Յաղթանակի գաղափարից են ծնւում նոր յաղթանակները

«Դրօշակ»-ի Առաջնորդող

Մայիսը հայ ժողովուրդը միշտ ընկալել է որպէս յաղթանակների ամիս։ Հայոց պետականութեան հիմնադրման օրը համարուող 1918 թ․ Մայիսի 28-ը Հայաստանի վերանկախացումից յետոյ ներառուեց տօնացոյցում՝ որպէս Հանրապետութեան օր, իսկ մայիսեան այդ տօնին գումարուեցին Շուշիի ազատագրման եւ Արցախի պաշտպանութեան բանակի ստեղծման օրերը։ Դժբախտաբար, վերջին տարիներին հայոց երկու պետականութիւնների հետ տեղի ունեցած մեծ ողբերգութիւնները, քաղաքական ու բարոյական անկումները ստուերեցին եւ անգամ կասկածի տակ դրեցին այս տօների արժէքը, նախորդող երեք տասնամեակների մեր ձեռքբերումները, հերոսացումները, սերունդների 35-ամեայ պայքարը, փայփայած իտէալներն ու ապրած կեանքը։

Յաղթած, հպարտ, ամուր ժողովրդի տարածքային, քաղաքական, ռազմական, բարոյական բոլոր գահավիժումները տեղի ունեցան քաղաքական մի խմբի կառավարման տարիներին, որն անմիջականօրէն իր ունեցած բոլոր ձախողութիւնների մեղքը փորձում է բարդել նախորդների վրայ։ Անկախ նրանից, թէ ինչ չափի են նախորդների զանցանքներն ու յանցանքները, արդեօ՞ք դրանք կասկածի ու վերանայման հիմք են այն կոնկրետ, փաստական իրողութիւնների, որոնք տեղի են ունեցել ներկայ կառավարողների անմիջական ղեկավարման ներքոյ։ Ժողովրդի պառակտումը, Հայաստան-Արցախ-Սփիւռք եռամիասնութեան քայքայումը, պետական-քաղաքական գործընթացներից քաղաքական ուժերի դուրս մղումը, յաղթանակներ կերտած զինուորական ղեկավարութեան մեկուսացումն ու հալածանքները, դաշնակից պետութիւնների հետ յարաբերութիւնների վատթարացումը, բանակի վերազինման գործի ձախողումը, որպէս թշնամուն ուղղուած ուղերձ հնչող քաղաքական անհիմն ու գրգռիչ յայտարարութիւնները եւ այդ ամէնին հետեւած պատերազմական գործողութիւնների անտաղանդ ու անկազմակերպ ղեկավարումը, ընդհանուր զօրահաւաքի, ինչպէս եւ բարեկամ երկրների օգնութեան առաջարկների մերժումը, զինադադարի առաջարկի անտեսումը թշնամական կոալիցիայի ակնյայտ յաջողութիւնների պայմաններում ռազմաքաղաքական խոշոր պարտութեան պատճառներն էին։ Ի՞նչ կապ ունէին այս ամէնի հետ նախկինները, որոնց վատ կառավարման տարիներին մենք միայն յաղթանակներ էինք տարել։ Զինուորական ծառայութիւնից խուսափած, բայց պաշտպանական համակարգի բարձրագոյն հրամանատարի պաշտօնը զբաղեցրած անձը դասալիքների իր թիմի գլուխ անցած՝ պատերազմի սկզբում յոխորտում էր, թէ՝ կասկածող կա՞յ գերագոյն գլխաւոր հրամանատար լինելու կարողութիւններիս, եւ մինչեւ պատերազմի վերջին օրերը ժողովրդին կեղծ տեղեկատուութիւն էր մատուցում թուացեալ յաղթանակի մասին, իսկ պարտութիւնից եւ կապիտուլիացիայի խայտառակ փաստաթղթի ստորագրումից յետոյ սկսեց ճւճւալ, թէ նախկինները վաղուց յանձնել էին այն, ինչի համար ինքը ստորագրել է։

Այս ամէնը, սակայն, կարելի էր համարել անփորձութեան, չհիմնաւորուած ինքնավստահութեան եւ այլ «փոքր» մեղքերի հետեւանք, եթէ ակնյայտ չլինէին Արցախի, Հայաստանի, ազգային պատմութեան, մշակոյթի եւ արժէքների նկատմամբ այն պատկերացումն ու հետեւողական վերաբերմունքը, որոնք դրսեւորուել են իշխանութեան գալու առաջին օրերից։ Գործընթացը հասել է այնտեղ, որ արմատական վերանայման են ենթարկւում գիտակրթական չափորոշիչները, երբ այլեւս առանց ենթատեքստերի քննարկման առարկայ են դառնում Հայոց ցեղասպանութիւն բնորոշումը, Արարատ լերան, Կոմիտասի եւ ազգային ինքնութիւնը պայմանաւորող հիմնարար այլ արժէքների ու հասկացութիւնների նշանակութիւնը։ Եթէ անդրադառնանք, թէ քաղաքական-հասարակական ինչ միջավայրերից է սերուել եւ ներկայում ինչպիսի քաղաքական հակումներ է դրսեւորում երիտասարդ իշխանութեան այս թիմը, պարզորոշ է դառնում նաեւ արտաքին թելադրանքով իրականացուող այն ծրագիրը, որը պետականօրէն իրագործւում է Հայաստանում եւ Արցախի նկատմամբ։

Եւ այս ամէնը տեղի է ունենում պատմական այնպիսի ժամանակահատուածում, երբ աշխարհը կրկին աշխարհաքաղաքական ու քաղաքակրթական բուռն բախումների եւ գլոբալ փոփոխութիւնների հողմապտոյտների մէջ է։ Ճակատագրական ժամանակահատուածը կրկնութեան պէս զուգահեռւում է հարիւր տարի առաջ տեղի ունեցող իրողութիւնների հետ։ Առաջին համաշխարհային պատերազմի, Ռուսաստանում փոթորկուող քաղաքացիական պատերազմի շրջանում հայութիւնը յայտնուել էր հակամարտող կողմերի եւ շահերի խաչաձեւման էպիկենտրոնում, եւ չափազանցութիւն չի լինի, եթէ ասենք, որ գտնւում էր աշխարհաքաղաքական բախման գօտու վրայ։ Դեռեւս 1915 թ․ Մայիսին Անգլիան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը հեռագրեցին թուրք սուլթանին՝ յայտարարելով, որ այն, ինչ իրականացւում է հայ ժողովրդի նկատմամբ, յանցագործութիւն է մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ։ Սրանով հանդերձ, բոլորի կրաւորական հայեացքի առջեւ վերացուեց արեւմտահայութիւնն ու վերջնականօրէն սեփականուեց նրա բնօրրանը։ 1918 թուականի գարնանը ցեղասպանը արդէն Արարատեան դաշտում էր եւ սպառնում էր արեւելահայութեանը ենթարկելու նոյն ճակատագրին։ Քաղաքական եւ յատկապէս ռազմական ղեկավարութիւնը չէր հաւատում ճակատ տալու հեռանկարին եւ առաջարկում էր նահանջել դէպի լեռնային բարձունքներ եւ անցնել ֆիդայական-պարտիզանական պայքարի տակտիկայի։

Սակայն կար Ազգային կենտրոնական խորհրդի կողմից նշանակուած այդ ժամանակաշրջանի համար թերեւս ամենաճիշդ անձը, որն առարկեց բոլորին՝ փաստարկելով, որ այդ դէպքում կը կրկնուի արեւմտահայութեան հետ տեղի ունեցածը։ Իր երկաթեայ կամքը հակադրելով նահանջի գաղափարին՝ Արամ Մանուկեանը վճռահատեց՝ ասելով, որ պէտք է մնալ եւ կռուել հենց այդտեղ, յաղթել կամ մեռնել առանց երկընտրանքի մասին մտածելու․ «Ամէն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ, եթէ նայող կայ, նայում է միայն յանուն իր շահերի: Ոչ ոք ոչ մի մարդ չի ուղարկի տաճկական ճակատ՝ տուն գնացող ռուսներին փոխարինելու համար: Եթէ ընդհանուր ուժերով ճակատ պահելու խօսք էլ է լինում, դա լոկ խօսք է՝ զուրկ իրական հիմքից ու անկեղծութիւնից: Հայերով ո՛չ ոք չի հետաքրքրւում շօշափելի օգնութիւն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կայ դաւադրական վերաբերմունք: Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին՝ թէ՛ ճակատը պաշտպանելու եւ թէ՛ երկրի ներսը կարգ հաստատելու համար»: Այս էր Արամի հիմնաւորումը։ Իսկ մինչ վճռական ճակատամարտերը գործակցելով Դրոյի հետ՝ Արամին յաջողուել էր վերականգնել ռուսների հեռանալուց յետոյ փլուզուած վարչական համակարգը, զսպել դրսից թելադրուած ներքին թշնամու խժդժութիւնները, միաւորել ժողովրդի բոլոր կարող տարրերին եւ որ ամենագլխաւորն է, պարտուած, գաղթական, յուսահատ զանգուածներին ներշնչել հաւատ եւ պայքարի վճռականութիւն։ Կարելի է պնդել, որ եթէ չլինէր Արամի գաղափարակից ու գործակից ազգային ռազմաքաղաքական ընտրախաւը, հնարաւոր չէր լինի Հայաստանի անկախացումն ու պետականութեան վերականգնումը։ Այդ ընտրախաւը ոչ թէ նշուած մի քանի ամիսներին, այլ երեք տասնամեակ ճիգ գործադրեց՝ սպանելու հայ ժողովրդի միջի ստրուկին, ներշնչելու նրան արժանապատուութիւն, նախնեաց ըմբոստ ոգին եւ պայքարի կամքը։ Ահա, թէ ինչ է գրում Նիկոլ Աղբալեանը այս ամէնի մասին՝ ասելիքը կենտրոնացնելով Մայիսի 28-ի խորհրդանշական օրուայ վրայ․ «Ո՞րն է իմաստը Մայիս 28-ի: Այդ թուականին բովանդակ հայ ազգը, որ ստրուկ էր թուրքին եւ հպատակ՝ ռուսին, կը դառնար ազատ ու անկախ հայրենիքի տէր ու քաղաքացի: Այն ժողովուրդը, որ սովոր էր միայն իր վիզը երկարել թշնամիին եւ կինը զիջիլ ուրիշին, Մայիս 28-ին ինքզինք կը հռչակէր ազատ ու անկախ. ան իր ազատութեան համար կռուեցաւ ձմրան ցուրտին, բոպիկ եւ մերկ, քաղցած ու արիւնաքամ վիճակի մէջ: Արեւելեան եւ արեւմտեան հայութիւնը՝ միացած Դաշնակցութեան դրօշին տակ, հասած էր ինքնագիտակցութեան՝ իբրեւ մէկ մարդ»։

Իսկ փորձէք պատկերացնել, որ նման ժամանակահատուածում հայ ժողովրդին առաջնորդէր ներկայիս իշխանութեան նման քաղաքական մի թիմ։ Երեւի «կը պարզուէր», որ որ միայն Արեւմտեան, այլեւ Արեւելեան Հայաստանի նկատմամբ հայ ժողովուրդը իրաւունքներ չունի, որովհետեւ դարեր շարունակ այնտեղ իշխել են օտարները։ Կ’եզրակացուէր երեւի, որ պայքարն անիմաստ է, որովհետեւ հնարաւոր չէ յաղթել բազմապատիկ ուժեղ թշնամուն։ Եւ ուրեմն ի՞նչ։ Եւ ուրեմն պէտք է յարմարուել եւ խոնարհութիւնը փաստելով՝ ապրել թուրքի շուքի տակ։ Սա չափազանցութիւն չէ Նիկոլ Փաշինեանը, սրան է տանում Հայաստանը։

Փաշինեանը հայ ժողովրդի մի հատուածին վերածեց վախկոտ ու անարժանապատիւ ստրուկի։ Փաշինեանն իր յենարանը դարձրեց ազգակցին թուրքից աւելի ատող կուրացած ամբոխի՝ ներշնչելով, թէ այդ ամբոխն է երկիրը ղեկավարում եւ որոշում սեփական ճակատագիրը (յիշենք երեք միլիոն վարչապետերի մասին հեքիաթը)։ Եւ դժբախտաբար, այս ամբոխին դեռեւս մաս կազմող փոքրամասնութիւնը հարց չի տալիս իր կուռքին, թէ ինչո՞ւ է Արցախի ճակատագիրը որոշւում ոչ թէ հրապարակում, այլ բանակցութիւնների փակ դռների ետեւում, ինչո՞ւ են ամենաժողովրդական կառավարութեան նիստերի հիմնական օրակարգերը քննւում փակ ռեժիմով, ինչո՞ւ «ազնիւ» ՔՊ-ականների օրինական ու ոչ բացայայտ եկամուտներն աճում են սրընթաց ձեւով, իսկ աղքատութեան ցուցանիշն ու աղքատների քանակը շարունակում են աճել, եւ ում համար են տնտեսական աճի տոկոսները, եթէ այդ թուերը ոչ մի աղերս չունեն ժողովրդի կենսամակարդակի հետ։ Ինչպէ՞ս է, որ երկիրը ղեկավարող անձը որքան շատ է խօսում խաղաղութեան մասին, այնքան աւելի է մեծանում պատերազմի վտանգը, եւ եթէ մեծ պատերազմը չի վերսկսւում, պատճառն այն է, որ առանց դրա էլ թուրքերը Հայաաստանը գրաւում են մետր առ մետր։ Պատերազմից յետոյ Նիկոլ Փաշինեանը տեղին ու անտեղի փիլիսոփայում է այն մասին, որ արցախցիներն իրենք պէտք է որոշեն իրենց ճակատագիրը՝ բանակցելով ատրպէյճանցիների հետ։ Այդ դէպքում Ատրպէյճանի ամբողջականութիւնը 86,6․000 ք/կմ տարածքի վրայ ճանաչելը, եթէ չի նշանակում, որ Հայաստանի ղեկավարը Արցախը պաշտօնապէս ճանաչում է Ատրպէյճանի կազմում, ապա ի՞նչ է նշանակում։ Ինչպէս հասկանալ ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները, եթէ դրանց ձեռքբերումից առաջ ու յետոյ Ատրպէյճանը շարունակում է յարձակուել եւ ռմբակոծել հայկական տարածքները, իսկ Հայաստանի ղեկավարութիւնը ձայն չի հանում, հարցականի տակ չի դնում պայմանաւորուածութիւնների յուսալիութիւնը։ Աւելին, հետեւողականօրէն շարունակուող այս սցենարը աւելի ու աւելի է հիմնաւորում կասկածը, որ Փաշինեանն ու Ալիեւը գործում են համաձայնեցուած ձեւով։ Ալիեւի ձեռնարկած ռազմական բնոյթի ուղղակի եւ անուղղակի գործողութիւններից յետոյ (ռազմական առաջխաղացումներ, շրջափակումներ, անցակէտերի տեղադրում) Նիկոլ Փաշինեանը «ստիպուած է լինում» տարածքներ, ճանապարհներ ու դիրքեր զիջել, որպէսզի հայկական կողմը շատ զոհ չտայ։ Եւ այն, ինչ այս օրերին է տեղի ունենում, իրաւունք չի՞ տալիս արդեօք մտածելու, որ Նիկոլ Փաշինեանը պատրաստւում է Ալիեւին յանձնել նաեւ Սոթքի վերջին հանքավայրը։

Ի՞նչ կարելի է սպասել մի մարդուց, որն իր գրութիւններում հակակրանք է արտայայտել հայոց նախնիների հանդէպ, Արցախը համարել է ատրպէյճանապատկան, Զանգեզուրով Թուրքիային միջանցք չտրամադրելու հայ ժողովրդի յամառութիւնը բնորոշել է որպէս «չուզողութիւն»։ Նիկոլ Փաշինեանը եւ նրա ղեկավարած խմբակը չեն հաւատում հայ ժողովրդի ուժին ու իտէալներին, երբեք կողմնակիցը չեն եղել Արցախի անկախութեանը եւ ցաւ չեն զգում նորանոր տարածքների հաշուին Հայաստանի ռազմավարական զիջումների համար։ Այս ուժը չի հաւատում, որ Հայաստանն ու հայութիւնը ունակ են իրենց պաշտպանելու եւ այդ պաշտպանութիւնը փնտռում են դրսում։ Նիկոլ Փաշինեանը հետեւողականօրէն իրականացնում է Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու արեւմտաթուրքական ծրագիրը եւ դրա դիմաց արեւմուտքից աղերսում է պաշտպանութիւն, որպէսզի մնայ իշխանութեան ղեկին։ Այս մասին է վկայում նաեւ Ռէյկիավիկում տեղի ունեցած Եւրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովում սոյն թուականի Մայիսի 17-ին Նիկոլ Փաշինեանի արտասանած խօսքը ժողովրդավարութեան մասին, որում անդրադարձ չկայ Արցախի իրաւունքների, հայութեան անվտանգութեան վերաբերեալ։ Փաշինեանը հաւաստիացնում է, որ ինքը Արեւմուտքի ժողովրդավարութեան արժեհամակարգի դրօշակակիրն է՝ ակնկալելով Արեւմուտքից հովանաւորութիւն իր իշխանութեան նկատմամբ։

Այս մէկը, թերեւս, Զելենսկուց սովորած դաս է․ վերջինս էլ Արեւմուտքին ներկայանում է որպէս ռուսական ագրեսիայից աշխարհը պաշտպանող առաքեալ եւ համապատասխան գին է պահանջում դրա դիմաց։
Օտարին ապաւինած եւ վերջինիս ծրագրերի իրականացման համար Արցախը յանձնող ու Հայաստանը բզկտման տանող Փաշինեանը եւս մէկ անգամ կոպտօրէն ոտնահարեց Հայաստանի օրէնսդրութիւնը, խորհրդարանի ու կառավարութեան մի շարք որոշումները՝ Արցախը փաստացի ճանաչելով Ատրպէյճանի կազմում։ Մեր այս գրութեան մէջ զուգահեռ տարուեց երկու իշխանութիւնների միջեւ, որոնցից մէկը ապաւինեց հայութեան ուժին ու իտէալներին եւ անձեւ քաոսից կարողացաւ անկախ պետութիւն կերտել։ Միւսը պետութիւնը փորձադաշտ դարձրեց օտար շահերի համար, հաւատաց ու յենուեց ոչ թէ սեփական ժողովրդի ուժի, այլ օտարի սին խոստումների վրայ եւ կործանման տարաւ Արցախը ու շարունակում է ինքնիշխանութեան կորստի տանել Հայաստանը։ Հասկանալով իր կատարած յանցագործութիւնների ահաւորութիւնը՝ այս ղեկավարը սկսում է աւելի ու աւելի վախենալ պատժից եւ աւելի մեծ չափով է ապաւինում ու կախման մէջ ընկնում արտաքին ուժերից։ Վերջիններիս հովանաւորութեան դիմաց էլ նա հատուցում է երկրի հաշուին։

Գրեթէ բոլորն են հասկանում, որ փրկութեան ելքը համազգային բռունցք ձեւաւորելու եւ հետեւողական պայքար ծաւալելու մէջ է։ Պայքարը պէտք է ուժգնանայ՝ ձնագնդի պէս ընթացք առնելով եւ ոչ թէ նախ սպասել, որ այդ ձնագունդը մեծանայ, յետոյ պայքար սկսել։ Պայքարե՞լ, թէ լուռ հետեւել՝ ինչպէս է երկիրը գլորւում անդունդը․ կանգնած ենք այս երկընտրանքի առջեւ, երկու ճանապարհն էլ անցել ենք, երկուսի արդիւնքն ու հետեւանքն էլ ճաշակել։ Կը կարողանա՞յ հայ ժողովուրդը կրկին բռունցքուել, ինչպէս Սարդարապատից առաջ։ Յաղթանակի ձգտումից են ծնւում նոր յաղթանակները։

«Դրօշակ» թիւ 5, 2023թ.

 

Comments are closed.