Նախագահ Սարգսեան Եւրոպայի Խորհուրդը Կը Հրաւիրէ Ուղղակիօրէն Շփուելու Արցախի Հետ


ՍԹՐԱԶՊՈՒՐԿ.- Չորեքշաբթի, 2 Հոկտեմբերին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան ելոյթ ունեցաւ Եւրոպայի խորհուրդի Խորհրդարանական վեհաժողովի բեմէն:
«Մեր երկրի համար մեծ պատիւ ու պատասխանատուութիւն է առաջին անգամ նախագահել Եւրոպայի խորհրդի նախարարական կոմիտէում: Մեր ձգտումն է այս վեցամսեայ նախագահութեան շրջանում մեր ներդրումը բերել եւրոպական արժէքային համակարգի ամրապնդման գործին, եւ դրանով իսկ եւս մէկ անգամ վերահաստատել, որ Եւրոպան ոչ այնքան աշխարհագրական տեղանուն է, որքան ընդհանուր արժէքներին յանձնառու պետութիւնների ընտանիք», ըսաւ նախագահը՝ սկսելով իր ելոյթը:  Ստորեւ կը ներկայացնենք նախագահի ելոյթին կարեւոր բաժինները.
«Մի քանի օր առաջ Հայաստանը նշեց իր անկախութեան 22րդ ամեակը: Հեշտ չի եղել ազատ ժողովրդավարական երկիր կառուցելու մեր 22ամեայ ուղին: Անընդհատ պատերազմի սպառնալիքներն ու սպառազինութիւնների մրցավազքի պարտադրումը Ադրբեջանի կողմից եւ Հայաստանն աշխարհի հետ կապող ամենակարճ ուղին տարիներ շարունակ բոլոր միջազգային օրէնքներին ու նորմերին հակառակ փակ պահելը Թուրքիայի կողմից մեզ ստիպել ու ստիպում են անբնական մեծ ջանքեր գործադրել զարգանալու եւ ժամանակակից պետութիւն կառուցելու համար: Գործելով այլ պետութիւնների համեմատ անհամադրելի բարդ պայմաններում՝ մեր երկրի բոլոր իշխանութիւններն ու մեր ժողովուրդը մշտապէս առաջնային տեղ են յատկացրել երկրում խորքային բարեփոխումների իրականացմանը՝ հասարակական կեանքի բոլոր ոլորտներում:
«Անկախութեան հռչակումը մեր ժողովրդի բազում դարերի ու սերունդների երազանքի իրականացումն էր, իսկ Եւրոպայի խորհրդին անդամակցութիւնը եւրոպական ժողովուրդների ընտանիքին պատմական ու մշակութային պատկանելութեան վերահաստատումն էր: Եւրոպական արժէքների՝ ազատութեան, ժողովրդավարութեան, իրաւունքի գերակայութեան վրայ հիմնուած պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ յստակ է եղել մեր հասարակութեան շրջանում: Մենք դիտարկում ենք Եւրոպայի Խորհրդին մեր անդամակցութիւնը եւ եւրոպական միւս կառոյցների հետ փոխգործակցութիւնը որպէս Հայաստանի ժողովրդավարութեան ամրապնդման եւ արդիւնաւէտ բարեփոխումների իրականացման կարեւոր գործօն:
«Մենք ունենք բազմաթիւ լուրջ խնդիրներ, ինչպիսիք են գործազրկութիւնն ու աղքատութիւնը, կոռուպցիան, որոնց յաղթահարման համար մեր կառավարութիւնը համալիր ծրագրեր է իրականացնում…
«Եւրոպական միութիւնը Հայաստանի կարեւոր գործընկերներից մէկն է: Մարդու իրաւունքների, ժողովրդավարութեան եւ իրաւունքի գերակայութեան ոլորտներում լայնածաւալ բարեփոխումները Հայաստանի եւ Եւրոպական միութեան յարաբերութիւնների առանցքն են…
«Այս օրերին յաճախ է խօսւում Եւրոպական միութեան Արեւելեան գործընկերութեան պետութիւնների քաղաքակրթական ընտրութեան մասին: Մենք միշտ յայտարարել ենք, որ պատրաստ չենք հարցն այդ հարթութեան մէջ դիտարկել: Հայաստանը նպատակադրուած է շարունակելու համակողմանի փոխշահաւէտ գործակցութիւնը Եւրոպական միութեան հետ: Արեւելեան գործընկերութեան նախաձեռնութեան հէնց սկզբից, անգամ դրանից առաջ, մենք ասել եւ շարունակում ենք ասել, որ ձգտում ենք հնարաւորինս սերտ եւ ընդլայնուած յարաբերութիւններ ունենալ Եւրամիութեան հետ, մօտ լինել Եւրամիութեանը: Այս քաղաքականութիւնը չի ընդհատուելու:
«Յայտնի է, որ Հայաստանը սերտ դաշնակցային յարաբերութիւններ ունի Ռուսաստանի հետ: Հայաստանը չի կառուցել նոր յարաբերութիւններ ի հաշիւ իր ռազմավարական դաշնակցի հետ յարաբերութիւնների: Ճիշդ այնպէս, ինչպէս մենք մերժում ենք որեւէ գործընկերոջ հետ յարաբերութիւնների կառուցում, որոնք միտուած լինեն որեւէ այլ գործընկերոջ դէմ: Մենք շարունակելու ենք մեր առանցքային գործընկերների հետ յարաբերութիւնների եւ շահերի համադրումը:
«Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգաւորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքոյ եղել է եւ կը մնայ մեր առաջնահերթութիւնն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հասել համապարփակ կարգաւորման: Մենք գնահատում ենք բոլոր նրանց ջանքերը, ովքեր օժանդակում են տարածաշրջանում կայունութեան ապահովմանը, բայց նաեւ գիտենք, որ պարտաւոր ենք առաջին հերթին ապաւինել մեր ուժերին՝ հնարաւոր բացասական զարգացումների դէպքում հակառակորդին զսպելու եւ խաղաղութիւնը պահպանելու համար: Առաւել եւս, որ մեր հարեւան երկրի ղեկավարը շարունակում է իր հրապարակային ելոյթներում պատերազմով սպառնալ, հայերին համարել թիւ մէկ թշնամի, հպարտանալ ռազմական ծախսերի անհամաչափ աճով եւ սպառազինութիւնների կուտակմամբ:
«Այնուհանդերձ, կարծում եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կամ նրա զգալի հատուածը իրականում չի կիսում նման տրամադրութիւնները: Պարզապէս, ովքեր Ադրբեջանում փորձում են իրենց անկեղծ յիշողութիւնները պատմել հայ ժողովրդի հետ համատեղ անցեալից՝ նրանց ենթարկում են հրապարակային պարսաւանքի, սպառնում են ականջը կտրել եւ արտաքսել երկրից: Այս պատճառով է, որ Ադրբեջանի ժողովրդի իրական տրամադրութիւնները չեն հնչում, եւ լսւում է այն, ինչ պահանջում է քարոզչամեքենան: Հէնց այդ պատճառով են անարդիւնաւէտ վստահութեան վերականգնման բոլոր միջոցառումների փորձերը:
«Վստահ եմ, որ մեր ժողովուրդներին աւելի լաւ ապագայ է սպասւում, քան նախատեսում են պատերազմի եւ ատելութեան քարոզ սփռող որոշ ղեկավարներ: Ինչպէս ես առիթ եմ ունեցել հրապարակաւ ասելու‘ ես չեմ համարում, որ Ադրբեջանի ժողովուրդը հայերի թշնամին է. մենք ի զօրու ենք արժանապատուօրէն լուծելու մեր տարակարծութիւնները եւ խաղաղութեամբ գոյակցելու որպէս հարեւաններ:
«2 օր առաջ իմ ժողովուրդը մեծագոյն ցաւով հողին յանձնեց իր հանճարեղ դերասաններից մէկին՝ ՀՀ ժողովրդական արտիստ Սօս Սարգսեանին: Վարպետի վերջին հրապարակային խօսքը Ադրբեջանի մտաւորականներին ուղղուած նրա բաց նամակն էր, որն իրականում խաղաղութեան, արդարութեան ու սթափութեան կոչ էր. «Դուք ինչ է, լրջօրէն պատրաստւում էք պատերա՞զմ սկսել: Թանկագին իմ հարեւաններ, ոչինչ չի՛ ստացուի, բացի անմեղ զոհերից: Ինչո՞ւ: Շատ պա՛րզ. ձեզ համար Ղարաբաղը տարածք է, իսկ մեզ համար՝ սուրբ Հայրենիք», իր նամակում պնդում է մեծ մտաւորականը: Այո՛, մենք մշտապէս սթափուելու կոչերով ենք հանդէս գալիս ու հաստատապէս պնդում, որ այլատեացութեան մոլագար քարոզը, ուժի կիրառման չընդհատուող սպառնալիքներն ու սպառազինութիւնների մրցավազքը ոչ մի լաւ տեղ չեն տանում: Միայն խաղաղութեամբ ու համագործակցութեամբ է հնարաւոր կառուցել տարածաշրջանի ժողովուրդների բարեկեցիկ ապագան, եւ սա աքսիոմ է, որն ապացուցման կարիք էլ չունի:
«Միջազգային փորձը ցոյց է տալիս, որ հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման համար առաւել նպաստաւոր պայմաններ են ապահովում ժողովրդավար հասարակութիւնները: Լեռնային Ղարաբաղում անցած 20 տարիների ընթացքում ձեւաւորուել եւ շարունակական զարգանում են ժողովրդավարական կառոյցները: Ըստ միջազգային հանրաճանաչ կազմակերպութիւնների, օրինակ՝ «Ֆրիդըմ Հաուս»ի, ժողովրդավարութեան առումով Լեռնային Ղարաբաղը նկատելիօրէն առաջ է իր որոշ հարեւաններից:
«Ղարաբաղը եղել է, կայ եւ կը մնայ Եւրոպայի մաս: Ղարաբաղի այսօրուայ հանրութիւնը եւրոպական հանրութեան՝ եւրոպական ընտանիքի մասնիկ է՝ անկախ իր պետութեան քաղաքական կարգավիճակից: Ուստի ես կարծում եմ, որ Եւրոպայի խորհուրդը կարող է, կարգավիճակից անկախ, ուղղակիօրէն շփումներ նախաձեռնել Ղարաբաղի հետ՝ իր իսկ գործառոյթների շրջանակներում, առաւել եւս, երբ Եւրոպայի խորհուրդը նման փորձ ունի այլ հակամարտութիւնների գօտիներում:
«Մեր՝ հայերիս ճակատագիրը պատգամել է մեզ դառնալ ցեղասպանութեան դէմ պայքարի առաջամարտիկ: Ցեղասպանութիւնը ոչ միայն մարդկութեան դէմ ոճիր է, այլեւ ֆաշիզմի եւ անհանդուրժողականութեան ցայտուն դրսեւորում, կեանքի իրաւունքի կոպիտ ոտնահարում: Յիրաւի, այդ արհաւիրքը վերապրած ժողովուրդները իւրայատուկ առաքելութիւն ունեն նման ողբերգութիւնների կրկնութիւնը բացառելու գործում: Մարդկութեան դէմ ոճիրների կանխարգելման լաւագոյն բանաձեւը մարդկային պատմութեան սոսկալի էջերի լուսաբանումն ու համամարդկային արժէքների լոյսի ներքոյ անցեալի գնահատումն է: Հաւասարապէս կարեւոր եմ համարում նմանօրինակ ոճիրներ ծնող նախադրեալների դէմ պայքարը:
«Հայաստանը գործնական քայլեր է ձեռնարկում ցեղասպանութեան յանցագործութիւնները կանխարգելելու եւ դրանք սնուցող երեւոյթների դէմ պայքարելու նպատակով միջազգային հանրութեան ջանքերը համախմբելու ուղղութեամբ: Տարիներ շարունակ Հայաստանը միջազգային տարբեր հարթակներում հանդէս է եկել ցեղասպանութեան կանխարգելման վերաբերեալ բանաձեւեր ընդունելու նախաձեռնութիւններով: Նաեւ մեր ջանքերով‘ ՄԱԿի Մարդու իրաւունքների խորհրդի կողմից տարբեր տարիների ընդունուել են ցեղասպանութեան կանխարգելման մասին բանաձեւեր: Դրանք նպատակ ունեն միջազգային հանրութեան մշտական ուշադրութեան կենտրոնում պահել «Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժման մասին» կոնվենցիան եւ յիշեցնել մարդկութեան դէմ ոճիրների վերացմանն ուղղուած՝ պետութիւնների յանձնառութիւնների մասին…
«Այս օրերին մեր հայեացքները յառած են Սիրիային: Մենք խորապէս մտահոգ ենք այնտեղ տեղի ունեցող իրադարձութիւններով, որոնց արդիւնքում զոհւում են անմեղ մարդիկ: Սիրիայում ունենալով բազմահազարանոց հայ համայնք, որը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն է կազմում, Հայաստանը միանշանակ ողջունում է ռուս-ամերիկեան պայմանաւորուածութիւնները Սիրիայի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ եւ օրեր առաջ ընդունուած ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի բանաձեւը»:


Leave a Comment

You must be logged in to post a comment.