Փոխուեցաւ Հայաստանի բանակի զինանշանը

27 մայիսին Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարեց, որ փոխած է Հայաստանի Հանրապետութեան բանակի զինանշանը, թէեւ նախապէս այս մասին բնաւ խօսք չէր եղած։

Նախարարութիւնը հրապարակեց տեսանիւթ, ուր կը ներկայացուի Հայաստանի բանակի արդիականացուած նոր զինանշանը: 

Անդրադառնալով զինանշանի արդիականացման անհրաժեշտութեան պատճառներուն՝ նախարարութիւնը կը նշէ. «2001 թուականին հաստատուած Հայաստանի Զինուած ուժերի նախկին զինանշանում առկայ էին մի շարք զինանշանագիտական, ձեւաբանական, գաղափարաբանական  թերութիւններ: Ուստի բանակի կերպափոխման համաթեքսթում նախաձեռնուել է  զինանշանի արդիականացման սրբագրման գործընթացը:

«Նախկին զինանշանի հիմնական կերպարը` արծիւը, ունի հերալդիկ (զինանշանի յատուկ) եւ գեղագիտական էական թերութիւններ: Արծիւը պատկերուած է փակ կտուցով: Հերալդիկայում փակ կտուցը համարւում է հանգիստ, ոչ մարտական վիճակ, յաճախ ընկալւում է անշունչ կերպար, ինչը հակասում է բանակի էութեանը: Բացակայում է արծուի հիմնական մարմինը` իրանը: Այն ձուլուած է ընդհանուր մակերեսին` ստեղծելով միայն փետուրներից հաւաքուած արծուակերպ պատկեր: Բացակայում են արծուի վերջոյթները` ճանկերը, զէնքը: Սա ստեղծում է անդամահատուած, անզօր, խոցելի էակի տեսք, ինչն անթոյլատրելի է բանակի խորհրդանիշի համար:

«Նախկին զինանշանում սուրը տեղադրուած է վահանի հետեւում, ինչը հերալդիկայում պաշտպանութեանը ոչ պատրաստ լինելու նշան է: Սակայն Հայաստանի Հանրապետութեան բանակի առաքելութիւնը Հայաստանի Հանրապետութեան ինքնիշխան տարածքի, տարածքային ամբողջականութեան պաշտպանութեանը մշտապէս պատրաստ լինելն է:

«Զինանշանի նախկին տարբերակում առկայ է պետական դրօշի պատկերման կոպտագոյն սխալ: Այն ներկայացուած է ոչ թէ որպէս մէկ ամբողջութիւն, այլ մասնատուած` առանձին ժապաւէնների կամ կտորների: Դրօշի այսպիսի աղաւաղումը խորհրդաբանօրէն կարող է մեկնաբանուել որպէս պառակտուած, մասնատուած կամ ոչ ամբողջական պետականութիւն:

«Հայաստանի Հանրապետութեան բանակի նոր զինանշանի նկարագրութիւնը

«Նոր զինանշանի կենտրոնական կերպարը` արծիւը, վերաիմաստաւորուել է: Պատկերուած է լիակատար, կենդանի եւ ամբողջական մարմնաւորմամբ: Յստակ երեւում են գլուխը, մարմինը, թեւերը եւ ճանկերը` յաղթահարելով նախկին զինանշանի բացթողումները:

«Արծուի կտուցը բաց է, ինչը հերալդիկայում խորհրդանշում է կենսունակութիւն, պատրաստակամութիւն, զգօնութիւն, խօսքի եւ ուժի իրաւունք: Որպէս թագակիր գիշատիչ` արծուի յստակ եւ դինամիկ (շարժուն) կեցուածքն ուղղակիօրէն խորհրդանշում է Հայաստանի Հանրապետութեան բանակի արթնութիւնն ու մարտական ոգին: Այն մարմնաւորում է բանակի առաքելութիւնը` պաշտպանել Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, սուվերենութիւնը (ինքնիշխանութիւնը) եւ տարածքային ամբողջականութիւնը:

«Նոր զինանշանում արծուի կերպարն ամրապնդւում է նրա հետեւում շողացող ոսկեգոյն արեւով, որի ճառագայթները յստակօրէն ծաւալւում են շրջանաձեւ: Արեւն այստեղ հանդէս է գալիս որպէս լոյսի եւ կենսունակութեան խորհրդանիշ` մարմնաւորելով հայ ժողովրդի յարատեւման գաղափարը: Ընտրուած ոսկեգոյնը պատահական չէ`  այն յաւէրժականութեան, բարեկեցութեան եւ իշխանութեան գոյնն է: Արեւի տեղադրութիւնն արծուի թիկունքում ընդգծում է այն սրբազան արժէքները, որոնք գտնւում են պետութեան` արծուի հովանու եւ պաշտպանութեան ներքոյ: Արծուի կրծքին տեղադրուած է կլոր ոսկեգոյն վահան, որը զարդարուած է հայկական ութաթեւ արեւախաչով, իսկ կենտրոնում` սերմնահատիկով` որպէս Հայաստանի Հանրապետութեան բանակի կենտրոնաձիգ խորհրդանիշ:

«Սերմը մարմնաւորում է ապագայ զինուորներին, որոնք ռազմի դարբնոցում պիտի ծլարձակեն, ծառ ու պտուղ դառնան եւ յաւերժական անընդհատութեան խորհրդով նորից սերմ տան: Վահանն արծուի վրայ պաշտպանութեան խորհրդանիշ է:

«Արծիւն իր երկու ճանկերում բռնել է պատմական նշանակութիւն ունեցող զէնքեր․ ձախում` ոսկեգոյն սուր, իսկ աջում` Հայաստանի Հանրապետութեան բանակի պահապան Աշոտ Երկաթի Սուրբ Խաչը` Հայաստանի բանակի զինուորական թալիսմանը: Սուրն արծուի ճանկում խորհրդանշում է միշտ պատրաստ կարգավիճակը:

«Զինանշանի վերին հատուածում պատկերուած է Հայաստանի պետական դրօշի եռագոյնը եւ Հայաստանի Հանրապետութեան քարտէսը: Այս տարրերը զինանշանը ներդաշնակօրէն կապում են Հայաստանի հետ` ընդգծելով, որ բանակն անվտանգութեան երաշխաւորներից մէկն է:

«Կերպափոխման հայեցակարգով նախատեսուած բարեփոխումները Հայաստանի Հանրապետութեան բանակում շարունակւում են»:

Նախորդ զինանշանը որդեգրուած է 2001 թուականին` նախագահ Ռոպերթ Քոչարեանի օրօք: