Հայաստանից Մեկնող Միգրանտների Հայցերը Բելգիայում 99 Տոկոսով Մերժւում Են. Վերադարձ Հայաստան


 

ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴԵԱՆ

 

Հնգամեայ Դաւթի բոլոր խաղալիքները մնացել են Բելգիայի Կորտենագեն գիւղաքաղաքում: Դա պատահեց այն օրը, երբ նրա ծնողներին տեղեակ պահեցին, որ հետ են ուղարկում Հայաստան: Նրանք էլ վերցրին ամենաանհրաժեշտ իրերն ու, լքելով Կորտենագենը, փախան սահմանակից Ֆրանսիա: Խաղալիքների համար տեղ չկար:
«Չէինք ուզում հետ գալ ու ամէն ինչի պատրաստ էինք, բացի Հայաստան գալուց», «Հետք»ին պատմում է Մարիետա Ասլանեանը, որ Բելգիայում երեք երեխայ է ունեցել, իսկ չորրորդն էլ ծնուել է արդէն Հայաստանում՝ «մի առաւօտ երկու կնիկ ու երկու տղամարդ եկան ու ասացին, թէ ձեր «վեշերը» (առարկաները-Խմբ.) հաւաքէք, ձեզ տանում ենք ուրիշ տեղ, բայց մենք հասկացանք, որ մեզ ուղարկում են Հայաստան»:
Սահմանակից Լիլ քաղաքում Մարիետայի ընտանիքին տեղ չեն տուել, ու նրանք մի որոշ ժամանակ գիշերել են հիւանդանոցների միջանցքներում ու հանրային օբյեկտներում, սակայն երկար չեն դիմացել:
«Մենք յանձնուեցինք միլիցիայութիւն, բայց Ֆրանսիան Բելգիայում փախստականի ստատուս ստացածներին չի ընդունում: Իրենք հարցում էին ուղարկել Բելգիա, եւ Բելգիան մեզ պահանջել էր», պատմում է Մարիետան, «յետոյ երեխեքս ծանր տաքութեամբ հիւանդացան, էլ մնալ չէր լինում ու ստիպուած հետ եկանք Բելգիա»:
Մարիետայի ամուսինը՝ Վազգէն Ասլանեանն ասում է, որ Ֆրանսիայում չկարողացաւ ինտեգրուել: «Բայց դուզն (ճիշդն-Խմբ.) ասած, Բելգիայում էլ չկարեցայ յարմարուէի. խօսում-խօսում էին, բան չէի հասկանում», ասում է նա:
Բելգիա վերադառնալուց յետոյ, եւս չորս տարի ապրել են այնտեղ, յետոյ վերադարձել են Հայաստան:
Էջմիածնի գիւղերից մէկում ապրող այս երիտասարդ ընտանիքը մէկն է այն հազարաւոր հայերից, որոնք ամէն տարի լքում են Հայաստանը՝ այլ երկրում իրենց տեսլականը կառուցելու նպատակով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան 2013թ. իրականացրած հետազօտութեան՝ 2009-2012թթ. ընթացքում մօտ 115 հազար մարդ կամ տարեկան մօտ 29 հազար մարդ երկիրն անվերադարձ լքել է: Այն տարեկան կտրուածքով կազմում է Հայաստանի բնակչութեան մօտ մէկ տոկոսը:
Միգրացիայի միջազգային կազմակերպութեան ծրագրերի մշակման բաժնի ղեկավար Քրիստինէ Գալստեանն ասում է, որ Հայաստանը վաղուց «կարմիր» ցուցակի մէջ չէ, եւ այդ տարիները Հայաստանի համար վաղուց անցել են. «Եթէ մարդիկ իմանան, որ իրենց հետ են ուղարկելու՝ միգուցէ չգնան»:
Մարդիկ, այդուհանդերձ, գնում են: Վազգէնն ասում է, որ իրենց գիւղում այդպիսի մարդ չկայ, որ Բելգիայում կամ Ֆրանսիայում ծանօթ ու բարեկամ չունենայ:
Սակայն Բելգիայի Ներքին գործերի նախարարութեան ներգաղթի վարչութեան փորձագէտ Քեթի Վերսելենն ասում է, որ Հայաստանից մեկնող միգրանտների հայցերը Բելգիայում 99 տոկոսով մերժւում են, եւ մարդիկ սխալ ակնկալիքով են գալիս՝ կարծելով, թէ պիտի ստանան երկարաժամկէտ կացութեան իրաւունք, ապաստան եւ նպաստ, որոնք, սակայն, չկան:
Այդուհանդերձ, մարդիկ՝ ծախելով տուն-տեղը, ոսկեղէնն ու ինչքը, գնում են:
«Էնպէս չի, որ էնտեղ հեշտ կեանք ենք ունեցել, ամէն րոպէ կեանքի համար պայքար էր գնում», ասում է Մարիետան, «Էն որ թուղթ էր գալիս, որ առաւօտը պիտի գնայինք տեսնենք ինչի մասին է, մինչեւ լոյսը բացւում էր՝ կէս մարդ էինք լինում»:
Մարիետան եւ Վազգէնը Բելգիայում դիմել են փախստականի կարգավիճակ ստանալու համար, սակայն նրանց մերժել են: Մարիետան ասում է, որ մերժումը նրանք մի քանի անգամ բողոքարկել են, եւ այդ գործընթացը տեւել է գրեթէ 4 տարի:
Մինչեւ ամուսնանալը 35ամեայ Վազգէնը գիւղում ծնողներին օգնել է հողագործութեան եւ անասնապահութիւնում, այլ աշխատանք չի արել:
«Էն ժամանակ էս զօրքը չկար (նկատի ունի կնոջն ու չորս երեխաներին)», ժպտալով ասում է նա, «բայց որ ամուսնացանք, ինչ ունէինք-չունէինք, ծախեցինք գնացինք»:
29ամեայ Մարիետան վարսավիր է, ապագայ ամուսնուն հանդիպել է, երբ հերթական յաճախորդը, որ Վազգէնի քոյրն էր, եկել էր պսակադրութեան արարողութեան համար մազերը յարդարելու: «Էնտեղ էլ ինձ հաւանեց, ու յետոյ ամուսնացանք», ասում է Մարիետան:
Վազգէնը, սակայն, առողջական խնդիրներ ունի. էպիլեպսիայով հիւանդ է: Ասում է, որ բնածին չէ. «Փոքր ժամանակ լճում լողանալիս ընկերներս վրաս օձ են շպրտել՝ վախեցել եմ»:
Նա Մարիետային նախապէս ասել է իր հիւանդութեան մասին, բացի այդ, Մարիետայի բարեկամները, իմանալով, որ Վազգէնը չի ծառայել բանակում, գիւղում հետաքրքրուել են պատճառի մասին:
«Ինձ ասել էր, որ տարին մի քանի անգամ վատանում է, ես էլ հետաքրքրուեցի ու իմացայ, որ ձեռքբերովի լինելու դէպքում այդ հիւանդութիւնը ժառանգական չի լինի», ասում է Մարիետան, «մեծ տղաս միայն բարձր տաքութիւն ունենալու դէպքում է ցնցւում»:
Նրանք Բելգիա են մեկնել 2009թ., ամուսնանալուց մի քանի ամիս յետոյ, երբ Մարիետան արդէն առաջնեկով յղի էր, իսկ ընտրել են Բելգիան, որովհետեւ իրենց ծանօթներն ասել են, որ Բելգիան աւելի մարդասիրական երկիր է:
Ընտանիքը մի քանի ամիս մնացել է Բրիւսէլի հիւրանոցներից մէկում, մինչեւ նրանց հայցը քննուել է: Այդ ընթացքում նրանց ամէն շաբաթ որոշակի գումար են տուել ապրելու համար:
Յետոյ նրանց ուղարկել են Բրիւսէլին կից մի գիւղում տեղակայուած ապաստան հայցողների համար նախատեսուած կացարան, որտեղ ապրում էին իրենց կարգավիճակ ունեցող մօտ 200 մարդ՝ տարբեր ազգերից:
«Թէպէտ սանհանգոյցն ընդհանուր էր, բայց օրական երկու անգամ մաքրում էին, ու ամէն ինչ մաքուր էր», ասում է Մարիետան, «մեզ նաեւ կերակրում էին, բայց եթէ ինչ որ բան ուզէիր սարքելու, ազատ էր»:
Մարիետան ասում է, որ ասիստենտներ կան, որոնք պատասխանատու են որոշակի խմբի մարդկանց համար եւ վարում են նրանց գործերը. բոլորը բարեհամբոյր են ու զբաղուած են իրենց գործով:
«Հայաստանի չափ տեղ ա ու 11 մլն. մարդ ա ապրում, աշխարհում ինչքան ազգ կար, էնտեղ տեսանք, ու բոլորի համար ամէն ինչը հաւասար էր, իսկ ստեղ հայը հայի հետ եօլա չի գնում», ասում է նա:
Մարիետային զարմացրել է նաեւ այն, որ կացարանում ներքին մշակութային կեանք էր կազմակերպւում, որպէսզի մարդիկ պարապ չմնային, քանի որ նրանք աշխատելու իրաւունք չունէին: Թէպէտ ամէն շաբաթ կացարանում որոշակի աշխատանք կար անելու, որոնք անելու դիմաց որոշակի փոքրիկ վարձատրութիւն է եղել:
«Մեր համար տարբեր միջոցառումներ ու խաղեր էին կազմակերպում, ծով էին տանում, ամէն ինչ անում էին, որ քո կեանքը հետաքրքիր անցնի», ասում է նա:
Փոքրիկ Դաւիթը, միջամտելով խօսակցութեանը, ասում է, որ ուզում է Բելգիա գնալ. «Բայց մարդ չկայ, որ ինձ տանի, իսկ ստեղ ինձ խաղալիք չեն առնում»:
Խաղալիքներն էլ, փաստօրէն, նրանց ասիստենտն է բերել: Մարիետան ասում է, որ իրենց ասիստենտի հետ մտերմացել էին, ու մինչեւ այժմ էլ կապ են պահում: Նա իր երեխաներին պարկերով լեգօ եւ այլ խաղալիքներ էր բերում: Հէնց նա էլ օգնել է, որ Մարիետան աշխատանք գտնի, սակայն պարզուել է, որ վերջինս կրկին յղի է. այս անգամ ծնւում են երկուորեակները՝ Արայիկն ու Աստղիկը:
Ի տարբերութիւն ամուսնու, Մարիետան կարողացել է ինտեգրուել բելգիական կենցաղին ու սկսել էր լեզուի ուսուցման դասերի յաճախել: «Մարդս երեխեքին էր նայում, ես էլ դասերի էի գնում», ասում է նա, «չնայած ասիստենտներն էնքան էին շփուել մեր պէս մարդկանց հետ, որ սովորել էին մեզ հասկանալ»:
Մարիետտան մէկ-մէկ թուարկում է, թէ ինչ օգնութիւններ են այնտեղ ստացել եւ թէ ինչքան բարեհամբոյր են նրանց վերաբերուել: Նոյնիսկ երեխաներին կնքել են տեղի կաթոլիկ եկեղեցում:
«Առաքելական եկեղեցուց ամէն երեխային 350 եւրօ փող ուզեցին կնքելու համար, ինձ 1050 եւրօ որտեղի՞ց», ասում է Վազգէնը, «իսկ կաթոլիկ եկեղեցին ինքն էր կազմակերպում մեր համար, մենք էլ մտածեցինք, որ նոյն կրօնն է, մեռոնն էլ նոյնն է, ի՞նչ տարբերութիւն՝ կաթոլիկ, թէ առաքելական»:
Մարիետայի ընտանիքը, փաստօրէն, 4 տարի անվճար ապրել է Բելգիայում, եւ այդ կարգավիճակով հազարաւոր այլ մարդիկ կան: Մարիետան այդ մասին չի մտածում: Ասում է, որ եթէ ինքն էլ դառնար Բելգիայի քաղաքացի եւ ունենար բոլորի նման հաւասար իրաւունքներ, կ՛աշխատէր՝ ինքն էլ հարկ կը տար:
«Ու թող իմ տուած հարկի փողով էլ ուրիշներին պահէին, թէ չէ էս ինչ ա՝ նոյնիսկ երեխեքիս մանկապարտէզ չեն վերցնում, ասում է նա, «որ Բելգիայում էինք, Սերժը եկել ու ասում էր, թէ իմ ժողովրդին հետ ուղարկէք, ես Ճապոնիայից եմ մարդ բերում, որ աշխատեն: Մեզ էլ դեռ օդանաւակայանում ասեցին, թէ ձեզ օգնութիւն կը տան, որ հետ գնաք»:
Փարոսի թաղային տեսուչ Սամուէլ æաւահիրեանն ասում է, որ նրանք նպաստ են ստանում եւ դրանից աւել այլ դրամական օգնութիւն նախատեսուած չէ:
«Նրանց համար նաեւ մանկապարտէզն է անվճար, բայց հիմա երեխաներին չեն ընդունում, որովհետեւ տեղ չկայ, եթէ հիմա հերթագրուի՝ Սեպտեմբերին արդէն տեղ կը լինի», ասում է նա:
Վազգէնն ու Մարիետան այժմ 46 հազար դրամ նպաստ են ստանում, ինչպէս նաեւ Վազգէնի հիւանդութեան համար 14,000 դրամ թոշակ: Ապրում են այդ գումարով: «Մերոնք էլ քիչ ու միչ օգնում են, էդ ա», ասում է Վազգէնը: Շուտով թոշակ կը ստանայ փոքրիկ Դաւիթը, որ հազուադէպ հանդիպող մաշկային հիւանդութիւն ունի՝ մաստոտիտոզ:
Վերադառնալուց յետոյ Մարիետան ու Վազգէնը գիւղում չեն բնակուել, եկել են Էջմիածին ու վարձով են ապրում՝ տան վարձն էլ 30 հազար դրամ: Ասում են, որ քաղաք են եկել, որպէսզի Վազգէնի հիւանդութեան համար նախատեսուած «Դեպակին» կոչուող դեղը կարողանան ստանալ. գիւղում չեն տուել:
«Էդ էլ Էջմիածնի քաղաքապետարանից են զանգել, որ դեղը դուրս են գրում, մենակ էդ օգուտն էղաւ քաղաքապետարանից», ասում է Վազգէնը, «օգնութիւն ուզեցինք՝ չտուեցին»:
Հայաստան գալուց առաջ Մարիետան յղի է եղել, եւ Յովհաննէսն արդէն ծնուել է այստեղ: Տանը, որտեղ այժմ դեռեւս ապրում են, մի բազմոց է եղել, որի վրայ քնել են ողջ ընտանիքով: Յետոյ ինտերնետով գտել է Կարիտաս մարդասիրական հիմնադրամին, որն էլ նրանց համար 2000 եւրոյի կահոյք է գնել:
Նրանք դիմել են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւն, որտեղից էլ նրանց ուղղորդել են «Թիրախային նախաձեռնութիւն Հայաստանի համար» ծրագիր, որով հետ վերադարձած միգրանտներին հայ իրականութեանը վերաինտեգրելու տարբեր ծրագրեր են նախատեսուած: Վազգէնն ու Մարիետան ընտրել են փոքրիկ բիզնես ծրագիր անելու հնարաւորութիւնը եւ ցանկանում են գիւղում անասնապահութեամբ զբաղուել:
Ծրագրի վերաինտեգրման գծով պատասխանատու Տիգրանուհի Տարախճեանն ասում է, որ այս ընտանիքի համար նախատեսւում է 2500 եւրոյի շրջանակներում անասնապահական ծրագրի ֆինանսաւորում, որն ընթացքի մէջ է:
Ընտանիքը, սակայն, յուսահատ վիճակում է: Երեխաներն յաճախ են հիւանդանում, ու Մարիետայի խօսքով՝ իրենց էլ ոչ մի հիւանդանոց չի ուզում ընդունել:
«Բոլոր հիւանդանոցներում մեզ անգիր գիտեն՝ էլ չեն ուզում մեզ տեսնեն», դժգոհում է նա, «էդ բժիշկների դէմքին մի օր ժպիտ չտեսանք, որ մի հազար դրամ տայի՝ կարող ա հազար դրամի ժպտային»:
Շուտով նրանք այս տանից էլ պիտի դուրս գան, որովհետեւ տունը վաճառում են:
«Մի տարի էլ չկայ՝ եկել ենք, արդէն տոկոսների տակ ճռռում ենք», ասում է Վազգէնը, «էս տնից էլ դուրս ենք գալիս: Տուն էլ չկայ՝ մնանք: Ով իմանում ա՝ չորս երեխայ ունենք, տուն չեն ուզում տան: Մի հատ դոմիկ տուէք, ես կը մնամ»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.