Լոս Անջելըսահայութիւնը դարձեալ զօրակցեց ընդդիմութեան և դատապարտեց Զարեհ Սինանեանի պառակտիչ յայտարարութիւնները

«Սփիւռքը ունի իր ասելիքը և կ’ասի իր ասելիքը մինչև վերջ»

Գլենդել- Կիրակի Մայիս 15ի երեկոյեան ժամը 6։30ին ՀՀ հիւպատոսարանի շէնքի շուրջ կրկին հարիւրաւոր հայորդիներ էին մասնակցում հանրահաւաք-ցոյցի՝ իրենց զօրակցութիւնը յայտնելու հայրենիքում ընթացող «Դիմադրութիւն» շարժմանը։

Շրջափակում ծածանում էին Հայաստանի ու Արցախի դրօշները, հաւաքի մասնակիցները կրում էին իշխանութիւնը դատապարտող և նրանց հեռացումը պահանջող պաստառներ, հնչում էին ազգային-յեղափոխական երգեր և վանկարկում էին «առանց Նիկոլ Հայաստան», «Միութիւն, պայքար, յաղթանակ», «Նիկոլ հեռացիր», «Մենք ենք տէրը մեր երկրի» և այլ լոզունգներ։

«Հաւաքուել ենք մէկ նպատակով, որ մեր աջակցութիւնը ցուցաբերենք և յայտնենք, որ Լոս Անջելըսահայութիւնը հոգեպէս և սրտանց հայրենի ժողովրդի կողքին է ․․․ Նիկոլ, ազգովին քեզ ենք իջեցնելու սակայն նշաձողը՝ երբեք»։ Այս պատգամով բացուեց հանրահաւաքը, որին մասնակիցները մեծ ոգևորութեամբ ընդառաջեցին:

Հանրահաւաքի ընթացքին խօսք առան հանրային, հասարակական, և արուեստի գործիչներ, որոնք համոզում յայտնեցին, որ ի պատիւ գիտակից ու արթուն հայ հասարակութեան ընդհանրապէս այս իշխանութեան պարտուողական ծրագրերը չպէտք է իրականացուեն։ Դատապարտուեց նաև Հայաստանի և սփիւռքի միջև անջրպետ ստեղծելու փորձերը: Ասուեց նաև, նոյն ուժերը ցանկանում են Հայաստանի ներքաղաքական հարցերից հեռու պահել սփիւռքին և սփիւռքի մասնակցութիւնն ու խօսքը անտեղի են նկատում։ «Սա այն անհիմն օրակարգ է, որ մէջտեղ է նետւում։ Սփիւռքը ունի իր ասելիքը և կասի իր ասելիքը մինչև վերջ». յայտարարեցին բանախօսները: Նշելի է, որ բանախօսների շարքում նաև ելոյթ ունեցաւ ՀՅԴ Արևմտեան Եւրոպայի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Հրաչ Վարժապետեանը:

Հանրահաւաքի մասնակիցներն այնուհետ ազգային յեղափոխական երգեր երգելով, լոզունգներ վանկարկելով, Գլենդելի գլխաւոր փողոցներից անցնելով հասան Արցախի պողոտայ և համախմբուեցին Գլենդելի հանրային գրադարանի առջև, որտեղ ևս ելոյթները շարունակուեցին։ Յատկանշական է, որ հանրահաւաքի մասնակիցները քայլերթի ընթացքին նաև կանգ առնելով մարդաշատ և հայահոծ «Ամերիքանա» համալիրի դիմաց իրենց բողոքն ու զայրոյթը յայտնեցին Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանի կողմից «Դիմադրութեան» շարժումը դաւաճանական որակելու վերջին յայտարարութիւնները։ Ցուցարարները «զարեհ դավաճան» վանկարկելով անցան Ամերիքանա համալիրից:

Քայլերթի աւարտին մասնակիցների ընկերակցութեամբ հնչեցին ազգային-յեղափոխական երգեր։

Leave a Comment

You must be logged in to post a comment.