Եթէ Արցախը Ատրպէյճանի մաս դառնայ, կը նշանակի՝ Հայաստանի օրերը հաշուուած են

«Զարեհ Սինանեանը նուէր է մատուցել Թուրքիային», Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ընդգծել է ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհրդի համանախագահ Մուրատ Փափազեանը` մեկնաբանելով Սփիւռքի գործերով յանձնակատար Զարեհ Սինանեանի յայտարարութիւնը, թէ աւարտուել է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը:

Փափազեանը շեշտել է` Թուրքիան վաղուց յոյս ունէր, որ մի օր Հայաստանում կը լինի մի իրաւասու քաղաքական գործիչ, որը կ’ասէր այդ նախադասութիւնը: Թուրքիան երազել է այդ օրուայ մասին, աշխատանք է տարել, որ հայկական Սփիւռքը դադարեցնի արդարադատութեան հասնելուն ուղղուած իր աշխատանքները:

Մուրատ Փափազեանը խօսել է նաեւ Յունիսի 4-ին Փարիզում սպասուող մեծ հանրահաւաքից` ի պաշտպանութիւն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքի իրացման: Կազմակերպման հարցում մեծ է նաեւ նրա ներգրաւուածութիւնը: Փափազեանի կարծիքով` որեւէ մէկն իրաւունք չունի խօսել Արցախի ժողովրդի ու Արցախի կառավարութեան անունից, նոյնիսկ ՀՀ վարչապետը.

«Աւելի լաւ է լռի Փաշինեանը, քան իր կարծիքը յայտնի, քանի որ իր կարծիքը նոյն Ալիեւի, Ատրպէյճանի տեսակէտն է: Երբ Փաշինեանի կարծիքը համապատասխանում է Ալիեւի կարծիքի հետ, երբ Սինանեանի տեսակէտը համապատասխանում է Էրտողանի տեսակէտին, սա նշանակում է, որ այսօր Հայաստանում ունենք մի կառավարութիւն, որն ամբողջովին հայկական շահերի դէմ է աշխատում», այս համոզմունքն է յայտնել ֆրանսահայ գործիչը:

Յունիսի 4-ի հանրահաւաքին ֆրանսահայերը պիտի նաեւ կոչ անեն Ֆրանսիայի իշխանութեանը, որ շարունակի պահպանել արդարութեան ճամբան, քանի որ Ֆրանսիան, ըստ Փափազեանի, միշտ ունեցել է պրո-հայկական դիրքորոշում, բայց այսօր, երբ նկատում է, որ միջազգային գագաթնաժողովներին Հայաստանի վարչապետը չի պաշտպանում հայկական կողմի շահերը, երբ տեսնում է, որ Ալիեւը ուժեղ է, իսկ Փաշինեանը` թոյլ, Ֆրանսիան շփոթուել է:

«Պիտի սատարենք Ֆրանսիային, որ կանգնի Արցախի եւ Հայաստանի անկախութեան եւ անվտանգութեան կողքին», պնդել է Մուրատ Փափազեանը եւ յաւելել` եթէ Արցախը Ատրպէյճանի մաս դառնայ, կը նշանակի ՝Հայաստանի օրերը հաշուուած են:

Comments are closed.