Արմէն Սարգսեանը Որոշեց Հրաժարական Տալ Հանրապետութեան Նախագահի Պաշտօնէն

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Արմէն Սարգսեանը երէկ յայտնեց, որ որոշած է հրաժարական տալ իր պաշտօնէն: Այս մասին տեղեկացուցին Հայաստանի Հանրապետութեան նախագահի աշխատակազմէն:

Նախագահ Արմէն Սարգսեանի յայտարարութեան մէջ նշուած է.

«1990-ականների սկզբին աշխարհաքաղաքական մեծ փոփոխութիւնների հետեւանքով մեր ժողովրդին մեծագոյն հնարաւորութիւն ընձեռուեց ստեղծել իր անկախ պետութիւնը: Մեր առաքելութիւնը ոչ թէ մի դրօշը մէկ ուրիշով փոխարինելն էր, այլ` կառուցել երկիր, որը դարեր անց վերստին կ՛ապահովի հայերի անվտանգութիւնը, առաջընթացը եւ բարգաւաճումը:

Ընդգծում եմ` անկախ պետութեան գոյութեան հիմնական իմաստը պատասխանատուութիւն ստանձնելու ու կրելու կարողութիւնն է, երբ ինքներս ենք գիտակցում, որ միայն մենք ենք, որպէս մէկ միասնական մարմին, սեփական յաղթանակներ կերտողը եւ սեփական պարտութիւնների մեղաւորը:

Նման պատմական հնարաւորութեամբ ոգեւորուած` ես, ինչպէս եւ իմ շատ հայրենակիցներ, նուիրուեցի այդ առաքելութեանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցութեան աշխուժութիւնը փոխւում էր, բայց ես չէի դադարում հաւատալ մեր վերջնական համազգային յաջողութեանը: Եւ հէնց դա էր Հայաստանի նախագահի պաշտօնը զբաղեցնելու առաջարկութեանը համաձայնելու իմ գլխաւոր շարժառիթը:

Ընդունելով այդ կարեւոր որոշումը` ես ելնում էի ինձ արուած առաջարկութիւնից, ըստ որի` նախագահական նոր հիմնարկը ունենալու է գործիքներ եւ հնարաւորութիւններ` ազդելու արտաքին քաղաքական եւ տնտեսական, ներդրումային քաղաքականութեան վրայ, սփիւռքի հետ յարաբերութիւնների վրայ, ինչպէս նաեւ միջազգային ասպարէզում համազգային շահերն առաջ մղելու եւ նոր գիտակրթական ու բարձր արհեստագիտական միջավայր ձեւաւորելու համար:

Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018 թուականի ապրիլ-մայիսեան իրադարձութիւնները…

Կարող է հարց ծագել` ինչո՞ւ ես հրաժարական չտուեցի այդ պահին: Պատասխանն ակնյայտ է` այն պատասխանատուութեան պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրայ` ստանձնելով հանրապետութեան նախագահի պաշտօնը: Ես պարտաւոր էի անել ինձնից կախուած ամէն ինչ` բացառելու ներքին պառակտման հետագայ խորացումը, հնարաւոր բախումները, որոնք կարող էին յանգեցնել չափազանց բացասական հետեւանքների: Ես նաեւ ձգտում էի իմ երկարամեայ աշխատանքի շնորհիւ ձեռք բերած հեղինակութիւնը, կապերը եւ իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ եւ կայուն պետականութեան կառուցմանը:

Կրկին կարող է հարց առաջանալ, թէ ինչո՞ւ նախագահը չկարողացաւ ազդել այն քաղաքական իրադարձութիւնների վրայ, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի: Պատճառը կրկին ակնյայտ է` համապատասխան գործիքների պակասը, գործիքներ, որոնցով ցանկացած պետական պաշտօնեայի օժտում է բացառապէս մէկ փաստաթուղթ` Սահմանադրութիւնը: Հէնց գործող հիմնական օրէնքի մէջ են թաքնուած մեր որոշ կարեւոր խնդիրների արմատները:

Մենք ունենք հակասական իրավիճակ, երբ նախագահը ստիպուած է պետականութեան երաշխաւոր լինել` փաստացի չունենալով որեւէ իրական գործիք: Սահմանադրութիւնը նաեւ ենթադրում է մէկ հիմնարկի գերակայութիւն միւսի նկատմամբ, սփիւռքի յայտնի մասնագէտների համար ստեղծում է խոչընդոտներ` պատմական հայրենիքի պետական հիմնարկների կառավարմանը մասնակցելու համար եւ այլն:

Մենք խորհրդարանական հանրապետութիւն ենք ձեւով, բայց ոչ բովանդակութեամբ: Իմ առաջարկութեան իմաստը եւ նպատակը եղել է ոչ թէ կառավարման մի ձեւից միւսին (խորհրդարանականից կիսանախագահականի կամ նախագահականի) անցնելը, այլ` զսպումների եւ հակակշիռների վրայ հիմնուած պետական համակարգ ստեղծելը: Առանց դրա դժուար է խօսել նշանակալից ձեռքբերումների մասին, քանի որ առաջընթացի եւ յաջողութեան հնարաւոր է հասնել միայն կանխատեսելի եւ ներդաշնակ համակարգի պայմաններում:

Ուրախ եմ, որ ստեղծուել է սահմանադրական փոփոխութիւնների յանձնաժողով, ինչի համար շնորհակալութիւն եմ յայտնում կառավարութեանը: Ես յոյս ունեմ, որ, ի վերջոյ, սահմանադրական փոփոխութիւնները տեղի կ՛ունենան, եւ յաջորդ նախագահն ու նախագահական հիմնարկը կը կարողանան աշխատել աւելի հաւասարակշռուած եւ համակարգուած միջավայրում:

Մենք ապրում ենք իւրատեսակ իրականութեան մէջ, իրականութիւն, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին եւ խաղաղութեանը վերաբերող հարցերի վրայ:

Իրականութիւն, երբ նա չի կարող վեթօ կիրառել այն օրէնքների վրայ, որոնք համարում է պետութեան եւ ժողովրդի համար ոչ նպատակայարմար:

Իրականութիւն, երբ նախագահի հնարաւորութիւններն ընկալւում են ոչ թէ որպէս առաւելութիւն պետութեան համար, այլ` տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկւում են որպէս իրենց սպառնացող վտանգ:

Իրականութիւն, որտեղ նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրների լուծման:

Իրականութիւն, որտեղ աշխարհը գտնւում է մշտական անկայունութեան գօտում, սակայն նախագահը սահմանադրական գործիք չունի` օգնելու իր երկրին:

Իրականութիւն, որտեղ պետութեան գլուխը եւ երբեմն նաեւ նրա ընտանիքը թիրախաւորւում են տարբեր քաղաքական խմբաւորումների կողմից: Վերջիններս այնքան էլ հետաքրքրուած չեն նախագահական հիմնարկի կողմից ի շահ երկրի իրականացուած ձեռքբերումներով, որքան իմ անցեալով, դաւադրութեան զանազան տեսութիւններով ու առասպելներով: Իմ անձի հանդէպ այդ «մտահոգուածութիւնը» դուրս է գալիս նաեւ բարոյականութեան սահմաններից` վերջնական արդիւնքում ուղղակիօրէն բացասաբար ազդելով առողջութեան վրայ:

Ես շատ երկար եմ մտածել եւ որոշել եմ մօտ չորս տարի աշխուժ աշխատելուց յետոյ հրաժարական տալ հանրապետութեան նախագահի պաշտօնից:

Այդ որոշումը բացարձակապէս զգացական չէ եւ բխում է որոշակի տրամաբանութիւնից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ` երկրի եւ ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին եւ արտաքին քաղաքականութեան արմատական գործընթացների վրայ:

Մեր պետութեան համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնութիւն, նախագահական հիմնարկը պէտք չէ դառնայ բամբասանքների ու դաւադրութեան տեսութիւնների թիրախ` դրանով իսկ շեղելով հասարակութեան ուշադրութիւնը կարեւորագոյն խնդիրներից:

Այսօր, ինչպէս երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածուած, կշռադատուած եւ բովանդակալից գործողութիւններ: Այլապէս մենք` ողջ աշխարհի հայութիւնը, չենք հասնի մեր առաքելութեան նպատակին եւ կը յայտնուենք պատմութեան լուսանցքում:

Մենք այլեւս սխալուելու իրաւունք չունենք:

Վերջում ցանկանում եմ առանձնակի երախտագիտութիւն յայտնել մեր քաղաքացիներին եւ սփիւռքի մեր հայրենակիցներին` երկրի համար այս բարդ ժամանակներում հաստատակամութիւն, տոկունութիւն, համբերատարութիւն եւ արիութիւն ցուցաբերելու համար:

Առանձնայատուկ շնորհակալութիւն մեր քաջարի բանակի զինուորներին եւ սպաներին, խոնարհումս մեր հայրենիքի համար իրենց կեանքը զոհաբերած հերոսների ընտանիքներին:

Շնորհակալ եմ նաեւ հանրապետութեան նախագահի աշխատակազմի բոլոր աշխատակիցներին եւ պետական կառոյցների իմ գործընկերներին` համատեղ արդիւնաւէտ աշխատանքի համար:

Leave a Comment

You must be logged in to post a comment.