Հրանդ Մարգարեան. «Վարչապետը պատերազմ է յայտարարել Դաշնակցութեան դէմ»


 

 

Վարչապետ Տիգրան Սարգսեանը բացէ ի բաց ասել է, որ պատերազմ է յայտարարում Դաշնակցութեանը. «Ազատութիւն» ռադիոկայանի հետ զրոյցում ասել է ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը:

 Նրա խօսքերով՝ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցութեան մասին «կեղտոտ բամբասանքներ» է պատւիրում:

 Մամուլը գրել էր, թէ Դաշնակցութեան ներսում լուրջ դժգոհութիւններ կան, մասնաւորապես, որ փորձեր են արւում կուսակցութեան Բիւրոյի ղեկավարի պաշտօնից հեռացնել Հրանդ Մարգարեանին:

 Պատասխանելով «Ազատութիւն» ռադիոկայանի հարցին՝ արդեօ՞ք դաշնակցականները դժգոհում են իրենից, և իսկապէ՞ս լուրջ խմորումներ են տեղի ունենում աւանդական կուսակցութիւնում, Հրանդ Մարգարեանը ասել է, որ իսկապէս հարցեր եղել են, մասնաւորապէս՝ դժգոհութիւններ ընտրութիւններում Դաշնակցութեան գրանցած արդիւնքներից, բայց դրանք արդեն լուծուել են, և այսօր որևէ խնդիր չունեն:

 Այն, ինչ մամուլում գրւում է, որևէ առնչութիւն չունի իրականութեան հետ, դրանք դրսից գործադրուող ճիգեր են` Դաշնակցութեան մէջ ճեղքեր գտնելու և խնդիրներ հարուցելու համար. վստահեցրել է Մարգարեանը՝ աւելցնելով, որ խօսքը տուեալ դէպքում վարչապետի մասին է:

 «Վարչապետ Տիգրան Սարգսեանն իր տնտեսական ապիկար գործունէութեան պատճառով քննադատութեան ենթարկուելուց յետոյ Դաշնակցութեան կողմից, բացէ ի բաց յայտարարել է, որ ինքը պատերազմ է յայտարարում Դաշնակցութեանը, և այս տեսակ կեղտոտ լրատուութիւն, կեղտոտ բամբասանքանման լրատուութիւնը իր գործն է»,- ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը:

 «Ուրիշ ոչինչ չկայ. մենք ո’չ սիրահարված ենք և ոչ’ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է, և դրա համար այս մեթոտներն է օգտագործում իր հարցերը կարգաւորելու համար»,- յայտարարել է Հրանդ Մարգարեանը:

 Հարցին, թէ որտե՞ղ է վարչապետը յայտարարել պատերազմի մասին, նա արձագանքել է. «Իր շրջանակներում, ինքը գիտի՝ որտեղ է յայտարարել»: Մարգարեանն ընդգծել է, որ յստակ տեղեկատուութիւն ունեն այդ մասին:

 Թէ ինչ մեթոտներով է դիմակայելու այդ պատերազմին Դաշնակցութիւնը՝ Հրանդ Մարգարեանն ասել է, որ այդ պատերազմն աւելի շատ Տիգրան Սարգսեանին է վնասելու, այլ ոչ թէ Դաշնակցութեանը:

  Հրանդ Մարգարեանը համոզմունք է յայտնել, որ վարչապետ Տիգրան Սարգսեանը պէտք է պաշտօնանկ արուի, ինչի մասին Դաշնակցութիւնը բազմիցս ասել է։ «Եթէ երկրի մէջ վերջին յոյսի նշոյլը չենք ուզում սպանել, դա նուազագույն քայլն  է, որ պէտք է արուի, և ոչ միայն վարչապետը՝ բաւականին մարդ կայ, որ պէտք է փոխուի»:

 Հարցին, թէ նախագահի փոփոխութիւնն է՞լ են  պահանջում, Հրանդ Մարգարեանն արձագանգել է. «Նախագահի փոխուելը ժողովրդի կամքից է կախուած, նրան փոխում է ժողովուրդը»:

 «Վարչապետը մեծ յարգանքով է վերաբերւում աւանդական կուսակցութիւններին»

 «Ազատութիւն» ռատիոկայանի խնդրանքով մեկնաբանելով Դաշնակցութեան Բիւրոյի ներկայացուցչի վերոյիշեալ յայտարարութիւնները՝ վարչապետի մամուլի քարտուղար Յարութիւն Բերբերեանը ասաել է. – «Նախ զարմացած ենք, թէ ընդհանրապէս ինչ պատերազմի մասին կարող է խօսք գնալ և ինչ ի նկատի ունի պարոն Մարգարեանը»:

«Վարչապետ Տիգրան Սարգսեանը մշտապէս մեծ յարգանքով է վերաբերուել և վերաբերւում աւանդական կուսակցութիւններին՝ շեշտելով, որ դրանք ազգային հարստութիւն են: Ինչ վերաբերում է ՀՅ Դաշնակցութեան ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցութեան ներքին խնդիրներն են, և Տիգրան Սարգսեանը, հանդիսանալով Հայաստանի Հանրապետական կուսակցութեան փոխնախագահ, այլ կուսակցութիւնների խնդիրներով չի զբաղւում», – ընդգծել է Բերբերեանը:


Leave a Comment

You must be logged in to post a comment.