Անձինք նուիրեալք. Շէնիկի առիւծը՝ Չոլօ


Չոլօ (1878-1937)

Սասունի մարտական սերունդի ամենէն տիպական ներկայացուցիչներէն։ Ծնած է Շէնիկ գիւղը։ պատանի հասակէն կը մտնէ ֆետայական շարքերը՝ մինչեւ 1908 մասնակցելով Տարօնի մեծ ու փոքր կռիւներուն։ ՀՅԴ անդամ:

1914-15-ին կը մասնակցի Սասունի եօթամսեայ ինքնապաշտպանութեան, ապա եւ 1917-18-ի նահանջին։ Դրոյի հրամատարութեան տակ կը կռուի Բաշ-Ապարանի ճակատին վրայ։ Հանրապետութեան հռչակումէն ետք, սասունցի մարտիկներուն հետ եւ Ռուբէնի ու Արամի անմիջական հովանաւորութեան տակ կ՚իրագործէ Հայաստանի հայացումի ծրագիրը, գաղթական հայերուն համար նոր բնակավայրեր ստեղծելով։ 1921-ին կը մասնակցի Փետրուարեան Ապստամբութեան։ Խորհրդայնացումէն ետք՝ հետապնդումներէ խուսափելով 1922-ին կ՚ապաստանի արտասահման։ 1923-ին կը վերադառնայ եւ 1927-ին իբրեւ «հակայեղափոխական» կը բանտարկուի։ Որքան ծիծաղելի, նոյնքան ողբերգական այս ճակատագրին, որ բաժին ինկաւ Չոլոյին ու իր զինակիցներուն, խտացումն է իր մեղադրանքին ակնարկող Չոլոյի խօսքը.- «Չըմ գինա, հակայեղափոխական կ՚ըսեն, էրսուն տարի գոմշի պէս կռուեցի»։

Բանտէն արձակուելէ մէկ տարի յետոյ կը մահանայ եւ կը թաղուի Ոսկեթառամ գիւղին մէջ, հերոսական Սասունէն հեռու։ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչ» գիրքէն առնուած այս հատուածը կ՚արտատպենք իբրեւ վաւերական ներկայացուցիչ Չոլոյի եւ իր զինակիցներու մտածելակերպին։

Ու յանկարծ լսեցինք, որ Ախոն զարկուեց։ Նա զարկուեց Սարիղամիշի անտառի մէջ, Շաղան գիւղում։ Չոլոն ճառ ասաց սպանուած Ախոյի վրայ եւ ես ուզում եմ նրա ճառը նոյնութեամբ փոխանցել բոլոր ապրողներին՝ ներկայ եւ գալիք։

«Ախօ, դու մեռա՞ր։ Դու էդքան տաք ու պաղ օրեր տեսար ու երկար Սարիղամիշի անտառի՞ մէջ ընկար։ Էդ չեղաւ, Ախօ։ Անդոկից ու Կեպինից յետոյ Սարիղամիշը սպանուելո՞ւ տեղ էր, որ դու սպանուեցիր։ Դու, որ բոլորի բախտի գուշակն էիր, ինչպէ՞ս եղաւ, որ անգուշակ ընկար էս չամի անտառի մէջ։ Դու ինձ մեծաւոր, ես քեզ փոքրաւոր, ինչո՞ւ սխալուեցիր, Ախօ։ Ե՜լ, ել երթանք Բրիմոքի ցից քարեր, երթանք Հարսնգոմեր եւ Քարձոր։ Կը յիշե՞ս, ինչպէս Ամրէի գիալուց բուք ու բորանին մեր ճոկաններին յենուած սահեցինք դէպի Փեթար։ Ախ, Ախօ, դու իմ թանկ պահած ու էժան ծախուած հայրապետ։ Ե՛լ, ել Փեթարայ առիւծ, ե՜լ։ Ել, թվանքը՝ կապեմ քո մէջքին ու երթանք էրկիր։ Նայի՜ր, վերջալոյսը կարմրին տուեց ու անծեղները կը կչկչան կտուցները քամուն, թեւերը շուտ-շուտ իրար զարկելով։ Երեւի էս գիշեր փոթորիկ էղնի։

…Էլ ո՞ւմ հաւատանք։ Ոչ ծառայ մնաց վստահելի, ոչ բէկ ու աղա։

Մեր գլխի վրայ գելհաւք երեւաց, Ախօ։ Մենք երկնքից ընկանք, հազար կտոր եղանք ու մեր կտորները դեռ կ՚երթան։

Աշխարհի մակարդակը փչացաւ, Ախօ։ Մարդիկ հաւասարուել են մկլեզներին։ Դրանից է, որ դու վերջին տարիներին էդքան արիւնարբու դարձար։ Քո մեղքը մեր ամօթն է եւ մեր անմեղութիւնը քո ճակատին՝ մեռոն։ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ. դու, որ գիտէիր աստղերը կորեկի պէս հաշուել, մի էժան հուլունքի պէս կորար էս անտառի դամիշների մէջ։ Գոնէ Մրկեմոզանի մարգագետնում ընկնէիր, որ Շենիքից դէպի Փեթար վազելիս քո ցոլքը հեռուից նկատէի խոտերի մէջ։ Եւ եթէ շփոթէի, միայն մեր ծաղիկների ցողի հետ շփոթէի քեզի։ Եւ արժէ՞, որ Չոլոն ապրի ծմուկների ու մկլեզների աշխարհում, երբ դու չկաս։ Հինգ տարի աւելի ապրես-հինգ սոմար գարի աւելի պիտի ծամես, ղուրբան։
Ա՜խ, Ախօ, Ախօ, դու Մշոյ դաշտի քռիկ ցորեն՝ խզուզներից կերուած։

…Եթէ Աստուած կամենար ինձ նորից կեանք տրուէր, Ախօ, ես դարձեալ կ՚ուզէի քեզ հետ լինել, քո սերնդի հետ։ Ու լինել էդպէս, ինչպէս եղայ։ Մեր սերունդը Ասլու ջնսից էր, Ախօ։ Մէկ ու կէս կոտրած ֆշանկով ելանք կանգնեցինք օսմանցու դէմ։ իսկ եթէ զէնք ու փամփուշտ ունենայինք՝ հազար սասունցի բաւական էր, որ գերմանացու եւ ինգլիզի թագաւորները չոքէին մեր առաջ ու մէկի թագը գլորուելով միւսի թագին դիպչէր, սուլթան Համիդի թագն էլ հետ։

վեր կաց, նստիր, վառիր քո ճղարան ու թող Փեթարայ Մանուկը մեզ համար «Բերիվանի» երգի։ Դու ինձ մեծաւոր, ես քեզ պզտիկ զինուոր, ինչո՞ւ ես պառկել էդպէս վիրաւոր։ Երեւի կ՚ուզես, որ մի ապտակ էլ Չոլո՞ն քաշի քո երեսին։ Երբ հայրենիքը անհանգիստ է, դու ի՞նչ իրաւունք ունես էդպէս հանգիստ պառկելու։ Եւ էն էլ որտեղ-Սարիղամիշի անտառում։

Ել երթանք Մրկեմոզան ու Աղլեզ քարեր։ Ել երթանք Ճանճկու սար։
Էն ո՞վ էր նստած Սխտորի քարին։
Ես էլ կարծեցի, թէ մեռել ես։
Գնացինք, Ախօ, վե՛ր կաց։


Leave a Comment

You must be logged in to post a comment.