Յանցաւոր անփութութիւն՝ սահմանները պաշտպանելիս. Հարցազրոց «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանի հետ

Տեղ գիւղում տեղի ունեցած փոխհրաձգութիւնից անմիջապէս յետոյ «Հայաստան» խմբակցութեան մի խումբ պատգամաւորներ այցելել են Տեղ գիւղ, շփոուել համայնքի բնակիչների հետ, տեղում ծանօթացել խնդիրներին։ Տեղ մեկնած պատգամաւորների թւում է եղել նաեւ ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամաւոր Քրիստինէ Վարդանեանը, որի հետ «Հրապարակ»-ը զրուցել է։

Յիշեցնենք, որ փոխհրաձգութեան հետեւանքով հայկական կողմը պաշտօնապէս յայտարարել է 4 զոհի եւ 6 վիրաւորի մասին, վիրաւորներից մէկի վիճակը գնահատւում է ծայրայեղ ծանր։

– Կը պատմէ՞ք, թէ ինչ իրավիճակ էր երէկ (ապրիլի 11-ին, Խմբ.) Տեղում, համայնքի բնակիչներն ի՞նչ են պատմում, ի՞նչ են տեսել, ինչպէ՞ս են մեկնաբանում կատարուածը։

– Մենք՝ խմբակցութեան գործընկերներով, շփուել ենք Տեղի բնակիչների հետ, եւ չնայած երէկուայ սադրանքին, չնայած նրան, որ կրակոցի ձայները պարզ լսելի են եղել գիւղում, բնակիչները շարունակում են մնալ իրենց տներում, գիւղը խոշոր հաշուով շարունակում է ապրել իր բնականոն կեանքով՝ որքան դա հնարաւոր է։ Գիւղի երկու խանութները բաց են, երկու դպրոցներն աշխատել են, իհարկէ, ամբողջ ծաւալով դասապրոցես ապահովել չի յաջողուել՝ անվտանգային խնդիրներից ելնելով, բայց դպրոցներն աշխատել են, ուսուցիչները եղել են աշխատավայրերում։ Մեր՝ գիւղում գտնուելու ընթացքում կրակոցներ չեն լսուել, բնակիչների շրջանում էլ խուճապ չկար, իրենք շարունակում են մնալ իրենց տներում։

– Փոխհրաձգութեան ժամանակ լուրեր տարածուեցին, թէ բնակիչներին ապաստարաններում են տեղաւորել։

 – Մեր գտնուելու պահին բնակիչներն իրենց տներում են եղել, ես ինֆորմացիա չունեմ ապաստարաններում գտնուելու մասին։ Կրկնում եմ՝ խուճապային տրամադրութիւններ չկային, հակառակը՝ մարդիկ պատրաստ են ամէն գնով պաշտպանել իրենց տունը, հողը եւ դրա համար ելքեր են փնտրում։ Մեզ հանդիպած ամէն երկրորդ տեղացին ասում էր, որ զէնք է հարկաւոր՝ ինձ ուզում եմ պաշտպանել։ Ասում էին, որ իրենց ուզում են համոզել, որ այն, ինչ տասնամեակներով իրենց է պատկանել, հայկական չէ, թշնամուն է պատկանում, բայց որեւէ մէկը գիւղում չի կիսում այդ մօտեցումը, իրենք շատ լաւ գիտեն, թէ որ արօտավայրերն են իրենց պատկանում, որ դիրքն է իրենցը, շատ լաւ գիտեն, որ ադրբեջանցիները հիմա գտնւում են հայկական տարածքում, եւ այս ամենից դուրս գալու ելքեր էին փնտրում, ցանկանում էին հասկանալ՝ ինչ է ձեռնարկում հայկական պետութիւնն իրենց պաշտպանութեան, թշնամուն մեր տարածքներից դուրս վռնտելու համար։

– Ես ճի՞շտ հասկացայ, որ մարտի 31-ից յետոյ, երբ ադրբեջանցիները զաւթեցին Տեղի արօտավայրերը եւ այգիները, իշխանութեան ներկայացուցիչներից որեւէ մէկը Տեղ չի այցելել եւ չի յայտնել մարդկանց, թէ իրենց ինչ է սպասւում։

– Ես կոնկրետ նման տեղեկութիւն չունեմ, չեմ կարող ոչինչ ասել, բայց մի բան յստակ է, որ տեղացիները բոլոր այսպիսի հարցերի պատասխանները չունէին եւ որեւէ երաշխիք չունեն, որ նախօրէի դէպքերը չեն կրկնուելու, իրավիճակը չի սրանալու։ Անհրաժեշտ բացատրական աշխատանքներ չեն արւում, պաշտպանական աշխատանքներ չեն իրականացւում, ընդհանրապէս՝ այս իրավիճակը հետեւանքն է այն բանի, որ իշխանութիւնները կարող էին որոշակի քայլեր ձեռնարկել։ Եթէ գերժամանակակից միջոցներ չունեն, հաստատ տրակտոր, ցեմենտ ունեն՝ ինժեներական աշխատանքների համար, որը չէր բերի նման իրավիճակների։ Բայց մենք տեսնում ենք յանցաւոր, դիտաւորեալ անփութութիւն, յանցաւոր գործունէութիւն՝ սահմանները պաշտպանելիս, եւ հակառակը՝ կատարեալ կազմակերպուած գործողութիւն՝ իշխանութիւնը պաշտպանելիս։ Այս հակադրութիւնն էլ հիմք է հանդիսանում դաւաճանական պիտակաւորումների համար։

– Տեղի բնակչութեան վարկածը ո՞րն է այն հարցի վերաբերեալ, թէ ինչու մեր զինուորները չեն կրակել դէպի իրենց դիրքերը շարժուող թշնամու վրայ։ Կան տեղեկութիւններ, որ բանակին չկրակելու հրաման է տրուած, եւ կատարուածն էլ դրա հետեւանքն է։

– Մեր բոլոր շփումները ոչ միայն Տեղ գիւղում, այլեւ սահմանային այլ վայրերում, ցոյց են տալիս, որ մարդիկ շատ լաւ են պատկերացնում իրավիճակը եւ պատրանքներ չունեն թշնամու բարի եւ կառուցողական լինելու վերաբերեալ։ Գիտեն, որ թշնամին սպառնալիք է ներկայացնում, եւ դա չէզոքացնելու համար դիմագրաւել է պէտք, հետեւապէս՝ պետութիւնից ակնկալում են իրականացնել դա։ Բայց միւս կողմից տեսնում են, թէ ինչպէս է թշնամին առանց դիմադրութեան առաջ շարժւում, եւ դիմագրաւելու ողջ բեռը դրուած է մի քանի անձնուրաց մարդկանց, զինուորականների անձնազոհութեան վրայ, իսկ պետական մակարդակում նման քաղաքականութիւն չենք տեսնում։ Դրա համար են նրանք պետութիւնից պահանջում պաշտպանել իրենց, հողը, հայրենիքը։

– Գիւղամիջից տեսանելի՞ են թշնամու յենակէտերը։

– Այո, ցանկացած վայրից տեսանելի են ադրբեջանցիների տեղակայման վայրերը, որովհետեւ մենք խօսում ենք մի քանի հարիւր մետր հեռաւորութեան մասին։

 – Իսկ բնակիչները մօտաւոր հաշուարկներ ունէի՞ն, թէ ադրբեջանցիների վերջին առաջխաղացման հետեւանքով որքան տարածք ենք կորցրել։

– Տարբեր թիւեր էին նշում, բայց կը նախընտրեմ չհանրայնացնել։ Օգտագործելով պատգամաւորական գործառոյթները՝ կը փորձենք առաջիկայում կոնկրետ թիւեր պարզել։

 – Քանի որ բնակիչների արտերն ու արօտավայրերն են զաւթել ադրբեջանցիները, իրենք իրենց ապագան Տեղում ինչպէ՞ս են պատկերացնում՝ գիւղատնտեսութեան, անասնապահութեան խնդիրներ չե՞ն առաջանայ։

– Իրենք այդ հարցերը մեզ էին տալիս՝ ոնց ենք ապրելու, ոնց ենք երեխայ մեծացնելու, անվտանգութիւնը ոնց ենք ապահովելու։

Լուսինէ Շահվերդեան

Comments are closed.