Ատրպէյճանական անվերջանալի պահանջների եւ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» հարցի շուրջ
Գէորգ Ղուկասեան
ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու
Քաղաքագիտութեան և միջազգային յարաբերութիւններու փորձագէտ
Մեր նախկին յօդուածներից մէկում ընդհանուր գծերով անդրադարձել էինք այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» քաղաքական կոնցեպտին, դրա «բովանդակութեանն» ու ընդհանրապէս ատրպէյճանական տարբեր շրջանակներում դրա ընկալմանը։ Դա արել ենք, ոչ թէ հայկական տիրոյթում ատրպէյճանական ուղենիշները քննարկման առարկայ դարձնելու, այլ թշնամու անվերջանալի յաւակնութիւնները հայկական լսարանաի համար անգամ մը եւս յստակ դարձնելու համար՝ այն շեշտադրմամբ, որ պաշտօնական Պաքուն ուղղակիօրէն հետապնդում է Հայաստանի Հանրապետութեան կազմաքանդման հեռահար եւ ռազմավարական նպատակ, որին հասնելու համար օգտագործում է մարտավարական քայլեր, որոնց քանակն ու վտանգաւորութիւնը մեզանում ակնյայտօրէն թերագնահատուած են։ Հայաստանի Հանրապետութեան կազմաքանդումը հետապնդող Պաքուի քայլերը ներառում են ռազմական, ռազմաքաղաքական, դիւանագիտական, քարոզչական, լրատուական, սոցիալ-հասարակական, կրօնական գործիքների մի ամբողջութիւն, որոնք հետեւողականօրէն եւ ամենավտանգաւորը՝ ծրագրուած կերպով գործադրւում են։
2020 թ․ ագրեսիայից յետոյ Արցախի զգալի մասի օկուպացիան, ապա 2023 թ․ Սեպտեմբերեան էթնիկ զտումների ցեղասպան գործողութիւնները, ապա Արցախի Հանրապետութեան ամբողջական օկուպացիան, ինչպէս նաեւ վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետութեան սահմանամերձ տարածքների օկուպացիան, որոշ կարեւոր ենթակառուցուածքների վերահսկումը, Սիւնիքի խոշոր բնակավայրերին անմիջականօրէն յարող տարածքներում ռազմական ներկայութիւնը Ատրպէյճանի համար մարտավարական խոշոր քայլերից մի քանիսն էին միայն եւ պատահական չէ, որ ամբողջ այս ընթացքում ատրպէյճանցիները շարունակում են ներքին խօսոյթի անբաժան մաս պահել «Արեւմտեան Ատրպէյճանի» կոնցեպտը եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքում նախկին ԽՍՀՄ ժամանակների անկլաւների վրայ վերահսկողութիւն սահմանելու անհրաժեշտութիւնը ինչպէս նաեւ այսպէս կոչուած փախստականների վերադարձը դէպի Հայաստան։ Այս վերջինը, ի դէպ, բաւական հետաքրքիր փաթեթաւորում ունի՝ ներքին խօսոյթում եւ մօտ դաշնակիցների հետ յարաբերութիւններում Ատրպէյճանը փախստականների վերադարձը ներկայացնում է «Արեւմտեան Ատրպէյճանի» կոնցեպտում՝ հեռահար նպատակ ունենալով նրանց կողմից Հայաստանի Սիւնիքի մարզում ինքնավարութեան ստեղծումը, իսկ միջազգային գործընկերների հետ յարաբերութիւններում ատրպէյճանական կողմը դա փաթեթաւորում է որպէս այսպէս կոչուած «Հայաստանից արտաքսուած փախստականների վերադարձի իրաւունք, այն վայրերը, որտեղից նրանք ստիպուած են եղել հեռանալ»։
Սոյն հրապարակմամբ նպատակ ունենք անդրադառնալ Արցախի Հանրապետութեան օկուպացիայից ու հայութեան բռնի տեղահանութիւնից յետոյ ատրպէյճանական քարոզչամեքենայի կողմից էլ աւելի ակտիւօրէն շրջանառուող թշնամական թեզերին՝ նորից ոչ թէ այդ թեզերը մեզանում տարածելու, այլ թշնամական քաղաքականութեան ամբողջութիւնը անգամ մը եւս յստակ դարձնելու եւ հայ հանրոյթի մէջ համապատասխան հակաքայլերի կամքը խթանելու համար։
Միջանկեալ նկատենք, որ Հայաստանից պահանջների նման ցանկը Ատրպէյճանին հնարաւորութիւն է տալիս նաեւ փորձելու լեգիտիմացնել Հայաստանի ու Արցախի նկատմամբ շարունակական ռազմական ագրեսիաները։
Այսպէս, բոլորովին վերջերս, Հոկտեմբեր 7-ին, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ հեռախօսազրոյցում Ալիեւը ի թիւս այլնի երկու միտք է արտայայտել, առաջին, որ Հարաւային Կովկասում նոր պատերազմի մեղաւորը Ֆրանսիան կը լինի, երկրորդ, որ ատրպէյճանական ութ գիւղեր շարունակում են մնալ «հայկական օկուպացիայի» տակ։ Սրանով, Պաքուի բռնապետը՝ օգտագործելով «օկուպացիա» տերմինը, ակնյայտօրէն նոր հիմք է փորձում ստեղծել Հայաստանի նկատմամբ հերթական ռազմական գործողութիւնների համար։ Հայաստանի հետ ռազմաքաղաքական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու եւ համապատասխան առեւտրային յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ ֆրանսիական պատրաստակամութեանը հակադրուելով էլ, Ալիեւը նպատակ ունի ամէն կերպ կանխել հայկական բանակի կարողութիւնների զարգացումը, ինչն անելու համար սպառնում է նոր պատերազմով եւ տարածաշրջանային ապակայունացմամբ՝ նախապէս իբրեւ դրա մեղաւոր հռչակելով Փարիզին։
Գալով ատրպէյճանական քարոզչամեքենայի առանցքային եւ ամենավտանգաւոր թեզերից մէկին՝ «Արեւմտեան Ատրպէյճանին»՝ անդրադառնանք, որ ընդամէնը օրեր առաջ լուր տարածուեց առ այն, որ Ատրպէյճանի Միլի մեճլիսի պատգամաւոր Քամալ Ջաֆարովը կ’այցելի Շուէյցարիայի Ժընեւ քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների կոմիտէի Հայաստանի վերաբերեալ պարբերական զեկոյցի շնորհանդէսին։ Միջոցառմանը պատգամաւոր Ջաֆարովը կը ներկայացնի իր դիրքորոշումը որպէս «Արեւմտեան Ատրպէյճանի» համայնքային երիտասարդական միութեան փոխնախագահ: Այցի ընթացքում նախատեսւում է պատգամաւորի հանդիպումը ՄԱԿ-ի պաշտօնեաների հետ՝ քննարկելու արեւմտեան ատրպէյճանցիների վերադարձի իրաւունքի ճանաչման հարցը։
Սրան նախորդել էր, դեռեւս ամիսներ առաջ 2023-ի տարեսկզբին ՄԱԿ-ում «Արեւմտեան Ատրպէյճանի համայնքի» կոչի շրջանառումը, որով Հայաստանի կառավարութիւնից պահանջւում էր «միջազգային գործընթացի շրջանակներում պայմաններ ստեղծել էթնիկ ատրպէյճանցիների՝ Հայաստանում իրենց տները անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի համար» եւ ակնկալւում միջազգային հանրութեան աջակցութիւնը: Նամակի հեղինակները նամակի տեքստի հետ միասին շրջանառութեան մէջ էին դրել նաեւ համապատասխան հայեցակարգ՝ «ապահովելու սոյն տարածքից վտարուած ատրպէյճանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը»։
ՄԱԿ-ում որեւէ գրութեան շրջանառման համար անհրաժեշտ է կառոյցում հաւատարմագրուած պաշտօնական ներկայացուցչութեան ղեկավարի գրաւոր ուղեկցող դիմումն ուղղուած ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին։ Այլ խօսքով, թէեւ յաճախ դրանք կարող են չարտայայտել տուեալ պետութեան պաշտօնական դիրքորոշումը, բայց ակնյայտօրէն չեն կարող հակասել դրան, իսկ Ատրպէյճանի նման բռնապետական պետութեան պարագայում, ատրպէյճանական դիւանագիտական առաքելութիւնը չի կարող շրջանառութեան մէջ դնել մի փաստաթուղթ, որը նրանց պետական քաղաքականութեան մաս չի կազմում՝ այլ հարց է դա պաշտօնապէս յայտարարւում է որպէս այդպիսին թէ ոչ։ Հետեւաբար, ինչպէս նախորդ յօդուածում ենք պնդել՝ հաւաքական հայ հանրոյթը, հայ քաղաքական միտքը, քաղաքական ընտրանին, մտաւորականութիւնը, հանրային գործիչները պէտք է ամբողջ էութեամբ գիտակցեն այն վերահաս վտանգը, որ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» քաղաքական կոնցեպտը ներկայացնում է մեզ համար։ Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւոր է բազմաշերտ եւ հուժկու հակազդեցութիւն ապահովել այս թեզի դէմ։ Պէտք է նաեւ խուսափել այն մտայնութիւնից, յատկապէս ակադեմիական շրջանակներում, որ «Արեւմտեան Ատրպէյճանի» թեզին լուրջ հակազդեցութիւն ապահովել պէտք չէ, որովհետեւ դա զաւեշտ է։ Արդէն իսկ ակնյայտ է, որ Ատրպէյճանը օգտագործելով միջազգային յարաբերութիւնների խառնաշփոթ իրավիճակների պարբերական կրկնումները, փորձում է իր զաւեշտալի թեզերը առաջ տանել եւ յաճախ յաջողում է։ Հետեւապէս, ատրպէյճանական այս հերթական զաւեշտի բազմաչափ հակազդեցութիւնը պէտք է սկսել հնարաւորինս արագ։
Առհասարակ, ատրպէյճանցիները, իրենց առջեւ դրուած որեւէ մարտավարական խնդրի լուծումից յետոյ կամ երբ Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից բաւարարւում է նրանց հերթական պահանջներից մէկը, ոչ թէ թուլացնում են ճնշումը Հայաստանի վրայ, այլ նախայարձակ ակտիւութեամբ առաջադրում են նոր անիրականալի պահանջներ, որոնց բաւարարումը կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը։
Փորձելով, ընդհանուր առմամբ ամփոփել Հայաստանին ներկայացուող ատրպէյճանական պահանջները, գոնէ կարճաժամկէտ կտրուածքում դրանք մասնաւորապէս հետեւեալներն են՝
- Հայաստանի տարածքով արտատարածաշրջանային մէկ կամ մի քանի միջանցքների տրամադրում
- Արցախեան հիմնախնդրի առկայութեան բացառում եւ միջպետական յարաբերութիւններում Արցախին վերաբերող հարցերի քննարկման բացառում՝ այն շեշտադրմամբ, որ առկայ խնդիրները բացառապէս Ատրպէյճանի ներքին գործն են
- Հայկական ԽՍՀ տարածքում եղած, այսպէս կոչուած, «Ատրպէյճանական անկլաւների վերադարձ»
- 1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ատրպէյճանցիների վերադարձ իրենց սկզբնական բնակավայրեր
- Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի թուակազմի, կարիքների, արտաքին ռազմաքաղաքական յարաբերութիւնների էական սահմանափակում։
Ինչպէս տեսանք, ռազմավարական հեռահար պլանաւորմամբ պաշտօնական Պաքուն հետապնդում է նաեւ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» խնդիրը՝ ցանկանալով Հայաստանի Հանրապետութեան տարածքում, ատրպէյճանցիների կողմից հիմնել ինքնավար հանրապետութիւն։
Այսպիսով Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ պաշտօնական Պաքուի քաղաքականութիւնն իր բնոյթով ուղղակի թշնամական է եւ այդ քաղաքականութեան թէկուզ մակերեսային վերլուծութիւնն ակնյայտօրէն ցուցում է, որ Ատրպէյճանը Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման որեւէ նպատակ չունի եւ շարունակական պահանջներով, օգտուելով միջազգային յարաբերութիւններում իր համար ստեղծուած նպաստաւոր իրավիճակից, փորձում է ստանալ աւելին՝ հետեւողականօրէն հետապնդելով Հայաստանի անվտանգային համակարգի ամբողջական կազմաքանդումը։ Հայաստանի հետ յարաբերութիւնների կարգաւորման իրական նպատակադրութեան դէպքում Ատրպէյճանը չէր փորձի հնարաւոր բացառապէս բոլոր ոլորտներում եւ գործընթացներում դրսեւորել ակնյայտ թշնամական վարք՝ սկսած հայ ռազմագերիների հետ պատերազմական յանցագործութիւններով դրսեւորուող վերաբերմունքից մինչեւ հայկական յուշարձանների աւերում եւ դրանց պատկանելութեան նենգափոխում։ Հայաստանի հանդէպ Ատրպէյճանի իրական նպատաակադրման լաւագոյն ցուցիչներից մէկն էլ ատրպէյճանական կրթական համակարգն է՝ նախակրթարաններից սկսած, որը ինչպէս Եւրոպական խորհրդարանն է նախորդ տարի իր բանաձեւերից մէկում նկատել, իր բնոյթով արմենոֆոպ է (հայատեաց): Ցանկացած երկրի կրթական համակարգ, ի թիւս այլնի, նպատակ ունի տեսանելի ապագայի համար կրթելու որոշակի արժեհամակարգի տէր քաղաքացիներ, ինչն էլ պէտք է պայմանաւորի երկրի բնոյթն ու էութիւնը։ Կրթական համակարգի հայատեացութեան ներկայ մակարդակով, նոյնիսկ Ատրպէյճանի իշխանութիւնների ցանկութեան պարագայում, հնարաւոր չի լինելու ատրպէյճանական հասարակութեանը տրամադրել հայ ժողովրդի հետ առանց թշնամանքի համակեցութիւն։ Ատրպէյճանը Հայաստանի Հանրապետութեան նկատմամբ թշնամանքը նաեւ շարունակում է միջազգային հնարաւոր բոլոր մակարդակներում՝ օգտագործելով երկրի դիւանագիտական համակագրի ողջ կարողականութիւնը։
Ստեղծուած իրավիճակում, երբ միջազգային յարաբերութիւնների ներկայ անորոշութիւններն ու խառնաշփոթը դեռ չի աւարտուել, Ատրպէյճանը հետեւողականօրէն շարունակելու է՝ փորձել աւելին ստանալ։ Ուստի հաւաքական հայ ժողովրդի եւ հայկական պետականութեան բնականոն հակազդեցութիւնը պէտք է լինի, ոչ թէ գործող իշխանութիւնների դիրքորոշմամբ պայմանաւորուած՝ ատրպէյճանական պահանջների թէկուզ մասնակի բաւարարումը, ինչն արդէն իսկ ցոյց է տուել իր կատարեալ սնանկութիւնը, այլ հայ ժողովրդի բովանդակ ուժերի համախմբումը, դիմադրութեան կազմակերպումը, ներքին բաժանարար պատնէշների վերացումը եւ բոլոր ոլորտներում Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութիւնը։
Comments are closed.