Կայացաւ Հայաստան-Սփիւռք 5րդ Համահայկական Համաժողովի Առաջին Լիագումար Նիստը

\n

\n ԵՐԵՒԱՆ, «Հայերն Այսօր».- Սեպտեմբերի 19ին Ալ. Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ իրականացուող Հայաստան-Սփիւռք 5րդ համահայկական համաժողովը:
\n Համաժողովին մասնակցում է աւելի քան 1000 ներկայացուցիչ: Ընդլայնուել է մասնակցութեան աշխարհագրութիւնը՝ աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպութիւնների ու կառոյցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնում է 20 մասնակիցներից բաղկացած պատուիրակութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնից համաժողովին մասնակցում են 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Սփիւռքից մեծ ներկայացուցչութիւն են ապահովել Ռուսաստանը՝ 129 մասնակից, Սիրիան՝ 103, Լիբանանը՝ 74 մասնակից, ԱՄՆը՝ 77 մասնակից, Վրաստանը՝ 45, Ֆրանսիան՝ 31, Իրանը՝ 25, Կանադան՝ 22: Համաժողովին մասնակցելու նպատակով պատուիրակութիւններ են եկել Հայաստան ամենահեռաւոր երկրներից՝ Աւստրալիայից 15 մասնակից, Արգենտինայից 11 մասնակից, Չիլիից 3 մասնակից, Հարաւային Աֆրիկայի հանրապետութիւնից 1 մասնակից:
\n Լիագումար նիստում բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ վարչապետ Յովիկ Աբրահամեանը: ՀՀ վարչապետը նշեց, որ վաղուց անցել են Սփիւռքից բարեգործութիւն ակնկալելու ժամանակները, այժմ մեր պետութիւնը կոչ է անում հայրենիք- Սփիւռք փոխշահաւէտ գործակցութեան:
\n Անդրադառնալով Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին՝ Վարչապետը ցաւ յայտնեց, որ Թուրքիան չի հաշտւում իր անցեալի հետ: «Այնուհանդերձ մենք բոլոր միջոցները ձեռնարկում ենք միջազգային հանրութեան ճիշդ դիրքորոշումը հարցի վրայ բեւեռելու ուղղութեամբ: Ինչն է կապում աշխարհասփիւռ հայութեանը: Աշխարհասփիւռ հայութեանը միաւորում է մեր պատմական յիշողութիւնը, բայց աւելի շատ՝ ազատ անկախ Հայաստանը եւ Արցախը, մեր երկու պետութիւնների հզօրացման գաղափարը», -յաւելեց վարչապետ Հ. Աբրահամեանը:

\n Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը: ԼՂՀ նախագահը նշեց. «Յոբելեանական 5րդ համաժողովը ցոյց է տալիս, որ այն դարձել է աւանդական: Մենք ամէն ինչ պիտի անենք, որ Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութիւնը լինի անսասան եւ զարգացնի մեր երկու պետութիւնները: Այս ամառ ղարաբաղաադրբեջանական սահմանին գրանցուած լարուածութեան օրերին մեր համակարգուած աշխատանքը, հայ զինուորների բարձր պատրաստուածութիւնը եւ միակամ կամքը խափանեցին թշնամու բոլոր քայլերը»:
\n Մայր աթոռ Սուրբ էջմիածնից համաժողովի աշխատակիցներին օրհնութեան խօսքը բերեց Գարեգին Բ. ամենայն հայոց կաթողիկոսը՝ նշելով, որ նախորդ բոլոր համաժողովներն էլ արդիւնաւէտ են եղել հայրենիք-Սփիւռք կապերի մերձեցման ուղղութեամբ:
\n Կաթողիկոսը Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ընդառաջ կարեւորեց հայ ընտանիքների աճը: Նշեց, որ սիրիական հակամարտութեան առաջին իսկ օրերից եկեղեցին եւ պետութիւնը բոլոր հնարաւոր միջոցները կիրառել են՝ միջազգային հարթակներում բարձրաձայնելու խնդիրը, որպէսզի տեղահանուած մարդիկ, մասնաւորապէս սիրիահայերը կարողանան վերադառնալ եւ ապրել իրենց տներում:
\n Իր օրհնութեան խօսքը համաժողովի մասնակիցներին յղեց Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը՝ հայրապետական օրհնութեամբ ողջունելով բոլոր մասնակիցների ներկայութիւնը: Արամ Ա. ցաւով խօսեց արտագաղթի, Արցախի չլուծուած խնդիրների մասին: Նա նշեց, որ Սփիւռքը նոյնպէս ունի իր մարտահրաւէրները:
\n «Մեր համայնքների կարողութիւնները կամաց-կամաց դառնում են անբաւարար մեր կարիքների համեմատ: Եւ մենք իրաւունք չունենք մակերեսային արժեւորումներով մօտենալ համահայկական տագնապներին: Հայոց Ցեղասպանսութեան 100ամեակին ընդառաջ մենք իրաւունք չունենք անտարբեր մնալ մեր ազգի բռնաբարուած արժէքների նկատմամբ: Իւրաքանչիւր հայ պարտաւոր է իր ներդրումը բերել ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ճշմարիտ եւ ազնիւ պայքարին», նշեց Արամ Ա.:
\n Օրհնութեան խօսք ասաց Հայ Կաթողիկէ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Ներսէս Պետրոս ԺԹ.ն: Կաթողիկոս-պատրիարքը նոյնպէս կարեւորեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման եւ հայոց պահանջատիրութեան խնդիրը, այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ համարեց Հայաստան-Սփիւռք–Արցախ ողջ ներուժի եւ հոգեւոր կառոյցների միասնականութիւնը:
\n Ելոյթ ունեցաւ Հայ աւետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի աւետարանական եկեղեցու աւագ հովիւ վերապատուելի դոկտոր Յովէլ Միքայէլեանը:
\n Ելոյթներով հանդէս եկան ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, ՍԴՀԿ Կենտրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Տիգրանեանը, ՌԱԿ Կենտրոնական վարչութեան ատենապետ Մայք Խարապեանը, Հայաստանում ՀԲԸՄ կենտրոնական վարչութեան անդամ Վազգէն Եակուբեանը, ԱՀՀ Հայաստանի ներկայացուցչութեան ղեկավար Արմինա Դրբինեանը, ՀՀԿ եւ ՌՀՄ նախագահ Արա Աբրահամեանը, ՀՕՄ Կենտրոնական վարչութեան ատենապետուհի Վիկի Մարաշլեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Քէն Խաչիկեանը, Հայ ոսկերիչների ընկերակցութեան նախագահ Գագիկ Գէորգեանը, ՀՄԸՄ Կենտրոնական վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեանը:
\n 2րդ լիագումար նիստում համագումարի չորս հիմնական թեմատիկ ուղղութիւնների վերաբերեալ զեկուցումներով հանդէս եկան ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը (Հայաստան-Սփիւռք գործակցութեան արդի առաջնահերթութիւնները եւ ապագային միտուած խնդիրները), ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի տնօրէն, Հայոց Ցեղասպանութեան 100ամ-եակին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյեանը (Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին նուիրուած միջոցառումների կազմակերպման մասին), Սիրիահայերի հետ տարուող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ սփիւռքի նախարարութեան աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարեանը (Հայաստանի Հանրապետութիւնում ապաստանած սիրիահայերի հիմնախնդիրների մասին) եւ Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող մարմնի նախագահ, «Ազդակ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Շահան Գանտահարեանը (Հայկական մամուլի դերը համաշխարհայնացուող աշխարհում):
\n Համաժողովի հովանաւորներն են՝ «Արարատ» բանկը, Ռուսաստանի հայերի միութիւնը եւ Համաշխարհային հայկական կոնգրեսը, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնը, «æերմուկ գրուպ» ընկերութիւնը, «Աւշար» գինիների գործարանը, «Փիւնիկ» համահայկական հիմնադրամը եւ «Գրանդ Քենդի» ընկերութիւնը:\n

Leave a Comment

You must be logged in to post a comment.