունքի ոտնահարում: Ժխտման պատիժը ի՞նչ պէտք է լինի:

– Ես ընդունում եմ, որ հայերի տեղահանութիւնը ցեղասպանութիւն է: Գիտեմ, որ ցեղասպանութիւն բառի հեղինակ Ռաֆայէլ Լեմքինը Միացեալ ազգերի՝ Ցեղասպանութեան մասին կոնվենցիան պատրաստելիս յղում է կատարել Հայոց ցեղասպանութեանը և այդ դէպքը հիմք ըդունելով՝ կազմել է կոնվենցիան և ստեղծել բառը: Նա էլ էր կարծում, որ այս դէպքը ցեղասպանութիւն է: Այս դէպքը հրեաների ցեղասպանութիւնից տարբերւում է նրանով, որ տեղի է ունեցել 30 տարի առաջ, և նրա վերաբերեալ Նիւրէնպերկի դատարանի նման միջազգային որևէ դատարանի կողմից կայացուած որոշում չկայ: Այս իրաւական փաստարկով, որը փորձեցի ներկայացնել, Հայոց ցեղասպանութեան ժխտումը արգելող լծակը աւելի շատ քաղաքական հիմք ունի, քան՝ իրաւական:


Leave a Comment

You must be logged in to post a comment.