Քարվաճառը յանձնելով մեր ջրային պաշարների ակունքների 99 %-ը կորցրել ենք. Դաւիթ Բաբայեան

Քարվաճառի յանձնումը լուրջ կորուստ էր մեր երկու պետութիւնների համար նաև ջրերի, մասնաւորապէս՝ խմելու ջրի առումով: Ադրբեջանն արդէն աշխատանքներ է տանում Քարվաճառում մնացած ջրերի աղբիւրների, գետերի բնականոն հուները փոխելով, կամ ջրամբարներ կառուցելով դրանց հոսքը Հայաստանի և Արցախի տարածքներ սահմանափակելու համար: Բացի այդ կայ նաև ջրերի անվտանգության խնդիր՝ դէպի հայկական պետութիւններ հոսող ջրերի թունաւորման հաւանականութեան առումով: «Տարածքները հետ բերենք, որ լաւ ապրենք» խորագրի ներքոյ Panorama.am-ը ջրային ռեսուսների ոլորտում ստեղծուած իրավիճակի վերաբերեալ հարցեր ուղղեց Արցախի Հանրապետութեան ԱԳ նախարար Դաւիթ Բաբայեանին, որը օրերս ՀՀ ԳԱԱ-ում ընթերցողի դատին յանձնեց «Ղարաբաղեան հիդրոաշխարհաքաղաքականութիւն. Էկզիստենցիալ հիմնախնդիրներ ներկայի և ապագայի համար» գրքի հերթական հրատարակութիւնը:

Panorama.am-Պարո՛ն Բաբայան, դուք ձեր գրքում գիտականօրէն հիմնաւորուած ներկայացրել եք Քարվաճառի ջրային ռեսուրսների դերը Արցախի և Հայաստանի համար, բարձրացրել անվտանգային հարցեր: Բնապահպանութեան հարցերով միջազգային կոնվենցիաներով սահմանուած է ջրային ռեսուրսների վրայ անդրսահմանային ազդեցութեան դրոյթները: Այդ կոնվենցիաներին միացել է նաև Ադրբեջանը և պարտաւոր է պահպանել նրանցում սահմանուած պահանջները: Մտադրութիւն ունէ՞ք ՀՀ շրջակայ միջավայրի նախարարութեան հետ միջազգային հարթակներում պայքարել Ադրբեջանի այդ ծայրայեղ վտանգաւոր քաղաքականութեան դէմ:

Դ. Բաբայեան-Պէտք է աշխատենք, որովհետև սա շատ լուրջ խնդիր է, լուրջ մարտահրաւէր: Միասին պէտք է աշխատենք և՛ Հայաստանի, և՛ սփիւռքի, և՛ Արցախի, և՛ միջազգային կառոյցների հետ միաժամանակ: Համձայն եմ Ձեր հետ:

Խմելու ջրերի առումով Արցախը շատ բան կորցրեց, մեր ջրային պաշարների ակունքների 99 %-ը կորցրել ենք: Այս պահի դրութեամբ մենք դեռևս տագնապալի զարգացումներ չունենք, մնացածը ցոյց կու տայ ժամանակը: Այստեղ  նաև Հայաստանի ջրերի անվտանգության հարցն է՝ գետերի ջրերի, Սևանա լճի: Կարծում եմ, որ գետերի ակունքներում եթէ միջազգային դիտորդներ լինեն, այն միանշանակ նոր որակ կը հաղորդի ջրային անվտանգութեանը, որովհետև Ադրբեջանից ամէն ինչ հնարաւոր է սպասել:

Panorama.am- Խմելու ջրի խնդիրն Արցախում այնքան էր սրուել, որ նախորդ տարուայ ամռանն արցախաադրբեջանական շփման գծում տեղակայուած խաղաղապահներն իրենց հիմնական խնդրին՝ հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելուն զուգահեռ ջրատարերով խմելու ջուր էին հասցնում Արցախի տարբեր համայնքներ:

Դ. Բաբայեան-նախորդ տարի երաշտ էր Արցախում և խաղաղապահները նոյնպես օգնեցին մեզ: Կարծում եմ, որ այն տեխնիկական հարցեր են, որոնք պէտք է առաջիկայ տարիներին լուծենք:

Panorama.am-Արցախը հնարաւորութիւն և սեփական ռեսուրս ունի՞, գոնէ իր խմելու ջրի հարցը լուծելու համար:

Դ. Բաբայեան- Արցախում ունենք խմելու ջրի անհրաժեշտ ռեսուրսներ, ուղղակի պէտք է զարգացնենք ենթակառուցուածքները, որը ժամանակի և միջոցների հարց է:

Panorama.am-Քարվաճառը յանձնելով մենք բացի խմելու ջրի հիմնական աղբիւրների կորուստներից ունեցանք նաև այնտեղով հոսող գետերի վրայ կառուցուած ՓՀԷԿ-երի կորուստ, ինչ էր այն մեր համար:

Դ. Բաբայեան- Արցախի էներգետիկան մեծ կորուստ  ունեցաւ, շատ մեծ: Մենք ինքնաբաւ էինք հիդրոէնեգետիկայի առումով և նոյնիսկ արտահանում էինք աւելի մեծ ծաւալով: Հիմա, ինձ թւում է, պէտք է աւելի ինտենսիւ տնտեսութեան անցնենք, որպէսզի ինչ-որ ձևով կոնպենսացնենք այս կորուստները

 

Զրուցեց Ա. Վարդանեանը

Աղբիւր` Panorama.am

Leave a Comment

You must be logged in to post a comment.