Պապիկեանը՝ Իրան, Հասանովը՝ Թուրքիա. Ինչու են Հայաստանի եւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարները զուգահեռաբար մեկնել Իրան ու Թուրքիա

Աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ ինտենսիւ զարգացումների ու փոփոխութիւնների հարապատկերին, երբ ՀՀ-Ատրպէյճան բանակցային գործընթացում լուրջ խնդիրների ֆոնին էապէս աւելանում է ռազմական էսկալացիայի հաւանականութիւնը Հարաւային Կովկասում, ՀՀ Պաշտպանութեան նախարարը մեկնել է Իրան, իսկ Ատրպէյճանի Պաշտպանութեան նախարարը՝ Թուրքիա։

ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան փոխանցմամբ, Մարտի 6-ին Սուրէն Պապիկեանի գլխաւորած պատուիրակութիւնը պաշտօնական այցով մեկնել է Իրան։ Նախարարութիւնն այլ մանրամասներ չի հաղորդել այս այցից։

Ատրպէյճանի պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովի գլխաւորած պատուիրակութիւնն էլ պաշտօնական այցով մեկնել է Թուրքիա։

Ըստ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարութեան՝ Հասանովը հանդիպումներ կ’ունենայ Անգարայում, կ’այցելի Թուրքիայի մի շարք ռազմական օբիեկտներ եւ ձեռնարկութիւններ։ Ատրպէյճանի պաշտպանութեան փոխնախարար Ագիլ Ղուրբանովն էլ օրերս Տոհայում հանդիպել էր Թուրքիայի ռազմարդիւնաբերութեան գործակալութեան ղեկավար Հալուք Գիորգիունի հետ, քննարկել թուրք-ատրպէյճանական ռազմատեխնիկական համագործակցութեան ընդլայնմանը վերաբերող հարցեր, «մտքեր փոխանակել համատեղ արտադրութեան եւ նոր նախագծերի շուրջ»։ Անցած շաբաթ Գիորգիունի հետ Անթալիայում նաեւ Ատրպէյճանի արտգործնախարար Ճէյհուն Բայրամովն էր հանդիպել։

Ուշագրաւ է, որ Սուրէն Պապիկեանի այցն Իրան յաջորդում է Ֆրանսայի Պաշտպանութեան նախարար Լըկորնիուի ՀՀ կատարած այցին։

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազօր դեսպան Օլիվիէ Դըկոտինիին հարցազրոյց է տուել՝ նշելով, որ Հայաստանին սարքեր տրամադրելով՝ Ֆրանսան ազդեցութեան ոլորտների տեսանկիւնից չի մտածում, այլ մտածում է իւրաքանչիւր պետութեան՝ իր ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը պաշտպանելու իրաւունքի տեսանկիւնից:

«Եւ դա իրականում ոչ միայն Ֆրանսայի համար է մտահոգիչ: Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարեւան պետութիւնը՝ Իրանը, եւս շատ անգամ մտահոգութիւն է յայտնել Հայաստանի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնութիւն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք: Եւ իրականում ՄԱԿ բոլոր անդամ պետութիւնները պէտք է համաձայնեն այս հարցում, որովհետեւ ՄԱԿ-ի կանոնադրութեան ներքոյ` ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները ճանաչում են եւ պէտք է աջակցեն անդամ միւս երկրների ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը: Դա ընդհանուր պարտաւորութիւն է», ասել է դեսպան Դըկոտինիին՝ յաւելելով նաեւ, որ Պաքուն կարող է վստահ լինել՝ Հայաստանին միայն պաշտպանական սարքաւորումներ են տրամադրում։

Իսկ դեռեւս Փետրուարին տուած ասուլիսում արդէն Իրանի դեսպանը ՀՀ-ում Մեհդի Սոբհանին նշել էր, թէ Իրանը Հայաստանի հզօրացման կողմնակիցն է:

«Ուժերի յարաբերակցութիւնը կը նպաստի տարածաշրջանի խաղաղութեանն ու անվտանգութեանը։ Մենք պատրաստ ենք օգնութիւն ցուցաբերել Հայաստանին, որը կը նպաստի տարածաշրջանում խաղաղութեանն ու կայունութեանը», ընդգծել էր դեսպանը:

Պատասխանելով հարցին, թէ Իրանը ցանկանում է Հայաստանի Սիւնիքի մարզում ռազմական ներկայութեան հասնել այդ տարանցիկ դերի դիմաց, նա նշել է, որ նախընտրում է չարձագանգել այդ բամբասանքներին։ «Ինչո՞ւ են ձեզ սպառնում։ Եթէ դուք լինէք ուժեղ, կը կարողանա՞ն ձեզ սպառնալ։ Ես կարծում եմ, որ խաղաղութեան չհասնելու գաղտնիքն ուժի հաւասարութեան գոյութիւն չունենալն է։ Եթէ դուք ուժեղ լինէք, ոչ ոք չի համարձակուի ձեզ սպառնալ», յայտարարել էր դեսպանը։

Ըստ նրա՝ հենց այդ առումով էլ Իրանը ՀՀ-ի հետ յարաբերութիւնները համարում է ռազմավարական, եւ այս շրջանակում կայ փոխադարձ ընկալում. Իրանը գտնում է, որ դա բխում է տարածաշրջանի անվտանգութեան շահերից։ Անցած տարուայ Դեկտեմբերի վերջին Հայաստանում էր ԻԻՀ արտգործնախարար Հոսէյն Ամիր Ապտըլահիանը։

Նա Երեւան էր եկել Ատրպէյճանի ու Ռուսաստանի պաշտօնակիցների հետ հայ-ատրպէյճանական կարգաւորումը քննարկելուց յետոյ։

«Իրանն ուզում է, որ Հայաստանի խաղաղութիւնն ու կայունութիւնն ապահովուած լինի առանց արտաքին ուժերի միջամտութեան ու տարածաշրջանային երաշխաւորների շնորհիւ՝ Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի միջոցով հաստատուի հայ-ատրպէյճանական խաղաղութիւնը», Երեւանում յայտարարել էր Իրանի արտգործնախարարը։

Ապտըլահիանը վերահաստատել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականութեանն ու ինքնիշխանութեանը։ Մարտի 5-ին էլ Սէուտական Արաբիայի Ճատտա քաղաքում հանդիպել էին Իրանի եւ Ատրպէյճանի արտգործնախարարները։ Հանդիպումից յետոյ իրանական կողմը յայտարարեց՝ Պաքուի եւ Թեհրանի յարաբերութիւններում նոր էջ է բացուել։

«168 Ժամ»-ի հետ զրոյցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ եթէ նոյնիսկ չխօսենք հակամարտող երկրների պաշտպանութեան նախարարների Թուրքիա եւ Իրան կատարած այցերի մասին, ակնյայտ է, որ Հարաւային Կովկասում լարուածութիւն է կուտակւում լուծումների բացակայութեան պատճառով։ Իսկ բանակցային լարուածութիւնը, նրա խօսքով, սովորաբար դառնում է ռազմական էսկալացիայի պատճառ։ Այդ վտանգը, ըստ վերլուծաբանի, կայ նաեւ ներկայումս, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումներն ուղիղ անդրադառնում են ռեգիոնում տիրող իրավիճակի վրայ, քանի որ Արեւմուտքն իր ողջ ռեսուրսն ուղղել է այստեղից ՌԴ-ին դուրս բերելու նպատակին։

«Այս մթնոլորտը ճնշում է ամէն դէպքում մտածել ռազմական ոլորտի զարգացման մասին։ Ուստի Հայաստանը, որն ուշացած Արեւմուտքից ինչ-որ սպառազինութիւն է փորձում ձեռք բերել, երեւի թէ որոշ տարբերակներ կը բանակցի նաեւ Իրանի հետ, կարծում եմ՝ նման օրակարգ արդէն կայ, սակայն չի բարձրաձայնւում։ Ի հարկէ, սա նաեւ Իրանի տեւական ջանքերի ու առաջարկների հետեւանքն է, կարծում եմ՝ Երեւանը յապաղում էր Իրան-Արեւմուտք յարաբերութիւնների պատճառով եւ միայն այնտեղից ինչ-որ հաւանութիւն ստանալուց յետոյ է այս ուղղութեամբ ինչ-որ քայլեր նախաձեռնում, եւ կարծում եմ՝ Ֆրանսայից դիրքորոշումը, թէ Իրանի հետ Հայաստանի հարցում համակարծիք են, առանցքային է հայ-իրանական ներկայիս կոնտակտներում», նշեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Հասանովի Թուրքիա կատարած այցին, ապա փորձագէտը կարծում է, որ շատ վաղուց թուրք-ատրպէյճանական ռազմական ոլորտում համագործակցութիւնը նորութիւն չէ։ «Ատրպէյճանի նախագահը վերընտրուելուց յետոյ, կարծում եմ՝ յստակ ուղերձ յղեց, որ շարունակելու է խորացնել համագործակցութիւնը, համատեղ ռազմարդիւնաբերական ծրագրեր են իրականացւում, եւ դրանք նոր թափով սկսուել են վերջին շրջանում։ Ուստի բնական է, որ թէ ռեգիոնալ իրավիճակն է լարուած, թէ աշխարհաքաղաքական ու նախարարական այցերը համընկնում են», ասաց նա։

Խրամչիխինի խօսքով, ներկայումս ՀՀ անվտանգութեան տեսանկիւնից Իրանը ՀՀ-ի համար առանցքային երկիր է, որը կարողացել է իր դիրքորոշմամբ կայունացնել իրավիճակը ռեգիոնում։ «Կարծում եմ՝ համագործակցութիւնը կարող է ընդլայնուել քաղաքականից նաեւ անվտանգային եւ ռազմական ոլորտ», ասաց նա։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեզ հետ զրոյցում ասաց, որ տեւական ժամանակ է՝ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը ՀՀ-ին առաջարկում է թէ քաղաքական, թէ միջնորդական, թէ անվտանգային աջակցութիւն։ Նրա կարծիքով, դա աւելի ակնառու դարձաւ, երբ Կապանում բացեց ԻԻՀ հիւպատոսութիւն՝ արձանագրելով, որ ՀՀ անվտանգութիւնն Իրանի անվտանգութիւնն է։

«Աւելորդ է ասել, որ այդ ձեւակերպումն իր մէջ ներառում է հնարաւոր բոլոր տեսակի քայլերը, որոնք կարող են նպաստել ՀՀ անվտանգութեան, ինքնիշխանութեան ամրապնդմանը։ Կարծում եմ՝ այդ տեսանկիւնից էական էր ԻԻՀ ԱԳ նախարարի տարեվերջեան այցը ՀՀ, որի ժամանակ Իրանն առաջարկում էր ՀՀ-ին դառնալ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան երաշխաւորը։ Հայաստանը կարծես այս առաջարկով ներկայումս այնքան էլ հետաքրքրուած չէ, քանի որ բանակցութիւններն Արեւմուտքում են շարունակւում, թէեւ արդիւնքներ չկան, ու չի բացառւում, որ Իրանի այս առաջարկն ինչ-որ պահի կրկին ակտուալ դառնայ։ Այնուամենայնիւ, Պաշտպանութեան նախարարի այցն անվտանգութեան ոլորտում համագործակցութեան մասին է, որը շատ հարցեր ու խնդիրներ է ներառում, կարծում եմ՝ համագործակցութեան չափազանց լայն դաշտ կայ։ պէտք է յուսալ, որ Արեւմուտքի հետ ՀՀ յարաբերութիւններն Իրանի հետ Հայաստանի հնարաւոր ներուժն այդ ոլորտում չեն սահմանափակի», նշեց նա։

Comments are closed.