«Հայաստանի Եւ Հայ Ժողովրդի Իրաւունքների Ու Հայոց Ցեղասպանութեան Հատուցման Իրաւական Թղթածրարը»


 

 

Ստորեւ կը ներկայացնենք ՀՅԴ Բիւրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանի արտասանած խօսքը Հայաստանի սփիւռքի նախարարութիւն «Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրով Իրաւաբաններու համահայկական երկրորդ համաժողովին, որ տեղի ունեցաւ 5-6 յուլիսին Հայաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիայի նախագահութեան նիստերու դահլիճին մէջ, Երեւան:

Ընդհանրապէս հայ ժողովուրդ-Թուրքիա եւ յատկապէս` Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնները պէտք է ունենան նաեւ իրաւական հենք: Օսմանցիների կողմից Հայկական Բարձրաւանդակ ներխուժումից ի վեր,  հայ-օսմանա-թուրքական յարաբերութիւնները պարբերաբար եւ այն էլ` սահմանափակ շրջանակներում ունեցել են իրաւական ինչ-որ հենք: Այսօր, երբ արդէն հարեւաններ են Թուրքիայի Հանրապետութիւնն ու Հայաստանի Հանրապետութիւնը, անհրաժեշտ է նաեւ իրաւական տեսանկիւնից նայել երկու պետութիւնների յարաբերութիւններին, ինչը կարող է լրացուել հայ ժողովուրդ-Թուրքիա յարաբերութիւնների իրաւական հենքի ամբողջացմամբ:

Վերջին տարիների իրադարձութիւնները, սկսած միջազգային ապահովագրական ընկերութիւնների դէմ` այդ ընկերութիւնների յաճախորդ եւ Հայոց  ցեղասպանութեան զոհերի իրաւաժառանգորդների կողմից դատական հայցերից մինչեւ 2009թ. հոկտեմբերի 10-ին ստորագրուած Հայաստան-Թուրքիա արձանագրութիւնները ցոյց տուեցին, թէ ինչքան շփոթ, անտեղեակութիւն եւ տարակարծութիւն կայ մեր մէջ, Թուրքիայից մեր` Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման իրաւական հարցերի շուրջ: Հետեւաբար, այդ բոլորը վերահաստատեցին, թէ ինչքան անելիք ունենք` որպէսզի պատրաստենք «Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց ցեղասպանութեան հատուցման իրաւական թղթածրարը»:

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը պէտք է առիթ լինի հայոց իրաւունքների սահմանման եւ ձեռքբերման ուղղութեամբ նոր փուլ սկսելուն: Մինչեւ 2015թ. պէտք է իրականացուի Հայոց ցեղասպանութեան հատուցման եւ հայ ժողովրդի ու Հայաստանի իրաւունքների ձեռքբերման հարցով միջազգային իրաւունքի եւ նորմերին համաձայն թղթածրարի պատրաստութիւնը, եւ պէտք է քայլեր ձեռնարկուեն` մի կողմից սատարելու ներազգային ճակատում այդ թղթածրարի շուրջ տեսակէտների բիւրեղացմանը, միւս կողմից` Հայոց ցեղասպանութեան հետեւանքների վերացման շուրջ միջազգային հանրային կարծիքի ձեւաւորմանը, որպէս նախապատրաստութիւն կոնկրետ քայլերի:

Ահա այս տեսանկիւնից պէտք է ընկալել Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսի 2013թ. ապրիլի 24-ի համատեղ յայտարարութիւնը, որով, մասնաւորաբար, Թուրքիայից պահանջւում է վերադարձնել բռնագրաւուած հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալուածներն ու հոգեւոր-մշակութային արժէքները: Անհրաժեշտ է ողջունել այս նախաձեռնութիւնը որպէս հատուցման գծով մէկ մասնակի, բայց կարեւոր քայլ եւ աջակցել, որ այն հասնի իր նպատակին: Այս ուղղութեամբ, քաղաքական կարեւոր քայլ էր Միացեալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 2011թ. դեկտեմբերի 13-ի (թիւ 306) բանաձեւը, որը Թուրքիային կոչ է անում քրիստոնէական, ներառեալ` հայկական բոլոր եկեղեցիները, եկեղեցական կալուածներն ու ունեցուածքները վերադարձնել իրենց պատմական իրաւատէրերին:

Հայ յեղափոխական դաշնակցութիւնը 2007թ.-ից այդ նպատակով կատարել է մի շարք նախաձեռնութիւններ, որոնց մի մասի նախնական արդիւնքները հրապարակուել են 2010թ. հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: 2007թ. դեկտեմբեր ամսին ձեւաւորուել է Հայոց ցեղասպանութեան  Հատուցման ուսումնասիրման խումբը, որի լրամշակուած եւ ամբողջական զեկոյցը կը հրապարակուի շուտով: Մասնագիտական բազմակողմանի, ներառեալ` իրաւական, այդ ուսումնասիրութիւնը կը հրապարակուի քննարկուելու համար թէ՛ մասնագէտների եւ թէ՛ ընդհանրապէս հասարակութեան կողմից:

Հայոց ցեղասպանութեան  Հատուցման ուսումնասիրման խմբի զեկոյցը սկսւում է Հայոց ցեղասպանութեան խիստ համառօտ նկարագրութեամբ: Դրան յաջորդում են.

– Ցեղասպանութեան հետեւանքով հայերին հասցուած վնասների սխեմատիկ նկարագրութիւնը.

– Հայոց ցեղասպանութեան հատուցման հարցի իրաւական վերլուծութիւնը` հիմնուած միջազգային իրաւունքի օրինադրութեան, սկզբունքների եւ նախընթացների վրայ.

Նիւթական հատուցման վերաբերուող յետ-Ցեղասպանութեան պայմանագրերի պատմութեան եւ առնչուող համաձայնագրերի եւ գործիքների վերլուծութիւնը.

– Փիլիսոփայական քննարկումը հատուցման բարոյական հարցերին, ներառեալ` որոշ առարկութիւնների պատասխաններ.

– Փոխանցման արդարադատութեան մօտեցումի տեսանկիւնից` քաղաքական վերլուծութեան ճամբով մշակուած խորհրդանշական ինչպէս նաեւ նիւթական հատուցման մոտելը.

– Սահմանումն այն տարածքների, որոնք համարւում են պատշաճ հատուցում, ինչպէս նաեւ տարբերակներ` թէ հատուցման փաթեթի տարածքային մասը ըստ էութեան ինչից պէտք է կազմուած լինի.

– Ցեղասպանութեան ընթացքում կորցուած կեանքի եւ տառապանքի համար հայերին տրուելիք ընդհանուր դրամական փոխհատուցման հաշուարկը.

– Կոնկրետ շարժական գոյքի Ցեղասպանութեան միջոցով զաւթման, ինչպէս նաեւ վերականգնման կամ փոխհատուցման ենթակայ այլ տնտեսական հետեւանքների հաշուարկի շրջանակը:

Այս զեկոյցը կոնկրետ առաջարկ է փոխհատուցման ենթակայ կոնկրետ առարկաների հիմնաւորման վերաբերեալ: Թէեւ Ուսումնասիրման խումբն ընդունում է, որ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրութիւն կատարել հատուցումների փաթեթի որոշ յստակ գործօններ ճշդելու նպատակով, սակայն խմբի անդամները միակարծիք են, որ ներկայացուող շրջանակը, ընդհանուր առմամբ, բարոյագիտական, քաղաքական եւ իրաւաբանական տեսանկիւններից ճիշդ եւ արդարացի լուծում է հանդիսանում Հայոց ցեղասպանութեան չլուծուած հարցերի` հատուցումների բաժնով: Միեւնոյն ժամանակ Ուսումնասիրման խումբն ընդունում է, որ հատուցումները, Հայոց ցեղասպանութեան հարցի ընդհանուր լուծման կարեւոր եւ հիմնական բաղադրիչը լինելով հանդերձ, այնուամենայնիւ բաւարար չեն ամբողջական հանգուցալուծման համար (օրինակ Թուրքիայի Հանրապետութիւնում հայերի նկատմամբ վերաբերմունքի պարագայում), թէեւ, ինչպէս նշուած է զեկոյցում, հատուցումները կ՛օգնեն հանգուցալուծման ընդհանուր գործընթացին: Ուսումնասիրման խմբի համար կարեւորագոյն սկզբունք է եղել այն ըմբռնումը, թէ հատուցումները ոչ միայն դէպի արդարութիւն հնարաւոր միջոցներ են, այլ անոնք անհրաժեշտ են Հայոց ցեղասպանութեան խնդրով արդարութիւն հաստատելու համար:

Մինչեւ այդ թղթածրարի հրատարակումը եւ դրա արծարծած հարցերի համահայկական քննարկումն ու ի վերջոյ` հայութեան եւ Հայաստանի իրաւունքների ու Հայոց ցեղասպանութեան հատուցման շուրջ համահայկական համախոհութեան ձեւաւորումը, անհրաժեշտ է կատարել մի շարք հաստատումներ եւ ճշդել մի շարք սկզբունքներ.

1) Անհատական վնասուց հատուցման նպատակով անհատ հայերի կողմից յարուցուած դատեր պէտք չէ խոչընդոտեն մեր ազգային պահանջատիրութեանը, ինչը ազատագրական պայքարը հետզհետէ կը դատարկի իր քաղաքական բովանդակութիւնից եւ կը վերածի սոսկ նիւթական դատի: Պէտք չէ ազգի ողբերգութիւնը որոշ անհատների կողմից նիւթական շահ ապահովելու միջոցի վերածել եւ այդպիսով հաւաքական ու ազգային իրաւունքները հետապնդելուն խոչընդոտ հանդիսանալ: Խօսքը չի վերաբերւում անհատական իրաւունքները զոհելուն. խօսքը վերաբերւում է այդ անհատական իրաւունքները մի խումբ մարդկանց, հիմնականում` որոշ փաստաբանների անզուսպ շահի աղբիւրի վերածելուն, ինչպէս դժբախտաբար ականատես եղանք ապահովագրական ընկերութիւնների դէմ դատական գործերով առնչուած փաստաբանների փոխադարձ մեղադրանքներով եւ մերկացումներով:

2) Հայաստան-Թուրքիա իրաւական սահմանին հիմքն է Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի 1920թ. նոյեմբերի 22-ի իրաւարար վճիռը: Մինչեւ մեր իրաւունքների եւ հատուցման պահանջների իրաւական թղթածրարի պատրաստութիւնը, անհրաժեշտ է, որ մեր Հայաստանի Ազգային ժողովը որդեգրի որոշում, որն էլ կ՛արգիլի Հայաստանի կողմից որեւէ փաստաթղթի ստորագրութիւն, որը կը հրաժարուի ուիլսընեան իրաւարար վճռով ճշդուած Հայաստան-Թուրքիա սահմանագծից: Անկախ Հայաստանը իր ազատ կամքով չի կարող հրաժարուել այդ իրաւունքից: Թուրքիան եւ Սեւրի պայմանագիրը ստորագրած ու նրանց իրաւայաջորդ հանդիսացող պետութիւնները պարտաւոր են ճանաչելու Հայաստանի այդ իրաւունքը, եթէ ցանկանում են, որ միջազգային յարաբերութիւնները հիմնուած լինել միջազգային իրաւունքի վրայ: Սա չի նշանակում պատերազմ հռչակել Թուրքիայի դէմ. սա նշանակում է իրաւատէրը մնալ այն ամէն ինչին, որը միջազգային համայնքը, միջազգային իրաւունքի համաձայն, ճանաչել է որպէս Հայաստանի կենսունակութեան համար անհրաժեշտ: Այս տեսանկիւնից, քաղաքական եւ իրաւական կարեւոր, բայց ոչ բաւարար քայլեր են`

ա) 1990թ. օգոստոսի 23-ի Հայաստանի անկախութեան մասին հռչակագիրը, որը հիմքն է Հայաստանի Սահմանադրութեան եւ որտեղ Հայաստանի օրէնսդիրը  գիտակցում է «իր պատասխանատուութիւնը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ համայն հայութեան իղձերի իրականացման եւ պատմական արդարութեան վերականգնման գործում», առաւել` «Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:

բ) Հայաստանի նախագահի 2009թ. հոկտեմբերի 10-ի ուղերձը, որտեղ ասւում է. «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկայ սահմանների հարցը[1] ենթակայ է լուծման միջազգային իրաւունքի համաձայն»:

գ) Հայաստանի Սահմանադրական դատարանի 2010թ. յունուարի 12-ի որոշումը[2], որտեղ խօսւում է «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ փաստացի սահմանի[3]» մասին:

դ) Հայաստանի նախագահի 2010թ. նոյեմբերի 23-ի ուղերձը, որտեղ նախագահն ասում է. «Քսաներորդ դարի պատմութեան մէջ [Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի Հայաստանի սահմանների վերաբերեալ Իրաւարար վճիռը] մեզ համար, թերեւս, ամենակարեւոր իրադարձութիւններից մէկն էր, որով պէտք է վերականգնուէր պատմական արդարութիւնը եւ վերացուէին հայ ժողովրդի դէմ Օսմանեան կայսրութիւնում իրագործուած ցեղասպանութեան հետեւանքները: Այդ վճռով միջազգայնօրէն ճանաչւում եւ ամրագրւում էին Հայաստանի սահմանները» (…):

3) Միջազգային իրաւունքի համաձայն, անկախ Հայաստանի Հանրապետութեան առկայութեան պայմաններում, տարածքային վէճի մէջ հայկական կողմից կարող է որպէս իրաւատէր հանդէս գալ միայն այդ պետութիւնը: Հասարակական նախաձեռնութիւններ, ի՛նչ անունով էլ նրանք հանդէս գան, չեն կարող փոխարինել միջազգային իրաւունքի հայկական միակ սուբյեկտ հանդիսացող Հայաստանի պետութեանը, կամ որպէս իրաւատէր ներկայանալ նրա միջազգային իրաւունքներին եւ պարտաւորութիւններին:

– Անհրաժեշտ է շարունակել հետապնդել Հայոց ցեղասպանութեան եւ նրա հետեւանքների ճանաչումը Թուրքիայի կողմից. ոմանք այս պահանջը համարում են Թուրքիայի համար վիճելի մէկ պատմական փաստի ճանաչում, մինչդեռ խնդիրը շատ աւելի խորն է: Հայ ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետութեան համար սա նախ եւ առաջ պատմական արդարութեան վերականգնում է: Թուրքիան դատապարտելով Հայոց ցեղասպանութիւնը եւ ճանաչելով մարդկութեան դէմ այդ ոճիրի համար իր բարոյական, քաղաքական եւ իրաւական պատասխանատուութիւնը, նախադրեալներ է ստեղծելու Հայաստանի ու հայութեան հետ բնականոն յարաբերութիւններ հաստատելու ճանապարհին: Իր հարեւան Թուրքիայի հետ խաղաղ գոյակցելու ձգտող Հայաստանի համար, նման դատապարտումն ու ճանաչումը անվտանգութեան նուազագոյն երաշխիք է, որը հարկաւոր է ամրագրել Թուրքիայում անհրաժեշտ նախաձեռնութիւններով` սկսած դպրոցական դասագրքերում ճշմարտացի տեղեկութիւն փոխանցելով Թուրքիայի երեխաներին, հասնելով մինչեւ ոճրագործների ոգեկոչումը արգելելու եւ զոհերի յիշատակը յարգելու նախաձեռնութիւններին: Մարդկային զոհերից բացի, Ցեղասպանութիւնը պատճառեց անհատական եւ հաւաքական նիւթական վնասներ, որոնց հատուցման եւ վերականգնման պատասխանատուութիւնը եւս պիտի ընդունի Թուրքիան:

Պէտք է արձանագրել, Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը չի ենթադրում նախ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչում, թէեւ նման ճանաչումը պարզ է, որ կը հեշտացնի այդ հարցերի արծարծումը:

Եզրակացնելով ասեմ, որ Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքներն ու պահանջները Թուրքիայից չսկսեցին, հետեւաբար նաեւ պէտք չէ սահմանափակուեն 1948թ. ՄԱԿ-ի Ցեղասպանութեան ուխտով: Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքներն ու Հայոց ցեղասպանութեան հատուցման իրաւական մէկ ամբողջական թղթածրարը անհրաժեշտ է, որ ունենայ իր համապատասխան բաժանումներն ու ենթաբաժանումները, իրաւատէրերի, հասցէատէրերի ու ատեանների յստակ նշումներով:

«Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների ու Հայոց ցեղասպանութեան հատուցման իրաւական թղթածրարի» շուրջ պէտք է գոյանայ համահայկական համախոհութիւն, այնպէս ինչպէս կայ համախոհութիւն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանութեան ճանաչման խնդրում: Ամէն տեսակէտից ցանկալի է, որ այդ թղթածրարի մշակման եւ համահայկական համախոհութեան ձեւաւորման առանցքը լինի պետութիւնը, բայց այն պէտք չէ սահմանափակուի պետութեան իրաւունքներով, հնարաւորութիւններով եւ կատարելիքներով: Այդ թղթածրարը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի իրաւունքների ձեռքբերման եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման իրագործման ռազմավարութիւնը պէտք է հաշուի առնի եւ խարսխուած լինի համայն հայութեան իրաւունքների եւ հնարաւորութիւնների վրայ: Հայաստանի եւ հայ ժողովրդի իրաւունքների եւ Հայոց ցեղասպանութեան հատուցման խնդիրների հետապնդումը նախ եւ առաջ ենթադրում է այդ իրաւունքներից չհրաժարուե՛լ` Հայաստանի եւ հայ ժողովրդի կողմից:

————————————————

[1] Ընդգծումը` մեր կողմից. Կ. Մ.:

[2] 2009 թուականի հոկտեմբերի 10-ին Ցիւրիխ քաղաքում ստորագրուած` «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետութեան եւ Թուրքիայի Հանրապետութեան միջեւ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւններում ամրագրուած պարտաւորութիւնների` Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեանը համապատասխանութեան հարցը որոշելու վերաբերեալ գործով:

[3] Ընդգծումը` մեր կողմից. Կ. Մ.:


Leave a Comment

You must be logged in to post a comment.