Ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը. Արցախի Ազգային Ժողովի խմբակցութիւնների յայտարարութիւնը

Նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնութեան կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետութեան և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետութեան անկախութեան ճանաչումը և դրան յաջորդած 2022 թ. սեպտեմբերի 30-ին վերոյիշեալ երկրամասերի, Խերսոնի և Զապորոժէի մարզերի վերամիաւորումը Ռուսաստանի Դաշնութեան՝ Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակցութիւնները արձանագրում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը 1991թ. իրաւական առումով անթերի իրացրել է ինքնորոշման իր իրաւունքը՝ միջազգային իրաւունքի նորմերին, ժողովրդավարութեան սկզբունքներին և այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրէնսդրութեանը համապատասխան: Միջազգային հանրութիւնը Ադրբեջանը ճանաչել էր որպես անկախ պետութիւն ԽՍՀՄ ներքին օրէնսդրությամբ որոշուած սահմաններում: Ըստ այդ օրէնսդրութեան՝ Ադրբեջանի անկախութեան ձեռք բերման ժամանակ Լեռնային Ղարաբաղը տուեալ երկրի հետ որևէ առնչութիւն չունէր, այլապէս նա չէր ընդգրկուի ՄԱԿ-ի կազմում, ուստի Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը ոչ մի կապ չունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ:

Ընդունելով ՄԱԿ կանոնադրութեան առաջին յօդուածում ամրագրուած ժողովուրդների իրաւահաւասարութեան և ինքնորոշման սկզբունքը և Արդարադատութեան միջազգային դատարանի 2010թ. յուլիսի 22-ի վճիռը, ըստ որի միջազգային իրաւունքը չի արգելում այնպիսի անկախութեան հռչակումը, ինչպիսին Կոսովոյում էր, Արցախի Հանրապետութեան Ազգային Ժողովի խմբակցութիւնները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանի Դաշնութեանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և ՄԱԿ անդամ միւս 190 պետութիւններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը, դրանով իսկ ի չիք դարձնելով նրա բնակչութեան առջև ծառացած գոյաբանական լրջագոյն սպառնալիքները:

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»

«Միասնական hայրենիք»

«Արդարութիւն»

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն»

«Արցախի ժողովրդավարական կուսակցութիւն»

Ստեփանակերտ

07․10․2022թ․

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.