Թուրքական ապրանքների ներմուծումը վերաբերմունք է թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին

Թուրքական ապրանքների ներմուծման արգելքի կիրառումը դասական պոպուլիզմի օրինակ էր. Yerkir.am-ի հետ զրոյյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը` անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի բանագնացների՝ Մոսկուայում սպասուող հանդիպմանը, ինչպէս նաև, հանդիպմանն ընդառաջ, Հայաստանի իշխանութիւնների ձեռնարկած հերթական դրական ազդակին, այն է` թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքի չեղարկմանը։

«Ժամանակին, երբ այն մտցուեց, պատճառաբանուեց անվտանգութեան խնդիրներով և Թուրքիայի տնտեսութեան մէջ հայկական կապիտալի հոսքերը սահմանափակելու անհրաժեշտութեամբ։ Սակայն Հայաստանը ներկրում էր թուրքական ապրանքի 0.01%-ը. տնտեսական տեսանկիւնից՝ մեր արգելքը մեծ ազդեցութիւն չի կարող թողնել թուրքական տնտեսութեան վրայ։ Սա մեր վերաբերմունքն էր թուրքական ագրեսիային և մեր հայրենական արտադրանքին։ Այդ արգելքը յոյս էր արթնացրել տեղական արտադրողների մօտ, որ իրենք կարող են ընդլայնել իրենց արտադրութեան ծաւալները և շուկան վերցնել իրենց ձեռքը։   Արգելքը, որը պէտք է նպաստեր ներքին շուկայում թուրքական ապրանքները տեղականով կամ այլ երկրների արտադրանքով փոխարինելուն, տևեց ընդամէնը մէկ տարի, բայց սահմանափակումները ոչ միշտ են լիարժէք գործում։ Հիմա, երբ ընդհանրապէս հրաժարւում են ներմուծման արգելքը շարունակելուց, տնտեսութեան վնասներն անհամեմատ աւելի մեծ կը լինեն»,- ասաց Ս.Պարսեանը։

Հարցին` իշխանութիւնների որդեգրած նման քաղաքականութիւնն ինչպիսի՞ հարուած կը հասցնի Հայաստանի տնտեսութեանը, և ինչպէ՞ս էք գնահատում այս որոշումը, տնտեսագէտը պատասխանեց, որ այս կառավարութիւնը բազմիցս փորձել է նախապատրաստել հասարակութեանը թուրքական ապրանքների ներմուծման արգելքի ժամկէտի չեղարկմանը։

«Այս կառավարութեան՝ նախկինում հնչեցրած յայտարարութիւնները խօսում էին այդ ամէնի մասին։ Յիշեցնեմ՝ երբ այս որոշումը արդէն կար, գործող կառավարութիւնը յայտարարում էր` մենք կ’օգտուենք թուրքական նաւահանգիստներից, ապաշրջափակումը տնտեսական մեծ հնարաւորութիւններ կու տայ. այս բոլոր յայտարարութիւնները հող էին նախապատրաստում արգելքի չեղարկման համար։ Իշխանութիւնները մի կողմից ընդունել էին թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բայց միւս կողմից յայտարարում էին, որ Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը կապում են Թուրքիայի հետ»,- ասաց տնտեսագէտը։

Ըստ Սուրէն Պարսեանի` իշխանութիւնների որդեգրած տնտեսական քաղաքականութիւնը ցոյց է տալիս, որ նրանք Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարները կապում են Թուրքիայի հետ։

«Ըստ էութեան, Հայաստանի ներկայիս իշխանութիւնները փորձում են հայ-թուրքական բանակցութիւնների սեղանի շուրջը ցոյց տալ, թէ նախապայմաններ չունեն։ Հայկական կողմը փորձում է առանց նախապայմանների բանակցութիւններ սկսել։ Սակայն Թուրքիան յստակ առաջ է քաշել իր նախապայմանները»,- ասաց նա։

Տնտեսագէտի կարծիքով` գործող իշխանութիւններն իրենց յայտարարութիւններով հող են նախապատրաստում, որ նոյնիսկ պատրաստ են ճանաչել տարածքային ամբողջականութիւնն ու տրամադրել միջանցք՝ յանուն տնտեսական հնարաւորութիւնների։

«Համեմատութեան համար նշենք, որ Վրաստանի սահմանները բաց են բոլոր հարևան պետութիւնների առջև, բայց Վրաստանի տնտեսական հնարաւորութիւնները մի քանի անգամ չեն գերազանցում Հայաստանին. եթէ Հայաստանում աղքատութեան մակարդակը 27% է, նրանց մօտ՝ 21%։ Եթե 2020 թ. մեզ մօտ տնտեսական անկումը 7.4% էր, ապա նրանց մօտ 6% էր։ Այս իշխանութիւնները չափից շատ և չափից շուտ սպասում են առաջացնում հանրութեան մօտ, որ, Թուրքիայի հետ սահման բացելով, երկիրը զարգանալու է։ Որևէ ուսումնասիրութիւն, որևէ վերլուծութիւն այս ուղղութեամբ չկայ»,- նշեց տնտեսագէտը։

Անդրադառնալով իրողութեանը, որ մարդիկ, որոնք հաւատացել էին իշխանութիւններին ու թուրքական ապրանքները հայկականով փոխարինելու համար ներդրումներ էին կատարել իրենց արտադրութիւններն ընդլայնելու կամ նոր արտադրութիւն ստեղծելու նպատակով, յայտնւում են խնդիրների առջև, տնտեսագէտն ասաց, որ ներդրումներ կատարողները նախանձելի իրավիճակում չեն։

«Հայաստանում կոմունալները թանկացել են, Հայաստանում կայ բաւականին բարձր աղքատութեան մակարդակ, արտագաղթ։ Այս պայմաններում շուկայում ի յայտ կու գան թուրքական ապրանքները, որոնք, անշուշտ, լուրջ մրցակցային առաւելութիւններ ունեն հայկական ապրանքների նկատմամբ. թուրքական ապրանքները էժան են։ Հայրենական արտադրողը վարկ է վերցրել, բիզնես է սկսել և հիմա փորձում է իր ապրանքը վաճառել, բայց քանի որ թուրքականն անհամեմատ աւելի էժան է, դա է վաճառուելու»,- ասաց Ս.Պարսեանը։

Տնտեսագէտը վստահեցնում է, որ այս աղքատ հասարակութիւնը էժան ապրանքն է գնելու, քանի որ մարդկանց մեծ մասը ուշադրութիւն չի դարձնելու՝ ապրանքը թուրքական է, թէ՝ ոչ․ գնելու են, քանի որ էժան է։

Սուրէն Պարսեանի գնահատմամբ` այս իշխանութիւնների հիմնական նպատակն իրենց իշխանութիւնը պահելն է։ «Այս իշխանութիւնների համար առաջնային է սեփական անվտանգութեան խնդիրը: Նրանք վախենում են, քանի որ հասարակութիւնը հոգեպէս, բարոյապէս պատրաստ չէ նոր պատերազմի, և եթէ լինի, ապա հասարակութիւնն իրենց կը վերացնի։ Այս ամէնը հասկանալով` այս իշխանութիւնները իրենց առջև դրուած խնդիրն են լուծում, այն է` իշխանութիւնը պահելը։ Դա կը լինի յայտարարութիւնների ձևով, թուրքական ապրանքների ներմուծման արգելքի հանման միջոցով, թէ՝ բանակցութիւնների, միևնոյն է` նրանց նպատակը մէկն է։ Այս թոյլ, հոգեպէս ճնշուած վիճակով դու չես կարող բանակցութիւններ վարել. պարտուողը չի կարող հաւասարը հաւասարի հետ բանակցութիւններ վարել»,- եզրափակեց բանախօսը։

Լենա Կարապետեան

Leave a Comment

You must be logged in to post a comment.