Առայսօր պաշտօնական գնահատական չի տրուել Շուշիի անկման փաստին, չկան պաշտօնապէս մեղադրուող անձինք․ Միքայէլ Համբարձումեան

Մեր երկիրն այսօր պատմական իրադարձութիւնների կիզակէտում է։ Ցաւալի է, որ պատերազմից մէկուկէս տարի անց հանրութիւնը չունի այն հարցի պատասխանը, թէ ինչո՞ւ ընկաւ Շուշին, և ո՞վ է դրա պատասխանատուն։ Իրաւապահ մարմինները քննութիւն են իրականացրել, պէտք է պարզէին՝ ո՞ւմ կողմից և ինչպե՞ս է կազմակերպուել Շուշիի պաշտպանութիւնը, ի՞նչ բացթողումներ են եղել այդ ընթացքում, որ ունեցանք նման հետևանք։ Շահարկւում էր, թէ Արթուր Վանեցեանը, Գագիկ Ծառուկեանը կարող էին ապահովել Շուշիի պաշտպանութիւնը, կամ՝ իբր նրանք են պատասխանատու Շուշիի անկման համար, մինչդեռ դրանք անհիմն և անտրամաբանական խօսակցութիւններ են։ Նրանք ընդամէնը կարող էին նպաստել Շուշիի պաշտպանութեան ճիշտ կազմակերպմանը, բայց Շուշիի անկման համար պէտք է պատասխան տան բանակը ղեկավարած զինուորականները, որոնք պատասխանատու են եղել մարտական գործողութիւնների համար։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք յայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրէնի նախկին պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը։

«Առայսօր պաշտօնական գնահատական չի տրուել Շուշիի անկման փաստին, չկան պաշտօնապէս մեղադրուող անձինք։ ՀՀ իրաւապահ մարմինների անելիքը դեռ մի կողմ, ի վերջոյ՝ Շուշին Արցախի Հանրապետութեան տարածքում է, հետևաբար՝ Արցախի իրաւապահ մարմինները պէտք է քննէին և պարզէին՝ որտե՞ղ են եղել թերացումները, ո՞վ է պատասխանատու անձը։ Եթէ Սէյրան Օհանեանն է մեղաւոր, նա պէտք է պատասխան տայ, բայց չեմ տեսնում նրան պատասխանատուութեան կանչելու գործողութիւններ։ Դրա պատասխանը պէտք է տան իրաւապահ մարմինները։ Այս հարցում ամենակարևոր դերակատարում ունեցող պաշտօնեան ՊԲ հրամանատարն է՝ Միքայէլ Արզումանեանը, նա էր Շուշիի պաշտպանութեան ճիշտ կազմակերպման հիմնական պատասխանատուն»,- ասաց պահեստազօրի գնդապետը։

«Թէ ո՞ւմ է յանձնարարուել, ի՞նչ միջոցներ են տրամադրուել, ինչպէ՞ս է կազմակերպուել Շուշիի պաշտպանութիւնը, պէտք է պարզուի յստակ և մանրամասն քննութեան արդիւնքում։ Արուե՞լ է դա, թէ՞ ոչ, եթէ չի արուել՝ ինչո՞ւ։ Քաղաքական իրավիճակից ելնելով՝ իշխանութիւնը սլաքներն ուղղում է որոշ անձանց դէմ։ Եթէ իշխանութիւնը մեղադրում է ընդդիմութեանը՝ նրանց մեղադրելով Շուշիի անկման համար, ուրեմն հակադարձ քայլեր էլ պէտք է լինէն։ Ընդդիմութիւնը պէտք է փաստարկուած ներկայացնի, որ իրենք չէին կարող պատասխանատու լինել այդ հարցում։ Մարդիկ պէտք է հասկանան՝ ի վերջոյ, Շուշիի անկումն ինչո՞վ է պայմանաւորուած, և ո՞վ է դրա պատասխանատուն»,- նշեց Համբարձումեանը։

Պաշտօնաթող սպայի կարծիքով՝ ցածր, միջին և բարձր զինուորական աստիճանակարգում գտնուող և ենթադրեալ դաւաճանութիւն թոյլ տուած բոլոր անձինք պէտք է պատասխանատուութեան ենթարկուեն․ «Պէտք է հասկանալ՝ արժէ՞ լուսաբանել պետական դաւաճանութեան դէպքերը, միգուցէ հնարաւոր էր պրոֆիլակտիկ կամ այլ կանխարգելիչ միջոցառումներով կանխել նման երևոյթները։ Սա նոր երևոյթ չէ, նման դէպքեր եղել են նաև նախկինում։ Պէտք է հասկանալ՝ ինչո՞ւ են ցածր օղակի սպաները խոցելի դառնում։ Օտարերկրեայ յատուկ ծառայութիւնները պարբերաբար փորձում են հաւաքագրել զինծառայութեան մէջ գտնուող անձանց, տարբեր պատրուակներով կոնտակտ են ստեղծում համացանցով։ Բնականաբար, զինուորական անձը չի էլ պատկերացնում՝ ում հետ գործ ունի, սկսւում են ընկերական յարաբերութիւններ, հաւաքագրողները ներկայանում են՝ որպէս Ռուսաստանից կամ Վրաստանից ազգութեամբ հայեր, յաճախ՝ որպէս կանայք։ Վստահելի յարաբերութիւններ ձևաւորելուց յետոյ գումար են առաջարկում՝ որպէս օգնութիւն, այն փոխանցելուց յետոյ էլ պնդում են, թէ իբր տեղի հայկական համայնքն ուզում է օգնել որևէ զօրամասի, հետաքրքրւում են զինուորականների թուաքանակով, ընդ որում՝ խօսակցութիւնը տարւում է կենցաղային մակարդակով։ Բոլոր զինուորականները չէ, որ պատրաստուած, զարգացած, զգուշաւոր անձինք են։ Երբ այդ շեմն էլ է յաղթահարուած, աւելի լուրջ առաջադրանք է տրւում։ Իսկ երբ մարդը հասկանում է՝ ինչի հետ գործ ունի, սկսում են շանտաժի ենթարկել, ներկայացնում են բանկային քաղուածքը»:

«Խելացի զինուորականը կատարուածի մասին իրազեկում է իր ղեկավարին կամ ԱԱԾ-ին։ Մեր հակահետախուզութիւնը մշտապէս պրոֆիլակտիկայ է իրականացրել զօրամասերում, զինուորականութեանը բացատրել է ռիսկերն ու վտանգները։ Բանակը վնասներ է կրում, երբ զինուորականները, տեղեկացուած չլինելով այդ ռիսկերի մասին, հաւաքագրւում են։ Տասնեակ հայ զինուորականներ քրէական պատասխանատուութեան ենթարկուելու վտանգի առաջ են կանգնում և ստիպուած, տեղի տալով շանտաժին, սկսում են լուրջ տեղեկատուութիւն փոխանցել հակառակորդին։ Ոմանք ասում են՝ տրամադրուող տուեալներն անէական են, բայց երբ մարդը հաւաքագրւում է, նոյնիսկ փոքր կամ ոչ էական նշանակութեան ուեալներ է տալիս, դրանից յետոյ նրա առջև աւելի լուրջ խնդիրներ են դնում։ Նման դրսևորումներ եղան նաև 44-օրեայ պատերազմի ընթացքում։ Այդ ինֆորմացիան հետախուզական ԱԹՍ-ներով չեն ստանում, ի վերջոյ՝ կան քօղարկման միջոցներ, այնպէս որ՝ խօսքը ներսից տրուող տեղեկատուութեան մասին է։ Կարևոր է, որ դաւաճանները բացայայտւում են, բայց դրա հետ մէկտեղ՝ զինուորականներին անընդհատ պէտք է իրազեկել այդ ռիսկերի մասին»,- ամփոփեց Միքայէլ Համբարձումեանը:

168.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.