«Ընթանում է սողացող պատերազմ եւ շղթայական դաւաճանութիւն Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների կողմից». Արթուր Ղազինեան

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Ղազինեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ամէն բան պարզ է. ընթանում է սողացող պատերազմ եւ շղթայական դաւաճանութիւն Հայաստանի եւ Արցախի իշխանութիւնների կողմից:

Հայաստանի իշխանութիւնը ձեռքերը լուացել է եւ Բերձորի յանձնման գործընթացին ընդհանրապէս չի միջամտում, չի մեկնաբանում, բացատրում ու արդարացնում:

Նոյնիսկ այլընտրանքային ճանապարհի իր հատուածը չի կառուցել՝ քաջատեղեակ լինելով գործող ճանապարհն ու այնտեղի բնակավայրերը թշնամուն նուիրելու պարտաւորութեան մասին:

Բայց մէկ բան չեմ հասկանում. ինչո՞ւ են Արցախի իշխանութիւններն ակտիւ այս գործընթացում, ինչու ե՞ն նրանք իրենց վրայ վերցնում այս ծանր պատմական բեռն ու պատասխանատուութիւնը:

Միթէ՞ չեն հասկանում, որ շատ շուտով, կառավարութեան հերթական նիստին անմեղ հայեացքով յայտարարելու է, որ ինքը դէմ էր, չէր ցանկանում յանձնել, նոյնիսկ ճանապարհի շինարարութիւնը չէր սկսել:

Ասելու է, որ Բերձորն ու Աղաւնոն Արցախի իշխանութիւններն են յանձնել՝ ադրբեջանցիների ու ռուսների հետ համատեղ:

Պատրաստ ե՞ն իրենց հասցէին լսել այս մեղադրանքները: Կարծում եմ այո, պատրաստ են:

Բայց յանուն ինչի՞ն:

Այստեղ առաջանում են շատ կարեւոր հարցեր.

– ինչ ե՞ն դրա դիմաց ադրբեջանից ստացել Արցախի իշխանութիւնները,

– ինչու ե՞ն այդքան ջանում հայկական բնակավայրերը յանձնել անվնաս՝ ապրելու համար պիտանի վիճակում,

– ովքեր ե՞ն ապրելու հայերի ձեռքով կառուցած տներում եւ ո՞ւմ համար են այդքան հոգ տանում Արցախի իշխանութիւնները:

Ես ունեմ այս հարցերի պատասխանները, բայց ներկայ փուլում կը խուսափեմ դրանք բարձրաձայնելուց:

Ժամանակն ամէն ինչ ու ամէն մէկին կը դնի իր իսկական տեղը…»։

Leave a Comment

You must be logged in to post a comment.