Եգիպտոսի Հայ Փարաւոնները


Համլէտ Ս. Մարտիրոսեանի հեղինակութեամբ լոյս տեսած « Հայոց հնագոյն պատմութեան էջեր» հատորին չորրորդ բաժինը նուիրուած է հիքսոսներու հետազօտութեան։ Հիքսոսներու մասին մեր ծանօթութիւնը կը պարտինք ն.ք. Գ. դարու եգիպտական պատմիչ Մանեթոնին որմէ օգտուած ու անոր երկէն մէջբերումներ կատարած է Պատմահայր Մովսէս Խորենացին։ Ի՞նչ ցեղի կը պատկանին Հիքսոսները, որոնք իշխած ու կառավարած են Եգիպտոսը շուրջ 511 տարի։

Ըստ վիքիպետիայի ամփոփ տեղեկութեան.-

«Հիքսոսները, Առաջաւար Ասիայից սերած մի ցեղը, որը մ.թ.ա. 17-րդ դարում գրաւել են ներքին Եգիպտոսը եւ հետագայում տրուել է այդ ցեղերի ամբողջ խմբին։ Հիքսոսների էթնիկական բուն անունը յայտնի չէ։ Դատելով հիքսոսների մօտ նկատուող սեմական եւ խուռիական աննուներից, նրանց էթնիկական կազմը խայտաբղէտ էր։ մ.թ.ա. մօտ 1700-ին Առաջաւոր Ասիայից ներխուժել են Եգիպտոս։ Հաստատուել ստորին Եգիպտոսում, հիմնել 15-րդ եւ 16-րդ տայնեստիները  (գահատոհմ) եւ Ավարիս մայրաքաղաքը։ Հին Եգիպտոսում ամենամեծ հզօրութեան հասել են Հիան թագաւորի ժամանակ (մ.թ.ա. 17-րդ. դար)։ Նրանք առաջին անգամ Եգիպտոս ներմուծել են ձի եւ անւաւոր փոխադրամիջոց, պարզեցրել եգիպտական գիրը՝ ստեղծելով զուտ այբենական գիր։ մ.թ.ա. 16 դարում սկսել է եգիպտացիների ազատագրման շարժումն ընդդէմ հիքսոսների։ Այդ պայքարը աւարտել է Փարաւոն Ցահմոս Ա. (մ.թ.ա. 1584-1559) որը գրաւել է Ավարիսը։ Հիքսոսների մնացորդները նահանջել են Պաղեստին եւ նրանց հետագայ ճակատագրի վերաբերեալ յիշատակութիւն չկայ»։

Gaston Maspero հաւանական նկատած է, թէ Հիքսոսները Արեւմտեան Հայաստանի բնակիչ Հիթիթներն են։ Ռ. Գրեյվս հիքսոսներու հայրենիքը սեպած է հայկական լեռնաշխարհը. անոր համարումով «Հիքսոսները, ոչ սեմական ծագումով հովիւները Կապադովկիայով, Սիրիայով ու Պաղեստինով մօտ ք.ա 1780 թուին Եգիպտոս են եկել Հայաստանից»։ Մխիթարեան միաբան հայր Աւգեր եղած է առաջին անձը որ Հիքսոսները հայերուն հետ նոյնացուցած է։ Հ. Ս. Մարտիրոսեան տքնաջան աշխատութեամբ հիմնուելով սեպագիր-մեհենագիր աղբիւրներու, հնագիտական, դիցաբանական, լեզուաբանական եւ Սիւնիքի Նորայայտ ժայռապատկերներու տուեալներու վրայ, կարեւոր ներդրում ունի Հիքսոսներու պատմութեան առաւել ճանչուորութեան։

Ստորեւ, Մարտիրոսեանի հետեւողութեամբ կը ներկայացնենք Մանեթոնի յիշատակած Եգիպտոսի Հիքսոս հայ փարաւոնները.

Salatis (Հայերէնի վերծանումը՝ Սիզետես) եղած է Եգիպտոսը նուաճած առաջին Հիքսոսեան տիրակալը։ «Գ. Ղափանցեանը, կ՚ըսէ հեղինակը, այս տոհմանունը կապում է հայոց Սալկունի-Սլկունի նախարարական տան հետ։ Սլկունեաց տոհմը տիրում էր Տարոն գավառին, որի սահմանները հաւանաբար հնում աւելի ընդարձակ են եղել եւ ընդգրկել են նաեւ Հարեւան Սալնոձոր գաւառը… ըստ Աշխարհացոյցի, մտնում է Մեծ Հայքի Աղձնիք աշխարհի մէջ… 
Մովսէս Խորենացին փաստում է Սլկունեաց տոհմի հնագոյն եւ բնիկ ծագումը»։

Bnon է հիքսոս երկրորդ փարաւոնին անունը, որուն «յունականացուած անուանաձեւի «ոն» մասը վերջածանց է, իսկ բուն անունը կազմուած է ban, ben, bin, bun, bon արմատներից մէկով, որը ձայնաւորի սղման պատճառով ստացել է Bn ձեւը… հիքսոսեան Բնոն փարաւոնի անունը կարող ենք ստուգաբանել եգիպտերէն bn, իմա՝ հայերէն բալ- պալ-պաղ արմատներով»։Apacnas (Ապաքնան) եւ Apopis (ափովսիս) «անուններուն կը հանդիպինք հայկական հին ձեռագիր մատեաններուն մէջ, ինչպէս նաեւ ներկայիս՝ Ապով, Աբով, Ապավ, Ապակ, Ապապ, պապ, եւլն.»։

Hian, Jannas (Հիան) «անունը կազմուած է հայերէն «հի» արմատից, որով կազմուած են «հիանալ»,«հիանալի» բառերը, որ կրում է «սքանչելի, պաշտամունքի արժանի գեղեցիկ իմաստը»։ Ան իր թագաւորութեան 11-րդ տարին եգիպտական օրացոյցը բարելաւած է։  

Qar, kar (կար) անունը Խորենացիի վկայութեամբ կը գտնենք Հայոց նահապետներու ցուցակին մէջ։ Ըստ Չամչեանի ն.ք. 13-րդ դարուն Հայաստանի մէջ թագաւորած է Կարը։

Յարգելի հեղինակը հիերոգլիֆներու վերլուծութեամբ կը փաստարկէ Եգիպտոսի հիքսոսեան փարաւոններու անուններուն հայկական ծագումը, ու կ՚աւելցնէ «որ այսօր որեւէ այլ լեզուներով այդ անունների ստուգաբանման փորձերն անյաջողութեան են մատնուել»։

Գնահատելով օտար գիտնականներու հիքսոսներու առնջութեամբ տարած աշխատանքը, կ՚ըսէ.-

«հետազօտողների կազմից հիքսոսներին վերագրաւող հնագիտական նիւթի ուսումնասիրութեան արդիւնքները ցոյց են տալիս, որ մ.թ.ա. 2-րդ հազարամեակի Առաջաւոր Ասիայում հիքսոսները ռազմա-տնտեսական եւ գիտա-մշակութային առումով ամենազարգացած էթնոսն էր։ Հիքսոսներն իրենց հետ Սիրիա, Պաղեստին, ու Եգիպտոս տարան նոր բրուտագործութիւն, զարգացած մետաղամշակութիւն, ձի, ճաղերով անիւ, մարտակառք, զանազան բերդաշինութիւն, կազմածոյ բարդ աղեղ, արեգակնային օրացոյց, եւ այլն։ Հիքսոսեան գանգերի ուսումնասիրութիւնը ցոյց է տուել, որ նրանք իրենց մարդաբանական տուեալներով պատկանել են արմենոիտ մարդաբանական տիպին»։

Համլէտ Ս. Մարտիրոսեանի քննական աշխատասիրութեան հետեւանքով, բիւզանդական հայանուն կայսրերու կողքին, իրազեկ կը դառնանք Եգիպտոսի ծնունդով հայ հիքսոսեան փարաւոններու պատմութեան։

Բաբգէն Թօփճեան


Leave a Comment

You must be logged in to post a comment.