Թուրքիա-Յունաստան լարուածութեան նոր փուլը

Թուրք-Յունական կոնֆլիկտը շարունակում է հետևողականօրէն զարգանալ, երկու կողմերից ռազմական ուժի կիրառման սպառնալիքներ են հնչում։

Յունիսի 9-ին Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը այցելել էր Իզմիր՝ EFES-2022 զօրավարժութիւններին հետևելու։ Իր ելոյթում Էրդողանը, անդրադառնալով Յունաստանի կողմից Էգէեան ծովի կղզիները ռազմականացնելու խնդրին, նշել է․ «Կոչ ենք անում Յունաստանին հրաժարուել ապառազմականացուած կարգավիճակ ունեցող կղզիները ռազմականացնելուց և գործել միջազգային պայմանագրերի համաձայն։ Կատակ չեմ անում, լուրջ եմ խօսում»։

Նշելով, որ իրենք սառնասրտութեամբ են ընդունում Յունաստանի «սադրանքները», որը վերջին երկու տարիների ընթացքում զինուորական պատուիրակութիւնների հաւաքների հրաւէրներին անգամ պատասխան չի տուել, Էրդողանը ասել է․«Սակայն մենք տեսնում ենք, որ մեր համբերութիւնը և սառնասրտութիւնը մեր զրուցակցի կողմից սխալ է հասկացւում։ Թուրքիան ոչ ոքի իրաւունքը, օրէնքը չի ոտնահարի, սակայն Թուրքիայի իրավունքն ու օրենքն էլ ոչ ոքի թոյլ չի տա ոտնահարել»։

Իր խօսքն Էրդողանը ամփոփել է՝ ասելով․«Յունաստանին զգուշացնում ենք հեռու մնալ պատրանքներից, խօսքերից ու գործողութիւններից, որոնք կարող են աւարտուել ափսոսանքով, ճիշտ ինչպէս մէկ դար առաջ, և խելքը գլուխը հաւաքել։ Ուշքի՛ արի։ Թուրքիան, ինչպէս որ չի հրաժարուի Էգէեան ծովում իր իրաւունքներից, այնպէս էլ անհրաժեշտութեան դէպքում հետ չի կանգնի կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերի իրեն տուած իրաւասութիւնները օգտագործելուց»։

Յունիսի 10-ի իր ելոյթում, խօսելով EFES-2022 զօրավարժութիւնների մասին, Էրդողանը նշել է․«Մեր զօրավարժութիւններին 37 երկիր է մասնակցել, և այդ երկրների կէսից աւելիին Յունաստանը «Մի՛ մասնակցեք» հաղորդագրութիւն է ուղարկել։Իհարկե, գրեթե բոլորը չեն լսել՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ»։

Նշենք, որ յոյն մի շարք բարձրաստիճան պաշտօնեաներ արձագանքել են Էրդողանի այս կոշտ յայտարարութիւներին։ Յունաստանի արտաքին գործերի նախարարութիւնը իր պաշտօնական էջում հրապարակել է «Արտաքին գործերի նախարարութեան յայտարարութիւնը 1973-2022թթ թուրքական ռևիզիոնիզմի վերաբերեալ․ պատկերում 16 քարտէզներում»[1] ։ Յունաստանի ԱԳՆ-ն մասնաւորապէս նշում է․ «Թուրքական ռևիզիոնիզմի մասին լայն հանրութեան իրազեկութիւնը բարձրացնելու նպատակով կից քարտէզները վառ և անհերքելի կերպով ներկայացնում են Թուրքիայի անօրինական միակողմանի գործողութիւններն ու պահանջները։ Քարտէզները ժամանակագրական հերթականութեամբ սկսւում են Լոզանի (1923) և Փարիզի (1947 թ.) պայմանագրերով ամրագրուած ստատուս քուոյից։ Վերոնշեալ քարտէզները փաստաթղթերով ապացուցում  են թուրքական ռևիզիոնիզմի մասշտաբները, որն ուղղուած է ստատուս քուոն փոխելուն՝ խախտելով Միջազգային իրաւունքը և Միջազգային ծովային իրաւունքը և սպառնալով մեր տարածաշրջանում խաղաղութեանը, անվտանգութեանն ու կայունութեանը»։

Թուրքիայի հաւակնութիւնների ընդհանուր պատկերն այսօր (2022)

Յունիսի 10-ին Յունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, ելոյթ ունենալով Աթէնքի Առևտրի ու արդիւնաբերութեան պալատի պարգևատրման արարողութեանը, նշել է. «Մենք ունենք հարևան, որը որքան մեկուսացած, այնքան էլ զայրացած է»[2]։

Էրդողանի՝ Յունաստանի վերաբերեալ յայտարարութիւններից յետոյ Յունաստանի ընդդիմութեան առաջնորդ և նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը իր թուիթերեան էջում թուրքերեն գրառում է կատարել․«Յունաստանը կը պաշտպանի իր ինքնիշխանութիւնը բոլոր տեսակի սպառնալիքներից։ Այսպիսով, եկէք վերջ տանք սադրանքներին և վերադառնանք երկխօսութեանը միջազգային իրաւունքի հիման վրա։ Մեր բոլորի առջև ծառացած տնտեսական ճգնաժամի պատասխանը ծայրայեղ ազգայնականութիւնը չէ»[3]։

Իսկ կառավարութեան խօսնակ Եանիս Էկոնոմուն իր ֆեյսբուքեան էջում, անդրադառնալով Էրդողանի Յունարէն գրառումներին, գրել է․«Յատկանշական է, որ նախագահ Էրդողանը նախընտրել է խօսել Յունարէնով։ Յայտնի է, որ յունարէնը տրամաբանութեան, ազատութեան և իրաւունքի լեզուն է։ Դա շատ լաւ գիտեն դրա բնիկ օգտատերերը և արևմտեան աշխարհը: Թուրքիայի ընտրած մարտավարութիւնը այս տարբերակներից ոչ մէկի մէջ չի մտնում»[4]։

Իր մէկ այլ գրառման մէջ Էկոնոմուն նշել է․ «Հակապատմական պնդումներն ու սին առասպելները չեն կարող ոչ վիճարկել, ոչ էլ, առաւել ևս, փոխարինել միջազգային իրաւունքին և միջազգային պայմանագրերին: Ընդհանրապէս, բացարձակապէս ոչինչ չի կարող որևէ կերպ վնասել մեր ինքնիշխան իրաւունքներին և մեր ազգային ինքնիշխանութեանը։ Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել սադրանքի մարտավարութիւնը և գիտակցել, որ միակ ճանապարհը խաղաղ և ազնիւ հաղորդակցութիւնն է միջազգային իրաւունքի և ինքնիշխանութեան բացարձակ յարգանքի համատեքստում»[5]։

Յունաստանի պաշտպանութեան նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը «TA NEA» թերթին տուած հարցազրոյցում, անդրադառնալով վերջերս Յունաստանի ինքնիշխանութեան դէմ Թուրքիայի բացայայտ սպառնալիքներին, ասել է․«Թերևս Թուրքիայի ղեկավարութեանը անհանգստացնում է այն փաստը, որ Յունաստանը վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բարձրացնում է իր աշխարհաքաղաքական կշիռը՝ համակարգուած կերպով ռազմավարական դաշինքներ կառուցելով ուժեղ միջազգային խաղացողների հետ և միևնոյն ժամանակ հետևողականօրէն աւելացնելով Զինուած ուժերի ընդհանուր զսպող ուժը:

Էսկալացիան կարող է մասամբ պայմանաւորուած լինել նախընտրական մարտավարութեամբ՝ ներքին լսարանը համախմբելու այն առաջնորդի շուրջ, որը բախւում է լուրջ ներքին խնդիրների՝ յատկապէս տնտեսական դաշտում։ Ամէն դէպքում, կառավարութիւնն ու վարչապետը շահագրգռուած են ամուր պատ կառուցելու հարցում՝ կանգնեցնելու թուրքական ռևիզիոնիզմը, որպէսզի եռանդուն կերպով պաշտպանենք մեր ինքնիշխան իրաւունքները։ Սա այն է, ինչին մենք ի սկզբանե ձգտել ենք, սա այն է, ինչ անում ենք»[6]։

Ռուս-ուկրաինական պատերազմից ի վեր՝ ականատես ենք Թուրքիայի ռազմական ակտիւութեան կտրուկ աճին, ընդ որում՝ տարբեր ուղղութիւններով։ Նախ Թուրքիայի թիրախը դարձաւ Իրաքը, որի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը ոտնահարելով՝ ապրիլի 18-ին Թուրքիան սկսեց այդ երկիր ռազմական ներխուժումը՝ «տարածաշրջանում ահաբեկչութեան սպառնալիքը վերացնելու» պատրուակով։ Այժմ փորձ է արւում նոյն սցենարը գործադրելու նաև Սիրիայում։

Մերձաւորարևելեան ճակատին զուգահեռ ականատես  ենք երկրորդ ճակատի բացման սպառնալիքներին։ Թուրք-Յունական լարուածութիւնը գնալով սրւում է, երկու կողմերի պաշտօնական հռետորաբանութեան մէջ նկատւում են անթաքոյց ռազմական սպառնալիքներ։  Ակնյայտ է, որ Անկարան նպատակ է հետապնդում մաքսիմալ օգուտ քաղելու ստեղծուած միջազգային դրութիւնից՝ իր դիրքերը ամրապնդելու և Յունաստանի աշխարհաքաղաքական կշիռը նուազեցնելու նպատակով, ինչը պայմանաւորուած է մի շարք գործօններով, որոնց թւում են Էգէեան հիմնահարցը, Կիպրոսի հիմնախնդիրը և այլն։

 

Արփի Մադոյեան, թուրքագէտ

hayaliq.com

Leave a Comment

You must be logged in to post a comment.