ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէի Յայտարարութիւնը

Հայրենակիցնե՛ր,

Այս օրերին ականատես ենք հերթական յետնահանջի, որը ոչ այլ ինչ է, քան արտաքին քաղաքական ասպարէզում ձախողման հետևանք: ՀՀ ձախողած իշխանութիւններն այս անգամ ևս ժողովրդի թիկունքում ստուերային պայմանաւորուածութիւնների ճանապարհով տանում են Հայրենիքի տարածքի հերթական յանձնման: Բերձորի, Աղաւնոյի և Ներքին Սուսի բնակչութեան տարհանումը և այդ բնակավայրերի յանձնումը թշնամուն մէկ անգամ ևս ապացուցում է, որ պարտութեան ենթարկուած իշխանութիւնը ունակութիւն չունի կառավարելի դարձնելու բանակցութիւններն ու ներազդելու քաղաքական գործընթացների ու զարգացումների վրայ։

Արձանագրելով, որ Արցախի իշխանութիւնը կրում է պատասխանատուութեան իր չափաբաժինը, անթոյլատրելի ենք համարում ՀՀ իշխանութիւնների կողմից ստուերային պայմանաւորուածութիւնների պատասխանատուութիւնը արցախեան կողմի վրայ բարդելու արատաւոր փորձերը։

ՀՅԴ-ն տարիներ շարունակ եղել է Արցախի ազատագրուած շրջանների վերաբնակեցման և տնտեսութեան զարգացման գործի ջատագովն ու նեցուկը: ՀՅԴ մարմինների թելադրանքով Քաշաթաղի շրջանում բնակութիւն են հաստատել և գործունէութիւն ծաւալել Արցախի, Հայաստանի շրջանների և Սփիւռքահայ մեր հայրենակիցները: Շրջանի կայացման և զարգացման գործում զգալի ներդրումներ են ունեցել զանազան բարեգործական և ներդրումային կազմակերպութիւններ: Այս առումով ՀՅԴ-ի Արցախի կառոյցի համար կրկնակի ծանր է ու ցաւալի հայրենակերտման ուղղութեամբ տարուած աշխատանքների ձախողման այս հանգրուանը: Այնուհանդերձ, համոզուած ենք, որ Արցախի տեղահանուած ազգաբնակչութեան՝ պետականօրէն կազմակերպուած վերաբնակեցումը և նրանց սոցիալական հարցերի լուծումը մնում է օրախնդիր, ինչն անհնարին և անիրագործելի է առանց համայն հայութեան ջանքերի մէկտեղման։

Վերադառնալով ՀՀ իշխանութիւնների թրքահաճոյ քաղաքականութեանը, որը ժամանակ առ ժամանակ արժանանում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների դրուատանքներին, պէտք է ասել, որ իւրաքանչիւր պահ մթնոլորտը յղի է անակնկալներով և նորանոր աղէտների արձանագրման վտանգով: Յատկապէս մտահոգութեան առարկայ են Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման ուղղութեամբ տարուող աշխատանքները, որի արդիւնքում ՀՀ-ն պարտաւորուած է լինելու ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը և անորոշ ճակատագրի է մատնելու Արցախի Հանրապետութեան ապագան: Այս համայնապատկերում զգալի են թուրք-ադրբեջանական դաշնակցային քաղաքականութեան նոր նկրտումները՝ Արցախի Պաշտպանական բանակը ցրելու և Արցախի ժողովրդին ինքնապաշտպանութեան իրաւունքից զրկելու ուղղութեամբ:

Բարձր գնահատելով հանդերձ Խաղաղապահ առաքելութեան ջանքերը հրադադարի ռեժիմի պահպանման հարցում՝ պէտք է ընդգծել, որ Արցախի Պաշտպանութեան բանակը Արցախի պետականութեան հիմքն է: Այն երաշխաւորում է Արցախի Հանրապետութեան ինքնիշխան տարածքում հայ ժողովրդի մի հատուածի ինքնուրոյն ապրելու և արարելու հնարաւորութիւնը։ Արցախի Հանրապետութեան առկայութիւնն արդիւնքն է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի, հազարաւոր հայորդիների արեան և քրտինքի: Մեր սերունդը իրաւունք չունի մսխելու այդ ձեռքբերումը, զիջելու այն և մատնելու անտէրութեան: Պետական համակարգերի պահպանումը և զարգացումը Արցախի պահպանման և պաշտպանութեան հիմնասիւնն է: Այս առումով կարեւորելով Արցախի մայր օրէնքի՝ Սահմանադրութեան փոփոխութեան գործընթացը՝ համոզուած ենք, որ մինչև 2022 թուականի աւարտը նոր Սահմանադրութիւն ընդունելու հանրաքուէի անցկացումը մէկ անգամ ևս կ՚ապացուցի ժողովրդի վճռակամութիւնը անկախ պետութիւն ունենալու ուղղութեամբ:

ՀՅԴ Արցախի կառոյցը, կանգնած լինելով Արցախեան ազատագրական շարժման ակունքներում, միշտ պատրաստ է ստանձնելու գործնական պատասխանատուութիւն: Համոզուած ենք, որ Հայ ժողովրդի իրաւունքների համար պայքարը միայն համաժողովրդական բնոյթ կրելով կը կարողանայ յաջողութեամբ պսակուել: Այս համոզումից ելնելով՝ ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէն իր աջակցութիւնն է յայտնում բոլոր այն քաղաքական, հասարակական և քաղաքացիական նախաձեռնութիւններին, որոնք նպատակ ունեն յանուն Արցախի կազմակերպելու և ի մի բերելու բոլոր շերտերի ներուժը:

ՀՅԴ Արցախի Կեդրոնական Կոմիտէ
10 օգոստոս 2022 թ.

 

Leave a Comment

You must be logged in to post a comment.