ՀՅԴ-ն յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

2021 թ. դեկտեմբերի 5-ին Հայաստանի 36 խոշորացուած համայնքներում տեղի ունեցած ՏԻՄ համամասնական ընտրութիւնները գործող ազգակործան իշխանութիւններին դիմադրելու հերթական հնարաւորութիւնն էր: Գրանցուած յաջողութիւների առումով ՀՅԴ-ն ընդդիմադիր դաշտի առաջատար ուժն է: Կուսակցութիւնը՝ առանձնաբար և դաշինքներով, յաջողութիւն է գրանցել 18 համայնքներում և, կոալիցիոն ձևաչափով, տեղական իշխանութիւն կը ձևաւորի ՀՀ Շիրակի մարզի Ախուրեան համայնքում: Նախատեսւում է համագործակցութիւն ծաւալել նաև այլ համայնքների ընդդիմադիր, առողջ ուժերի հետ:

Կայացած ընտրութիւններն անցան լարուած, հակամրցակցային պայմաններում՝ պետական և տեղական իշխանութեան լծակների և ռեսուրսների օգտագործմամբ, բազմապիսի ապօրինութիւնների և ճնշումների պայմաններում: Ակնյայտ է՝ իշխանութիւնը պահպանելու և կենտրոնացնելու մոլուցքով տարուած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ցանկանում է վտանգներով լի իր քաղաքականութիւնը տեղայնացնել նաև համայնքներում: Սակայն, քաղաքացիների ու նրանց առաջնորդող ուժերի դիմադրութիւնն ապացուցեց, որ երկիրը պատերազմի, կորուստների և աղէտի առջև կանգնեցրած իշխանութիւնը մերժուած է հանրութեան զգալի մասի կողմից:

Տրուած քուէների և ցուցաբերուած աջակցութեան համար շնորհակալութիւն ենք հայտնում մեր հայրենակիցներին և գործընկերներին: Ապազգային իշխանութեան դէմ մեր պայքարը շարունակւում է. ուժերն առաւել համատեղելու դէպքում մեր հայրենիքի ու նրա զաւակների համար կը բացուեն նոր հնարաւորութիւններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
06.12.2021 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.