Երեւանում տեղի ունեցաւ Գանատա-Եւրասիա առեւտրային պալատի առաջին տարեդարձը

Երեւանում տեղի ունեցաւ Գանատա-Եւրասիա առեւտրային պալատի (CECTE) առաջին տարեդարձը։ Այս առեւտրային պալատը կարեւոր հարթակ է գործառնութիւնների, ներդրումների, առեւտրի, կրթութեան եւ նորարարութիւնների ոլորտներում Հայաստանի, Գանատայի եւ Եւրասիայի միջեւ համագործակցային կամուրջ ստեղծելու համար։

Պալատի նախագահ Վարդգէս Աւագեանը նշեց՝ այս մէկ տարուայ ընթացքում պալատի եւ Հայաստանում Գանատայի դեսպանութեան ջանքերով հնարաւոր է դարձել գործառնութիւնների, առողջապահութեան, կրթութեան եւ մի շարք այլ ոլորտներում սերտ կապեր ստեղծել Հայաստանի ու Գանատայի միջեւ։ «Եթէ կարողանանք տարբեր ոլորտների համար հնարաւորութիւններ ստեղծել, որ ճանաչեն Գանատան, այցելեն այնտեղ, այնտեղ իրենց ներդրումը կատարեն, երկուստեք ապրանքաշրջանառութիւնը շատանայ, մեծ հնարաւորութիւններ կը բացուեն։ Մենք արդէն որոշակի հարցեր ենք բարձրացրել հարկերի մասին, մասնաւորապէս՝ այն մասին, որ իջեցուեն հարկերը, որ ապրանքաշրջանառութիւնն աւելի աշխուժանայ»,- մանրամասնեց Վարդգէս Աւագեանը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ողջոյնի խօսքով դիմեց Հայաստանում Գանատայի արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըրը՝ նշելով, որ առեւտրատնտեսական կապերի ամրապնդումն ուղղակիօրէն խթանում է Հայաստանի ու Գանատայի միջեւ քաղաքական հետաքրքրութիւնը։ Դեսպանն անդրադարձաւ նաեւ Գանատա-Եւրասիա առեւտրային պալատի ջանքերին առեւտրային պայմանագրերի կնքման գործում։ «Վերջապէս հենց գործարար ու առեւտրային շահերն են առաջ մղում քաղաքական հետաքրքրութիւնը՝ ստեղծելով առեւտրի ծաւալներ եւ մարդկանց հոսքեր, որոնք ամրապնդում են երկկողմ յարաբերութիւնները»,- յաւելեց Էնտրու Թըրնըրը։

Ըստ դեսպանի՝ Երեւանում Գանատայի դեսպանատան բացումից յետոյ՝ անցած երեք տարիների ընթացքում, մեծածաւալ աշխատանք է կատարուել առեւտրային եւ մշակութային կապերի ընդլայնման գործում։ Դեսպանն անդրադարձաւ նաեւ Գանատայի վարչապետ Մարգ Քարնիի՝ վերջերս կատարած հայաստանեան այցին՝ այն որակելով որպէս Գանատա-Հայաստան յարաբերութիւնների խորացման վառ վկայութիւն։(Յիշեցնենք՝ 2026 թուականի մայիսի 4-ին՝ Երեւանում կայացած եւրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որին մասնակցեց եւրոպական 40-ից աւելի պետութիւնների եւ կառավարութիւնների ղեկավարներ, մասնակցում էր նաեւ Գանատայի վարչապետ Մարգ Քարնին)։

«Գանատայի դեսպանատան, ուժեղ առեւտրային թիմի առկայութիւնը եւ այնպիսի խոշոր գործառնութիւն-կառոյցի ընդլայնումը, ինչպիսին այս պալատն է, մեծ վստահութիւն են ներշնչում գանատական գործարար համայնքին, երբ այն ուսումնասիրում է հայաստանեան շուկայի հնարաւորութիւնները»,- նշեց Էնտրու Թըրնըրը։

Միջոցառման ընթացքում Գանատա-Եւրասիա առեւտրային պալատի (CECTE) գլխաւոր քարտուղար Արշակ Խուդավերդեանը նշեց՝ պալատին միացել է աւելի քան 40 կազմակերպութիւն, իրաւաբանական եւ ֆիզիքական անձինք, որոնք ներկայացնում են տնտեսութեան աւելի քան 10 տարբեր ոլորտներ, պալատի ռազմավարական գործընկեր է դարձել աւելի քան 15 խոշոր ընկերութիւն։ Այս մէկ տարուայ ընթացքում անցկացուել է 5 խոշոր առաջնակարգ միջոցառում, առցանց սեմինարների շարք եւ աւելի քան 20 ուղիղ գործարար հանդիպում պետական եւ մասնաւոր հատուածների ներկայացուցիչների միջեւ։ Խուդավերդեանը շեշտեց՝ ամենամեծ գնահատականն այն է, որ պալատի կատարած աշխատանքը գնահատում են, աջակցում են Գանատա-Եւրասիական գործառական դաշինքը՝ յանձին տիկին Դոմբրովսկայիայի, Հայաստանում Գանատայի դեսպանութիւնը՝ ի դէմս արտակարգ եւ լիազօր դեսպան Էնտրու Թըրնըրի, Գանատայում Հայաստանի դեսպանութիւնը, Գանատայի հայ համայնքը, Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները․․․ Գործարար օրակարգի ձեւաւորմանն աշխուժօրէն մասնակցել են նաեւ Հայաստանի ԱԳՆ-ն, առեւտրային յանձնակատարի գրասենեակը, Օնթարիոյի եւ Թորոնթոյի հայկական գործառական ընկերակցութիւնները, գանատական համայնքը եւ Գանատայի Հայ Դատի յանձնախումբը։

«Հորիզոն»-ի հետ զրոյցում Արշակ Խուդավերդեանը պատմեց՝ ինքն աշխատում է մասնաւոր բաժնում՝ «ՄունՖիշ» գանատական ընկերութիւնում, որը զբաղւում է մսամթերքի ու ծովամթերքի մատակարարմամբ։ «Գանատայում ապրող ընկերներիս հետ երբ խօսում էի, ասում էին՝ կան գանատական ապրանքներ ու առայութիւններ, որոնք Հայաստանում չկան, եւ այս խնդիրն ինձ հետաքրքրում էր։ Երբ պարոն Վարդգէս Աւագեանի հետ մի քանի տարի առաջ ծանօթացայ, խօսեցի այս խնդրի մասին, այդ ժամանակ արդէն կար առեւտրային պալատ ձեւաւորելու մասին գաղափար։ Գաղափարը ոգեւորող էր։ Եւ մէկ տարի առաջ ձեւաւորուեց պալատը։ Միացայ անձնակազմին, ու սկսեցինք աշխատանքները։ գործառնութիւնների ներկայացուցիչների համար փորձում ենք երկուստեք ցոյց տալ երկու երկրների հնարաւորութիւնները։ Այս անընդհատ փոփոխուող աշխարհում անընդհատ նոր հնարաւորութիւններ են բացւում, ուստի մենք պէտք է պատրաստ լինենք մեր շուկան բաց պահել գանատական շուկայի համար, եւ ի հարկէ, հակառակը՝ գանատական շուկային ներկայացնենք Հայաստանի գործառական հնարաւորութիւնները»,- մանրամասնեց Արշակ Խուդավերդեանը։

Նա վստահեցրեց՝ առաջիկայում նոր նախագծեր կան, սակայն փակագծերը դեռ պէտք չէ բացել։ Փորձեցինք ճշդել՝ իսկ ինչպէ՞ս կարելի է դառնալ Գանատա-Եւրասիա առեւտրային պալատի անդամ։ «Մենք ունենք ցանկ, որտեղ ներկայացուած է, թէ մենք ի՛նչ հնարաւորութիւններ կարող ենք նրանց առաջ բացել։ Ֆիզիքական անձանց ու իրաւաբանական անձանց համար անդամակցութեան պայմանները տարբեր են։ Կախուած շրջանառութիւնից՝ ներկայացնում ենք, թէ որքա՛ն են կազմում անդամակցութեան համար նախատեսուած տարեկան խորհրդանշական գումարը։ Այնուհետեւ գործառնութեան ներկայացուցիչները գալիս են իրենց առաջարկներով, գաղափարներով եւ այդպէս դրւում է համագործակցութեան սկիզբը»,- մանրամասնեց Արշակ Խուդավերդեանը։

«ՍԱՍ գրուպ»-ի զարգացման գծով փոխտնօրէն Ռաֆայէլ Յունանեանը մեր թղթակցի հետ զրոյցում նշեց՝ իրենց ընկերութիւնը 2026 թուականի սկզբից համագործակցում է Գանատա-Եւրասիա առեւտրային պալատի հետ, պալատի անդամ է։ «Համագործակցութիւնը սերտ է ու արդիւնաւէտ։ Պալատի ջանքների միջոցով «ՍԱՍ» վաճառատեղիների ցանց Գանատայից ներկրուել է աւելի քան 50 ապրանքատեսակ։ Այս ապրանքատեսակները համալրել են մեր առանձնայատուկ ապրանքատեսակների շարքը։ Մեր վաճառատեղիներում տեղի է ունեցել այսպէս կոչուած՝ «Գանատայի շաբաթը», որի ընթացքում ներկայացրել ենք այդ երկրից ներկրուած ապրանքատեսականին։ Մեր քաղաքացիները հետաքրքրուած են նոր ապրանքատեսակներով․ մարդիկ սիրում են նորոյթներ գնել։ Մեր համագործակցութիւնը շարունակուելու է։

Լիայոյս ենք, որ դարձեալ նոր ապրանքատեսականի կը ներկայացնենք մեր քաղաքացիներին եւ նոր հորիզոններ կը գրաւենք միասին»,- եզրափակեց Ռաֆայէլ Յունանեանը։

Յասմիկ Պալէեան